HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Երևանի կենտրոնում բնակարանները 20%-ով թանկացել են վերջին ամիսներին

Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում անշարժ գույքի շուկայի որոշակի աշխուժացում է արձանագրվել, որն առավել զգալի է Երևանում։ Մայրաքաղաքում բնակարանները նկատելի թանկացել են։

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ հուլիս-սեպտեմբերին Հայաստանում ընդհանուր առմամբ կատարվել է անշարժ գույքի առուվաճառքի 11 768 գործարք։ 2009 թվականից ի վեր սա առուվաճառքի ամենաբարձր ցուցանիշն է բոլոր տարիների նույն ժամանակաշրջանի համեմատ։ 2017 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ առուվաճառքի գործարքների քանակը հանրապետությունում աճել է 1565-ով կամ 15.3%-ով։   

Անշարժ գույքի շուկայում կատարվող փոփոխությունները հասկանալու համար առանձնացրել ենք միայն առուվաճառքի վիճակագրությունը, քանի որ երկրում տեղի ունեցող իրադարձությունները առաջին հերթին անդրադառնում են հենց առուվաճառքի վրա։

Հայաստանում ամենից հաճախ գնում-վաճառում են բնակարաններ, հողեր ու բնակելի տներ։ Իսկ ավտոտնակների, հասարակական ու արտադրական նշանակության շինությունների առուվաճառքի քանակները անհամեմատ փոքր են ։

Մասնավորապես, այս տարվա երրորդ եռամսյակում ամբողջ հանրապետությունում վաճառվել է 4640 բնակարան, որը 20.2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ Խոսքը բազմաբնակարան շենքերի բնակարանների մասին է. այս թիվը չի ներառում անհատական տների գործարքները։

Նկատելիորեն աճել է  նաև հողերի առուվաճառքի քանակը, որը կազմել է 4193, աճը՝ 19.7%: Իսկ անհատական բնակելի տների գործարքների քանակը հանրապետությունում կազմել է 1748, աճը՝ 6.4%:

Առուվաճառքի գործարքների ամենամեծ մասը, բնականաբար, բաժին է ընկել Երևանին՝ երրորդ եռամսյակում հանրապետությունում արձանագրված առուվաճառքի գործարքների 39.2%-ը։ Այս առումով համեմատաբար աշխույժ են Կոտայքը (15.1%), Արարատը (9.2%), Լոռին (8.7%) և Արմավիրը (8.2%): Գործարքների ամենացածր ցուցանիշը գրանցվել է Վայոց Ձորի մարզում (1.2%):

Երևանում բնակարանները  միջինում 9.9%-ով թանկացել են

Միայն Երևանում 2018 թվականի երրորդ եռամսյակում վաճառվել է 3130 բնակարան։ Այս թիվը  2017թ. երրորդ եռամսյակի համեմատ 453-ով կամ 16.9%-ով ավելին է։

Բնակարանների առուվաճառքի գործարքների քանակի առավել բարձր տոկոսաչափն արձանագրվել է Կենտրոն 19.4 %, իսկ առավել ցածրը՝ 0.3 % Նուբարաշեն վարչական շրջաններում։ Ընդ որում, ինչպես երևում է Կադաստրի տվյալներից, վաճառվող բնակարանների քանակն աճել է ինչպես Կենտրոնում, այնպես էլ Կենտրոնին ոչ կից վարչական շրջաններում։

Կադաստրի հաշվարկներով՝ այս տարվա երրորդ եռամսյակում 2017թ. նույն ամիսների համեմատ մայրաքաղաքում բնակարանները միջինը 9.9%-ով թանկացել են։

Ընդհանուր առմամբ բնակարանները թանկացել են բոլոր վարչական շրջաններում։ Տոկոսային առումով ամենաշատը թանկացել են Կենտրոնի բնակարանները՝ 20.1%-ով։  Զգալի բարձրացել են նաև Դավթաշենում գտնվող բնակարանների գները՝ 15.9%-ով։ Աջափնյակում էլ գնաճը կազմել է 11.7%: Մյուս վարչական շրջանների գնային փոփոխությունները առավել մանրամասն կարող եք տեսնել ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում.

Բնակարանների գները Երևանում

քմ մակերեսի հաշվարկով (դրամ)

 

Ներկայացված են Երևանում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների պայմանագրային գների և վաճառահանված բնակարանների առաջարկվող գների վերլուծության արդյունքում շուկայական միջինացված գները` 1 քմ մակերեսի հաշվարկով։

Այսօրվա դրությամբ Երևանում ամենաթանկ բնակարանները Կենտրոն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում են։ Իսկ ամենաէժանը՝ Նուբարաշենում։

Ինչ վերաբերում է անհատական բնակելի տներին, ապա այս տարվա երրորդ եռամսյակում Երևանում վաճառվել է 489 տուն՝ 6.8%-ով ավելին, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում։

Այսպիսով, տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա երրորդ եռամսյակում հանրապետությունում և հատկապես Երևանում անշարժ գույքի շուկայի որոշակի աշխուժացում է արձանագրվել։ Պահանջարկը մեծացել է և մայրաքաղաքում աճել են բնակարանների գները։

Ինչպես տնտեսական շատ գործընթացներում, այնպես էլ անշարժ գույքի շուկայում, գների վրա էական ու որոշիչ ազդեցություն ունեն բնակչության սպասումները։ Անշարժ գույքի գործակալները նշում են, որ բնակարան գնել ցանկացող քաղաքացիները շտապում են հնարավորինս շուտ գտնել նախընտրած բնակարաններ և կատարել գործարքներ՝ լսելով ու մտավախություն ունենալով, որ առաջիկայում գները շարունակելու են բարձրանալ։

Մյուս կողմից էլ բնակարան վաճառողները, որոնց շտապ գումար հարկավոր չէ, նախընտրում են մի որոշ ժամանակով էլ հետաձգել վաճառքը՝ անկնալելով, որ մի քանի ամիս անց ավելի բարձր գնով կվաճառեն իրենց անշարժ գույքը։

Առհասարակ, անշարժ գույքի գների վրա ազդող գործոնները բազմաթիվ են՝ սկսած քաղաքական գործընթացներից մինչև հիփոթեքային պայմանների փոփոխություններ։ Հատկապես քաղաքական գործընթացները, օրինակ՝ սպասվող խորհրդարանական ընտրությունները, անորոշություն են առաջացնում գործարարների շրջանում և հնարավոր է բնակարանների գնորդների մի մասը նախընտրել են իրենց գումարներն առայժմ ոչ թե բիզնեսում ներդնել, այլ անշարժ գույք գնել։

Հիշեցնենք, որ բնակարանների գների աճ նկատվում է դեռևս ապրիլից։

Ինչ վերաբերում է մարզերին, ապա, ըստ Կադաստրի տվյալների ու անշարժ գույքի գործակալների, այստեղ թե գործարքների թվի, և թե գների փոփոխությունները զգալի չեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter