
Ռեւանշին սպասելով. այսօր՝ Ջիբրալթար-Հայաստան
Այսօր՝ Երեւանի ժամանակով 23:45-ին, կմեկնարկի Ազգերի լիգայի խաղարկության Ջիբրալթար-Հայաստան մրցավեճը: Մեր ընտրանին, որը ընտրական 4-րդ դիվիզիոնի 4-րդ խմբում 6 միավոր է վաստակել եւ 3 միավորով հետ է մնում առաջատար ՆՀՀ Մակեդոնիայից, անպայման պետք է հաղթի, որպեսզի կարողանա պահպանել խմբից դուրս գալու գոնե նվազագույն, տեսական հնարավորությունը: Մյուս կողմից՝ ռեւանշի հասնելու խնդիր կա:
Նախախաղային ասուլիսում գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն էլ նշել է, որ նպատակը հաղթանակն է: Հիշեցնենք, որ մարզչի նորամուտի խաղում՝ հոկտեմբերի 13-ին, մեր թիմը 0-1 հաշվով Երեւանում զիջեց հենց ջիբրալթարցիներին, ինչը կարելի է համարել հավաքականի պատմության վատագույն արդյունքը՝ հաշվի առնելով մրցակցի մակարդակը:
Այսօր եւ ամսի 19-ին Լիխտենշտայնի հետ կայանալիք խաղերին պատրաստվելու համար հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից Ջիբրալթար չեն մեկնել պաշտպան Արտակ Եդիգարյանն ու կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, մեկը՝ ընտանեկան, մյուսը՝ հիվանդության պատճառով: Նրանց փոխարինել են Նարեկ Պետրոսյանն ու Լեւոն Հայրապետյանը:
Ջիբրալթար-Հայաստան մրցավեճն սպասարկելու է նորվեգական անձնակազմը՝ Կայ Էրիկ Սթինի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Յան Էրիկ Էնգանը եւ Յոն Միխայել Կնուտսենը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Օյստեյն Իտերլանդը: Մրցավարի լրացուցիչ օգնականներն են Էսպեն Էսկասը եւ Կրիստոֆեր Հագենեսը: Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակն է Էժեն Վեստերլինկը Հոլանդիայից, իսկ ՈւԵՖԱ-ի տեսուչը՝ Մարկո Բորգը Մալթայից:
Լուսանկարում՝ դրվագ Հայաստան-Ջիբրալթար հանդիպումից (լուս.՝ Գագիկ Աղբալյանի)
Մեկնաբանել