HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակիչներն «Արդշինբանկ»-ից պահանջում են վերադարձնել իրենց բնակարանները

Խանջյան 29, Վարդանանց 69 և Սայաթ-Նովա 40/1 հասցեների կիսակառույց շենքերի բնակիչներն այս պահին հավաքված են «Արդշինբանկ»-ի նախասրահում, նրանք ուզում են հանդիպել բանկի վարչության այժմյան նախագահի՝ Արտակ Անանյանի հետ, քանի որ մտահոգություններ ունեն, որ իրենց շենքերը հանվելու են աճուրդի, իսկ իրենց բնակարաններն ավելի թանկ արժեքով վերավաճառվելու են:

Հիշեցնենք, որ Խանջյան 29, Վարդանանց 69 և Սայաթ-Նովա 40/1 հասցեներում գտնվող շենքերը ինքնասպանություն կատարած գործարար Աբրամ Ամիրխանյանի կառուցած շենքերն են, որոնց բնակարանների մեծ մասը գրավադրված է բանկում:

Խանջյան 29 շենքի բնակիչ Մարինե Հովսեփյանը, ով Խանջյան 29 հասցեում նախկինում եղած շենքում բնակարան ունեցողներից է, մեզ հետ զրույցում պատմեց, որ նախնական պայմանագիր է ունեցել կառուցապատողի հետ՝ իրենց քանդվող շենքի փոխարեն նոր կառուցվող շենքում բնակարան տալու պայմանով: Իսկ հիմա, եթե շենքն աճուրդով վաճառվի մեկ ուրիշ ընկերության, իրենց տեղեկություններով, ավելի թանկ գներով վերավաճառվելու է իրենց վրա, կամ հավելյալ վճարումներ են գանձվելու իրենցից: Շենքը 80 տոկոսով արդեն պատրաստ է, սակայն ենթակառուցվածքնեը դեռևս չեն անցկացված: Բնակիչների շրջանում այս մտահոգությունն առաջացել է, որովհետև Աբրամ Ամիրխանյանի կառուցած Վարդանանց 69 հասցեում գտնվող շենքն արդեն իսկ դրվել է աճուրդի և վաճառվել:

Հրաչիկ Փարսյանը բնակարան է գնել Վարդանանց 69 հասցեում գտնվող շենքից և վճարել բնակարանի ամբողջական գումարը, իսկ քառակուսի մետրի դիմաց՝ 700 դոլար: «Արդշինբանկ»-ի իրավաբանը հրավիրել է Հրաչիկին իր մոտ և տեղեկացրել, որ եթե ուզում է իր բնակարանը գրավից հանել, պետք է յուրաքանչյուր քմ-ի համար վճարի 114 հազար դրամ: Հրաչիկ Փարսյանն ասում է, որ այսպիսով իր բնակարանը կրկին վերավաճառում են իրեն, և քանի որ Վարդանանց 69 հասցեի շենքը դեռևս 30 տոկոսով է կառուցված, նոր կառուցապատողը այն ավարտելու համար ևս մեծ գումարներ է պահանջելու: 

Սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանը մեզ հետ զրույցում հաստատեց Վարդանանց 69 հասցեում գտնվող շենքի աճուրդի և վաճառքի փաստը, սակայն հրաժարվեց նշել նոր գնորդի անունը՝ պատճառաբանելով, որ դա գաղտնիք է, և դրա վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն ինքը չունի: Միևնույն ժամանակ նա տեղեկացրեց, որ Խանջյան 29 հասցեում գտնվող շենքի համար ո´չ աճուրդի հայտարարություն է եղել, ո´չ էլ աճուրդ է տեղի ունեցել: Ավելին, ոչ թե շենքն է աճուրդի դրվելու, այլ այդ շենքում առկա բնակարանները՝ առանձին լոտերով: 

Վարդանանց 69 հասցեի բնակիչները հայտնեցին, որ իրենց բնակարանները վաճառվել են «Գնուն 69» ՍՊԸ-ին: Մեզ հաջողվեց ճշտել նաև արժեքը՝  1 մլրդ 86 մլն դրամ:

Բնակիչների մի մասն արդեն հանդիպել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանի հետ՝ չնայած ուզում էին հանդիպել Հայկ Մարությանի հետ: Աշխատակազմի քարտուղարն ասել է, որ բնակիչների մտահոգությունները կհաղորդի քաղաքապետին, և 2 օրից բնակիչներին կտեղեկացնեն խնդրի լուծման ընթացքի մասին:

«Արդշինբանկ»-ի վարչության նախագահ Արտակ Անանյանը խոստացել է այսօր՝ ժամը 3-ին, ընդունել բնակիչներին, իսկ մինչ այդ ծանոթանալու է գործի մանրամասներին, քանի որ ինքը նորանշանակ է: Արտակ Անանյանը «Արդշինբանկ»-ի վարչության նախագահ է նշանակվել այս տարվա օգոստոսին: 

Լրացված

Ժամը 15:00-ին բողոքի դուրս եկած բնակիչներին ընդունեց Արտակ Անանյանը: Բնակիչների պահանջին, որ լրագրողները ևս իրենց հետ բարձրանան, բանկի բանակցողը, ով ներկայացավ որպես վարչության նախագահի խորհրդական, կտրականապես բացառեց՝ «կամ կբարձրանաք առանց լրագրողի, կամ չեք բարձրանա»: 

Արտակ Անանյանի հետ հանդիպումից հետո բնակիչներից Զավեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ որևէ լուծում այս հարցին չի տրվել: Ավելին, բանկի ներկայացուցիչներն առաջարկել են ցածր տոկոսադրույքով վարկ տալ շինարարություն իրականացնող որևէ կազմակերպության, ով ավարտին կհասցնի կառուցապատումը, կհանձնի բնակարանները բնակիչներին, իսկ բնակիչները կփակեն թե´ տրված վարկը, թե´ կառուցապատման ծախսերը:

Այս պայմանն անընդունելի է բնակիչների համար, նրանք որոշել են վաղը կառավարության նիստին ընդառաջ իրենց բողոքներով և պահանջներով գնան և հանդիպում պահանջեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, պատմեն այս շենքերի հետ կապված բոլոր իրենց հայտնի պատմությունները, որպեսզի նոր կառավարությունը բերման ենթարկի իրական թալանչիներին, խարդախներին և նրանցից պահանջեն փակել բոլոր ծախսերը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter