HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գառնիի 50 տարվա աղբավայրը վերացվել է մեկ ամսում

Աղբահանման եւ աղբի վերամշակման գործում մասնագիտացած հայ-ամերիկյան «Ուվեյսթթեք» ընկերությունը ցանկանում է աղբամշակման գործունեություն ծավալել Հայաստանում։ Ընկերությունը աղբի վերամշակման փորձնական ծրագիրը սեպտեմբերի կեսերին իրականացրեց Գառնիում: Ողջ աղբավայրը մաքրելու համար մեկ ամիս պահանջվեց: Տեղում աղբի տեսակավորում է կատարվել եւ մաղով առանձնացված օրգանական աղբը վերամշակվել է:

Գառնիի աղբավայրը «Հետք»-ը քարտեզագրել էր երկու տարի առաջ: Դժվարությամբ էինք տեղաշարժվում աղբավայրում՝ զբաղեցրած տարածքն ու աղբի բաղադրությունը որոշելու համար: Կենցաղային ու շինարարական աղբից բացի, աղբավայր են նետվում սատկած կենդանիներն ու մշակված մորթու թափոնները, գարշահոտությունը թույլ չէր տալիս առաջ շարժվել: Դժվար էր պատկերացնել, որ կես դար առաջ ինքնակամ աղբավայրի վերածված այդ տարածքը երբեւէ կարող էր մաքրվել, բայց այսօր այն իրականություն է: Նախկին աղբավայրում պլաստիկե տարաների ու պոլիէթիլենի մի քանի կույտ ու կոշտ կենցաղային թափոն են մնացել, հոտն իսպառ բացակայում է:

«Ուվեյսթթեք» ընկերության հիմնադիր Մայքլ Ալոյանն ասում է, որ այդ մեծ ծավալի աղբավայրը վերացրել են էնզայն կոչվող ֆերմենտի միջոցով: Էնզայնը ոչնչացնում է վտանգավոր բակտերիաները եւ օրգանական նյութերը: Արդյունքում՝ վերանում է գարշահոտությունը, որն առաջանում է օրգանական աղբից:

Վերամշակելու համար աղբը հավաքում, կուտակում են, ֆերմենտը ջրում լուծելուց հետո լցնում են աղբի մեջ, որն այդ միջավայրում սկսում է շատ արագ բազմանալ եւ բարձր ջերմաստիճան ստեղծելով՝ այրում է աղբը: Օրգանական աղբը քայքայվելով վերածվում է հեղուկի, որը գյուղատնտեսական արժեքավոր պարարտանյութ է:

Գառնիի աղբավայրը մաքրելու արդյունքում 2 տոննա պարարտանյութ է ստացվել, որի նմուշը ներկայացրել են գյուղնախարարության «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ փորձաքննելու:

Ստացված արդյունքներով՝ այրված կենցաղային աղբից առաջացել են ազոտ, ֆոսֆոր, կալիում եւ այլն:

Աղբի վերամշակման փորձնական ծրագիրը Գառնիում իրականացվել է գառնեցի գործարար Աղասի Ալեքյանի առաջարկով եւ նրա տրամադրած տեխնիկայով ու մարդուժով: Աղբի վերամշակումից ստացված պարարտանյութը գործարարն օգտագործելու է իր հիմնած նորատունկ այգում:

Մայքլ Ալոյանն ասում է, որ նույն կենցաղային աղբը վերամշակելով՝ ձկան՝ պրոտեինով շատ հարուստ կեր կարող են ստանալ, այն նաեւ անասնակեր կարող է դառնալ: «Գառնիի աղբավայրը մաքրեցինք մեկ ամսում եւ ապացուցեցինք, որ սա իրականություն է: Դրանից հետո պետք է որ իմ դուռը թակեին եւ ասեին՝ արի՛, բոլոր տեղերում աղբը վերացրու»,- ասում է գործարարը։ Սակայն Կառավարությունը չի շտապում պատասխանել նրա առաջարկին:

«Նուբարաշենի աղբանոցը 6 ամսում կարող ենք վերացնել եւ տարածքը վերածել հանգստյան գոտու»,- վստահեցնում է «Ուվեյսթթեք» ընկերության հիմնադիր Մայքլ Ալոյանը։ Նրա հաշվարկով՝ աղբավայրը վերացնելու համար 10 մլն դոլար կպահանջվի, որը պատրաստ է ներդնել։ Կառավարությանն առաջարկել են աղբի վերամշակման գործարան կառուցել Նուբարաշենի աղբավայրի կողքին: «Գործարանը կառուցելու համար 50 մլն եվրո ենք ներդնելու, որտեղ 10-15 000 կվտ/ժամ էլեկտրաէներգիա կարտադրվի, կկատարվի աղբի տեսակավորում եւ վերամշակում: «Պետությունից միայն ակնկալում ենք, որ աղբն ուղղորդեն մեզ մոտ, վերամշակելու արտոնություն տան, իսկ մենք պետությանը կվճարենք արտոնության եւ լիցենզիայի համար»,- առաջարկում է գործարարը։

Կառավարությունում վաղուց տեղյակ են եղել նրա գործունեության մասին եւ գործարարի ասելով՝ մոտ 10 տարի առաջ, երբ Երեւանի քաղաքապետը Գագիկ Բեգլարյանն էր, իրեն հրավիրել են Հայաստան՝ խորհրդատվություն ստանալու նպատակով: «Իմ ընկերությունը Լոս Անջելեսի տարբեր քաղաքներում աղբի հետ կապված ողջ գործառույթն իրականացրել է, մենք 25 տարի այնտեղ աղբի հավաքումով ու վերամշակումով ենք զբաղվել»,- ասում է Մ. Ալոյանը:

Երեւան քաղաքում աղբահանումը բարելավելու համար այդ ժամանակ Անգլիայից մասնագետներ էին հրավիրել, որոնք առաջարկել էին աղբի վճարը, մեկ շնչի հաշվարկով, բարձրացնել մինչեւ 1000 դրամ։ Մ. Ալոյանը պատմում է, որ ԱՄՆ-ից իր աշխատողներին է բերել, որոնք ուսումնասիրել են Երեւան քաղաքում աղբահավաքման ողջ պրոցեսը։ Դրանից հետո գրավոր ներկայացրել է, որ աղբի վճարը բարձրացնելը ճիշտ չէ, 200 դրամը լիովին բավարար է աղբահանում իրականացնելու համար։ Անգլիացիները չեն համաձայնվել նրանց հետ, բայց իրենք հիմնավորել են, որ նրանց ծրագիրը անգլիական քաղաքի համար էր գրված, Երեւանում կիրառելի չէր։  

Քաղաքապետարանը դրանից հետո նրանց խնդրել է բիզնես ծրագիր ներկայացնել, իրենք առաջարկել են Երեւան քաղաքում առողջ մրցակցության համար աղբ հավաքող երկու ընկերություն ներգրավել։ Գ. Բեգլարյանի պաշտոնանկ լինելուց հետո ծրագրին ծանոթացել է քաղաքապետ նշանակված Կարեն Կարապետյանը, նրա հետ նույնպես քննարկվել է աղբահանման հարցը, բայց նա էլ կարճ ժամանակ պաշտոնավարեց, եւ ծրագրին ընթացք չտրվեց։

Մինչ օրս Հայաստանում ներկայացված այսօրինակ բոլոր ծրագրերը եղել են պլաստիկը վերամշակելու մասին, միաժամանակ նշվել է, որ աղբի ոչ մեծ քանակությունը շահեկան չէ բիզնես ծրագրեր իրականացնելու համար: Միջազգային կազմակերպությունների վարկավորումով կառուցվելիք, միլիոնավոր եվրոներ արժեցող նոր աղբավայրերում աղբը միայն ծածկվելու է:

Մ. Ալոյանը վստահեցնում է, որ Եվրոպական կառույցների աջակցությամբ նոր աղբավայրեր կառուցելու ծրագրերն արդարացված չեն: Տարբեր պաշտոնյաների հետ հանդիպելով՝ հիմնավորել է, որ կառուցվող աղբավայրերը, որում պետությունը ներդրում է կատարելու, Եվրոպայի համար են արժեքավոր, բայց ոչ Հայաստանի։ Ներկայացված ծրագրերը, նրա կարծիքով՝ ֆինանսական մեծ բեռ են պետության եւ բնակիչների համար:

Հայաստանում աղբանոցները վերացնելու միակ լուծումը, ըստ նրա, կլինի օրգանական աղբը վերացնելը, եւ դա պետք է կատարվի աղբանոցներում, առանց տեղափոխելու: Նուբարաշենում եւ Գյումրիում կարող են գործարան կառուցել եւ էլեկտրաէներգիա ստանալ, իսկ առանձնացված պոլիէթիլենից ու պլաստիկից՝ տեխնիկական սպիրտ ու վառելանյութ կստանան։

«Այս աշխատանքը պետք է կատարվի առանց պետական միջամտության, այս հարցում պետք է առաջնորդվել բնակիչների ֆինանսական բեռը չավելացնելով»,- պնդում է գործարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter