HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Օֆշորային սկանդալի վերջին ակորդները

Օֆշորային սկանդալի առանցքային դերակատար «Ամերիաբանկը» պատմության վերջնակետն է դնում:

Կիպրոսում, այսինքն՝ օֆշորում գրանցված այս բանկի ղեկավարներն այդպես էլ որեւէ ձեւով չարձագաքնեցին մեր հրապարակումներին:  Փոփոխություններ տեղի չունեցան բանկի անմիջական ղեկավարության կազմում, եթե, իհարկե, չհաշվենք, որ 2013թ. նոյեմբերի 27-ից Ռուբեն Վարդանյանն այլեւս «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահը չէ (բանկի հիմնադրման օրվանից նա էր նախագահը): Ռ. Վարդանյանին փոխարինել է Անդրեյ Մկրտչյանը: Վերջինս միաժամանակ «Ամերիա» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրենն է (տես նաեւ՝ Օֆշորային պատմության բացահայտման բանալիները): 

«Ամերիաբանկը» շարունակում է իրացնել Փայլակ Հայրապետյանի՝ շուկայական արժեքով մոտ 30 միլիոն դոլար գնահատված գույքը եւ փորձում մինչեւ Աշոտ Սուքիասյանի դատավարությունը ավարտել գործարքները, որպեսզի «վերադարձ» չլինի «ելման» կետին: Այս գույքի վաճառքի համար աճուրդի հայտարարություն չի տրվում: Բանկը դրա իրավունքն ունի, բայց ամեն ինչ հասկանալի է դառնում, երբ պարզում ես, թե ովքեր են դարձել Փայլակ Հայրապետյանի՝ բանկում գրավադրված գույքի սեփականատերեր: Ընդ որում, այդ բոլոր գործարքները գերգաղտնի են պահվում: Ներկայացնենք դրանցից երկուսը, որոնց մասին կարողացել ենք ուշագրավ տեղեկություններ պարզել:

Եւ այսպես՝

1. Երեւան, Հր. Քոչարի փողոց 4 շենք,  4.9 մասնաշենք հասցեով գրանցված անշարժ գույքը 27.12.2012թ. իրավունքների պետական գրանցում է ստացել «Լիմասոլ Փրոջեքթ Էլ-Փի»  (Limassol Project LPսահմանափակ ընկերակցության անվամբ:

Այս ընկերությունը Հայաստանի պետռեգիստրի տվյալներում չկա, դա նշանակում է, որ Հայաստանում գրանցված ընկերություն չէ: Համացանցում հայերենով փնտրելու դեպքում բերում է միայն մեկ հղում: Հղումը կառավարության կայքում է: Ընկերությունը հայտնվել է «Մեկ անձից կատարվող գնումներ»-ի ցուցակում: Պարզվում է՝ Տարածքայաին կառավարման նախարարության պետական միգրացիոն ծառայության անունից վարձակալության պայմանագիր է կնքվել «Լիմասոլ Փրոջեքթ Էլ-Փի» սահմանափակ ընկերակցության հետ: Իսկ ո՞վ է այս ընկերության անունից կնքել պայմանագիրը, որտե՞ղ է գրանցված ընկերությունը, ովքե՞ր են սեփականատերերը: «Լիմասոլ Փրոջեքթ Էլ-Փի» սահմանափակ ընկերակցության տնօրեն Ստելլա Գ.Պորտ-Լուիսը (Stella G. Port- Louis) վարձակալության պայմանագիրը ստորագրելու համար լիազորագիր է տվել ոմն Արամ Խաչատրյանի: Լիազորագիրը վավերացվել է Սեյշելյան կղզիների հանրապետության մայրաքաղաք Վիկտորիայում նոտար Դ.Ռ. Էլիի կողմից: Ո՞վ է Արամ Խաչատրյանը՝ դեռ հայտնի չէ, բայց հաշվի առնելով, որ այս ընկերության բանկային հաշիվը «Ամերիաբանկ»-ում է, կարելի է եզրակացնել, որ բանկի պաշտոնյաների հետ փոխկապակցված անձ է: Ստելլա Գ.Պորտ-Լուիսը այնքան էլ անհայտ անձ չէ, նա մոտ 338 ընկերության տնօրեն է, ընդ որում՝ այդ ընկերություններից երկուսը ներգրավված են սկանդալային պատմությունների՝ զենքի անօրինական առեւտրի մեջ:  Ինչպե՞ս է այս ընկերությունը ձեռք բերել Փայլակ Հայրապետյանի գույքը: Ամենայն հավանականությամբ, այդ ընկերության սեփականատերերը «Ամերիաբանկի» ներկայացուցիչներն են կամ նրանց փոխկապակցված անձինք: Չգիտեմ՝ այստեղ կա՞ հանցանքի տարր, թե՞ ոչ, բայց պետք է հաշվի առնել այս հանգամանքը. կառավարությունը փող է փոխանցում մի ընկերության, որի տնօրենի անունը կապված է զենքի անօրինական վաճառքի հետ: «Լիմասոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերության սեփականատերերն անհայտ են, ոչինչ հայտնի չէ նաեւ այդ ընկերության գործունեության մասին:

2. Ջերմուկի Շահումյանի փողոցի 9.3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված է «Իբիցա Գրուպ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը: Այս ընկերությունը գրանցված է պետռեգիստրում, հայաստանյան ընկերություն է: Գրանցվել է 2013թ. մայիսի 6-ին: Ակնհայտ է, որ այն հիմնադրվել է, որպեսզի ձեռք բերի Ջերմուկ քաղաքի կենտրոնում գտնվող այս տարածքը( 9700 քմ սեփական հող, նախկին մարզամշակութային համալիրն է): «Իբիցա Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրել է Հայկ Համբարձումյանը՝ սեփականության 100% բաժնեմասով: Սակայն 2013թ. նոյմբերի 27-ին սեփականատերը փոխվել է, եւ 100%-ով սեփականատեր է դարձել դարձյալ օֆշորում՝ Վիրջինյան կղզիներում( Բրիտանիա, Բլեքբըրն Հայուեյ Ռոադ Թաուն Տորտոլա, Սի Միդոու Հաուս) գրանցված «ՆՈՍԹՈՆ ՔԵՓԻԹԼ ԷՍ ՍԻ» ընկերությունը:

Լուսանկարում` Անդրեյ Մկրտչյանը և Փայլակ Հայրապետյանը

Մեկնաբանություններ (3)

Վեհարի Առաքելյան
http://www.youtube.com/watch?v=I7hDZpvLrRo `,,Речь Джона Кеннеди перед убийством,,. Պարոնայք և Տիկնայք, գաղտնիության հասկացողությունը ինքն իրենով հակասում է ազատ և բաց հասարակությանը: Մենք մեր բնույթով և պատմականորեն գաղտնի կազմակերպություններին, ծածուկ ուխտերին և ընդhատակյա ժողովներին հակադրվող ժողովուրդ ենք: Ամբողջ աշխարհով մեկ մեզ հակադրվում է միակուռ, անխիղճ դավադրությունը, որը ծածուկ միջոցներով ընդլայնում է իր ազդեցության ոլորտները և ներխուժելու փոխարեն աննկատ ներթափանցում, ընտրությունների փոխարեն իշխանությունը տապալում և վախեցնում` ազատության փոխարեն: Այդ համակարգը մոբիլիզացնելով մարդկային և նյութական շատ միջոցներ, կառուցել է ամրակուռ, բարձր արդյունավետությամբ գործող մեխանիզմ, որը իրագործում է ռազմական, դիվանագիտական, հետախուզական, տնտեսական, գիտական և քաղաքական գործողություններ: Դրանց նախապատրաստումը հասարակությունից գաղտնի է պահվում, նրանց սխալները ոչ թե հրապարակվում այլ կոծկվում են: Այն լռելայն հարձակվում է հաշվի չառնելով ծախսերը և լուրերը, չհրապարակելով գաղտնիքները: Այդ Պատճառով, հին Հունաստանում գոյություն ուներ օրենք, որը քաղաքացիներին արգելում էր խուսափել հրապարակային բանավեճերից: Ես Ձեր օգնությունն եմ խնդրում ամերիկայի ժողովրդի իրազեկման և նախազգուշացման կարևոր գործում: Համոզված եմ, Ձեր օգնությամբ մարդիք կդառնան այնպիսին ինչպիսին որ ծնվել են,` Ազատ և Անկախ:
անահիտ
Այս թեման պետք է, քնադատվի կլոր սեղանի շուրջ իրավաբաների, քաղաքագետերի հետ համատեղ,լ եվ այն ներկայացնել հանրապետության նախագահին,պահանջել այն դրական լուծում:Այս հարցը կլուծվի եթե նախագահի կարգադրությունը եվ հետեվողականությունը լինի
mane
arazi hertin piti naxagah unenaq´,WOP HARZ LUZWI:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter