HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Հայաստանը ձգտում է որդան կարմիրը, մուշուրբան ու այլ արժեքներ ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախաձեռնել է Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկի թարմացում։ 
Նախարարությունում մշակվել է նախագիծ, որի ընդունման պարագայում որդան կարմիրը, պարկապզուկը, կոխ ըմբշամարտը, Գյումրու մուշուրբան ու այլ ոչ նյութական արժեքներ կներառվեն  Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկում։ Վերջնական նպատակը դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության ցանկում գրանցելն է։
Նախարարությունը մի քանի էջանոց նախագծում հիմնավորել է, թե որ ժառանգությունը ինչ վիճակում է, եւ ինչու պետք է այն գրանցել  անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։
Որդան կարմիր 
Արարատյան որդան կարմիրը (“Ararat Cochineal”, “Armenian Cochineal”, “Porphyrophora hameli Brandt“), լինելով միջատների յուրահատուկ խմբի էնդեմիկ ներկայացուցիչ, մի ամբողջ մշակութային ժառանգության հիմք է հանդիսացել:
Կարմիր որդի տարածման արեալը Արմավիրի եւ Արարատի մարզերի Արազափ եւ Ջրառատ համայնքներն են: Եթե 20-րդ դարի կեսերին արեալը կազմում էր 10 հազար հեկտար, ապա մեր օրերում՝ 220 հա:
Հնում հայերը մեծ քանակությամբ հավաքում էին այդ որդերից եւ մշակում յուրահատուկ եղանակով՝ ստանալով մուգ եւ վառ կարմիր գույների լուսադիմացկուն ներկ, բալասաններ, կոսմետիկ պարագաներ եւ նույնիսկ բուժիչ նշանակություն ունեցող խմիչքներ: Դրանց պատրաստման բաղադրատոմսերը պահպանվել են հայկական միջնադարյան ձեռագրերում, ինչպես նաեւ վերոնշյալ համայնքներում բնակվող ընտանիքներում, որոնք իրենց գիտելիքներն ու հմտությունները ոչ միայն բանավոր են փոխանցել, այլեւ՝ ընտանեկան նոթատետրերի գրառումների տեսքով: Բնական կարմիր ներկի գեղեցկության եւ դիմացկունության վառ ապացույցն են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում պահվող միջնադարյան հայկական ձեռագրերը, որոնք դարեր շարունակ պահպանել են իրենց թարմությունն ու գույների մաքրությունը: 
«Հայկական կարմիրը», Մերձավոր Արեւելքում կիրառվելուց զատ, արտահանվել է եվրոպական երկրներ, որտեղ մեծ պահանջարկ է ունեցել եւ շատ թանկ է գնահատվել: Որդան կարմիրի արտադրությունը եղել է հայ թագավորների մենաշնորհը: Հին Հայաստանի մայրաքաղաք Արտաշատում եղել են արքունի ներկատներ: 
1987թ. Արմավիրի մարզում ստեղծվել է «Որդան կարմիր» պետական արգելավայրը: 2008թ. կատարվել է արգելոցի քարտեզագրում եւ սահմանազատում:
Ըստ նախարարության հետազոտությունների` ներկայում Արարատյան որդան կարմիրի պահանջը, որպես բնական ներկանյութ, կտրուկ աճել է եւ կարող է կիրառվել տնտեսության տարբեր ճյուղերում։ Որդան կարմիրի պահպանության հարցը ներկայում խիստ կարեւոր նշանակություն ունի, քանի որ այս տեսակի միջատի գոյությունը վտանգված է: Ըստ բնության պահպանության միջազգային միության (IUCN) չափանիշների՝ միջատն ընդգրկված է Կարմիր գրքում՝ որպես անհետացման եզրին գտնվող տեսակ:
Գյումրու մուշուրբա
Կլկլանը պղնձից եւ արույրից պատրաստված, ներսից անագապատ կանթավոր ջրաման է, որն այդպես է անվանվում հատակի հատուկ ուռուցիկ կառուցվածքի ներսում ամրացված լեզվակի շնորհիվ ջուրը խմելու եւ թափվելու ժամանակ առաջացող ջրի պղպջակների ձայնի՝ կլկլոցի հետ կապված: 
«Կլկլան» բառի փոխարեն գործածվել է նաեւ «մուշուրբա» կամ «միշիրբա» բառը։ Մուշուրբա բառն ունի արաբական ծագում (mi(e)šrebe=mašrapa): Պոլսի բարբառում հայտնի է «մօրշուփա-moršupa», Վանի բարբառում մուշուրբա ձեւերով, որը, ըստ լեզվաբան Հրաչյա Աճառյանի, նշանակում է «ըմպանակ, ջրի թիթեղեայ մեծ բաժակ»:
Կլկլանը տարածված էր Բարձր Հայքում եւ հատկապես Կարսում, որտեղից էլ բերվել է Ալեքսանդրապոլ եւ կատարելագործվել: Ինքնատիպ այս ջրամանը Գյումրիի խորհրդանիշերից մեկն է դարձել, ստացել է հուշանվերի կարգավիճակ, սակայն նվազել է դրա պատրաստման հմտություններին տիրապետող վարպետների թիվը, վտանգված է նաեւ ավանդույթի սերնդեսերունդ փոխանցումը:
Կլկլանը որպես ոչ նյութական մշակութային ժառանգության դրսեւորում արժեւորելու նպատակով վերջին տարիներին Գյումրիում «Մուշուրբա» խորագրով մրցանակաբաշխություն է անցկացվում, որի ժամանակ ոսկեջրած կլկլաններ են տրվում տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած անհատներին եւ կազմակերպություններին:
Ստվերների թատրոն
Ստվերների թատրոնը ձեւավորվել է դեռ անտիկ շրջանում: Հայտնի է եղել «Ղարագյոզ» անվանմամբ՝ որպես ժողովրդապրոֆեսիոնալ տիկնիկային թատրոն: 
Տվյալներ կան, որ 17-19-րդ դարերում թատրոնի հայ ժողովրդական վարպետները «Ղարագյոզ» են ներկայացրել ոչ միայն Կոստանդնուպոլսում, Անկարայում, Բուրսայում, Տրապիզոնում, այլեւ Հայաստանի մշակութային կենտրոններում, ինչպես նաեւ՝ Թիֆլիսում, Բաքվում, Ախալցխայում, Շուշիում, Գյանջայում: Հայաստանում «Ղարագյոզի» արմատավորման վառ վկայություններից է տիկնիկավար Թումասյանների գերդաստանի գործունեությունը վերջին 150 տարում
Ջավախքում:
1983թ. մինչ այսօր թատրոնի այս տեսակը ցուցադրվում է «Այրուձի» արշավախմբի «Այրոգի» ստվերների եւ այլ թատրոններում, որտեղ ավանդական սյուժեներին զուգահեռ ժամանակակից թեմաներով ներկայացումներ են բեմադրվում: Տարրի կրողներն են նաեւ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում «Տոնացույց. ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված թատրոնը, ինչպես նաեւ թատրոնի սաները եւ այն կիրառող համայնքի բնակչությունը: 
Պարկապզուկ
Ժողովրդական պարկապզուկների օրինակներ են պահվում Չարենցի անվան գրականության եւ արվեստի ու Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարաններում, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր մարզերի երկրագիտական թանգարաններում։
Պարկապզուկը հայոց մեջ հայտնի է եղել վաղ միջնադարից։ Խորհրդային տարիներին նվագավար Կառլեն Միրզոյանը ստեղծել էր «Տկզար» նվագախումբը, որում ընդգրկված էր նաեւ պարկապզուկ նվագարանը: Այն երբեմն հնչում է նաեւ ազգային երգի ու պարի համույթներում։ Կարելի է հանդիպել Շիրակի եւ Արմավիրի մարզերի գյուղերում ու Ջավախքի հայկական բնակավայրերում։ 
Պարկապզուկը հետզհետե դուրս է մղվում ժողովրդական մշակույթից: 
Պարկապզուկի վերաբերյալ գիտելիքների եւ հմտությունների փոխանցումն ապահովելու համար նպատակահարմար կլինի երաժշտական դպրոցների եւ ուսումնարանների փողային բաժինների ուսանողների համար նվագարանի ուսուցման դասընթացներ կազմակերպել։
 
Կոխ ըմբշամարտ
Կոխը հայկական ժողովրդական մարտախաղ է: Ավանդական ընթացքի համաձայն՝ նախքան մրցելը հնչում է զուռնայի, դուդուկի, դհոլի երաժշտությունը եւ կոխի պարային եղանակի ներքո մրցողները դեմ դիմաց պարում են, այնուհետեւ մոտենալով կենտրոնին` մրցում: Ըստ խաղի կանոնների՝ մրցողներն իրավունք չունեն գոտկատեղից ներքեւ հարվածելու կամ ձեռքերով ոտքերից բռնելու: Նման դեպքերում խաղը դադարեցվում է՝ որպես խաղի օրենքների խախտում: Կոխ-գյուլաշ մրցախաղում հաղթող է ճանաչվում նա, ում հաջողվում է մրցակցի մեջքը գետնին կպցնել: Որպես հաղթանշան՝ պարտվողն իր գոտին տալիս է հաղթողին: Խաղից հետո հաղթողը հաղթանակի պար է պարում: Այնուհետեւ հաղթողը պարտավոր է ընդունել նաեւ այլ մենամարտեր: Այս պատճառով էլ հին հայկական ավանդական հարսանիքները եւ տոնախմբությունները վերածվում էին կոխի մարտերի:
Հիմնական կրողը Հայաստանի բնակչության երիտասարդ եւ միջին սերունդն է: Ներկայում մարզաձեւին բնորոշ կանոններին համապատասխան՝ տարածված է որպես սպորտարվեստ եւ Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի գործունեության շրջանակում ապահովում է այդ ավանդական մարզաձեւի կենսունակությունը, տարածումն ու փոխանցումը: 
Մշակույթի նախարարության մշակած նախագիծը դրված է հանրային քննարկման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter