HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Գեմաֆին Գասպարյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխվել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  Բուն TV-ի համահիմնադիր, գրող Գեմաֆին Գասպարյանն է։

Գեմաֆին Գասպարյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Ինքը միջանցքում է ու անընդհատ. տարբեր մարդկանց մեջ «մերոնքական» է, բայց ոչ մի խմբի մեջ էլ սզբունքորեն «մերոնքականը» չիինքը միջանցքում է ու կոմֆորտ չի զգում։

Հիմա ինքը ո՞վ է․․․ Ամուսին է, զույգ տղաների հայր, մեդիաոլորտի աշխատող։ Ինքը գրող է, բայց ոչ նրա համար, որ գրում է, այլ որ երազում է աշխարհ ստեղծել։ Այս իմաստով էլ շատ ամբիցիոզ է, որը չի արտահայտվում այն ամբիցիաներով, որոնցով հիմնականում որակում է տրվում ամբիցիոզին։

Ինքն ընտրել է իր տունըդա ուղղակի չի ստացվել․․․  

Ինքը քրիստոնեական մշակույթի կրող է՝ իր տարբեր դրսեւորումներով, ինչքանով ինքն է հասկանում։ Ինքը պատասխանատու է եւ կարող է չստանձնել մի բան, եթե հասկանա, որ վերցրածի պատասխանատվությունը կրել չի կարող։

Ինքն ընկեր է ու շատ տարբեր մարդկանց, այն մարդկանց, ովքեր իրար հետ ընկերություն անգամ չեն կարող անել։

Ինքը խառն ա (այս մի «ա»-ն փոխել հնարավոր չի)․․․Հա, որովհետեւ անընդհատ է միջանցքում եւ անընդհատ է մտնում տարբեր սենյակներ։ Սա կարող է ընկալվել որպես մակերեսային թռիչք մի տեղից մյուսը, բայց ինքը ներքին վստահություն ունի՝ մարդկանց ճանաչում է։ Սա չի նշանակում «լեզու գտնել» այդ մարդու հետշատ հաճախ հենց հատուկ «լեզու չգտնելով» էլ դրսեւորվում է։ Գուցե մակերեսային բան կա ասածի մեջ, բայց ինքը արագ է ձանձրանում, դրանից էլ տարբեր տեղերի ու տարբեր մարդկանց հետ շփվելու կարիքն ունի։

Ինքը գիտի՝ ամեն մարդ հետաքրքիր էկա եւ «գորշ» մարդը, բայց այդ գորշությունն էլ գույն է։

Ինքը ջղայնանում է ցիտատներով խոսող մարդուցիբր էնպես է, որ մեկն իր ժամանակում մի բան է ասել, որ հիմա կարելի է դրանով դիմացինի բերանը փակել։

Ինքն իրեն ընկալում է որպես ընթացք, ոչ որպես արդյունք (ի դեպ ժամանակակից գրականությունն էլ է ընթացքարդյունք չի)։

Մտածում է, որ այս ֆրագմենտար աշխարհը, որը նաեւ ինքն է (որովհետեւ ինքը միջանցքում է), հավաք(վ)ելու անհրաժշետություն ունի․․․ Այսինքն ինքն իրեն նույնպես հավաքելու անհրաժեշտություն ունի։

Մրսու՞մ ես լարվեցիր։

Չէ, լարվել եմ, որովհետեւ մտածում եմ։ Առհասարակ, երբ ինքը խնդրի առաջ է կանգնած, շարժվում է կամ քայլում․․․ Իսկ մեծ խնդրի դեպքում՝ քնում է։ Ինքը հիմա քնելու կարիք ունի (ծիծաղում է)։

Ասացիր՝ ֆրագմենտար աշխարհը հավաք(վ)ելու կարիք ունի։

Հա, հավաքելու․․․ Հիմա եւ ասում եմ, եւ մտածում, որ ասածս շատ կոնկրետ է ստացվում, բայց միտք է, որը մտածելու առիթ է տալիսաշխարհն ինքն իրեն ձեւակերպելու, հավաքելու կարիք ունի, հետո այս աշխարհում ապրող մարդը՝ իրեն հավաքելու ու ձեւակերպելու կարիք ունի։ Գուցե պետք չի, որ մարդը ձեւակերպվի, բայց հաստատ դրա ձգտումը կա։

Լավ, հերիք էշատ սկսեցի փիլիսոփայել...

Ինչու՞ ես այդպես մտածում։

Դե, թվում է՝ ինչ-որ «խելոք» բաներ եմ ասում, բայց չեմ հասկանում՝ ինչ կարիք կա խելոք բաներ ասելու։

Քո ու Հայաստանի հարաբերությունների մասին ասա։

Ո՞ր դիտանկյունից․․․

Կարող եմ ասել հանրապետության հետ հարաբերությունդ, հայրենիքի հետ հարաբերությունդ, բայց սահմանափակում չեն դնումինքդ որոշիր՝ որ դիտանկյունից ես պատասխանում։

Այլ տեղերում լինելու փորձառութուն ունեմ, բայց ոչ մի տեղ ինձ այսքան լավ չեմ զգում, ինչքան այստեղ՝ իր բոլոր վատ զգալու պայմաններով հանդերձ։ Իմ տունն է․․․

Ընտանիքս 2005 թվականից Հայաստանում չի․․․ Ես չեմ գնացել, եւ, դա մեծ հաշվով իմ որոշումն է եղել։ Երբ քույրս ու եղբայրս ասում են` «տուն ենք գնում», նկատի ունեն Լոս-Անջելեսի մեր տունը, երբ ես եմ ասում, նկատի ունեմ Սարի թաղի իմ տունը։ Եվ միաժամանակ, երբ ասում եմ, որ այդ հարաբերությունը տուն ունենալու զգացողության հետ է կապվում, չեմ խոսում միայն Սարի թաղի իմ տան մասին։

․․․Բայց գրում ես․ «երկինքը բոլոր տեղերում էլ կապույտ է»։

Հա, էդպես է, ու բոլոր տեղերում էլ կարող ես ապրել, ուրախ ու երջանիկ լինել, ինչ-որ բան ունենալ, ինչ-որ բան թողնել, բայց միաժամանակ է այն, որ ես այստեղ եմ ձեւավորվել, իմ լեզվից դուրս ինձ լավ չեմ զգում։ Եվ, եթե գրող եմ, ուրեմն չեմ պատկերացնում հայերենով արտահայտվող գրողին, ով չի ապրում Հայաստանում, հայկական միջավայրում (ոչ գետտոյացված)․․․ Որովհետեւ լեզուն իր իմաստներով, ձեւափոխումներով ու զարգացումներով այստեղ է տեղի ունենում։

Ու կարծում եմ՝ եթե Հայաստանն ինչ-որ մրցակցային բան ունի, որով երրորդ աշխարհի երկիր չի սահմանվում, ապա միակն այս պահին լեզուն է՝ հայերենը։

Դադար

Ես ամեն տարի երկրից գնալու մտքից հրաժարվել եմ իմ փոխարեն, բայց, երբ երեխաներիս բերեցի «նախահեղափոխական» Հայաստան (իրենք հանգամանքների բերումով ծնվեցին Ամերիկայում), ընկերներիցս, հարազատներիցս շատերը հարցնում էին՝ անխելք հո չես (բնականաբար կենցաղային եւ այլ իմաստներով ավելի լավ կլիներ, որ իրենք արտերկրում մնային)։

Այդ անգամ ես իմ երեխաների փոխարեն էլ փաստորեն որոշում կայացրի, երբ ռացիոնալ կողմին նայելով, դրա իրավունքը չունեի։ Այդ կարեւոր որոշմանս հաջորդեց հեղափոխությունը․․․

Դադար

Լա՜վ, սպասիր, ասեմ․․․

Երբ ապրիլի 23-ին Սարգսյանը Սերժը հրաժարական տվեց, բոլոր ընկերներս ուրախանում էին, շամպայնի շշերն էին հերթով բացում, ես նստել էի մի անկյունումհանրային անկյունում էլի՝ «Square One»-ի մի հատվածում… Հա, հուզվել էի, հանկարծ հասկացել էի, որ ճիշտ որոշում եմ կայացրել իմ երեխաների փոխարեն եւս։

Հիմա ավելի հանգիստ եմ․․․ Ինչի՞ց սկսեցինք, որ այստեղ հասա։

Սկզբին դեռ կվերադառնանք, հիմա շարունակենք ու խոսենք հեղափոխությունից հետո որոշումների փոփոխության մասին։ Ուզում եմ հարցնել՝ մինչհեղափոխական որոշումները, որ տագնապներ, հարցեր ու խնդիրներ էին պարունակում, ձեւափոխվե՞լ են, հիմա հանգի՞ստ ես կայացնում որոշումդ։

Ուրիշ բաների համար եմ հիմա անհանգիստ, բայց այն, ինչ-որ տեղի ունեցավ, ամեն դեպքում, անշրջելի է։ Ակնկալիքներն, իհարկե, ավելի մեծ են, քան կարող է իրականությունը լինել, բայց գիտեմ, որ այս հնարավորության պատուհանը երկար չի տեւելու, ափսոս կլինի այն բաց թողնել։

Մենք երբեմն մոռանում ենք՝ ինչ տիպի երկրի ենք գնում եւ ինչ ունենք հիմա՝ իր բոլոր պրոբլեմներով հանդերձ։ Ես հույս ունեմ, որ իմ ունեցած այդտեսակ «հանգստությունը» նորից անհանգստության չի վերածվի, որովհետեւ իմ որոշումները կարող էին արդարացվել հայրենասիրական ճառերով, բայց ռեալ հողի ու ռեալ խնդիրների հետ առնչվելիս որոշում կայացնելը բարդ է, կոնկրետ է, պատկերը փոխվում է․․․ Իմ դեպքում հատկապես, որովհետեւ պաթոսի հետ խնդիր ունեմ։

Հեղափոխության ընթացքում պաթոս կա՞ր։

Հա, ինչպե՞ս կարող էր չլինելուղղակի բախվեցին երկու տեսակի պաթոսները նախկին իշխանությունների տրամաբանության մեջ տեղավորվող պաթոսը, եւ մյուսը, որ իմ սրտով էր, հեղափոխությունը բերեց։ Սրանք տարբեր են բնականաբար, բայց երկուսն էլ որակվում են որպես պաթոս։ Մնում է չափի հարցը պարզելինչպես փոխզիջման, այնպես էլ պաթոսի դեպքում, չափը կարեւոր է։

Չափը անցա՞ն։

Ամեն մեկն ինքն է որոշում չափը։

«Բարդ բան չկա, անձեռոցիկը սեղանին եւ սիգարետի տուփը, լռությունը, որ չի խախտում, լռությունը, որ չի խախտում, առ, առ, օրվա փոքրությունը»գրում ես։

Այդ շարքում մի քանի խնդիրներ եմ փորձել լուծել՝ ձեւի, ոճի, լեզվի հարցերչգիտեմ՝ ինչքանով է ստացվել։ Չափածոն ու արձակն իրարից անկախ չեն, եւ, եթե պարզեցնեմ ասածս, ուրեմն՝ տեքստ ու համատեքստը, ֆասադն ու ներսը փորձել եմ համադրել։

Փաստորեն պարզեցնելիս երբեմն բարդության ես գնում ։

Երբեմն, հա․․․ Ընդհանրապես խելոք դեմքով խելոք բաներից խոսելիս նյարդայնանոմ եմ։ Ապրելը պարզ բան է, էդպե՞ս չի։

Հա, բայց ասածս այն է, որ պատումն ավարտում ես չափածո մի պատկերով, որը գուցեեւ պարզության տանելու փորձ էր, երբ տեքստը մինչ այդ ամբողջությամբ այդքան բազմաշերտ էր երեւում։

Տես, երկար քնել չեմ կարողանում (բանակից եկած խնդիր է, որովհետեւ դիրքերում  երկու ժամ էինք քնում), ու այսօր, սովորության համաձայն, 4 ժամ քնելուց հետո արթնացա, դուրս եկա ծխելու ու սկսեցի մտածել՝ ինչքան կարեւոր է, երբ դու քեզ նյարդայնացնող կամ անհանգստացնող իրավիճակը դիտարկում ես ժամանակային հեռանկարի մեջ (նույն բանի մասին ոնց որ մտածես մի տասը տարվա հետոյի տրամաբանությամբ)․․․ Այս պարագայում ինչքան ավելի փոքր է թվում այն խնդիրը, որ հենց հիմա մեծ ու անհանգստացնող էր։

Ես հիմա զբաղված եմ շատ կարեւոր հարցերով եւ չեմ կարողանում երեխաներիս քայլելն ու ուրախանալը տեսնելայդ «կարեւոր» հարցերի կարեւորության աստիճանը երբեմն չեմ հասկանում, բայց ինչ-որ պատասխանատվությունների, պարտականությունների մեծ շղթա կա, որ չես կարող չանել, որովհետեւ վերցրել ես։

Դադար

Ջղայնանում եմ, որ մարդն այդ պատասխանատվությունը որպես  առաքելություն է ներկայացնումկարելի է ասել, որ ուղղակի պատասխանատվություն է մարդկանց հանդեպ, ում հետ կապված ես, գործ ունես։ Կարճ ասած ժամանակ չի մնում ժամանակի կարեւորության մասին մտածելու։

Բայց մի հարցազրույցում ասում ես, որ ժամանակից կտրված մի բան անելը քեզ հետաքրքիր չէ։ Ո՞ր ժամանակի մասին ես ասումայն տեղի ժամանակի, որտեղ ապրու՞մ ես։

Փորձեմ չակերտավոր մի բան ասելինձ թվում է՝ Հայաստանում երեք տեսակի ժամանակ կա՝ նախամոդեռն, մոդեռն ու պոստմոդեռնմիաժամանակ։

Մի տարածքում։

Հա․․․ Էնպես է ստացվել, որ ամեն մեկս կրում ենք այդ երեք ժամանակըայսինքն տեղը կամ տարածքը Հայաստանը չի միայն, մենք այն կրում ենք, մեր մեջ է, որովհետեւ այստեղից ենք, այստեղ ենք․․․ Ու այդ էպոսային նախամոդեռն ժամանակն ու մեկ էլ ֆրագմենտար, այսպես ասած, պոստմոդեռն ժամանակը շատ հաճախ իրար են բախվում, կռիվ են տալիս։ Եվ ինչ-որ իմաստով ժամանակի հետ քայլելը երեւի այդ բախումների միջով քայլելն է։

Գործողություն անելո՞վ։

Նայած գործողություն ասելով ինչ ենք հասկանում, որովհետեւ գործողություն անելը միայն արարքը չիմիտք ձեւակերպելն էլ է գործողություն։ Այդ առումով ապրելն արդեն գործողություն է, որի ընթացքում ինքըստինքյան մի բան միայն կարող է տեղի ունենալ՝ ծերանալը (սա էլ երեւի ինքըստինքյան տեղի չի ունենում, ուղղակի մենք չգիտենք, թե ինչի հաշվին)։

Այսօր ամենաչփոփոխվող բանը հենց փոփոխությունն է։

Հարցս դերային գործողության մասին է։

Ախր ողջ կյանքիս ընթացքը հենց դերեր են էլի։

Մեծացել եմ Սարի թաղում, այնպես չի, որ շատ հանգիստ ու խելոք պատանեկություն ու երիտասարդություն եմ ունեցել, միաժամանակ այդ ընթացքում շփվել եմ արվեստային տարբեր շրջանակների հետ, միաժամանակ սովորել եմ Ֆիզմաթ թեքումով վարժարանում, հետո՝ Պոլիտեխնիկում, միաժամանակ ընտանիքում է այլ միջավայր եղել։

Այս միաժամանակյա տարբեր գործողությունները ու միջավայրերը չորս տարին մեկ փոխել են կյանքիս  ռիթմը։ Եվ հիմա, եթե կարճ ու կոպիտ ասեմ, միակ ոլորտը որտեղ ինձ չեմ փորձել կուսակցական-քաղաքականն է, թեւ պետական կառավարչական ոլորտում փորձ ունեմ։

Ինձ հետաքրքիր են բազմատեսակ փորձառություններս։

Կուսակացականը  բացառե՞լ ես, թե՞ հանգամանքներն են այդպես դասավորվել։

Չունեմ նման փորձառություն, բայց չեմ բացառում որ կարող է լինելայսինքն էնպես չի, որ բոլորը հիմար են, ես խելոք, դրա համար այդ մեկը բացառել եմ, չէ՛, ուղղակի, եթե մի օր ինձ կուսակցական պատկերացնեմ, ուրեմն պիտի կուսակցաշինական պրոցեսից սկսեմ, այդ կուսակցությունը պայմանավորված լինի նաեւ ինձնով․․․ Եթե զուտ նշան դնելու համար պիտի կուսակցական դառնամ, չի լինի, ինչպես որ չի եղել։

Հեղափոխության սպասում ունեի՞ր։

Սպասելը ստատիկ գործողություն է։ Ինձ թվում է՝ 0,00001 տոկոս ներդրում գոնե ունեցել եմ, որ այս ամենը տեղի ունենա, ունեմ նաեւ այդ արածի պատասխանատվությունը եւ դրանից է, որ չեմ ուզում հիասթափություն լինի․․․ Անկեղծ ասած, ինչի կլինի 50 տարի անց, հիմա մտածել չեմ կարող եւ պետք էլ չի։

Մինչհեղափոխական տեքստերումդ մի անկհայտ նեղսրտություն ունես, որ վերաբերում է կապերին, առնչություններին։ Ասում ես, որ դրանք հիերարխիկ են, ոչ հորիզոնական։

Հիմա՝ հեղափոխությունից հետո, հորիզոնական կապեր կա՞ն։

Պատասխանս միանշանակ չէ եւ դա իր հիմնավորումն ունիինձ անհանգստացնում է այն, որ այս պահի դրությամբ ձեւավորվող(ած) հորիզոնական կապերը կարող են ուղղահայացի՝ հիերարխիկի վերածվել։

Երկրորդ մասնագիտությունս կառավարումն է, գիտես, ու ես շատ լավ եմ հասկանում, որ մեծ նախագծերի դեպքում հիերարխիկ տրամաբանություն երբեմն անհրաժեշտ է, բայց այդ տրամաբանությունը ինչի՞շուրջ է կառուցվածսա է կարեւոր․․․ Եթե կառուցված է արժեքի շուրջ եւ ոչ թե լծակների եւ այլնի, ուրեմն հորիզոնական կապեր անպայման ներառում է։ Հակառակ դեպքում նորից բուրգի հետ գործ կունենանք։

Գեմաֆին, քո պատկերացրած ոչ ուղղահայաց, հորիզոնական կապերով պայմանավորված կառավարումը ուտոպիական չէ՞։

Մենք ունենք կենցաղային փիլիսոփայության հետեւյալ սահմանումըքո նպատակները պիտի շատ լայն վերցնես, որ գոնե միջինին հասնես։ Իսկ ինչի՞ է թվում, որ մեր հանրային կյանքում, հանրային հարաբերություններում, մեր պետության վերաբերյալ տեսլականում բարձր նպատակ պիտի չդնենք, որ գոնե միջին ցանկալիին հասնենք։ Ու նորմալ է, որ մարդն ունի իդեալներ ու փորձում է դրանք նպատային իրագործել։

Հա, խոսքը դրա մասին չէհարցն ավելի շատ վերաբերում է նրան, թե ինչքանո՞վ ես տեղյակ հորիզոնական կապերի վրա հիմնված պետական հաջողված կառավարման ձեւերից։ Որեւէ հաջողված օրինակ կա՞, որն իսկապես չեզոքացնում է բուրգի գաղափարը։

Ես չեմ կարող ժխտել քո ասած ուտոպիականըբայց շատ բաներ, որոնք այսօր մեր կենցաղում կամ մեր հարաբերություններում կան, ոչ վաղ անցյալում ուտոպիաներ էին։ Այսինքն եթե ուտոպիա է, դա դեռ չի նշանակում, որ, եթե ձեւակերպես ու փորձես իրացնել փոքր մասշտաբներով, տենդենց չի կարող դառնալ։

Հեղափոխությունից հետո կոնկրետ ձեւակերպումների կարիք կա՞։

Այնքան լավ բաներ են ձեւակերպվել հեղափոխական հարթակներից եւ ընթացքում, որ, եթե այդ ձեւակերպված արժեքներն ու սկզբունքները փոխադրես պետական կառավարչական ապարատ, կյանքն ավելի լավը կդառնա։ Ինչի՞ց էինք խոսում հեղափոխության ժամանակսիրուց, համերաշխությունից, արդարությունից․․․

Հանդուրժողականությունից․․․

Հանդուրժողականություն բառը լավ չեմ հասկանումհանդուրժելը ինչ-որ բան է, որ դու «վերեւից» անում ես մյուսի հանդեպ, չէ՞։ Ինչի՞ ես պիտի հանդուրժեմ մի բան, որը չեմ ընդունում, կամ ես ո՞վ եմ, որ դիմացինին հանդուրժեմ։

Ստացվում է, որ քո պատկերացրած հորիզոնական կապերի դեպքում հանդուրժողականությունը կիրառական հնարավորություն չունի։  Հնարավոր՞ է նման բան։

Ես իսկապես չեմ հասկանում՝ ինչու պիտի հանդուրժեմ մի բան, որն անհանդուրժելի է․․․ Ու ես նաեւ պոլիտկորեկտության մասին եմ հիմա մտածումկա մի սահման, որից հետո պոլիտկորեկտությունը դառնում է ծիծաղելի։

Ինչու՞ ես պիտի հանդուրժեմ սրիկային․․․ Կամ, եթե ես եմ սրիկայություն անում, դիմացինն ինչու՞ պիտի ինձ հանդուրժի։ Այստեղ արդեն հանգում ենք բռնության մասին խոսակցությանը«ոչ բռնությանը» կարգախոս էր, բայց այդ «ոչ բռնությանը» կարգախոսը ինչ-որ իմաստով բռնությամբ էր գործարկվում։

Հետաքրքիր է, որ այս ձեւակերպման մասին ես էլ եմ մտածել, բայց կարգախոսն ավելի շատ շահարկվում էր ոչ թե «ոչ բռնությանը», այլ «ոչ բռնի ուժով» ձեւակերպմամբսա կոնտեքստ է փոխում։

Հնարավոր է՝ մտածենք, որ այդ ուժի կիրառման այլ տարբերակներ էին առաջ քաշվում, հնարավոր է՝ մտածենք՝ ուժը ենթադրում է բռնություն։ Այսինքն միանշանակ չէ այս կարգախոսը։

Ուժը միայն ֆիզիկակա՞նն էինձ էլ դա է հետաքրքրում։

Իմ ասածն էլ նույնն է, եթե ասում ենք՝ «ոչ բռնի ուժով», ենթադրվում են այլ բնութագրիչներ այն ուժի համար, որը կիրառում ենք։

Մարդը, երբ հասկացել է, որ պիտի դիմացինի կյանքը գնահատի, դարձել է հասարակության մաս։ «Մի՛ սպանիր»-ը դառնում է պայմանավորվածություն, բայց կոնկրետ իրավիճակներում բոլոր պարագաների համար սահմանված այդ «մի սպանիր»-ը խնդրականացվում է։

Այնպես չի, որ ես ուզում եմ «պայմանավորվածություն» խախտել, այնպես չի բնականաբար, որ ուզում եմ սպանել, բայց չեմ բացառում, որ իրավիճակը կարող է գործողության այլ ձեւ թելադրել։

Նրանք, ովքեր վերջնականապես բացառում են իրավիճակային գործողությունը, ուրեմն մինչեւ վերջ ազնիվ չեն կամ առնվազն լավ չեն մտածել այդ հարցի շուրջ։

Դադար

Տեղի հարցից հասանք մինչեւ «մի՛ սպանիր»-ին․․․ Բայց տես, երկրները, որոնք զարգացած են կամ զարգացած համարվելու հնարավորություն ունեն, գուցե այսպիսի հարցերի ավելի քիչ են բախվում, որովհետեւ տեղն է պայմանավորում հարցերը, եւ, ըստ այդմ, հարցի առաջացման նախապայմաններն ու հաճախականությունը կարող է տարբեր լինել։

Մտածում եմ, որ հենց սրանով է պայմանավորված այն, որ մեր կամ մեզ նման երկներում հետաքրքիր գրականություն է ստեղծվում․․․ Որովհետեւ հարցերը, որոնց «հանդիպում» ես քո մաշկով, ոչ տեսական, ակադեմիական հարցադրումներով, լրիվ ուրիշ են։  Այսպես ասած, «գրքից գիրք չես սարքում»այստեղ կյանքն է մտնում գրականություն, եւ դրանով այդ գրականությունը դառնում է հետաքրքիր։

Միջնորդանյութ ստեղծվու՞մ է։

Հույս ունեմ, որ հա․․․

Եթե վերադառնանք քո «երրորդ դեմքով» խոսելու հարցադրմանը, որ բոլորին ես ուղղում, ապա իմ՝ միջանցքում լինելու կարգավիճակը նորից մեջբերելու եմհատուկ բան չի արվել, որ հայտնվեմ այդտեղ․․․ Ստացվել է։ Հիմա «ձախական» շրջանակներում ինձ հաճախ «աջ» են համարում, «աջական» շրջանակներում՝ «էքստրեմիստ ձախ»։

«Ձախի» ու «աջի» բաժանելը մանիպուլատիվ էմարդուն դնել քառակուսու մեջ ու սահմանել որպես «աջ» կամ «ձախ», սահմանափակում է։ Ես ջղայնանաում եմ, երբ մարդու մասին վերջնական ձեւավորված հայացք կա, որից դուրս իրեն «չեն թողնում» երեւա․․․ Մարդն ավելի բազմաշերտ է, քան ցանկացած մեկը կարող է իրեն տեսնել։

Ես չեմ հասկանում նաեւ այն մարդկանց, ովքեր մարգինալ լինելուց հաճույք են ստանում։ «Կայֆը» ո՞րն է, ի՞նչ առավելություն է տալիս․․․ Հանկարծ պարզվում է, որ ես ավելի «մարգինալ» եմ, ուրեմն նաեւ միջանցքում, որտեղ կենտրոնով անցնող լուսանցք է գծվում։ Ի դեպ, ինչպես ասացի, ինձ կոմֆորտ չի այդտեղ լինելը։

Այդ «միջանցքից» դուրս գալու մասին մտածու՞մ ես։

Կարող եմ պատկերացնել, փորձել հասկանալ։ Որքանով ինձ գիտես, գիտես նաեւ, որ շատ տարբեր մարդկանց հետ եմ «լեզու գտնում», բայց այստեղ էլ առաջանում է քո անձնական լեզու ունենալու խնդիրը։

«Չկա՝ չկա» գիրքդ դրա համար ուշ տպեցի՞ր։

Մարդիկ կլինեն, որ որպես սեթեւեթանք կընդունեն ասածս, բայց ինձ համար խնդիր կարի վերջո ես գրող եմ, թե ոչ․․․Հիմա այդ խնդիրը ինչ-որ իմաստով փաստացի լուծվել է, որովհետեւ գիրք է տպվել, բայց ներսային հարցը մնացել է։

Կոպիտ ասած՝ եթե տպեցիր, էլ ինչ ես ձեւեր թափում, գրող ես էլի․․․ Հա, ես ուզում եմ աշխարհ ստեղծել ու փորձում եմ, բայց դա միայն գրելով չի լինում, եւ ես իմ մնացած դերերով եմ նաեւ փորձում աշխարհ ստեղծել։

Աշխարհ ստեղծելու համար փորձում ես լինել այդ քաղաքականության, այդ գրականության մասը, թե՞ քո ստեղծած աշխարհն է, որ պիտի քաղաքականության, գրականության մաս կազմի։

Եթե նույնիսկ մեջը չես, աշխարհն ստեղծվում է կարող ես դրան հակադրվել, համադրվել, զուգահեռ ապրել, ոնց որ փորձել եմ ապրել նախորդ իշխանությունների դեպքում՝ միաժամանակ հակադրվելով, բայց, մեկ է, ինքը ստեղծվել է։

Հիմա ո՞րն է ավելի արդյունավետ․․․Ապրել մի տեղ, որտեղ դու քեզ լավ ես զգում՝ դրա լավ իմաստով։ Ազնվորեն եմ ասում՝ ես ինձ լավ չեմ զգում, երբ տեսնում եմ հարեւաններս, բարեկամներս ու ընկերներս լավ չեն ապրում։ Պարզ է, որ չեմ կարող բոլորին օգնել, բայց որպեսզի ես լավ լինեմ, իմ միջավայրը պիտի լավ ապրի, ինքնառեալիզացվի, դրական փոփոխություն բերի կյանք, որից հետո ինքս էլ կօգտվեմ։

Ապահովության հարցն է առաջ գալիս։

Հա, նաեւ ապահովության հարցն է՝ բոլոր իմաստներով, որովհետեւ, եթե նայենք գլոբալ՝ մեր նեղ թաղերից դուրս, շատ մեծահարուստներ նույնպես մտածում են սրա մասին, իրենք էլ են ուզում՝ մարդիկ լավ ապրեն, որովհետեւ հակառակը մեծ լարում է առաջացնում, որը կարող է մեկ րոպեում պայթել։

Դադար

Անձնական պատմություններ կան, որոնք կապ ունեն ասածիս հետայնպես չի, որ իմ ընտանիքը միշտ ապահովված է եղելպատահել է այնպես, որ համալսարան գնալիս կոշիկ չեմ ունեցել կամ ոտքով եմ գնացել, ոորվհետեւ մոտս գումար չի եղել։ Եթե իմ ընտանիքը չտեղափոխվեր Նահանգներ, հնարավոր է, ես այսպիսին չլինեի։ Դա է ինձ որոշակի ապահովության զգացում տվել։

Իսկ Արեւմուտքից եկած այդ «ապահովությունը», եթե դիտարկենք լայն իմաստով, ոչ ընտանեկան ապահովության տեսանկյունից․․․

Գլոբալ հարց էհիմա եթե Ամերիկայով դիտարկենք, կարող ենք ասել, որ իրենց ապահովությունը շատ այլ երկրների անապահովության հաշվին է կայանում։ Սա մեծ սիստեմի հարց է։

Տես՝ հիմա ասում եմ մի բան, որը կարող է ընկալվել որպես ձախական տեքստ, բայց կյանքն այնքան բազմաշերտ է, որ գործողությունները կարող են ուրիշ ձեւակերպման տանել։ Հիմա մենք սրճում ենք, հետո ես Սարյան կգնամ, գինի կխմեմ, «խելոք» բաներ կխոսեմ․․․ Բայց արդյոք ինտենդիկ եմ դրա հետ․․․ Չէ՛, որովհետեւ ես նաեւ մրցակցությունն եմ գնահատում, դրա մեջ էլ եմ ինձ լավ զգում։ Հասկանում եմ, որ պետության դերի եւ մեր հարաբերության պարզաբանման կարիք կա, եւ, եթե նույնիսկ հասկանում ենք այդ դերը, ապա որքանով այն կարող է մտնել մեր անձնական կյանք։

Այսպես կխոսեմ, կընկալվեմ մեկ ձախ, մեջ աջ, բայց շատ ավելի ահավոր բան էլ կասեմՀյուսիսային Կորեայում ապրող երեխայի ճակատագիրը ամենօրյա տրամաբանության մեջ ինձ ավելի քիչ է անհանգստացնում, քան քո կատուն, որ կարող է ընկնել բալկոնից․․․ Որովհետեւ Կորեայում ապրող երեխայի խնդիրը ինձ չի առնչվում, հեռու է, մաշկիս կպած չի։

Կարող եմ հակադրվել, ասել, որ գուցե այսօր մի լուր կարդացիր ու իմացար՝ ինչ է կերել կանցլերը, բայց այդպես էլ չգիտես, որ հարեւանդ արդեն երեք օր է՝ քաղցած է։

Հա, մեդիան երկրորդայնացնելու խնդիր ունի, բայց կախված մեր կրթությունից եւ կյանքի որակից, մենք ենք որոշում ինչ «ուտել» այդ մեդիայից։

Հիմա մանիպուլացիան, այսպես ասած, հետճշմարտության դարաշրջանում ամենակարեւոր գործիքներից է։ Ինքս այս գործիքը չեմ կիրառում, չնայած հասկանում եմ՝ խոսքն ինքնին մանիպուլացիա է։

Հիմա մենք զրուցեցինք, եւ դու գիտես, որ զրույցը մեդիատեքստի է վերածվելու։

Հա, գիտեմ, բայց փորձել եմ հնարավորինս խուսափել, անտեսել, որ մեդիատեքստի է վերածվելու։  Շարքիդ հետեւում եմ, գիտեմ՝ ինչ հարցեր կարող ես տալ, բայց փորձել եմ նախապես ոչ մի բանի շուրջ չմտածել, եւ սրան զուգահեռ, իհարկե, գիտեմ, որ խոսքս հանրային է դառնալու եւ․․․ Ինչ-որ իմաստով փաստորեն այս տեքստն էլ է մանիպուլատիվ։

Արդյոք ես ասում եմ այն, ինչ «եմ», թե՞ ասում եմ այն, ինչ ուզում եմ երեւալ։ Հիմա փորձում եմ ասել այն, ինչ «եմ», որովհետեւ ես ավելի լավը չեմ, քանի ինչ-որ մեկը, որ կարդալու է այս տեքստը, ես ունեմ պրոբլեմներ, որ մյուսներն էլ ունեն, ես ավելի խելոք չեմ, քան դիմացինը։ Եվ այսքանով հանդերձ՝ վստահ չեմ, որ երեւալու փորձ չեմ կատարում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter