HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Հայաստանը՝ թափառող շների սպանդանոց բաց երկնքի տակ

2015-2017 թվականների ընթացքում Հայաստանի միայն 8 քաղաքային համայնքում սպանդի է ենթարկվել նվազագույնը 13 հազար 250 թափառող շուն։

«Հետք»-ը քաղաքային համայնքների ղեկավարներին հարցում է ուղարկել` պարզելու, թե 2015-2017 թվականների ընթացքում որքա՞ն գումար է ծախսվել թափառական շների վնասազերծման կամ գլխաքանակի աճը վերահսկելու նպատակով, ի՞նչ մեթոդներով է իրականացվել, քա՞նի շուն է ստերջացվել եւ այլն։ Առայժմ թափառող կենդանիների գլխաքանակը վերահսկելու մեթոդը շարունակվում է մնալ ոչնչացումը։

Հոդվածի առաջին մասում ներկայացրել էինք Հրազդանի եւ Էջմիածնի օրինակները։

Արջուտի աղբավայրը՝ շների գերեզմանոց

Թափառող շների աճը կանխելուն ուղղված իրենց գործողությունների մասին մեզ գրություններ են ուղարկել հանրապետության մոտ մեկ տասնյակ քաղաքային համայնքներից։ Տեսարանն ուղղակի սարսափելի է։ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում կենդանիների գլխաքանակի դեմ պայքարն ուղեկցվել է սպանդով։ Եվ սա միակ օրինակը չէ։

Ախուրյան համայնքի տարածքում թափառող շների ոչնչացումն իրականացվել է կրակելու միջոցով։ Այն իրականացնելու համար համայնքի բյուջեից տարեկան հատկացվել է 295 հազար դրամ։ 2015-2017 թթ․ Ախուրյանում շների ստերջացում չի իրականացվել։

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում նույնպես կիրառել են կենդանիներին կրակելու մեթոդը։ 2015-2017 թթ․ ընթացքում համայնքային բյուջեից թափառող կենդանիների վնասազերծման նպատակով ծախսվել է 11 միլիոն 775 հազար 700 դրամ։ Սպանվել է 5885 թափառող կենդանի։ Մասնավորապես, 2015 թ․ սպանվել է 2328 շուն, ինչի համար ծախսվել է 4 միլիոն 578 հազար դրամ։ 2016թ․ 1930 կենդանի վնասազերծելու համար քաղաքապետարանը տրամադրել է 3 միլիոն 835 հազար դրամ։ Արդեն 2017 թ․ սպանվել է 1627 թափառող կենդանի։ Նրանց վնասազերծման համար ծախսվել է 3 միլիոն 361 հազար դրամ։ Գյումրիում նույնպես ստերջացում չի իրականացվել։ Վերջին երեք տարիների ընթացքում բժշկական օգնություն է ցուցաբերվել ընդամենը 30 կենդանու։

Լոռու մարզկենտրոն Վանաձորից ստացված տվյալները նույնպես սարսափազդու են։ Քաղաքապետարանից «Հետք»-ին ուղղված տեղեկանքի մեջ սառնասրտորեն նկարագրված է շների սպանդի եւ թաղման ողջ ծեսը։ Քաղաքապետարանից հայտնում են, որ թափառող շների նկատմամբ որեւէ բժշկական վերահսկողություն չի իրականացվել։ Վանաձորում թափառող շների նկատմամբ վարվել են առավել քան դաժան։

«Գիշերային որսի միջոցով կատարվել է թափառող շների վնասազերծում, տեղափոխում Արջուտի աղբավայր եւ թաղման կազմակերպում նախատեսված վայրում»,- նշված է գրության մեջ։

2015-2017թթ․ Վանաձորում 6282 շուն է սպանվել, համայնքի բյուջեից ծախսվել է 12 միլիոն 535 հազար դրամ։

Կապանում նույնպես, թափառական շների գլխաքանակի ավելացման դեմ, բացի գիշերային սպանդից, մինչ այսօր որեւէ այլ միջոցառում չի իրականացվել։ Քաղաքապետարանից հայտնում են, որ շների վնասազերծումն իրականացվում է նաեւ քնեցման եւ քաղաքից դուրս՝ անտառամերձ տարածքներում բաց թողնելու եղանակով։ Կապանում 2015թ․ թափառական շների վնասազերծման համար ծախսվել է 498 հազար դրամ, 2016թ-ին ՝ 497 հազար, իսկ 2017թ-ին՝ կրկին 498 հազար դրամ։

Սպիտակի համայնքապետարանից «Հետք»-ին հայտնում են, որ թափառական շների վնասազերծման կամ դրանց աճը կանխելու նպատակով 2015-2017 թթ․ համայնքի բյուջեով նախատեսվել է 780 հազար դրամ, սակայն այդ միջոցները բավարար չեն եղել այդ միջոցառումներն իրականացնելու համար։ Միաժամանակ հայտնում են, որ Սպիտակում նմանատիպ ծառայություններ մատուցող կազմակերպություններ չկան։

Սիսիանի համայնքապետարանից ստացած պատասխանի համաձայն, համայնքի վարչական տարածքում պարբերաբար կատարվել են թափառող շների վնասազերծման եւ գլխաքանակի աճի կանխարգելման միջոցառումներ: Նախքան վնասազերծման գործընթացի իրականացումը «Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միավորում» ՀԿ-ի անդամ որսորդների հետ կնքվել են պայմանագրեր, ու հանձնարարվել է` «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին իրականացնելու վնասազերծված շների դիերի թաղման աշխատանքները, իսկ մինչ այդ բնակչությունն իրազեկվել է կատարվելիք միջոցառումների մասին՝ Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայքում հայտարարություններ տեղադրելու եւ սահմանված վայրերում դրանք փակցնելու միջոցով։

Սիսիանում մեկ կենդանի վնասազերծելու համար 2015 եւ 2016 թթ․ ծախսվել է 2646 դրամ, իսկ 2017 թ-ին՝ 2500 դրամ։ 2015, 2016 եւ 2017 թթ․ Սիսիանում վնասազերծվել է համապատասխանաբար 119, 188 եւ 148 կենդանի։ Վնասազերծում իրականացնելու համար 2015 թ․ ծախսվել է 314 հազար 874, 2016 թ-ին՝ 497 հազար 448 եւ 2017 թ-ին՝ 370 հազար դրամ։

Գավառի համայնքապետարանից «Հետք»-ին տեղեկացրին, որ այս տարի համայնքապետարանի հաստիքացուցակում ավելացել են անասնաբույժների հաստիքները, ինչը հնարավորություն կընձեռի համայնքին՝ այս գործընթացն առաջիկայում կազմակերպել օրենքով սահմանված կարգով, որի շրջանակներում կիրականացվեն նաեւ ստերջացումներ եւ պատվաստումներ։

Գորիսի համայնքապետարանից մեր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ 2015-2018 թվականն ընկած ժամանակահատվածում Գորիս համայնքում (ներառյալ 9 բնակավայրերը) թափառող կենդանիների վնասազերծման համար ծախսվել է շուրջ 500 հազար դրամ։ Նշված ժամանակահատվածում համայնքում ոչնչացվել է շուրջ 350 միավոր թափառող կենդանի:

Համայնքապետարանից հայտնում են, որ թեեւ քաղաքակիրթ աշխարհը իրականացնում է ստերջացում, սակայն Հայաստանի համայնքներում այդ խնդիրը դեռեւս մնում է չլուծված՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ մասնագիտական, տեխնիկական եւ ֆինանսական միջոցների բացակայությամբ։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում թափառող շների գլխաքանակի ավելացման դեմ պայքար, ինչպես նաեւ բժշկական վերահսկողություն առհասարակ չի իրականացվել։ Այս մասին «Հետք»-ին տեղեկացնում են Աբովյանի համայնքապետարանից։

Ընտրություններով տարված՝ մոռացել են կենդանիների ստերջացման մասին

Բրիտանական «Փրո Փոուզ» (Pro Paws) կենդանապաշտպան կազմակերպությունը դեռ ամիսներ առաջ օրենսդրական լուծումների կոնկրետ առաջարկներ է արել կառավարությանը։ «Փրո Փոուզ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընդհանուր առմամբ առաջարկները դրական արձագանքի են արժանացել, սակայն գործնական քայլերի սպասում է առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո։

Անգամ Երեւանում էգ շների ստերջացում չի արվում, քանի որ բոլորը զբաղված են ընտրություններով։ Իսկ սա կրկին բերելու է փողոցային շների մեծ աճի։

Նարե Արամյանն ասում է, որ Երեւանի քաղաքապետարանում որոշել են շների ստերճացումը ոչ թե մասնավոր ընկերությունների վստահել, որոնք աշխատում են շահույթով, այլ՝ ստեղծել համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն, որը կանի այն, ինչ անում էր տխրահռչակ «Յունիգրաֆը»։ Այսպիսով, եւ գումար կխնայվի, եւ համայնքային վերահսկողությունը կլինի ավելի արդյունավետ։

Հայաստանի մի քանի քաղաքներում կան նախաձեռնող խմբեր, ովքեր պատրաստվում են շների ստերջացման հարցը բարձրաձայնել տեղական իշխանություններին` փրկելով նրանց սպանդից։

Մեկնաբանություններ (1)

diana
Hello. is there a way to bring home a stray dog from armenia to germany ? please let me know

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter