HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ 4 խմբակցությունները կողմ են քվեարկելու 2019 թվականի պետական բյուջեի նախագծին

ԱԺ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» և ՀՀԿ խմբակցությունները կողմ են քվեարկելու 2019 թվականի բյուջեի նախագծին:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նկատելով, որ այն ոչ թե իներցիոն, այլ փոխանցիկ բյուջե է։

Ռուստամյանի խոսքով՝ բյուջեի ծնողները խորհրդարանն ու կառավարությունն են, որոնք պաշտոնանկ են ու ժամանակավոր են, բայց, միևնույն է, պետք է այն հաստատեն։

«Մենք, բնականաբար, կողմ ենք քվեարկելու՝ ելնելով այն հանգամանքից, որ վերջին շնչում պետք չէ խնդիրներ ստեղծել։ Հուսով ենք՝ նոր կառավարությունը բյուջեի հիմնական շեշտադրումները կիրականացնի, իսկ նոր խորհրդարանը կվերահսկի»,- ասաց նա:

«Ծառուկյան» դաշինքի  տեսակետը ներակայացրեց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը։
«Չենք կարող չաջակցել այս կառավարությանը, «Ծառուկյան» դաշինքը միանշանակ կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին»,- ասաց նա։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չհամաձայնեց բյուջեի «իներցիոն» որակմանը, քանի որ ըստ նրա այն պետք է լիներ հեղափոխական բյուջե։

«Այս բյուջեի մեջ չեմ տեսնում այն խոստումների արտացոլումը, որի միջոցով եկել եք իշխանության, ոչ միայն արտացոլումը չեմ տեսնում, այլև նշույլները չեմ տեսնում ապագայում դրանց իրականացման համար։ Այդ դեպքում ի՞նչն եք փոխել, ինչո՞վ են տարբերվում ձեր իսկ ներկայացրած բյուջեն ու վարած քաղաքականությունը նախորդ իշխանությունից։ Դուք ընդամենը շարունակությունն եք, և սա ոչ թե մեկ քայլ առաջ, այլ հետ է»,- ասաց Բաղդասարյանը, ապա հավելեց, որ կողմ են քվեարկելու:

«Ելք» խմբակցության անունից պատգամավորական ելույթ չեղավ, սակայն խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ միանշանակ կողմ են քվեարկելու:

Պետական բյուջեի նախագծի քննարկումներն ավարտվեցին. պատգամավորները 24 ժամվա ընթացքում կարող են առաջարկներով դիմել գործադիրին: Առնվազն չորս օրվա դադարից հետո խորհրդարանն արտահերթ նիստով քվեարկության կներկայացնի նախագիծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter