Կրթական ոլորտի ղեկավարի զավակը գնացել է մասնավոր դպրոց, դա նույնն է, որ պաշտպանության նախարարի զավակը ծառայի օտար բանակում
«Որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին հավասարապես, այլ ոչ թե փոքրաթիվ խմբերի»:
Այս մասին խորհրդարանում 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
«Նախկինում ոլորտում եղել են մարդիկ, որոնք առաջնորդվել են բացառապես իրենց անձնական շահերով, կրթական ոլորտի ղեկավարի գործունեության լավագույն արդյունքը վատ առումով եղել է այն, որ կրթական ոլորտի ղեկավարի զավակը գնացել է մասնավոր դպրոց, դա, ըստ էության, նույնն է, որ մեր պաշտպանության նախարարի որդին ծառայի օտար բանակում, դա նույնն է, որ առողջապահության նախարարը առողջապահական մինիմալ կարիքները հոգալու համար գնա հարևան պետություն: Այ սա է եղել նախկինում մեր կրթության վիճակը, և ես ուրախությամբ ուզում եմ ասել, որ այս վեց ամիսների ընթացքում մեզ հաջողվել է շատ լուրջ քայլեր անել»,- ասաց նա:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ գործող կառավարության որոշ քննադատներ մեղադրում են ԿԳՆ-ին ապաքաղաքականացումը հիմնական դրոշակ դարձնելու համար:
«Բա ի՞նչ անենք, եթե ստիպել եք ուսուցչին ընտրությունից ընտրություն նվաստանալ, ընտրությունը կեղծել ու գլուխը կախ գնալ քաղաքացի կրթելու, դա անմիջապես ազդում է կրթության որակի վրա, հլը մի հատ գնացեք ու ձեր հիմնական դպրոցների վիճակը նայեք, դպրոցները տարրական զուգարաններ չունեն: Էս ամենի համար մենք պետք է աշխատենք, մենք պետք է ճահիճը չորացնենք, որովհետև եթե ուզում ես լուրջ հիմք դնել, դու չես կարող ճահիճի վրա լուրջ հիմք դնել»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Հարությունյանի համոզմամբ՝ նախարարությունը պետք է լուրջ փոփոխություններ կատարի տարբեր հարցերով:
«Հայաստանում լավ կրթական բրենդներ ունենք, որոնք կղզիացած են՝ մեկը Դիլիջանում, մյուսը Սյունիքում զարգացել են, հասել են մի փուլի, որ չեն զարգանում, նախարարությունը պետք է ստեղծի մի համակարգ, որ իրենց դրական փորձը ներդնեն ընդհանուր համակարգում, նաև պետք է նրանց օգնենք կրթական բրենդներն արտահանելու համար»,-ասաց Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մինչ տարեվերջ նախարարությունը հաշվետվությամբ է հանդես գալու, որտեղ լինելու են նաև նախկինում արված հնարավոր կոռուպցիոն չարաշահումների մասին տեղեկություններ.
«Կտեսնեք, թե քանի միլիարդ դրամ է ծախսվել տարբեր ծրագրերի՝ որոշ մարդկանց շահերից բխող ծրագրերի վրա, դրանք արվել են իրենց կրթական կենտրոնների համար, բայց ոչ ընդհանուր համակարգի համար, հարյուր միլիոնավոր դրամներ տրվել են միջազգային ծրագրերը քոփի փեսթ անելու համար, և մենք սրան ամեն օր բախվում ենք»,-ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև ռազմահայրենասիրական դաստիարակության խնդրին.
«Այլևս մեր դպրոցներում չեն լինելու խմբակներ, որոնց տրվելու են հարյուր միլիոնավոր դրամներ, որտեղ գովերգվում են տուշոնկայով հարստացած նախկին զինվորականների, ու թող սա էլ չշահարկեն, որ այդ գումարը կտրել ենք, այդ գումարը կտրել ենք ու տալու ենք այլ նպատակների համար, որպեսզի ՀՀ քաղաքացի դաստիարակվի»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Մեկնաբանել