HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

ՊԵԿ-ը իրավական օգնություն է խնդրել Միացյալ Թագավորությունից. օֆշորային գործակալների չվճարած հարկերը հետ չեն բերվել

Արդեն մեկ տարի է, ինչ ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել և օֆշորային երկու գործակալներից փորձում է վերադարձնել Հայաստանին ունեցած պարտքը` 166 միլիոն դրամը: 

Այս գործակալների հիմնած ընկերությունը` «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ն (Limassol Project LP), Հայաստանում անշարժ գույք է վաճառել և չի վճարել ավելացված արժեքի հարկը` շուրջ 166 միլիոն դրամը: ՊԵԿ-ը առանձնապես խոշոր չափի  հարկերը պետբյուջե չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցեց դեռևս 2017թ. նոյեմբերին, սակայն, պարզվում է, նախաքննությունը ավարտին չի հասել:

«Քրեական գործի նախաքննության համար կարևոր մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար իրավական օգնություն ցույց տալու հարցում է ուղարկվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իրավապահ մարմիններին, որի պատասխանը դեռևս չի ստացվել», - մեր հարցմանը պատասխանել է ՊԵԿ-ը:

«Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ն, ըստ ռեգիստրի փաստաթղթերի, գրանցված է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում, ընկերության հիմնադիրները Սեյշելյան կղզիներում գրանցված «Sapporo Invest S.A.» և «Darwin Invest S.A.» ընկերություններն են: Նրանք օֆշորային գործակալներ են և նույն հասցեում հարյուրավոր այլ ընկերություններ են հիմնել: ՊԵԿ-ը, ենթադրվում է, Միացյալ Թագավորություն կատարած հարցմամբ փորձում է պարզել, թե Հայաստանում իրականում ով է գործում այս ընկերությունների անունից: Նշենք, որ օֆշորային գոտում ընկերություն գրանցելու հիմնական «հմայքներից» մեկը իրական սեփականատերերին թաքցնելն է։ Եվ դա փաստորեն այնքան լավ է ստացվել, որ ՊԵԿ-ի համար արդեն մեկ տարի անհնար է նրանց հարկային դաշտ բերելը: Սակայն չգիտես ինչու քննչական մարմինը, կարճ ճանապարհը թողած, ընտրել է որևէ արդյունքի չբերող նամակագրությանը։ Վստահաբար կարող ենք ասել, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իրավապահ մարմինները որեւէ տեղեկություն չեն տարամադրելու ՊԵԿ-ին։ Դրա փոխարեն ՊԵԿ-ը կարող է դիմել «Ամերիաբանկ»-ին, որը մասնակից է եղել այդ ընկերության հետ առնչվող բանկային բոլոր գործարաքներին։ 

Հիշեցնենք Հայաստանում «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ի հնարավոր կապերի մասին: Շենքը, որը վաճառել է «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ն, այժմ դարձել է մեծ բիզնես կենտրոն` մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարևանությամբ: Շենքի գնորդը բարեկամական կապ ունի վաճառողի` «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ի հայաստանյան ներկայացուցչի հետ: Այսինքն` եթե ՊԵԿ-ի համար անհայտ է, թե ովքեր են կանգնած վաճառողի հետևում, կարող է այդ տեղեկությունը ճշտել գնորդից, ով ֆիզիկական անձ է: Պարզել և հոդվածում մարամասն ներկայացրել էինք նաև, որ այդ ֆիզիկական անձը` Փառանձեմ Հանեսյանը, իր հերթին բարեկամական կապ ունի ԴԱՀԿ-ի աշխատակից Յուրի Աբելյանի հետ, իսկ վերջինիս կապեր ունի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ:

Թե ինչպես է օգտագործել այս տվյալները Պետական եկամուտների կոմիտեն, պատասխանից հնարավոր չէ հասկանալ: Հարկային ծառայությունը, նախաքննական գաղտնիքի հիմնավորմամբ, սահմանափակ ու անորոշ տեղեկություն է հայտնում:  

«Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, զննություններ, ինչպես նաև հետաքննության մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարություններ», - գրված է ՊԵԿ-ի պատասխանում:

«Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերության անունը Հայաստանում սկսեց շրջանառվել, երբ գործարարներ Փայլակ Հայրապետյանի և Գագիկ Ղարիբյանի գույքը «Ամերիաբանկ»-ում հանվեց աճուրդի: Գործարարները իրենց գույքը գրավադրել էին բանկում` բիզնես գործընկերոջ` Աշոտ Սուքիասյանի վարկային պարտավորության համար: Վերջինիս չկատարած պարտավորության դիմաց բանկը գույքը հանեց աճուրդի. հենց այդ ժամանակ հայտնվեց «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերությունը և գնեց գույքը`Հրաչյա Քոչար 4/9 հասցեի շենքը և հարակից հողամասերը` գնահատված արժեքից շուրջ 1 միլիոն դոլար էժան գնով: «Հայտնվեց», որովհետև ընկերությունը գույքը գնել է Շոտլանդիայի ռեգիստրում գրանցվելուց մեկ ամիս անց:

Ընկերությունը հետագայում պարբերաբար մասնակցել է պետական գնումներին և վարձակալությամբ տարածքներ տրամադրել գերատեսչություններին Հ. Քոչարի շենքից: 

Գույքի վաճառքից եկամտահարկ չվճարելն ընկերության միակ հարկային խախտումը չէ: Մեզ հայտնի են դարձել տվյալներ, որ այս ընկերությունը խուսափել է նաև գույքահարկ վճարելուց: Այսինքն` Հայաստանին ունեցած նրա հարկային պարտավորությունը գերազանցում է 166 միլիոն դրամը: Մանրամասները կհարապարակենք առաջիկայում։ 

առաջին լուսանկարում (ձախից)՝ Յուրի Աբելյանը և Միհրան Պողոսյանը