
Նիկոլ Փաշինյան. ընտրություններից հետո նախարարությունների թիվը նվազելու է
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության կառուցվածքը «շատ է փոխվելու»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր մենք ունենք 17 նախարար, խորհրդարանական ընտրություններից հետո ինչ-որ ժամկետում մենք 17 նախարար չենք ունենալու, մենք ունենալու ենք շատ ավելի փոքր թվով նախարարներ, եթե ելնենք այն կանխավարկածից, որ նախարարությունների թիվը կարող է կրճատվել 5-ով, արդեն հսկայական կադրային փոփոխություններ են լինելու նաև կառավարությունում, այսինքն՝ ոչ թե ավտոմատ կրճատվելու է նախարարությունների թիվը, այլ բովանդակային փոփոխություններ են լինելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ նախարարների գործառույթային լիազորությունների մասով փոփոխություններ են լինելու, ընդլայնվելու է պատասխանատվության շրջանակը։
«Ես չգիտեմ այս իրավիճակն աննախադեպ է, թե ոչ, համենայն դեպս տեսանելի անցյալի կտրվածքով աննախադեպ է, քան երբևէ, երբ քաղաքական գործիչը լիարժեք 100 տոկոսով կատարում է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները»,- ասաց նա։
Մեկնաբանել