HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Բելառուսա-ղազախական դիմակայությունն ընդդեմ Ռուսաստանի՝ Հայաստանի հաշվին

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Խաչատուրովի Հայաստանի կողմից ետ կանչման գործընթացը հերթական անգամ ցուցադրեց Ռուսաստանի և բելառուսա-ղազախական հակասությունը։ ՀԱՊԿ-ում «ներընտանիքային» սկանդալները նոր դրսևորման հնարավորություն են ստանում։ Երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ մասնակցեց Եվրասիական Միության ղեկավարների քննարկումներին՝ նեղ ֆորմատով, իր ելույթներից մեկում բարձրաձայնեց, որ զարմացել էր, թե ինչպիսի կոշտ խոսակցություններ կան։ Դա «ներընտանեկան» գաղտնիքի հրապարակային բացահայտում էր, սակայն նման քննարկումները փորձագիտական շրջանակների համար գաղտնիք չէին։ Տվյալ դեպքում այդ հակասություններն ուղղակիորեն Հայաստանին են առնչվում։

Ռուս-բելառուսական հակասություններ

Ռուսաստանի և Բելառուսի միջև ընթացող հակասությունները երբեմն սկանդալային տեսք են ստանում։ Դրանք վերաբերվում են և՛ տնտեսությանը, և՛ ռազմական համագործակցությանը։

Մի քանի հետաքրքիր թվեր

  • Բելառուսի արտաքին առևտրի մոտ 50 %-ը Ռուսաստանի հետ է կատարվում,
  • Ռուսաստանը ապահովում է Բելառուսում կատարվող արտաքին ուղղակի ներդրումների 50 %-ից ավելին,
  • Բելառուսը նավթը և գազը ստանում է Ռուսաստանից, որի գնի հետ կապված պարբերաբար վեճեր են ծագում։

Ըստ eurasia.expert կայքում հրապարակված փորձագիտական զեկույցի, երկու երկրների քաղաքական էլիտաների միջև ցածր վստահության մթնոլորտ կա, ինչը համարում են երկկողմանի հարաբերությունների քաղաքական ռիսկերից գլխավորը։ Մյուս ռիսկերից է էներգակիրների գնի շուրջ տեղի ունեցող վիճաբանությունը։

Անվստահությունը խորացնում է երկու երկրների միջև սահմանի հետ կապված թնջուկը։ Անցած տարի Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել է սահմանի մասին պայմանագրի խախտման մեջ։ Ռուսաստանը խստացրել է մաքսային վերահսկողությունը՝ արգելափակելով բելառուսական որոշ ապրանքների ներկրումը՝ այդ քայլը հիմնավորելով նրանով, որ սանկցիաների տակ գտնվող արևմտյան ծագման ապրանքները ներկրվում են Ռուսաստան բելառուսական արտադրանքի անվան տակ։

Մյուս ռիսկային թեման վերաբերում է ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգի խնդրին։

2009-ից Ռուսաստանի և Բելառուսի միջև գործում է արտաքին սահմանների պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր, այդ թվում նաև օդային պաշտպանության։ Այդ համաձայնագրի հիման վրա պետք է ստեղծվեր միասնական ռազմական ինքնաթիռների բազա, սակայն Բելառուսը դեռ չի համաձայնում իր տարածքում նման բազա տեղադրել։

Բելառուսը ցանկանում է Ռուսաստանի աջակցությամբ ինքնուրույն կազմակերպել իր պաշտպանությունը։

Բելառուսի քաղաքականությունը հասկանալի է. Լուկաշենկոն ցանկանում է խաղալ Արևմուտքի և Ռուսաստանի հակասությունների վրա՝ պահպանելով իր անձնական իշխանությունը և միևնույն ժամանակ երկու կողմերից էլ ստանալով օգուտներ՝ նրանց շանտաժի ենթարկելով։ Պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը վերջերս ասաց, որ Բելառուսը ապագայում տեղ ունի Եվրոպայում և ՆԱՏՕ-ում։ Լուկաշենկոն նման հայտարարություններն օգտագործում է Ռուսաստանին շանտաժի ենթարկելու համար, սակայն հասկանում է, որ «արևմտյան» Բելառուսում ինքը չի կարող իշխանություն պահպանել։

Ռուս-ղազախական հարաբերություններ

Ղազախական Ռեզոնանս կայքի տեսակետով երկու երկրների միջև առկա երեք գլխավոր ցավոտ կետերն են

  • կիրիլատառից անցումը լատինատառի, ինչը համարվում է ռուսական մշակութային ազդեցությունից հեռացում,
  • հրաժարվում է Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմում, ինչպես նաև ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը,
  • Ղազախստանի և ԱՄՆ-ի հատուկ հարաբերությունները։

Հասկանալի է, որ Ղրիմի, Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ նման պահանջները Հայաստանի պարագայում բացակայում են, քանզի Հայաստանն էլ կարող է փոխադարձաբար պահանջել, որ Ռուսաստանը ճանաչի Արցախի անկախությունը։

Այդ ամենին կարելի է ավելացնել նաև պատմական խնդիրը. Ղազախստանը համարում է, որ ժամանակին Ռուսաստանը գաղութացրել է իրենց երկիրը, մեծ քանակությամբ վերաբնակիչներ է բերել Ղազախստան, և դա կարող է նորից կրկնվել։ Նաև երբեմն տեղի են ունենում տնտեսական հողի վրա հակասություններ և վեճեր՝ կապված որոշ ապրանքների նկատմամբ արգելքների հետ։

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Ղազախստանի համար կարևոր են մի քանի հանգամանքներով՝ Աֆղանստանում ԱՄՆ ներկայությունն իր կարևոր դերն է կատարում՝ զսպելով իսլամական ֆունդամենտալիստների ներթափանցումը Ղազախստան, այդ երկրից նարկոտրաֆիկի գոյությունը, ինչպես նաև տնտեսական և տեխնոլոգիական համագործակցությունը։ Ղազախստանը տիեզերքի ուսումանասիրության ծրագրեր է իրականացնում  Ռուսաստանի հետ, սակայն փորձում է նման համագործակցություն զարգացնել նաև ԱՄՆ-ի հետ։

Դրանով Ղազախստանը փորձում է ԱՄՆ-ի օգնությամբ հավասարակշռել Ռուսաստանի ու Չինաստանի իր վրա ունեցած հզոր ազդեցությունը։

Բելառուսի և Ղազախստանի մտահոգություններն ուժգնացան ուկրաինական դեպքերից հետո։ Ղազախստանի հյուսիսում ռուսալեզու զգալի բնակչություն կա, և բացառված չէ, որ Դոնբասի դեպքերն այնտեղ նույնպես կրկնվեն, իսկ Բելառուսում ռուսական նման ազդեցությունը նույնպես մեծ է։

Երկու երկրներն էլ փորձում են Արևմուտքի հետ համագործակցել՝ դրանով հավասարակշռելով Ռուսաստանի ազդեցությունը, իսկ երբեմն շանտաժի ենթարկելով տնտեսական դիվիդենտներ ու զիջումներ պահանջելու համար։

Յուրի Խաչատուրովի գործը

ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կանչելու առիթով այդ հակասությունները նոր դրսևորման հնարավորություն ստացան։ Այն, որ Ղազախստանն ու Բելառուսը փորձում են ծառայություն մատուցել Ադրբեջանին, հասկանալի է, հատկապես երբ այդ ծառայությունները, ինչպես Բելառուսի դեպքում, վարձատրվում են, իսկ Ղազախստանի դեպքում՝ նաև հիմնավորվում էթնիկական եղբայրությամբ, սակայն նրանց դիրքորոշումներն ավելի խորքային պատճառներ ունեն, ինչը ցույց են տալիս Եվրասիական տնտեսական գոտում և ՀԱՊԿ-ում եղած իրական հակասությունները։ Այդ երկու երկրները փորձում են զսպել Ռուսաստանի ազդեցությունը և օգտագործում են ցանկացած հնարավորություն ու ցանկացած «դրսի» ուժ, լինի դա Արևմուտքը, թե՝ Ադրբեջանը։

Այստեղ առաջանում է հարց. իսկ ի՞նչ քաղաքականություն է վարում Հայաստանը, ո՞րն է նրա դերը, շահը և «խաղը»։ Դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում, որտեղ վճռվելու է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը, մենք կտեսնենք, թե արդյոք «հեղափոխական կառավարությունն» արտաքին քաղաքականության մեջ ու՞նի նոր ռազմավարություն ու մարտավարություն, թե՞ շարունակելու է «հակահեղափոխականների» գործելակերպը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter