HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ՄԻՊ-ն ամփոփում է. իրավագիտակցության մակարդակի բարձրացումից մինչև Ադրբեջանի դեմ հայցեր

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը տարեկան մոտ 125 նամակ է ստանում քաղաքացիներից: Այս տարի, հավանաբար, դրանք ավելի շատ կլինեն՝ որոշակի ակնկալիքներով պայմանավորված: Այս մասին նշում է Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը: Նա այս պաշտոնում ընտրվել է այս տարվա հոկտեմբերի 31-ին Արցախի խորհրդարանի կողմից, մինչ այդ 9 ամիս եղել է ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարը:

Բեգլարյանը նամակների հնարավոր աճը պայմանավորում է ՄԻՊ-ի տարիների աշխատանքով: Ասում է՝ մարդիկ տեսել են, որ նման հաստատություն կա, որը արդյունավետ է աշխատում, և խնդիրների լուծման ակնկալիքով դիմում են:

Նամակների, դիմումների բովանդակությունը հիմնականում վերաբերում է սոցիալական ապահովությանն առնչվող իրավունքներին, նպաստների ստացմանը, բնակարանային սեփականության հարցերին:

Ծնողները դիմել էին՝ դժգոհելով դպրոցի տնօրենից

Նախորդ ամիս Քաշաթաղի շրջանի Միջնավան բնակավայրի դպրոցի ծնողները դիմել էին Արցախի ՄԻՊ-ին: Այդ ժամանակ Ա. Բեգլարյանը ՄԻՊ-ի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Ծնողները բողոքել էին գլխավորապես տնօրենից, նշել, որ վերջինս վատ է վերաբերվում երեխաներին, և որ նրա մասնակցությամբ կոնֆլիկտային միջադեպեր են լինում ուսուցիչների հետ:

Արցախի օմբուդսմենն ասում է, որ Միջնավան հասնելն այդքան հեշտ չէ. Ստեփանակերտից մոտ 150 կմ հեռավորության վրա է: Սա ասելուց հետո ժպտում է: Դիմումը ստանալու հաջորդ օրը այցելել էին դպրոց, որտեղ հանդիպել էին և՛ աշակերտական, և՛ ուսուցչական կազմին՝ որոշակի մեթոդաբանություն կիրառելով: ՄԻ պաշտպանն ասում է, որ իրենք չեն մտնում խնդրի մեջ, թե ով էր սխալ, ով՝ ճիշտ: Տվյալ դեպքում սկզբունքային հարց է եղել հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությունը:

Իսկ տնօրենի՝ աշխատակիցների նկատմամբ վերաբերմունքի, վերապահումների հարցերը, ըստ Արտակ Բեգլարյանի, ոչ թե ՄԻՊ-ի, այլ ԿԳ և սպորտի նախարարության, ինչպես նաև  Քաշաթաղի վարչակազմի տիրույթում էին: Վարչակազմի ղեկավարի որոշմամբ՝ տնօրենն աշխատանքից հեռացվել է, բարձրացված հարցերն էլ լուծվել են: Ավելի ուշ բողոք ներկայացրած ծնողները հավաստիացրել են, որ իրենց բարձրացրած խնդիրները լուծվել են: «Սա կհամարեի ՄԻՊ-ի և պետական մարմինների արդյունավետ համագործակցության դրական օրինակ»,- նշում է օմբուդսմենը:

Վերջինիս խոսքով՝ Արցախի ՄԻՊ-ի կարևոր ուղղություններից մեկը հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացումն է: Բազմաթիվ խնդիրների գլխավոր աղբյուրներից մեկը հենց հասարակության ոչ պատշաճ իրավագիտակցության մակարդակն է: Սա բազմակողմանի և բազմապատճառ հարց է, ուղիղ առնչություն ունի թե՛ պետական համակարգի գործունեության, թե՛ քաղաքացիական հասարակության և թե՛ լրատվամիջոցների գործունեության հետ:

Բեգլարյանն ասում է, որ այս տարիներին մեծ ձեռքբերումներ են եղել, և տարբեր ոլորտներում բարելավումները պետք է շարունակական լինեն: Էական մի քանի ոլորտներ է առանձացնում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների իրավունքներ, իրավունքների պաշտպանությունը փակ և կիսափակ կառույցներում՝ ազատազրկման վայրեր, հոգեթմրաբանական դիսպանսեր, գիշերօթիկ հաստատություններ, տարեցների խնամքի կենտրոններ:

«Նշված հաստատություններում ավելի խոցելի խմբեր են ապրում: Այդ հաստատությունները պետական հոգածության ներքո են, սակայն դա չի նշանակում, որ այդտեղ այլ ուղղություններով աշխատանք չենք կատարելու, ուշադրության կենտրոնում պահելու ենք դպրոցները, մանկապարտեզները»,- ասում է Արտակ Բեգլարյանը:

Արցախցիների հայցերն՝ ընդդեմ Ադրբեջանի

Արցախի օմբուդսմենը կարևոր ուղղություններից մեկը համարում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պատճառով Արցախում մարդու իրավունքների խախտումները կամ դրանց պաշտպանության սահմանափակումները: Այդ երկրի կողմից մեկուսացման քաղաքականություն վարելու պատճառով Արցախում բավականին լուրջ խնդիրներ են առաջանում, օրինակ, ազատ տեղաշարժի իրավունքի ոլորտում. օմբուդսմենը հիշատակում է ադրբեջանական «սև ցուցակը», Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական այլ իրավունքներ, որոնք ուղղակիորեն առնչվում են Ադրբեջանի քաղաքականությանը:

Հարցին, թե այս պարագայում Արցախի ՄԻՊ-ը կամ պատկան մարմիններն ինչպես են փորձում հակազդել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, Ա. Բեգլարյանը պատասխանում է, որ ՄԻՊ-ի գործունեության լծակները բավականին սահմանափակ են, հիմնականում վերաբերում են հանրայնացմանը՝ սկզբից փաստահավաք գործունեությանը, ապա դրա արդյունքում արձանագրված խնդիրների հանրայնացմանը, միջազգայնացմանը:

«Դա բավականին արդյունավետորեն կիրառվել է նախորդ տարիների ընթացքում, հատկապես՝ 2016-ից ի վեր: Եվ սկզբից հիմնական ուշադրությունը դարձվել է պատերազմի ժամանակ արձանագրված մարդու իրավունքների կոպիտ և մասսայական ոտնահարումներին: 2018թ. սեպտեմբերին նախորդ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի կողմից ներկայացվել է Ադրբեջանում հայատյաց քաղաքականության մասին հատուկ զեկույցը, որտեղ արտացոլված են այդ քաղաքականության բավականին ցցուն օրինակներ կոնկրետ հղումներով, ապացույցներով, իսկ վերջում ներկայացված է նաև դրանց միջազգային իրավական վերլուծությունը: Կոնկրետ փորձագետների կողմից վերլուծվել և ներկայացվել են, թե ինչպիսի միջազգային նորմեր են խախտվում Ադրբեջանի կողմից»,- նշում է Արցախի ՄԻՊ-ը:

Ռուբեն Մելիքյանի՝ ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված իրավախախտումների վերաբերյալ 2016թ. զեկույցի հրապարակումից հետո, ըստ Արտակ Բեգլարյանի, նաև գործուն քայլեր են եղել՝ տարբեր այցերի ժամանակ զեկույցը ներկայացվել է միջազգային հանրության ներկայացուցիչներին: Դրա շնորհիվ մի շարք միջազգային կառույցներ («Freedom House», Միջազգային ճգնաժամային խումբ) իրենց զեկույցներում հղումներ են կատարել Արցախի ՄԻՊ-ի կազմած փաստաթղթին: Դա, ըստ Բեգլարյանի, բավականին լուրջ գործիք է հանրայնացման համար և հետագայում գուցե անուղղակի խողովակներով իր զսպիչ դերն ունենա Ադրբեջանի գործողությունների վրա:

Արտակ Բեգլարյանն ասում է՝ որքանով հանրային տեղեկություն է լինում, իրենք հետևում են միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ քննվող գործերին, որոնց հայցվորներն արցախցիներն են: 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ խոշտանգված անձանց հարազատները հայցեր են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Բեգլարյանն ասում է, որ 23 գործ ՄԻԵԴ-ն արդեն վարույթ է ընդունել, դրանք կոմունիկացիայի փուլում են: Քաղաքացիական անձանց կողմից, այդ թվում՝ թալիշցիներից, բավականին շատ հայցեր են եղել հիմնականում գույքի վնասման վերաբերյալ: Դրանք, սակայն, Բեգլարյանի տեղեկություններով, դեռ վարույթ չեն ընդունվել:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter