HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Սասնա ծռերն» ընդունում են համաներումը՝ թեև իրենց համարում են ապստամբներ

Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող տասը անձինք համաներման դեմ չեն առարկում: Սակայն սա չի նշանակում, որ համաձայն են իրենց առաջադրված մեղադրանքի հետ, շարունակում են պնդել, որ իրենք ապստամբություն են իրականացրել:

Նշենք, որ Էրեբունի- Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի առթիվ հայտարարված համաներմամբ նախատեսվում է 2016 թվականի հուլիսի 17-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել, քրեական հետապնդում չիրականացնել կամ քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները; Համաներումը, սակայն չի տարածվում այն արարքների նկատմամբ, որոնք անմիջականորեն հանգեցրել են մարդու մահվան:

Սա նշանակում է, որ եթե ՊՊԾ գնդի գրավման գործով տուժողները համաներման դեմ չառարկեն, ամբաստանյալների նկատմամբ, բացառությամբ սպանության հոդվածների, մյուս հոդվածներով համաներում կկիրառվի:

Ուստի այսօրվա դատական նիստին դատավոր Մեսրոպ Մակյանը ճշտեց գործով տասը ամբաստանյալների դիրքորոշումներն այս առնչությամբ:

Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ, թեև իրենք իրականացրել են ապստամբելու իրենց իրավունքը, ստեղված իրավիճակում չեն առարկում համաներման դեմ:

Արմեն Բիլյանն, ով մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ, հայտնեց, որ դեռևս հարց է, թե ով է կեղծ մեղադրանք «դրել իր վրա»:

«Ես արել եմ իմ ժողովրդի կամքը, ապստամբել եմ, և էլի եմ ապստամբելու, եթե որևէ մեկը կփորձի նեղացնել իմ ժողովրդին»,- հայտարարեց Արմեն Բիլյանը: Վերջինս նշեց, որ ինքը որևէ բան չի արել, որ իր նկատմամբ համաներում կիրառվի, բայց այնուամենայնիվ, տևական ելույթից հետո ասաց, որ համաներման դեմ չի առարկում:

Ամբաստանյալ Պավել Մանուկյանը նշեց, որ մինչև այսօր այդպես էլ  չի բացահայտվել անձն, ով ՊՊԾ գնդում վիրավորում է հասցրել իրեն և մյուս անձանց:

«Ես մնում եմ ապստամբ, բայց տվյալ պահին այլընտրանք չկա, և տեղի ունեցող խեղկատակության պայմաններում այլ  ելք չեմ տեսնում»,- հայտարարեց Պավել Մանուկյանը:

Մխիթար Ավետիսյանը հայտարարեց, որ ինքը վստահ է՝ շուտով Սասնա ծռերն արդարացվելու են:

Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը նշեց, որ իրենց արդարացնել կամ մեղադրելու իրավունք ունի միայն հայ ժողովուրդը, իսկ ժողովուրդն իրեն արդեն իսկ արդարացրել է: Կյուրեղյանը նշեց, որ ինչպես մյուս տղաներն, այնպես էլ ինքը ձևականությունը պահպանելու համար չի առարկում համաներման դեմ:

Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը նշեց, թե իրենք ազգային –ազատագրական պայքարի շրջանակներում են գործել, և որ համաներումն իրենց համար միջանկյալ լուծում է, որին դեմ չեն:

Վերջերս մահացած Արայիկ Խանդոյանի կինը՝ Անուշ Հայրապետյանը, այսօր ևս դահլիճում էր: Վերջինս դիրքորոշում հայտնեց, որ տղաները ոչ թե պետք է համաներվեն, այլ արդարացվեն:

«Ես հպարտորեն ասում են, որ Արայիկը՝ որպես մարդ տեսակ, արդարացվելու է: Ես պայքարելու եմ մինչև վերջ, որ Արայիկն ու մյուս տղաներն արդարացվեն: Երդվում եմ».- ասաց Արայիկ Խանդոյանի կինը:

Համաներման դեմ չառարկեց նաև ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանը, Սեդրակ Նազարյանը:

Երկու ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը հայտարարեց, որ ինքը սխալ բան չի արել, որ որևէ մեկն իրեն ների:

«Կամ ներողն ո՞վ է. Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը»,- հարց բարձրացրեց Բարսեղյանն, ապա շարունակելով՝ նշեց, որ Փաշինյանը պաշտոնների է նշանակում ոչ մաքուր անցյալ ունեցող անձանց:

Դատավորի հարցին՝ ի վերջո  Բարսեղյանը կողմ է համաներմանը, թե՞ դեմ, վերջինս նշեց, թե թքած ունի. ոչ դեմ և ոչ էլ կողմ է:

Նշենք, որ գործող տուժողները դեռևս դիրքորոշում չեն հայտնել համաներման վերաբերյալ:

Այսօրվա դատական նիստին Արայիկ Խանդոյանի կինը նշեց, որ ցանկանում է ամուսնու վերաբերյալ գործի քննությունը շարունակվի, և ինքը ճանաչվի Խանդոյանի իրավահաջորդ:

«Խանդոյան Արայիկին բոլորդ էլ ճանաչում էիք: Նա ինձ համար որպես հերոս միշտ եղել է ու լինելու է, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Խանդոյանը միշտ դրոշակը բարձունքում է պահել իր ձեռքում, և ես ավելի ու ավելի եմ բարձրացնելու այդ դրոշակը մինչև դատական նիստի վերջը՝ մինչև արդարացում»,- ասաց Անուշ Հայրապետյանը:

Դատարանը մասնակի բավարարեց միջնորդությունը՝ որոշում կայացնելով գործի քննությունը Արայիկ Խանդոյանի մասով շարունակել, սակայն նրա կնոջը որպես իրավահաջորդ չներգրավել գործում, քանի որ օրենսդրությունը չի նախատեսում ամբաստանյալի իրավահաջորդության վերաբերյալ իրավակարգավորում:

Դատարանում Արայիկ Խանդոյանի շահերը կներկայացնի փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած դատական նիստին ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի շահերը ներկայացնող փաստաբան Արայիկ Պապիկյանը ցանկություն էր հայտնել ստանձնել գնդի տարածքում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր՝ Վահրամ Տեփանոսյանի շահերի պաշտպանությունը:

Յուրի Տեփանոսյանի շահերը դատարանում ի սկզբանե  ներկայացնում էր նրա կինը՝ Արփինե Թումասյանը, սակայն սեպտեմբերի 12-ի նիստին ներկայացած Վահրամ Տեփանոսյանը հայտնել էր, որ ցանկանում է ներգրավվել որպես որդու իրավահաջորդ: Այսպիսով, դատարանը դադարեցրել էր Տեփանոսյանի կնոջ՝ Արփինե Թումասյանի իրավահաջորդությունն ու Վահրամ Տեփանոսյանին ներգրավվել որպես սպանված ոստիկանի իրավահաջորդ:

Ամբաստանյալներն այս առնչությամբ առարկություններ չէին ներկայացրել և հրաժարվել էին Պապիկյանի ծառայությունից:

Չնայած այս ամենին՝ դատարանը մերժել էր Արայիկ Պապիկյանին որպես Վահրամ Տեփանոսյանի ներկայացուցիչ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը: Դատավոր Մակյանը որոշումը պատճառաբանել էր հետևյալ կերպ. պաշտպանական կողմը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել, և դրանց քննարկումների ժամանակ չի եղել դեպք, երբ Արայիկ Պապիկյանը պաշտպանական կողմի դիրքորոշումներին դեմ արտահայտվի՝ անկախ նրանից, թե այդ միջնորդություններն ում են վերաբերելիս եղել, ավելին՝ մշտապես լրացրել է այդ միջնորդությունները: 

Դատարանը, այս ամենը հաշվի առնելով, գտել էր, որ թեև Արայիկ Պապիկյանը չի ստանձնում Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվող անձի պաշտպանությունը` տուժողի իրավահաջորդի և ամբաստանյալների շահերի միջև առկա է հակասություն: 

Դատավորի այս որոշումը Պապիկյանի կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան, և դատարանը որոշել է միջնորդությունը նոր քննության ուղարկել առաջին ատյանի դատարան:

Մինչ միջնորդությունը նորից կքննարկվեր, տուժող Տեփանոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանը հայտնեց, որ Յուրի Տեփանոսյանի կնոջ և հոր միջև իրավահաջորդություն ստանձնելու հարցում անհամաձայնություն կա, Արփինե Թումասյանը ցանկանում է շարունակել հանդես գալ որպես ամուսնու իրավահաջորդ:

Դատավոր Մակյանն ընդունեց, որ, ըստ էության, ինքը թույլ է տվել իրավունքի խախտում, քանի որ առանց Արփինե Թումասյանի համաձայնոթյան է դադարեցրել նրա իրավահաջորդությունը՝ կարծելով, որ նրա և Տեփանոսյանի հոր միջև իրավահաջորդությունը փոխելու վերաբերյալ համաձայնություն կա: Մակյանը որոշեց նախ լսել Արփինե Թումասյանին, որից հետո միայն լուծել Արայիկ Պապիկյանի միջնորդությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter