HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ըստ էթիկայի հանձնաժողովի՝ պատգամավոր Դավթյանը հայտարարագրել է իր արաբական բնակարանը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «Հետքին» հայտնել է, որ ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանը, ում արաբական անշարժ գույքի մասին գրել էինք վերջերս, հայտարարագրել է իր ունեցվածքը:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ական Հրանտ Դավթյանը բնակարան է ձեռք բերել Դուբայի «Al Sahab» բնակելի համալիրում, ինչը մեր թղթակցի հետ զրույցում պաշտոնյան չէր հերքել: Այդուհանդերձ, նա նշել էր, թե բնակարանն իր անունով չէ, դրա համար էլ չի հայտարարագրվել:

-Ես կոնկրետ չգիտեմ, թե երբ ա հայտարարագրվել: Դրա մասին չգիտեմ: Կոնկրետ իմ անունով չի երեւի, կարող ա դրա համար չի հայտարարագրվել:

-Այսինքն՝ Դուք չգիտե՞ք հաստատ ձեր անունով է, թե ոչ:

-Ես գիտեմ, իմ անունով չի, դրա համար երեւի չի հայտարարագրվել:

-Ձեր ընտանիքի անդամներից մեկի՞նն է:

-Այո:

-Եթե գաղտնիք չէ, ու՞մ անունով է բնակարանը:

-Հարազատ, էտի կարամ վաղը ասեմ, վաղը ճշտեմ, ասեմ: Վախենալու բան չկա, արխային:

2017-ի ԱԺ ընտրություններում պատգամավորության թեկնածու Հ. Դավթյանը այդ տարվա փետրվարին հայտարարագիր էր ներկայացրել ԿԸՀ-ին, որում արաբական գույքի մասին որեւէ հիշատակում չկար (այնինչ, իր իսկ խոսքերով, բնակարանը գնել է մոտ 15 տարի առաջ): Ահա այդ հայտարարագրի՝ անշարժ գույքին վերաբերող հատվածը:

Սակայն էթիկայի հանձնաժողովը հայտնել է, որ այս տարվա ամռանը պատգամավոր դառնալուց հետո Դավթյանը սեպտեմբերին հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել է գույքի մասին: Հանձնաժողովը մեզ ուղարկած փաստաթղթում, այսպես ասած, գաղտնազերծել է այն տողը, որտեղ նշված է եղել արաբական գույքը:

Հանձնաժողովին հարցրել էինք նաեւ ֆինանսների նախկին փոխնախարար (2014-2016 թթ.), ՊԵԿ նախագահի նախկին առաջին տեղակալ (2008-2014, 2016 թթ.) Արթուր Աֆրիկյանի մասին, ով մի քանի միավոր թանկարժեք գույք է ձեռք բերել Դուբայի էլիտար շինություններում: Աֆրիկյանի՝ հանձնաժողովի կայքում առկա հայտարարագրերում (2011-2016 թթ. վերաբերյալ) որեւէ տեղեկություն չկա անշարժ գույք ձեռք բերելու կամ օտարելու մասին, չնայած մեր հոդվածում նշել էինք, որ այդպիսիք, ըստ մեր տեղեկությունների, եղել են: Բացի դրանից՝ նախկին պաշտոնյան հայտարարագրել էր ընդամենը մեկական բնակարան եւ ավտոտնակ: Հանձնաժողովից հետաքրքրվել էինք, թե ինչ քայլեր են ձեռնարկվել այս ուղղությամբ:

Ի պատասխան՝ էթիկայի հանձնաժողովը հայտնել է, որ մեր հոդվածում հիշատակված եւ հայտարարագրման պարտականություն ունեցող անձանց նկատմամբ, բացառությամբ Հրանտ Դավթյանի (վերջինս նշվածներից միակն է, որ պաշտոնավարում է), չեն կարող հարուցվել վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթներ, քանի որ պատասխանատվության նորմը ուժի մեջ է մտել 2017 թ. հուլիսի 1-ից, երբ հրապարակման հերոսներն արդեն պաշտոնավարելիս չեն եղել, հետեւաբար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեին: Ստացվում է, որ տարիներ շարունակ թերի կամ կեղծ հայտարարագիր ներկայացրած անձը ջրից չոր է դուրս եկել:       

Լուսանկարում՝ Հ. Դավթյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter