HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Երբ էս շենքից հանեցին, իմացեք օր սաղս թափառական կմնանք». 1988թ. դեկտեմբերի 7-ի աղետից անցել է 30 տարի

«Ըստեղ սաղն էլ կգործեն: Հբը ի՞նչ էնեն: Ապրուստի միջոց չունինք, տուն չունինք, էգուցվա օրվա վրա հույս չունինք, պարապ նստելու տեղը նասկի կգործենք, բազարը կծախենք, օրվա հացի փող կենենք: Դու մեկ էլ ե՞րբ բդի գաս, ըսա, մե ջուխտըմ էլ քեզի համար գործեմ»: 83-ամյա Ազգանուշ տատի աչքերը արցունքոտվում են: Չէ, հուզվելուց չէ, շյուղերին երկար նայելուց է: Ասում է, որ դրա պատճառով դանդաղ է գործ անում՝ երկար ընդմիջումներով: Ժպտալով ցույց է տալիս թելի երկու փոքր կծիկ: «Աղջիկս զիբլի միջից էր գտել, ահագին ուրխցա, թել դժվար կճարեմ: Մարդիկ հըմի խանութներից պատրաստի կառնին՝ չեն ուզե գործե, իսկ մեր վախտերը նոր ծնվածի համար կգործեինք, թոռների համար կգործեինք, տան մեծի համար կգործեինք: էս գործածներս բազար օր կտանիմ, հիմնականում զինվորի համար կառնին: Մե ջուխտըմ էլ գործեմ դնեմ, օր եկար տամ, տար հագի, թող ոտներդ տաք մնան»,- կրկնում է Ազգանուշ Մարգարյանը՝ ձեռքի շյուղերը մի կողմ դնելով:

Երկու փոքր սենյակներում նեղվածք է: Հյուրասենյակ կոչված հատվածում հնամաշ մի բազմոց է, հատակին ջրով լի տարաներ, աթոռի վրա՝ պատուհանի մոտ սոխի փոքրիկ թաղարն է: Ուշադրությունս գրավում է հատակին դրված կլոր, մեծ թասը: «Ըդուր մեջը կլողնանք»,- նկատելով հայացքս՝ պարզաբանում է Ազգանուշ տատը: Երկրորդ սենյակում թախտի ու մահճակալի մեջտեղում տեղադրված փայտի վառարանը չի վառվում, սակայն սենյակներում բավական տաք է: «Արեւի հաշվին կտաքնանք,- ասում է տատը,- սաղ օրը արեւը մեջն է, հետո էլ խանութներից բերած կարդոնը կվառենք, դրսից հավաքած ծառի ճյուղերը, մինչեւ տեսնինք, թե Գյումրու քաղաքապետարանը երբ փետ կուդա»:

Ազգանուշ Մարգարյանը Լոռու տարածաշրջանի Նալբանդ (ներկայում՝ Շիրակամուտ-հեղ.) գյուղից է, երկրաշարժի էպիկենտրոնից: Գյումրի, աղջկա մոտ բնակվելու նպատակով, տեղափոխվել է մոտ 20 տարի առաջ: «7 զոհ եմ ունեցել, աղջիկ ջան, ամուսինս, երկու թոռներս, քուրս, բարեկամներիցս մահացան, տունս ավերվավ, տղես հաշմանդամ դարձավ, ես էլ եկա աղջկաս հետ ապրելու ստեղ, որովհետեւ տղես ընձի չէր կռնա պահեր»,- պատմում է Ազգանուշ տատը: Զրուցակցիս աղջիկը` Սիրվարդը, 55 տարեկան է, հաշմանդամ (երիկամի մեկը հեռացրել են), ստանում է հաշմանդամներին տրվող բազային 16 հազար դրամ թոշակը: Տատի ծերության թոշակը 22 հազարով ավելի է: Սիրվարդը Գյումրիում երկրաշարժի ժամանակ բնակարան չի կորցրել, հետեւաբար չունի ակնկալիք բնակարանի փոխհատուցման:

Ազգանուշ տատը Նալբանդ գյուղում կորցրած տան հետ կապված կցկտուր պատմություն է ներկայացնում՝ պնդելով, թե գյուղապետի հետ վատ հարաբերության պատճառով իրենց տունը կիսակառույց է մնացել: «Մենակ էդ տան պատերն հանեցին ու թողեցին,- ասում է Ազգանուշ տատը,- աղջիկս տուն չի կորցրել, հըմի մեզի երբ էս շենքից հանեցին, իմացեք, օր սաղս թափառական կմնանք»: Մայր ու աղջիկ ապրում են Գյումրու ավտոկայանի հարակից տարածքում գտնվող «սանատորիայի շենք» անունով հայտնի կառույցում: Նրանք մենակ չեն. եւս 5 ընտանիք կա, գրեթե նույն կարգավիճակով, բնակվում են շենքում՝ վտարման վտանգն աչքի առաջ:

1988թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը Գյումրիում փոխեց ոչ միայն մարդկանց ճակատագրերն, այլեւ՝ շենք-շինությունների, որոնք կարողացել էին դիմակայել ու ողջ մնալ, դիմակայել եւ չփլվել: Դեկտեմբերյան աղետից փրկված մարդկանց ու կառույցների կենսագրության մեջ, ընդամենը 41 վայրկյան տեւած ցնցումից հետո, ավելացավ բաժանարար մի տող՝ երկրաշարժից առաջ եւ երկրաշարժից հետո: Գյումրեցիների շրջանում հայտնի «սանատորիայի» շենքի ճակատագրում անցած 30 տարիներն եւս էական տեղաշարժեր արձանագրեցին, բայց ոչ դրական: Շենքը չփլվեց, սակայն այլեւս «անզոր» էր՝ իրականացնելու նախկին գործառույթը՝ վերածվելով անօթեւան մնացած ընտանիքների համար ժամանակավոր ապաստարանի:

Կարինե Կարապետյանին հանդիպում եմ շենքի մուտքի մոտ: 42-ամյա կինն առանց ավելորդ հարցուփորձի հրավիրում է իր աղքատիկ կացարան: 4-ամյա տղայի հետ ապրում է շենքի 2-րդ հարկում: Կարինեն ծնունդով գյումրեցի չէ՝ Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղից է: Երկրաշարժին 12 տարեկան է եղել, ընտանիքն ապրել է գյուղում, որեւէ մեծ վնաս չեն կրել, աղետից հետո մեկնել են ՌԴ, վերադառնալուց հետո՝ 1990թ-ից, հաստատվել են Գյումրիում:

«Սկզբից ուռուցքաբանական հիվանդանոցի տարածքի կանաչ դոմիկները կապրեինք: Հետո ծնողներս պարտքի տակ ընկան, դոմիկի կռիշը քանդեցին, տվեցին պարտքի դիմաց, դե արդեն կռիշ չկար, անձրեւների ժամանակ սաղ դոմիկը քայքայվավ: 2003թ-ից եկանք ըստեղ ապրելու: 15 տարի առաջ էս շենքը լիքը ապրող կար, մենակ մեր հարկի վրա 20 ընտանիք կապրեր, մե 15 ընտանիք էլ վերեւի հարկում, հիմնական մասը տուն ստացավ գնաց, մնացել ենք էս քանի հոգիս»,- Կարինեն առաջարկում է հարեւանուհու հետ էլ զրուցել: Բարձրանում ենք 3-րդ հարկ, սակայն կինը հրաժարվում է հանդիպել: Կարինեն, որ կանչված էր հարեւանուհու հետ սուրճ խմելու, միայն կարճ նկատում է, թե հարեւանուհին քաղցկեղ ունի, քիմիաթերապիա է ստանում, մազերն ամբողջությամբ թափվել են, գուցե դրա համար էլ ամաչեց հանդիպել ինձ հետ:

Դուռը փակվում է, ու ես մնում եմ մութ միջանցքում մենակ կանգնած: Եվս մեկ ճակատագրի բացահայտման համար կրկին իջնում եմ երկրորդ հարկ: Դուռը փակ չէ, բացելուց հետո հայտնվում եմ ընդարձակ ու ցուրտ մի սենյակում: Կիսախավարում, անկողնում ծածկված, հագուստով, տաք գլխարկը աչքերին քաշած մի կին է պառկած: Իմ հայտնվելը նրան անակնկալի չի բերում, միայն ներողություն է խնդրում, որ չի կարող նստել: Զրուցում ենք՝ ես կանգնած, կինն անկողնում բարձին կիսաթեք հենված: 67-ամյա Գոհարիկ Մուշեղյանը դեկտեմբերյան աղետի ժամանակ գտվել է Վանաձորում:

«25 տարի ապրել ու աշխատել եմ Կիրովականի հրշեջ կայանում: Երկրաշարժին տունս չի փլվել: Գյումրի եկել եմ 1997թ-ին: Սկզբում ապրել եմ Ախուրյանում: Էնտեղ աշխատում էի հրշեջ կայանում, որպես հեռախոսավար: Ախուրյանում դոմիկ էի առել իմ գումարով՝ կապրեի, հետո դեպքերի բերումով, անձնական խնդիրների պատճառով ստիպված եղա տեղափոխվելու Գյումրի: 15 տարի առաջ եկել եմ ստեղ ապրելու: Սկզբում վերեւի հարկի ծայրի սենյակում էի, մի կին կար անունը Անո էր, իրանից 100 դոլարով առա, հետո որ քրոջս տղեն բանտից ելավ, ապրելու տեղ չուներ, էդ սենյակը տվեցի իրան, ես իջա էս երկրորդ հարկ»,- պատմում է տիկին Գոհարիկը՝ շեշտելով, որ շենքի սեփականատերն անցած 15 տարիների ընթացքում ոչ մի անգամ իրենց չի անհանգստացրել, երբեք չի ասել դուրս եկեք:

«Մենակ մեկ-մեկ գուկա, կնայե: Էն առաջի հարկը ճաղերով փակեց, օր չքանդեն, բայց դե ստեղա ապրողներն էլ են անխիղճ, ով տուն ստացավ, գնաց, հետը մե բանըմ քանդեց, տարավ,- նկատում է Գոհարիկ Մուշեղյանը,- հմի էս մե քանիմ ընտանիքն են մնացել՝ հիվանդ, անտուն, անաշխատանք, օր հանեցին՝ կմնանք փողոցներում, բայց դե Սարգսյան Արտաշին էլ կհասկնանք, հո չի կռնա էդ մարդը էս շենքն ըսպես թողնի, վերջը օրըմ չէ օրմ բդի սկսե սարքել: Ամեն դեպքում շատ շնորհակալ ենք, օր ըսքան համբերեց»:

Գյումրու նախկին սպորտ-առողջարանային համալիրի շենքը Արտաշես Սարգսյանը ձեռք է բերել 2003թ-ին: «Շենքը 1960թ-ի կառույց է, շատ ամուր հիմքով, դրա համար էլ երկրաշարժին էդքան շատ չտուժեց, միայն կողային պատերն էին փլվել, էդ էլ ես ձեռք բերելուց հետո վերականգնեցի,- ասում է Արտաշես Սարգսյանը,-մարդիկ այդտեղ սկսել են բնակվել իմ կողմից շենքը ձեռք բերելուց հետո: Ես իմ հիմնարկի աշխատակից անօթեւաններին էի տեղավորել, դե էն ազատ սենյակներն էլ եկել, լցվել էին ընթացքում: Էս տարիների ընթացքում քիչ-քիչ գնացին, հիմա մի քանի ընտանիք է մնացել»:

Զրուցակիցս ծիծաղելով նշում է, որ ինքը երբեք վարձ չի պահանջել անօթեւաններից, սակայն բնակիչներն իրար մեջ սենյակները առուծախի առարկա են դարձրել: «Ականջիս հասնում էր, որ ով դուրս է գալիս, մի ուրիշի վրա ոչ թանկ գնով էդ սենյակը ծախում էր, ասենք մի 50-100 դոլար: Զարմանալի մարդիկ են, եթե ասենք մի 5 տարի ապրել են՝ ուրեմն սեփականատեր են,- Արտաշես Սարգսյանը ժպտում է,- էս անցած տարիներին էնքան մարդիկ են ապրել, հերթափոխվել, որ հներից ոչ ոք չի մնացել, ներկայիս բնակիչներին էլ լավ չեմ ճանաչում»:

Բնակիչները փոխանցեցին, զրուցակիցս էլ հաստատեց, որ հաջորդ տարի՝ ամռանը, մտադիր է շենքում վերանորոգման աշխատանքներ սկսել: «Ես խոստացել եմ, որ տնակներ կտամ, բայց տեղադրման հարցն իրենք պետք է լուծեն: Այսքանը կարող եմ անել, որովհետեւ որպես սեփականատեր ոչ մի պարտավորություն չունեմ՝ եկել, ապօրինի 15 տարի է ապրում են: Ուղղակի մարդկային տեսանկյունից չեմ կարող փողոց շպրտել՝ հիվանդ, ծեր, անօգնական կանայք են: Էս մարդկանց հանդեպ պետությունն էլ, որպես անօթեւանների, պարտավորություն չունի, որովհետեւ երկրաշարժից տուժյալ չեն համարվում: 30 տարի է անօթեւանության հարց ենք լուծում, ու ծայրը չի երեւում»:

Լուսանկարները՝ Երանուհի Սողոյանի

Տեսանյութը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter