HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

15-ամյա Հակոբը դպրոցից դուրս է եկել, որ աշխատի

Գագիկ Ֆրունջյանը կնոջ և 6 անչափահաս երեխաների հետ ապրում է Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում: Ընտանիքի ամենափոքր անդամը՝ Ալենը, 2 տարեկան է: Ամուսիններն ապրել են Երևանում, սակայն Գագիկի ազգականներից մեկի հետ ծագած դատական գործի հետևանքով հայտնվել են փողոցում և ստիպված տեղափոխվել գյուղ՝ կնոջ հայրական կիսակառույց տուն:

Արդեն 9 տարի է` ապրում են Ակնաշենում և ընտելացել են գյուղական կյանքին, սակայն նրանց սպառնում է ևս մեկ «տեղահանում»: Գագիկի կնոջ՝ Ջուլիետայի ծնողները տեւական ժամանակ Հայաստանում չէին, դեկտեմբերին վերադառնում են: Կիսակառույց տունը փոքր է, և հնարավոր չէ երկու ընտանիքի համատեղ տնտեսության վարումը, ուստի Գագիկը կնոջ և 6 անչափահաս երեխաների հետ պետք է լքի բնակավայրը: Մտածում են վարձով բնակարան կամ տուն գտնելու մասին, սակայն ի վիճակի չեն: Գյուղում գտել են տուն՝ ամսական 35.000 դրամ վարձավճարով, բայց պահանջում են մի քանի ամսվա գումարը միանգամից վճարել, ինչն ընտանիքն ի վիճակի չի անել:

Գագիկն ու կինը ամառվա ամիսներին բանվորություն են անում գյուղացիների հողամասերում: Ձմռանն էլ գրեթե պարապ չեն մնում, եթե Գագիկի առողջական վիճակը թույլ է տալիս: Վերջինս արդեն 3 տարի է` բրոնխային ասթմայով է հիվանդ և հաճախ է հիվանդանոցում պառկում: Ձմռան ամիսներին բանվորություն են անում ջերմոցներում, ինչը հակացուցված է Գագիկին, սակայն վերջինս բժիշկների ցուցումներին չի հետևում, ինչն էլ սրում է առողջական վիճակը:

Գագիկը պատմեց, որ ամռան ամիսներին աշխատում է օրական 5000 դրամ վարձավճարով, ձմռանն ավելի քիչ են վարձատրում՝ 3000 դրամ: Եթե այդ գործն էլ չանի, երեխաները սոված կմնան: Ընտանիքը ստանում է ամսական 60 հազար դրամ նպաստ: Ամուսիններով փորձում են անել ամեն ինչ, որպեսզի երեխաների սննդի գումարն ապահովեն: Մինչդեռ, գնալով ծանրանում է ընտանիքի սոցիալական վիճակը: Կայուն աշխատանք չկա, իսկ Գագիկի առողջական վիճակը վատթարանում է:

9-րդ դասարանն ավարտելուց հետո դպրոցից դուրս է եկել ավագ որդին՝ Հակոբը: Նա դեռևս դպրոցում սովորելու ժամանակ, դասերից հետո օրական 2000 դրամով աշխատել է գյուղացիներից մեկի խանութում: Արկղերից հյութերն է դատարկել և դասավորել: Երբ Գագիկի առողջական վիճակը վատացել է, իսկ Ջուլիետան խնամել է ամուսնուն, 8 հոգանոց ընտանիքն օրերով ապրել է Հակոբի վաստակած 2000 դրամով: Հակոբը ևս առողջական խնդիրներ ունի:

Մայրը՝ Ջուլիետա Մկրտչյանը, պատմեց, որ ավագ որդու ձվապարկի մեջ հեղուկ է հավաքվում: Վարկով գումար են վերցրել՝ 180.000 դրամ, և Վաղարշապատի հիվանդանոցում վիրահատել են Հակոբին: Երկրորդ վիրահատության անհրաժեշտությունն է առաջացել, այս անգամ բժիշկները պահանջում են 240.000 դրամ: Սակայն առաջին վարկը չեն կարողացել ամբողջությամբ և ժամանակին մարել, հայտնվել են «սև ցուցակում» և հիմա վիրահատության համար գումար չունեն: Հակոբը ցավեր ունի, և վիրահատությունն ուշացնելու դեպքում նրան սպառնում է անպտղություն:

Գագիկը պատմեց, որ ժամանակ առ ժամանակ համայնքապետարանից ֆինանսական աջակցություն ցուցաբերել են, բայց դա րոպեական հարց է լուծել: Թե Գագիկը, թե Ջուլիետան իրենց վիճակի համար որևէ մեկին չեն մեղադրում, որևէ մեկից պահանջներ չունեն: Նշում են, որ բացի համայնքապետարանից, այլ մարմինների երբևէ օգնության համար չեն դիմել։ Ջուլիետան պատմում էր, որ իրենց դժվարություններն ի հայտ են եկել մոտ 3 տարի առաջ: Քանի դեռ ամուսինն առողջ էր, նորմալ կարողանում էին աշխատել, երեխաներին պահել:

«Շատ ժամանակ մեծ երեխաներն են փոքրերին խնամում, որ ես կարողանամ աշխատել: Գագիկին երեկ ուշ ժամի եմ հիվանդանոց տարել, խեղդվում էր, երեխաները մենակ էին մնացել»,- ասում է Ջուլիետան: Կինը պատմեց, որ Գագիկը ամսվա ընթացքում 3 անգամ հիվանդանոցում պառկում է: Գագիկը թեև հաշմանդամության կարգ ստանալու փաստաթղթերով նոր է զբաղվում, քանի որ նպաստառու են, բուժօգնությունն անվճար է, իսկ դեղերի համար վճարում են, ինչը ոչ միշտ է հաջողվում: Նույն կարգը չի տարածվում որդու՝ Հակոբի վրա, քանի որ վիրահատությունն անվճար չեն իրականացնում:

Ջուլիետան պատմեց, որ Երևանում ապրելու տարիներին ամուսինը շինաշխատանքներ է կատարել, և ամեն ինչով ապահովված են եղել: Ջուլիետայի ասելով, երևի դա է եղել պատճառը, որ դարձյալ ցանկացել են երեխաներ ունենալ, և 3 երեխաները ծնվել են գյուղում: Սակայն, այժմ դժվարությունների առաջ են կանգնել և որևէ մեկից ակնկալիք չունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter