HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իդեոլոգիաները քաղաքականության դեմ

(«Գաղափարական քաղաքականության» դեկոնստրուկցիայի փորձ)

Բոլորն են խոսում նոր քաղաքական դաշտի ձևավորման անհրաժեշտության մասին: Սակայն ինչպե՞ս այն կարող է և պետք է ձևավորվի:

Քաղաքական դաշտի ձևավորումը զուտ ձևական կամ զուտ պաշտոնական գործընթաց չէ, ուրեմն չի կարող լիովին նույնանալ ընտրությունների արդյունքների հետ: Դրա համար նոր քաղաքական դաշտը և ապագա ԱԺ կազմը նույն բանը չեն: Քաղաքական դաշտի ձևավորումը նաև ցանկության հարց չէ, ուրեմն, այն չի կարող «գծվել», «հորինվել» որևէ մեկիս ցանկությամբ, նույնիսկ ուժեղ կամքով և նույնիսկ հզոր ռեսուրսների առկայությամբ: Նախագծումը հնարավոր է, և ցանկալին կարող է իրականություն դառնալ միայն, եթե համապատասխանեցվի հանրության իրական պահաջներին և հանրության իրական կառուցվածքին: Իսկ դա նշանակում է, որ նախագծմանը պետք է նախորդի հիմնարար վերլուծություն:
Քաղաքական դաշտի ձևավորումը նաև մոգություն չէ, ուրեմն, այն տեղի չի ունենալու նաև «ինքն իրենով»՝ միայն ինչ-որ ձևական պայմանների կատարմամբ, ասենք՝ ազատ և արդար ընտրությունների ապահովում, օրենքների իրականացում և այլն:
Վերջապես քաղաքական դաշտի ձևավորումը նաև տեսական-ակադեմիական խնդիր չէ, և տեղի չի ունենալու դասագրքային կանոններին, դասագրքային սխեմաներին համապատասխան:

Հատկապես վերջին կետի հետ կապված անհրաժեշտություն կա «ջարդել» «գաղափարական քաղաքականության» կաղապարը, որը կարևոր տեղ է զբաղեցնում «առաջադեմ» գիտակցության սրբությունների շարքում: Իհարկե, կարող է տարօրինակ թվալ այդ ցանկությունը՝ ջարդել առաջին հայացքից մի անշառ և բարի այնպիսի պատկերացում, ինչպիսին «գաղափարական» քաղաքականության մասին պատկերացումն է:

Իրականում, այն ո՛չ անշառ է, ոչ՛ բարի, ո՛չ էլ նույնիսկ գաղափարական: Հայերեն գաղափարական բառը մի փոքր խաբուսիկ է, քանի որ այն կապվում է առաջին հերթին արժեքային, բարոյական երանգների հետ: Բայց այստեղ խոսքն արժեքաբանության մասին չէ, այլ իդեոլոգիաների, այսպես կոչված՝ «իզմերի», որոնք իբր պետք է առաջնային լինեն քաղաքական գործի նկատմամբ, ղեկավարեն, ուղղորդեն այն, և նույնիսկ հենց իրենք լինեն միակ «ճիշտ» քաղաքականությունը:

Ի՞նչ են իդեոլոգիաները: Չնայած «իդեա» եզրը շատ հին է, և ծագում է պլատոնիզմի փիլիսոփայությունից, բայց իդեոլոգիա եզրը և երևույթը նոր ժամանակներինն է: Պատմական հիմնարար վերլուծության մեջ այստեղ չենք խորանա, այլ կտանք միայն սեղմ բնութագիր: Իդեոլոգիաներն այլ բան չեն, քան «աշխարհիկ կրոններ»՝ կոչված փոխարինելու քաղաքականության նկատմամբ եկեղեցա-կրոնական վերահսկողությունը նոր՝ աշխարհիկ կրոնականով: Իդեոլոգիաների բովանդակային զինանոցն էլ մեծ հաշվով այլ բան չէ, քան աշխարհիկ լեզվի թարգմանած աստվածաբանություն: Խոսքը ոչ թե կոնկրետ մեկ, այլ բոլոր ժամանակակից իդեոլոգիաների՝ «իզմերի» մասին է: Չնայած դրանցից որոշները հավակնում են լինել գիտական կամ խոսում են գիտության անունից (ամենավառ օրինակը, թերևս, մարքսիզմն է), սակայն հիմքում, կապ չունեն գիտական՝ փորձնական գիտելիքի հետ, այլ հիմնված են ապրիորի, սպեկուլյատիվ, դոգմատիկ պնդումների վրա՝ մարդու և հասարակության մասին, որոնք էլ մեծ մասամբ անուղղակի կամ ուղղակի, գիտակցված կամ չգիտակցված փոխառումներ են կրոնական պատկերացումներից:
Երբ այստեղ հակադրում ենք գիտականն ու կրոնականը նկատի ունենք հենց փորձնականի և սպեկուլյատիվի, դոգմատիկի հակադրությունը: Կրոնականը Աստծո նկատմամբ հավատը  չէ, այլ մտածողության և աշխարհայացքի տիպ է, որը հիմնված է հենց սպեկուլյատիվ՝ մտահայեցողական, փորձից անկախ, ապրիորի պատկերացումների վրա, որոնց կարելի է հավատալ կամ չհավատալ, բայց որոնք հնարավոր չէ ապացուցել կամ հերքել մաքուր գիտական մեթոդներով:
Նաև ասենք, որ կրոնականն այստեղ «վատի», իսկ գիտականը «լավ»-ի դեր չեն խաղում: Օրինակ, գիտականորեն ապացուցելի չէ բարոյականությունը, որից չի բխում, թե դա անպետք կամ «վատ» բան է: Այդկերպ ապացուցելի չեն իդեոլոգիական այնպիսի պատկերացումներ, ինչպիսիք են մարդու իրավունքները, մարդկանց իրավահավասարությունը և այլն, և այլն, որից չի բխում դրանց ինքնին «վատ», ոչ էլ ինքնին «լավ» լինելը: Պարզապես այդ գաղափարների կրողները պետք է հստակ գիտակցեն, որ այդ պատկերացումները մեծ հաշվով այլ բան չեն, քան հավատք, ընդ որում՝ այնպիսի հավատք, որն անմիջապես ծագում է զուտ կրոնական պատկերացումներից, թեկուզ և վերամշակված այնպես, որ դրանցից անվանապես դուրս է բերված հավատն Աստծո նկատմամբ:
Այսպես՝ «ամեն մարդ արժեք է» պնդումը կարող է գոյություն ունենալ միայն այնպիսի հանրության մեջ, որը նախապես անցել է քրիստոնեական աշխարհայացքի գերշխանությամբ, որի մեջ մարդն արժեք է, քանի որ Քրիստոսը խաչվել է բոլորի համար: Որևէ այլ քաղաքակրթության մեջ, ասենք, նույն հին հունականում, «մարդն ինքնին արժեք է» պնդումը, զարմանքից բացի՝ այլ բան չէր կարող առաջացնել:
Հին հույնի համար արժեք կարող էր լինել, օրինակ, իր քաղաքի ազատ քաղաքացին, որն էլ պարտադրաբար զինված, ոչ ստրուկ, ոչ օտարերկրացի ծագման տղամարդն էր, բայց ոչ մարդն ընդհանրապես: Բարդ չէ պատկերացնել նաև, որ որևէ իդեոլոգիական ուտոպիզմ՝ կոմունիստական, լիբերալ թե այլ, աշխարհի վերջի և երկնային թագավորության մասին կրոնական պատկերացումերի աշխարհիկացումն է, և համենայն դեպս չի կարող հիմնավորվել որևէ գիտական՝ փորձնական մեթոդով:

Իդեոլոգիաները աշխարհիկ կրոնական են ոչ միայն բովանդակությամբ, այլև հավակնությամբ: Նրանց մղումն է քաղաքականության հանդեպ խաղալ ճիշտ նույն դերը, ինչ ժամանակին Եկեղեցին է հավակնել խաղալ: Սա նույնպես հնարավոր է միայն որոշակի տիպի հանրության մեջ: Եթե հանրությունը նախապես չունի քաղաքականության նկատմամբ որևէ կառույցի կամ աշխարհայացքի գերիշխող դերի հավակնության փորձ, ապա, այդ հանրության համար չի կարող ինքնին հասկանալի լինել, թե քաղաքականությունն ընդհանապես ինչու պետք է ենթարկվի կամ առավել ևս նույնանա ինչ-որ կոնկրետ «իդեոլոգիայի» հետ, լինի աշխարհայացք: Չէ որ քաղաքականությունն իր էությամբ գործական ոլորտ է, արվեստ է, և ենթակա է նախ գործնական տրամաբանության: Ենթադրել, որ ճիշտ քաղաքականությունը գաղափարախոսական է՝ ենթակա է աշխարհայացքային նեղ սահմանափակման կամ նույնիսկ հենց նախ՝ գաղափարախոսություն է, նույնն է, թե ենթադրել, որ որևէ արվեստ, ասենք, նկարչությունը, կամ երաժշտությունը, կամ բժշկությունը լավ ու ճիշտ լինելու համար, պետք է սահմանափակվի ինչ-որ «իզմով», այլ ոչ թե պետք է հետևի սեփական փորձին, գործնական նպատակներին և գնահատվի ըստ արդյունքի:

Կա, սակայն, և կարևոր տարբերություն արդի իդեոլոգիաների և հնի կրոնականության միջև: Եթե միջնադարյան եկեղեցական ուսմունքը մեկ միասնական էր (չհաշված դավանական տարբերությունները, բայց դրանք էլ ամրագրված էին ըստ առանձին երկրների՝ մեկ երկիր մեկ դավանություն սկզբունքով), ապա արդի իդեոլոգիաները բազմաթիվ են (չհաշված մեկ իդեոլոգիայով երկիր կառուցելու փորձերը ԽՍՀՄ-ում և այլուր): Այս կետից մի ուշագրավ հակասություն է ստեղծվում: Մի կողմից՝ ամեն արդի իդեոլոգիա՝ որպես կրոնական մտածողության և կրոնական հավակնության օրինական ժառանգ, ներքին միտում ունի իրեն միակ ճշմարիտը համարելու, տոտալիտար գերիշխանություն հաստատելու: Այս միտումը որոշ դեպքերում ուղղակի արտահայտում է ստացել, ինչպես օրինակ՝ ԽՍՀՄ-ում: Որոշ դեպքերում էլ գործում է անուղղակիորեն, հավասարակշռված ուրիշ միտումներով: Այսպես է ժամանակակից արևմտյան աշխարհում, որտեղ անվանական բազմազանությունը տարեցտարի, դանդաղորեն փոխարինվում է իդեոլոգիական միօրինակությամբ, տարբերությունների ու «թույլատրելիի» սահմանների ավելի ու ավելի նեղացման ակնհայտ միտմամբ (ակնհայտ չէ, բնականաբար, խորը հավատացյալների համար), որը, սակայն, սովետական անգերազանցելի օրինակին հասնելու համար, իհարկե, դեռ երկար պետք է ձգտի:

Հակասության մյուս կողմը արդի հասարակարգի այն պատկերացումն է, որ քաղաքական դաշտը պետք է տնտեսականի օրինակով լինի մրցակցային, և տարբեր իդեոլոգիաներ պետք է մրցեն միմյանց հետ: Այստեղ ճիշտը ոչ թե այս կամ գաղափարախոսությունն է, այլ հենց բուն մրցակցությունը, որով իդեոլոգիաների ներքին տոտալիտար մղումը զսպվում է, թեև ոչ վերջնականապես և ոչ բացարձակ սահմաններով (տեսանք, որ այսօրվա միտումը այդ սահմանափակման դանդաղ հաղթահարումն է, և բազմազանության սահմանների աստիճանական նեղացումը:


Բայց մրցակցության տեսությունից էլ մեկ այլ հետևանք է ծագում քաղաքականության համար: Եթե մի կողմից ընդունվում է, որ ճիշտ քաղաքականությունը իդեոլոգիականն է, ապա մյուս կողմից՝ «ճշտերի» մրցույթը, բացի տոտալիտար միտման զսպումից, ունի և իր ստվերային կողմը՝ «լավ» քաղաքականություն է դառնում ....ձախողված քաղաքականությունը: Սա կարող է տարօրինակ հնչել, բայց իրականում շատ պարզ միտք է:
Խնդիրը հետևյալն է: Եթե մրցակցությունը դառնում է գերագույն արժեք, ապա պարզ է, որ նման համակարգի գերագույն բարիքն է քաղաքական ուժերի անընդատ փոփոխականությունը: Այսինքն՝ լավը ոչ թե այն է, որ այս կամ քաղաքական ուժը և նրա գաղափարախոսությունը հաղթեն, այլ այն, որ դրանք անընդատ փոփոխվեն: Օրինակ, այսօրվա իշխող սոցիալիստը դառնա վաղվա ընդդիմություն, և հակառակը՝ սոցիալիստի ընդդիմախոս լիբերալը մի օր դառնա իշխանություն, մյուս օրը՝ ընդդիմություն:
Հենց մեզանում էլ հաճախ ասում են՝ կարևորն այն չէ, որ տեղի է ունեցել հեղափոխություն, այլ ա՛յն, որ հաջորդ ընտրություններին հեղափոխությամբ իշխանության եկած ուժը պարտվի: Իսկ սա այլ բան չի նշանակում, քան ձախողում և պարտություն ցանկանալ ցանկացած հաղթած ուժի: Դա գուցե ինքնին վատ չէ, բայց ո՞րն է ձախողման գինը: Ձախողվելու համար որևէ քաղաքական ուժ պետք է հիասթափեցնի հանրությանը, պետք է խաբի և կեղծի, պետք է չիրացնի իր խոստումների գերակշիռ մասը՝ կա՛մ չուզենալով, կա´մ չկարողանալով դրանք ի կատար ածել: Այսինքն՝ լավ քաղաքական ուժը կամ խաբողն է, կամ թույլն է, իսկ հանրությունը դատապարտված է շարունակական հիասթափության: Պարզ է, ուրեմն, որ մրցակցային համակարգի բարիքը քաղաքականության ձախողումն է:
Ուրեմն, եթե մի կողմից այստեղ չեզոքացվում է տոտալիտար միտումը, ապա մյուս կողմից դրա գինը քաղաքական ռելյատիվիզմն է, որի հետևանքը/մասն են քաղաքական ցինիզմը, հանրության մշտական դեպրեսիան և ի վերջո՝ պարտությունը որպես իդեալ ընդունած քաղաքականությունը, որն իհարկե այլասերվածության բարձրագույն դրսևորումներից է:

Հետևաբար խնդիրը երկկողմանի է: Ազատագրել քաղաքականությունը մի կողմից՝ տոտալիտար, մյուս կողմից՝ «լուզերական» մարտահրավերից: Դրա համար պետք է քաղաքականությունը ազատված լինի իդեոլոգիաների, «իզմերի» դիկտատուրայից նաև՝ մրցակցային, շուկայական, առևտրական տրամաբանությունից: Ի՞նչ հիմքերով է դա հնարավոր՝ կխոսենք մեկ այլ առիթով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter