HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Հայաստանում արտադրվում են ծղոտե բրիկետներ, որոնք կարող են կանգնեցնել ծառահատումները

Կոտայքի մարզի Զորավան գյուղի հին ֆերմայի շենքերից մեկը ձեւափոխվել, դարձել է ծղոտե էկո-բրիկետների արտադրամաս։

«Էկո Ռեյնջ» ընկերությունն արդեն մեկ տարի զբաղվում է ծղոտե բրիկետի արտադրությամբ, ինչը կարող է փոխարինել վառելափայտին։ Իսկ այլընտրանքային վառելիք ունենալու խնդիրը Հայաստանում օրակարգային հարց է՝ հաշվի առնելով էներգետիկ պաշարների բացակայությունը, անտառների խտության նվազումը եւ այլն։

Որպես մեզ համար նոր ուղղություն, այն բավականին բարդություններ է առաջացնում, հատկապես եթե հսկայական ներդրումներ չեն արվում։ Արտադրողը պետք է նախ համոզի շուկային, որ էկո-բրիկետներն օգտակար գործողության գործակցով չեն զիջում փայտին, եւ որ անցնելով բրիկետների՝ քաղաքացին իր ներդրումն է անում անտառների պահպանության գործում։

«Էկո Ռեյնջ» ընկերության համահիմնադիր Սուրեն Դավթյանը պատմում է, թե ինչ դժվարություններ ունի ծղոտե բրիկետների արտադրությունը. «Գրքում կարդալը մի բան է, իսկ երբ սկսում ես աշխատել, բավականին բարդությունների ես հանդիպում։ Նախորդ տարի շատ հումք չունեինք։ Ժամանակն անցավ սովորելու, արտադրամասը կառուցելու և հարմարեցնելու վրա։ Մենք հումք գնեցինք ձմռանը, երբ ծղոտը բարձր գին ունի։ Նախորդ տարին էքսպերիմենտալ էր, շատ քիչ էլ արտադրություն ունեցանք, ինչը կանխատեսել էինք»։

Տեղյակ չլինելով, որ աշխարհում արդեն ծղոտն օգտագործում են որպես վառելիք, Սուրեն Դավթյանը ոգեւորված է եղել իր «բացահայտումով»։ Եվ մեծ հիասթափություն է ապրել՝ համացանցում տեսնելով, որ Եվրոպայում արդեն արտադրում են բրիկետներ ծղոտից։

«Մեր գործունեության առաջին նպատակն ի սկզբանե եղել եւ մնում է էկոլոգիական ներդրումը, հետո արդեն՝ բիզնես շահը։ Ծղոտից վառելիք պատրաստելու շնորհիվ մեր անտառները կարելի է բավականին պաշտպանել ու փրկել մեծ ծավալի հատումներից»,- ասում է մասնագիտությամբ տնտեսագետ-մաթեմատիկոս Սուրեն Դավթյանը։

Ծղոտը գնում են շրջակա գյուղերից՝ տուկերով, հետվճարային սկզբունքով։ Գնված ծղոտը մանրացվում է արտադրամասում եւ խտացվում։ Արդյունքում ստացվում է շատ խիտ եւ չոր նյութ, որը հենց այդ խտության եւ չորության հաշվին բավականին բարձր ՕԳԳ-ով օգտագործվում է որպես վառելիք։ Ի տարբերություն վառելափայտի, որը հիմնականում վաճառվում է խոնավ վիճակում, եւ որի ջերմության մի մասը գնում է ներքին խոնավությունը չորացնելու վրա, ծղոտե բրիկետները հաստատուն ջերմություն են տալիս։

Ըստ մասնագիտական գրականության՝ 16 տոկոս խոնավության պայմաններում ծղոտի 1 կգ-ի ջերմատվությունը կազմում է 4200 կԿալ։ Մեկ կիլոգրամ չոր փայտը, որի խոնավությունը հաշվարկվում է 25 տոկոս, ունի 2500 կկալ ջերմատվություն։

Համարվում է, որ 1 խմ ծավալով բրիկետը ջերմատվությամբ համարժեք է 3,3 խորանարդ մետր վառելափայտին։ Եթե հաշվի ենք առնում, որ վառելափայտը վաճառվում է խոնավ վիճակում, եւ որ շատ հաճախ փայտի վաճառքի ժամանակ գնորդներին խաբում են ծավալում, ապա կարելի է ասել՝ բրիկետը նախընտրելի է փայտից։ Իսկ երբ հաշվի ենք առնում բնապահպանական գործոնը, ապա էկո-բրիկետները պարզապես փրկություն են։

Բրիկետի 1 տոննան վաճառվում է 80 հազար դրամով։ Այս տարի Արարատյան դաշտում եւ հարակից մարզերում վառելափայտի 1 խմ-ն 20-25 հազար դրամ է։

«Եթե հնարավորություն լինի ավելի էժան վաճառելու, մենք կանենք դա։ Բայց դրա համար մեզ ժամանակ է պետք»,- ասում է Սուրեն Դավթյանը։ Նա պնդում է, որ Հայաստանում ծղոտի պաշարները շատ մեծ են, եւ դրանով կարելի է ապահովել ողջ բնակչության ջեռուցումը։ Բանն այն է, որ էկո-բրիկետներ կարելի է արտադրել նաեւ եղեգից, արեւածաղկի ու եգիպտացորենի ցողուններից։

«Էկո Ռեյնջը» բրիկետների արտադրության մասշտաբները մեծացնելու բնապահպանական ծրագիր ունի պատրաստած, ակնկալում է կառավարության աջակցությունը։

«Եթե պետությունը ձեռնամուխ լիներ և ենթակառուցվածքների միջոցով մեզ աջակցեր, օրինակ, մարզպետարանները կամ գյուղապետարանները օգնեին հավաքագրել գյուղերի ծղոտը, էն, որ մարդիկ աշնանն այրում են արտերում, մենք գյուղացիներին ինչ-որ ժամանակացույցով կվճարեինք ու կունենայինք մեծ արտադրություն։ Մեր նպատակն է տարբեր մարզերում արտադրամասեր հիմնել, որոնք կզբաղվեն զուտ ծղոտի վերամշակմամբ վառելիք ստանալով։ Ֆերմերները ծղոտը կհանձնեն, դրա դիմաց կստանան վառելիք։ Եթե ծղոտի բրիկետները նույնիսկ փայտից շատ էժան էլ չեն, միեւնույն է, մենք սրանով փրկում ենք անտառները»,- ասում է Սուրեն Դավթյանը։

Ծղոտից բրիկետ պատրաստելու պրոցեսում կորուստ գրեթե չկա։ 1 տոննա ծղոտից դուրս է գալիս նույնքան բրիկետ։ Կորուստ ասվածը փոշենման զանգված է, որ ծխի նման դուրս է գալիս ծխնելույզից։

«Էկո Ռեյնջ» ընկերության արտադրամասի մասին կառավարական որոշ օղակներում արդեն գիտեն։ Բնապահպանության նախարարության եւ այլ պետական մարմինների հետ նամակագրություն է եղել, ՓՄՁԶԱԿ-ն աջակցել է ցածր տոկոսադրույքով վարկով։

Ընկերությունն ակնկալում է, որ համագործակցությունը լայն մասշտաբների կհասնի՝ ուղղված լինելով այլընտրանքային վառելիքի արտադրության ծավալների մեծացմանն ու դրանով իսկ ծառահատումների տեմպի նվազեցմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter