HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երիտասարդ հայ» հանդես. Բագրատ Շահվերդյան և Արարատ Թովմասյան

սկիզբը                                     

Բագրատ Շահվերդյանն իր գործունեությունն սկսել է 1963 թվականին: Մինչեւ 1970-ականների կեսերը հրապարակում եղած հայ այլախոհներից նա առանձնանում է ծավալված  այլախոհական  գործունեության  նկատմամբ  իր  ուրույն  մոտեցմամբ:  Եթե մինչեւ Շահվերդյանն ու նրանից հետո (չհաշված իրավապաշտպաններին) եղած գործիչները, խմբակներն ու խմբերը, նաեւ` արդեն ձեւավորված Ազգային միացյալ կուսակցությունը,  Հայաստանին  ու  հայ  ժողովրդին  հուզող  խնդիրները  լուծելու  համար ձեւավորում էին գաղտնի կազմակերպություններ, զբաղվում ձեռագիր ու տպագիր նյութերի գաղտնի պատրաստմամբ, բազմացմամբ ու տարածմամբ, ապա Բագրատ Շահվերդյանը` նման գործունեությանը փորձում էր համադրել նաեւ բաց, հնարավորինս անթաքույց գործունեություն:

Մինչ այդ` 60-ականներին նա էլ է զբաղվել միմիայն գաղտնի գործունեությամբ. տարածել է թռուցիկներ,   համախոհների   հետ   գաղտնի   կազմակերպություն է հիմնել, ընդհատակյա տպարան կազմակերպելու փորձեր է արել ու ժամանակ անց բացահայտվել է: Բացահայտումից հետո եկել է համոզման, որ ընդհատակյա գործունեությունն արդյունավետ չէ, եւ որոշել է տեղափոխվել գործունեության մի այնպիսի դաշտ, որն իրեն ու իր համախոհներին հնարավորություն կընձեռեր զբաղվել բացահայտ քարոզչությամբ, որի նպատակը պետք է լիներ հասարակության ակտիվ հատվածին, նաեւ լայն հասարակական շերտերին քարոզչության միջոցով հասցնել այն հանգրվանին, որտեղից կսկսվեր կասկածը խորհրդային պետության հռչակած դոգմաների նկատմամբ, եւ թոթափելով վախն ու ավելորդ զգուշավորությունը` մարդիկ կկարողանային ազատորեն գնահատել իրականությունը եւ ի վերջո` հանգել դրա փոփոխման անհրաժեշտությանը: Փորձել է, տեղավորվելով թույլատրելիի սահմաններում, գործել բացահայտ:

Բայց անգամ նրա բացահայտ գործունեությունը գաղտնիության մեծ պաշար է պարունակել: Կազմակերպել է ուսանողական ու աշակերտական խմբակներ, որոնք ուսումնասիրել են հայկական մշակույթը, հավաքել ազգագրական երգեր, կարդացել ու տարածել արգելված գրականություն, նշել ազգային ծեսեր: Այդ խմբակներից մեկի օժանդակությամբ նախաձեռնել է «Երիտասարդ հայ» վերնագրով հանդեսի հրատարակություն, որտեղ, ի թիվս այլ նյութերի, եղել է նաեւ անկախության  անհրաժեշտության  մասին  հոդված,  ինչն  արդեն  կալանավորման  ու դատապարտման լուրջ առիթ էր: Իր նախընտրած հրապարակային գործունեության սահմաններում` իր իսկ ստորագրությամբ խորհրդային իրականությունը քննադատող նամակներ է գրել խորհրդային տարբեր թերթերի ու ամսագրերի խմբագրություններ: Հանդես է եկել դիմումներով: Հայաստանում, մինչեւ 1976-77 թթ. իրավապաշտպանների հանդես գալը, այս կարգի բացահայտ գործունեությամբ Բագրատ Շահվերդյանն առանձնանում է:

Լրատվամիջոցների խմբագիրներն, իրենց  նախաձեռնությամբ, նրա նամակները փոխանցել են ՊԱԿ-ին, որոնք հետագայում Շահվերդյանին առաջադրված մեղադրանքի մաս են կազմել:

Արարատ Թովմասյանը նույնպես նամակներ է գրել «Պրավդա» թերթի խմբագրություն եւ Բրեժնեւին:

Բագրատ Շահվերդյանը Խորհրդային Հայաստանում առաջիններից մեկն էր, որը կարեւորում ու ընդգծում էր մարդու իրավունքների թեման:  Իր  ելույթներում  ու նամակներում  հաճախ  է  անդրադառնում  Խորհրդային Միությունում մարդու իրավունքների բնագավառում տիրող տխուր վիճակին:

Հատկանշական է, որ Բագրատ Շահվերդյանի կալանավորումից ու դատապարտումից հետո` նրա կազմակերպած խմբակների անդամները, չնայած ընդհատակյա պայքարի նկատմամբ Շահվերդյանի ունեցած վերաբերմունքին, անդամագրվեցին ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցությանը եւ դարձան ԱՄԿ ակտիվ անդամներ: Նրանցից ոմանք հետագայում դատապարտվեցին որպես ԱՄԿ-ականներ:

Ե՛վ Արարատ Թովմասյանը, ե՛ւ Բագրատ Շահվերդյանը դեռ 60-ականներին են ՊԱԿ-ի կողմից նախազգուշացվել իրենց ծավալած գործունեության համար. Թովմասյանն առաջին անգամ 1966-ին` թռուցիկներ տպագրելու եւ Ղարաբաղում տարածելու համար, իսկ երկրորդ անգամ`1968-ին, երբ ապրիլի 24-ի կապակցությամբ փորձել է Արարատ քաղաքում ցույց կազմակերպել: Նույն թվականներին նախազգուշացվել է նաեւ Բագրատ Շահվերդյանը:

Երկուսն էլ դատապարտվել են ՀԽՍՀ քր.օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա) եւ 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը): Բագրատ Շահվերդյանին դատապարտել են նաեւ 156 հոդվածի 1-ին մասով (սպեկուլյացիա` շահ ստանալու նպատակով ապրանքներ կամ այլ առարկաներ գնելն ու վաճառելը):

Ի դեպ, ըստ գործով հրապարակված դատավճռի՝ Շահվերդյանը եւ Թովմասյանը իրենց պատիժը պետք է կրեին համեմատաբար մեղմ՝ խստացված ռեժիմի կալանավայրում, ինչը անհասկանալի է, որովհետեւ քր. օր-ի 65 եւ 67 հոդվածներով դատապարտվածները իրենց պատիժը կրում էին խիստ ռեժիմի հատուկ առանձնացված կալանավայրերում: Սա է եղել պատճառը, որ Շահվերդյանին ու Թովմասյանին պատիժը կրելու համար սկզբում տարել են Միջին Ասիա: Ավելի ուշ են միայն հասկացել թյուրիմցությունը, եւ առանց դատավճռում համապատասխան փոփոխություն կատարելու, որը միայն նոր դատավճռի կայացմամբ պետք է տեղի ունենար, Միջին Ասիայից  նրանց  տեղափոխել  են  քաղաքական  կալանավորների  համար  նախատեսված Ուրալյան խիստ ռեժիմի կալանավայր: Փաստորեն, դատավճռով նախատեսված մեղմ ռեժիմը կամայականորեն փոխել են խիստ ռեժիմի: Սա օրենքի ուժ ստացած դատավճռի պահանջի կոպտագույն խախտում է եւ վկայում է, թե խորհրդային իշխանություններն ինչպես էին վերաբերվում իրենց իսկ կայացրած դատավճռներին:

 

Բագրատ Լեւոնի Շահվերդյանը ծնվել է 1940 թ., Ալավերդու շրջանի Այգեհատ գյուղում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Այլախոհական գործունեությամբ    սկսել է զբաղվել ուսանողական տարիներից: Ծավալած ակտիվ գործունեության համար մի քանի անգամ նախազգուշացվել է պետանվտանգության մարմինների կողմից, հեռացվել է կոմերիտմիությունից ու ինստիտուտից: Առնչվել է 60-ականների երկրորդ կեսին եւ 70-ականների սկզբին գործող բազմաթիվ այլախոհների ու անլեգալ գործող կազմակերպությունների հետ: Առաջ է քաշել այն թեզը, որ այլախոհների հիմնական նպատակներից պետք է լինի հայ ժողովրդին ինքնաճանաչողության մղելը, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել քաղաքական խնդիրներից ու անկախությունից:

Կալանավորվել է 1973 թ. մարտին: Դատապարտվել է 5 տարի ազատազրկման եւ 2 տարի աքսորի: Պատիժը կրել է Պերմի կալանավայրերում:

Գրել է բանաստեղծություններ: Կալանավայրում գրած նրա «Երուսաղեմ» բանաստեղծությունը նոտագրել է քաղբանտարկյալներից մեկը, որն արտերկիր է ուղարկվել: Հետագայում այդ երգը ժամանակ առ ժամանակ հնչել է Իսրայելի ռադիոյով: Եղել է կալանավայրի ամենաակտիվ ու հեղինակություն վայելող կալանավորներից մեկը: Ըմբոստ վարքի համար  խստացվել  է  նրա  ռեժիմը,  տեղափոխել  են  Վլադիմիրի  բանտ:  Աքսորը  կրել  է Թուրքմենիայում: Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Երեւան, վերցվել է ոստիկանական հսկողության տակ: 1987 թ. մեկնել է ԱՄՆ, մշտական բնակության:

 

Արարատ Սիրեկանի Թովմասյանը ծնվել է 1927 թ., Մարտունու շրջանի Գետաշեն

գյուղում: Ազգային-հայրենասիրական գործունեությամբ սկսել է զբաղվել 60-ականների կեսերից: Արարատ քաղաքում ստեղծել է «Հայ հայրենասերների միություն» անունը կրող կազմակերպություն: Կալանավորվել է 1973 թ. ապրիլին: Դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Ազատ է արձակվել վաղաժամ: Բնակվել է Արարատ քաղաքում: Վախճանվել է 2008 թ.:

 

                       Պատմում է Բագրատ Շահվերդյանը

  (Ինչպես գրքում առկա մյուս հուշ-պատմությունները, այնպես էլ այս մեկը ձայնագրվել, ապա՝ վերծանվել ու վերջնական տեսքի է բերվել մեր կողմից։ Այն առաջին դեմքով է ներկայացվում անհատական զգացմունքները հնարավորինս լավ տեղ հասցնելու նպատակով)

 

Հայրենասիրական-քաղաքական գործունեության մեջ, որքան այսօր կարողանում

եմ հիշել, ներգրավվել եմ այն բանից հետո, երբ գյուղինստիտուտի աշխատակից, իմ համերկրացի` լոռեցի Էդիկ Բեգլարյանը տվեց ինձ Բոգդան Գեմբարսկու նամակը: Դա

երեւի 1963 թվականն էր: Նամակը ցնցող տպավորություն թողեց ինձ վրա: Նամակի վերջում տպագրված էր Գեմբարսկու հասցեն: Նամակն ինձ անսահման հուզել էր. կարդում էի ընկերներիս համար, զրուցում մարդկանց հետ այդ թեմայով: Անգամ նամակ գրեցի Գեմբարսկուն: Գեմբարսկուն գրված նամակիս նրա աղջիկը պատասխանեց. բողոքում էր սփյուռքի հայկական կազմակերպություններից, որ հայկական հարցի հետ կապված` հորը որեւէ աջակցություն չեն ցուցաբերում:

1964 թվականին մի քանի տղաներով` ես, Գսպոյան Գրիգորը, համալսարանից մի քանիսը, որոնց անուններն այսօր մոռացել եմ, հավաքվեցինք, ու ես առաջարկեցի մի կազմակերպություն ստեղծել, որը կզբաղվի Գեմբարսկու նամակի եւ նման այլ նյութերի բազմացմամբ ու տարածմամբ: Որոշեցինք կազմակերպությունն անվանել «Հայ հայրենասերների միություն»: Տպագրական միջոցների բացակայության պատճառով մեր ձեռքի տակ հայտնված նյութերի տպագրման ու բազմացման հետ կապված անլուծելի խնդիրներ ունեինք: Ստիպված էինք մտածել սեփական տպարան ստեղծելու մասին: Հետաքրքրվեցինք, թե ով կարող է տպարանից տառեր հայթայթել: Մեր ընկերներից մեկի ծանոթը, ուսմանը զուգահեռ, երեկոյան աշխատում էր տպարանում: Նա խոստացավ  տպարանից  մեզ  համար  տպատառեր  բերել:  Այն  տարիներին  սա  լուրջ  ու վտանգավոր գործ էր եւ պետք է արվեր այնպես, որ չիմացվեր: Որոշ ժամանակ անց այդ երիտասարդն ինչ-որ քանակության տառեր բերեց: Բայց գործն սկսելու համար դա քիչ էր: Հաջորդ խմբաքանակը բերելիս` բռնվեց: Բնական է, որ առաջին իսկ հարցաքննության ժամանակ պատմել էր, թե ում համար են նախատեսված տառերը: Այդպես` 1964 թ. առաջին անգամ ես հայտնվեցի Պետական անվտանգության կոմիտեում: Քանի որ եղածը մի լուրջ բան չէր, ընդամենը Գեմբարսկու նամակն էր ու տառեր հայթայթելու անհաջող փորձը, մեզ բաց թողեցին:

Արդեն մոտենում էր 1965 թվականը` Եղեռնի 50-ամյակը: Որոշեցինք, որ ինչ-որ կերպ պետք է նշվի, ինչ-որ բան պետք է արվի: Մեկն առաջարկեց` քանի որ տպարան կամ տպագրական այլ միջոց չունենք, նյութերը բազմացնենք ֆոտոգրաֆիկ եղանակով: Այդ եղանակով մեծ քանակությամբ թռուցիկներ բազմացրինք ու տարածեցինք: Դրանք հիմնականում վերաբերում էին Եղեռնին: Ասվում էր, որ պետք է հիշվի եւ պաշտոնապես նշվի, պետք է ունենանք հուշարձան եւ նման այլ մտքեր, որ այսօր գուցե առօրեական են, բայց այն ժամանակ դրանք համարվում էին խիստ ազգայնական ու վնասակար եւ հետապնդվում էին իշխանությունների կողմից: Թռուցիկներին զուգահեռ կազմակերպում էինք հավաքներ, ինքներս էինք մասնակցում այլոց կազմակերպած հավաքներին:

Ապրիլի 24-ին համալսարանում կազմակերպված հավաքից հետո այցելեցինք Կոմիտասի շիրիմին: Այնտեղ մեզ ձերբակալեցին ու տարան ոստիկանություն: Մյուս օրը բաց թողեցին: Հետո իմացանք, որ ոմանց ավելի երկար են պահել: 1965 թ. դեպքերից հետո պոլիտեխնիկական ինստիտուտում կոմերիտմիության հատուկ ժողով կազմակերպվեց, որտեղ քննարկման էր դրվել իմ հարցը: Ժողովը վճռեց հեռացնել ինձ կոմերիտմիությունից: Սա ինձ այնքան էլ մեծ ցավ չպատճառեց, բայց սրա հետ մեկտեղ` հայտարարեցին, որ մեկ տարով էլ հեռացնում են ինստիտուտից: Որոշեցին, որ պետք է հեռացվեմ մեկ տարով, գնամ բանվորություն անեմ, կանգնեմ ուղղման ճանապարհին եւ ուղղվելուց հետո`վերականգնվեմ: Սա ինձ համար ե՛ւ անակնկալ էր, ե՛ւ ցավ: Խնդրում էի, որ ինստիտուտից չհեռացնեն, բայց վճիռն արդեն կայացրել էին:

Այս դեպքերից հետո եկանք եզրակացության, որ ՊԱԿ-ին խաբել չենք կարող: Միեւնույն է, նրանք գործակալների միջոցով իմանալու են մեր յուրաքանչյուր քայլի մասին: Որոշեցինք փոխել մեր մարտավարությունը: Ամենուր հայտարարում էինք, որ անլեգալ որեւէ գործ չենք անում, մեր ողջ գործունեությունը բաց է: Ստեղծում էինք խմբակներ հանրապետության տարբեր շրջաններում եւ ուսումնական հաստատություններում, կազմակերպում էինք արշավներ: Թատերականի մեր աղջիկների, մեզ հետ համագործակցող երգիչների հետ այցելում էինք հայրենադարձների, գրի էինք առնում պատմություններ ու երգեր: Երգում էինք դրանք: Կազմակերպում էինք հանդիպումներ ժամանակի ազատամիտ մտավորականների հետ: Այս ամենին զուգահեռ, խիստ գաղտնի`այնպես, որ ոչ ոք չիմանար, պահպանել էինք «Հայ հայրենասերների միություն» կոչվող մեր կազմակերպությունը: Մշակել էինք երդման տեքստ:

Երեւանի 2750-ամյակի տոնակատարությունների ժամանակ Լենինի հրապարակում մի երեսուն հոգով երգեցինք «Մեր հայրենիքը»: Բոլորը զարմացած մեզ էին նայում:

Այս շրջանում, հիմա չեմ հիշում, թե ում միջոցով, ծանոթացա Ստեփան Զատիկյանի հետ, ու մտերմացանք: Հաճախ էի լինում նրանց տանը: Նրան դուր էին գալիս մեր հավաքած ազգագրական երգերը, ինքն էլ էր երգում: Շատ ավելի ուշ նա ինձ ասաց Ազգային միացյալ կուսակցության մասին: Ինձ տվեց ԱՄԿ երդումը, այլ նյութեր: «Փարոսի» տպագրությունից հետո ինձանից կարծիք հարցրեց: Ասացի, որ իմ կարծիքով` հակակոմունիզմն այն ճանապարհը չէ, որով պետք է տանենք մեր ժողովրդին: Ասացի, որ ես էլ կոմունիստական գաղափարները չեմ ընդունում, բայց կարծում եմ, որ սկզբում պետք է մեր ժողովրդին տանենք ինքնաճանաչողության, հետո նոր արդեն` անկախություն եւ այլն: Ասացի` գուցե հետաքրքիր է հակակոմունիզմը, սուր նացիոնալիզմը, բայց դրանք արդյունքի բերել չեն կարող: Բացատրում էի, որ անգամ մեզնից` միայն ազգային գործունեությամբ զբաղվողներիցս են մարդիկ զգուշանում ու խուսափում, էլ ու՞ր մնաց` հակակոմունիզմ ու անկախություն. մարդիկ դրանից սարսափելու են ու չեն ընդունելու: Բայց նա չընդունեց իմ տեսակետները: Մենք շարունակեցինք մնալ լավ բարեկամներ, բայց ոչ` գաղափարակիցներ:

Հանդիպում էինք այդ տարիներին գործող տարբեր հայրենասիրական կազմակերպությունների հետ: Հանդիպեցինք նաեւ Վալտեր Մելիքյանենց խմբին: Այն ժամանակ հաճախ էր խոսվում կազմակերպությունները միավորելու եւ մեկ ընդհանուր կազմակերպությամբ գործելու մասին, ինչին ես միշտ դեմ էի լինում: Ես շեշտը շարունակում էի դնել բաց գործունեության վրա` պնդելով, որ ցանկացած գաղտնի կառույցի մեջ ՊԱԿ- ն ունենալու է իր գործակալներին, եւ շատ ավելի լավ ու ապահով է բաց գործելը: Այդպես էլ աշխատում էինք: Ուսանողների միջոցով կարողացել էինք կառույցներ ստեղծել տարբեր շրջաններում:

Թե ով էր ստեղծել Արարատ Թովմասյանի խումբը` չգիտեմ: Մենք շատ շրջաններում խմբեր ունեինք: Արարատի խումբը միակը չէր: Հետագայում, երբ ձերբակալեցին ինձ, հենց Արարատի խմբի հետ կապեցին: Այդպես էլ պարզ չդարձավ ինձ համար, թե ԿԳԲ-ն ինչու՞ հատկապես այս խումբն ընտրեց ու կապեց ինձ հետ: Մեր աղջիկները մի հանդես էին հրապարակել, որի մեջ տարբեր բնույթի հոդվածներ կային: Նաեւ հոդված կար անկախության մասին: Վճռորոշը երեւի այդ հոդվածն էր: Հանդեսը կոչվում էր «Ե - րիտասարդ հայ»: Այդ հանդեսը ես տվել էի Արարատ Թովմասյանին: Նա էլ, իր հերթին, Արարատ քաղաքում ցույց էր տվել իր խմբի անդամներին: Ֆորմալ առումով սա

էր նրա ձերբակալման առիթը: Նախաքննության ժամանակ նա չէր հայտնել, որ հանդեսն ինձանից է ստացել: Իրենց խմբից ինձ այլ ճանաչողներ էլ կային: Նրանք էին իմ

անունը տվել: Այս ճանապարհով ինձ կապեցին Արարատ Թովմասյանի խմբի հետ: Արարատի ձերբակալման ժամանակ ես Մոսկվայում էի: Այնտե՛ղ էլ ձերբակալեցին: Արարատը մեծ ընտանիք ուներ, վարորդ էր աշխատում: Ես ոչ միայն չէի ցանկանում,

այլեւ ամեն ինչ անում էի, որ նա չդատապարտվի: Բայց ինքը շատ ազնիվ մարդ էր, չէր թաքցնում իր հայացքները եւ բացասական վերաբերմունքը սովետների հանդեպ: Առաջին օրը դատարանում ինձ ասաց, թե պատրաստվում է հայտարարել, որ ինչ արել է` լավ է արել եւ չի ափսոսում արածի համար: Հիշում եմ` դատական նիստի ժամանակ Արարատը կոպիտ խոսքերով հայհոյեց Լենինին` հայտարարելով, որ նա է ծախել Հայաստանը: Դատավորը սարսափած տեսք ուներ, չգիտեր ինչ անի: Արարատին դատելու ոչ մի հիմք չունեին: Այդպես կարող էին դատել բոլորին, ում ես հանդիպել էի: Կարծում եմ, Արարատին դատապարտելու պատճառը` նախաքննության ու դատավարության ընթացքում նրա ցուցաբերած հանդգնությունն էր: Հետագայում` ժամանակ անց կալանավայրում իմացա, որ նրան ստիպել, թե համոզել են, որ ներման խնդրագիր գրի: Դրանից վատ չզգացի ու չդատապարտեցի: Լավ է, որ Արարատը համաձայնել էր: Մտքումս ուրախ էի, որ կվերադառնա իր երեխաների մոտ:

Մինչեւ իմ ձերբակալությունը, տարիներ շարունակ բազմաթիվ նամակներ եմ գրել տարբեր թերթերի ու ամսագրերի խմբագրություններ` «Ավանգարդ», «Գարուն», «Գրական թերթ» եւ այլն: Նախաքննության ընթացքում իմացա, որ իմ բոլոր նամակներն այդ թերթերի խմբագիրները կից գրությամբ` այն մասին, որ դրանք ունեն հակասովետական բովանդակություն, ուղարկել են Պետանվտանգության կոմիտե: Մինչեւ այսօր հիշում եմ «Գարունի» խմբագրի գրությունը, որտեղ նա տեղեկացնում էր չեկիստներին, որ ես հակասովետական ու ազգայնական մտքեր եմ արծարծել իմ նամակում: Եվ ոչ միայն նա: Այս մտավորական կոչվածները կարող էին չանել դա, կարող էին նամակներս ետ ուղարկել ինձ, կարող էին թողնել անհետեւանք, կարող էին պատռել ու դեն նետել, բայց սրանցից յուրաքանչյուրը նախընտրել էր դրանք ուղարկել Պետանվտանգության կոմիտե: Քրեական գործին ծանոթանալիս այս հանգամանքը շատ տխրեցրեց ինձ: Հետո հանգստացա` հասկանալով, որ սա էր նրանց բնույթը: Այդպիսին էին նրանք:

Դատապարտվելուց  հետո  ինձ  տարան  էտապ:  Յուրաքանչյուր  կալանավորի համար բանտային կյանքի ամենադաժան շրջանն էտապն է: Երեւան - Թբիլիսի - Ռոստով - Վոլգոգրադ - Ղազախստան - Պերմ. սա էր իմ բանտային ճանապարհորդությունը: Պերմի մարզի Չուսավոյի շրջանում էին գտնվում քաղաքական գաղութները: Ես նստած էի 35-րդ գաղութում: Այնտեղ հայերից իր ազատազրկման շրջանն էր ավարտում Թորոսյան Սարգիսը: Հետագայում այդտեղ բերեցին Բուդաղյան Յուրիկին, իսկ մեկ տարի անց` Զոհրաբյան Ռազմիկին: Անմիջապես ներգրավվեցի գաղութային կյանքի մեջ. մասնակցում էի բողոքի ակցիաներին, մտերմություն էի անում հայտնի քաղաքական կալանավորների հետ: Հատկապես մտերիմ էի ուկրաինացի եւ մերձբալթյան ազգայնականների ու հրեաների հետ: Հայտնի այլախոհ Վլադիմիր Բուկովսկու հետ, ում հետագայում փոխանակեցի Չիլլիի կոմունիստական կուսակցության առաջնորդ Լուիս Կառվալանի հետ, դարձանք մտերիմ ընկերներ: Գաղութի կարի արտադրամասում մեքենաների աշխատանքի ռիթմի տակ մի քանի բանաստեղծություն գրեցի: Բանաստեղծություններից մեկը կոչվում էր «Երուսաղեմ»: Կալանավորներից մեկը նոտագրեց, ու կարողացանք գաղտնի ճանապարհով դուրս ուղարկել: Հետագայում Երուսաղեմի ռադիոյով` այդ տարիներին երբեմն-երբեմն հնչում էր: Իմ դրսեւորած ակտիվ գործունեության համար` որպես պատիժ խստացրեցին իմ պահման ռեժիմը տեղափոխեցին Վլադիմիրի բանտ: Ինձանից մի երկու ամիս առաջ այնտեղ էին տարել Բուկովսկուն: Մենք նույն խցում էինք:

Բանտում իմացա, որ Զատիկյան Ստեփանն իրականացրել է Մոսկվայի մետրոյի պայթյունն, ու շատ զարմացա: Մոսկվայից եկան ինձ հարցաքննելու: Ասացի, որ Զատիկյանին լավ եմ

ճանաչում. զարմացած էի, որ նման քայլի է դիմել: Մինչեւ այսօր այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչը պետք է Ստեփանի կարգի կազմակերպված, պատրաստված, համեստ ու հայրենասեր մարդուն դրդեր նման քայլի:

Ես առողջական բավականին լուրջ խնդիրներ ունեի, բայց հրաժարվում էին հիվանդանոց տանել ինձ: Ահա այդ օրերին էլ տեղի ունեցավ Բուկովսկու փոխանակումը: Եվրոպայում հայտնվելով` Բուկովսկին առաջին հերթին հայտարարել էր իմ առողջական խնդիրների մասին, եւ ինձ մեկ ամսով տեղափոխեցին հիվանդանոց: Ազատազրկման ավարտից հետո ինձ տարան Թուրքմենիա` աքսոր: Այնտեղ սովխոզի պահակ էի աշխատում եւ ապրում պահակի համար նախատեսված հյուղակում:

Աքսորիս ավարտից հետո կանչեցին ինձ ու ասացին, որ պետք է Երեւան վերադառնամ հատուկ իրենց նախանշած երթուղով: Բողոքեցի` ասելով, որ արդեն ազատ մարդ

եմ եւ ինչպես ցանկանամ` այդպես էլ կգնամ: Նրանք շարունակում էին պնդել իրենց պահանջը: Ամեն ինչ անում էին, որ Մոսկվա չհասնեմ: Սակայն, ճանապարհին փոխեցի գնացքը եւ մեկնեցի Մոսկվա, հանդիպեցի այլախոհների, ինձ հետ նստած քաղկալանավորների   ընտանիքների   անդամներին ու նոր միայն մեկնեցի Հայաստան:

Երեւանում անմիջապես կանչեցին ոստիկանություն եւ տեղեկացրին, որ վերցվում եմ հատուկ հսկողության տակ: Իսկ դրանից բխում էր, որ երեկոյան ժամը ութից հետո տնից

դուրս գալու իրավունք չունեմ, Երեւանից բացակայել կարող եմ միայն իրենց հատուկ

թույլտվությամբ, հասարակական ու մարդաշատ վայրերում` կինոթատրոններ, միջոցառումներ, ֆուտբոլ եւ նման այլ վայրեր այցելելու իրավունք չունեմ եւ պարտադիր պետք է աշխատանքի ընդունվեմ, հակառակ դեպքում`պորտաբուծության համար կդատապարտեն ինձ: Սակայն, իմանալով, թե ինչ հոդվածով եմ դատապարտված եղել, աշխատանքի չէին ընդունում: Փակ շղթա էր: Կայարանի մոտակայքում ընթացող մի շինարարությունում մեծ դժվարությամբ կարողացա տեղավորվել որպես բանվոր: Մի ամբողջ տարի բանվոր աշխատեցի, մինչեւ որ «Հանուն Հայրենիքի» ամսագրի տպագրության համար դատապարտված ու ինձանից շուտ Հայաստան վերադարձած Շիրակ Գյունաշյանի միջնորդությամբ` որպես ինժեներ տեղավորվեցի գազի հիմնարկությունում: Մի քանի   տարուց   սկսվեց   Պերեստրոյկան:   Կալանավայրից   վերադարձավ   Հայրիկյան Պարույրը: Նախաձեռնեցինք Ազատ Արշակյանի եւ Աշոտ Նավասարդյանի պաշտպանության կոմիտե: Հետագայում ազատ արձակվեցին նաեւ նրանք: Հայաստանում ոչինչ չունեի: Ամուսնացած էի, վարձով էի ապրում: Առաջարկություն ստացա տեղափոխվել ԱՄՆ: Ընդունեցի հրավերը եւ 87-88 թվականներից ապրում եմ Ամերիկայում:

         Շահվերդյանի եւ Թովմասյանի գործով կայացված դատավճիռը

(Այս դատավճիռը տպագրում ենք այնպես, ինչպես ստացել ենք ԱԱԾ-ից` վկաների ջնջված անուններով, քանի որ դրանք լրացնելու մեր ջանքերն արդյունք չտվեցին)

                                                                                                                                             Գործ նո․ 105

                                                                                                                                              1973թ․

 

                                                       ԴԱՏԱՎՃԻՌ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ

 

                                                          1973թ. դեկտեմբերի 10-ին

 

                                    Նախագահությամբ`  Ա. Քեշիշյանի

                                    Ատենակալներ`         1. Ս. Հայրապետյանի

  1. Պ. Ասատրյանի

                                    Քարտուղարությամբ`           Շ. Օխիկյանի

                                    Մասնակցությամբ պետական մեղադրող

                                                    Դատախազ`          Պ. Թոխյանի

Քննության առնելով դռնբաց դատական նիստում քրեական գործը ըստ մեղադրանքի

1․Բագրատ Լևոնի Շահվերդյանի, ծնված 1940թ Ալավերդու շրջանի Այգեհատ գյուղում (այժմ Թումանյան շրջան գյուղ Դանուշավան) ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ամուրի, խնամքին ոչ ոք, բարձրագույն կրթությամբ, մասնագիտությամբ ինժեներ-կոնստրուկտոր, անկուսակցական, նախկինում չդատված, ֆիզիկապես առողջ, 1971թ. սեպտեմբերից հետո մինչեւ իր կալանավորվելը հանրօգուտ աշխատանքով չի զբաղվել: Կալանքի տակ է 1973 թ. մարտի 20-ից: (չնայած կալանքի թույլտվությունը տրվել է 22/3-73թ.), բնակվել է Մարտունի ավանում, (որտեղ այժմ բնակվում են մայրն ու քույրը), իսկ 1970թ. հետո առանց գրանցվելու բնակվել է Երեւանում տարբեր տեղերում (իր ընկերների, ծանոթների մոտ):

     Մեղադրվում է քր. օրի 65 հ. 1-մ., 67 հ. եւ 156 հ. 1-մ:

 

2․Արարատ Սիրեկանի Թովմասյանի, ծնված 1927թ. Մարտունու շրջանի Գետաշեն գյուղում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ամուսնացած, խնամքին վեց անձ, միջնակարգ կրթությամբ, վտարված ՍՄԿԿ շարքերից (հ.10 գթ. 250-253, 282-287), նախկինում երկու անգամ դատապարտված ուղղիչ աշխատանքի (26/9-69թ. քր. օր 109 հ. 2-մ. եւ 4/10-71թ., 123 հ. 1-մ.) աշխատել է Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատում որպես վարորդ, կալանքի տակ է 1973թ. ապրիլի 6-ից, բնակվել է Արարատի շրջանի Արարատ քաղաքի Շահումյան փողոց 55, բն. 15-ում:

      Մեղադրվում է քր. օր 65 հ. 1-մ. եւ 67 հոդվածով:

Դատաքննությամբ ամբաստանյալներ Բ. Շահվերդյանի եւ Ա. Թովմասյանի բացատրությամբ, վկաներ Ա-ի Բ-ի Գ-ի Դ-ի Փ-ի Ը-ի Թ-ի եւ մյուսների ցուցմունքներով, խուզարկության արձանագրություններով, իրեղեն ապացույցներով, իրեղեն ապացույցների զննման արձանագրություններով, ձեռագրային եւ քիմիական փորձաքննությունների

եզրակացություններով եւ գործում եղած գրավոր ապացույցներով, քրեական գործերի

դատական կոլեգիան գտավ հիմնավորված հետեւյալը:

     Ամբաստնյալներ Բ. Շահվերդյանը եւ Ա. Թովմասյանը ունենալով նեղ ազգայնական հայացքներ, անբարյացկամ տրամադրվելով Սովետական Միության կողմից կիրառվող ներքին ու արտաքին քաղաքականության նկատմամաբ, տարիներ շարունակ զբաղվել են հակասովետական ագիտացիայով եւ պրոպագանդայով: Թռուցիկների, ոտանավորների ու առանձին հոդվածների ձեւով պատրաստել, տարածել եւ պահել են Սովետական  պետական  եւ  հասարակական  կարգը  արատավորող  գրականություն: Նշված գրականությամբ այն զրպարտիչ միտքն է արտահայտվել, որ իբր ՍՍՀՄ- ում ազգերի իրավահավասարություն գոյություն չունի, որ միութենական հանրապետությունները անկախ չեն, այլ Ռուսաստանի գաղութներն են, Հայկական հողերի մի մասը բոլշեւիկներն են վաճառել թուրքերին, որ ՍՍՀՄ-ում գոյություն չունի դեմոկրատիա, խոսքի եւ մամուլի ազատություն եւ նման բազմաթիվ հերյուրանքներ: Գովերգելով բուրժուական-ազգայնական «դաշնակցություն» կուսակցության քաղաքականությունը կոչ են արել «պայքարել մինչեւ թոթափել բոլշեւիզմի գաղութատիրական արյունոտ շղթաները» (հ. 10 գթ. 149-ծոցատետրի 3-12էջ):

     Ամբաստանյալներ Բ. Շահվերդյանը եւ Ա. Թովմասյանը իրենց ազգայնական հակասովետական նպաակները իրականացնելու համար իրենց շուրջ են համախմբել քաղաքականապես    անհասուն    երիտասարդների    (հատկապես    պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողների) որոնցից կազմել են գաղտնի խմբակներ «հայրենասերներ» անվան պատրվակով: Նրանց ծանոթացրել են իրենց կողմից պատրաստված ու ձեռք բերված հակասովետական գրականության հետ: Այն պատկերացումն են տվել այդ խմբերի անդամներին, որ իբր հայ ազգի զարգացումն ու նրա մշակույթը կանգ առման եւ ասիմիլացիայի վտանգի տակ են:

     Ամբաստանյալներից յուրաքանչյուրը կոնկրետ կատարել է հետեւյալը`

Բ․ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ դեռեւս ուսանող եղած ժամանակ (պոլիտեխնիկական ինստիտուտում) 1965թ. ապրիլին ազգայնական բնույթի թռուցիկներ տարածելու համար նախազգուշացվել է պետական անվտանգության կոմիտեի կողմից նման արարքի անթույլատրելիության մասին: Սակայն Շահվերդյանը դրանից հետեւություններ չանելով 1966թ.  Է-ի  միջոցով  տարածել  է  համանման  բովանդակությամբ  չորս  թռուցիկներ: 1967թ. վկա Զ-ին է տվել երեք ֆոտոթռուցիկներ զրպարտչական բովանդակության, որ իբր ՍՍՀՄ-ում ազգերը իրավահավասար չեն, որ ՍՍՀՄ-ում չկա դեմոկրատիա, ոտնահարվում են հայ ժողովրդի իրավունքները: Կոչ է արվում ստեղծել «Հայկական միացյալ պետություն»:

     1967թ. աշնանը նույն Զ-ին է տվել գաղտնի տպագրված «Փարոս» թերթը որում շարադրված են հակասովետական ազգայնական բովանդակությամբ հոդվածներ, որ իբր Մարքսիզմ-Լենինիզմը նպատակ է հետապնդում հարստահարել փոքր ազգերին:

     1968թ. Շահվերդյանը կրկին անգամ նախազգուշացվել է պետական անվտանգության կոմիտեի կողմից: Այս նախազգուշացումից նույնպես համապատասխան հետեւություններ   չի   արել   եւ   վերջ   չի   տվել   իր   անթույլատրելի   գուրծունեությանը: Շահվերդյանը նման անթույլատրելի արարքների համար վտարվել է ԼԿԵՄ շարքերից: Հակասովետական  բնույթի  գրականություն  տարածելու  նպատակով  Շահվերդյանը 1963-1972թթ. «Գիտություն եւ տեխնիկա», «Սովետական գրականություն» ամսագրերի, «Սովետական Վրաստան» թերթի խմբագրություններին, Հայաստանի գրողների միություն, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի եւ այլ հիմնարկությունների հասցեներով ուղարկվել է 39 ֆոտո-կոչեր, 13 նյութեր` հոդվածներ եւ բանաստեղծություններ: Նրանցից են «Մարդու իրավունքները», «ազգերի մերձեցման քողի տակ», «փաստերը համառ են» «կոչեր սփյուռքի հայությանը», «բաց նամակ ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահությանը,  մինիստրների  սովետին  եւ  կենտրոնական  կոմիտեին»:  Այդ  փաստաթղթերում բացահայտ հերյուրանք է արտահայտված սովետական իշխանության եւ բոլշեւիկների հասցեին, որ իբր բոլշեւիկները սկզբից եւեթ ազգերի լիկվիդացման նպատակ են հետապնդել, որ ՍՍՀՄ-ը իրենից ներկայացնում է «ռուսական կայսրություն», ոչ ռուս ժողովուրդները չունեն ինքնուրյունություն, անկախություն, ենթարկվում են ասիմիլացիայի, որ ռուսները օգտագործում են իրենց օգտին ոչ ռուս ժողովուրդների աշխատանքը:

     Ստեղծված գաղտնի խմբակների հավաքներին մասնակցել են Ա-ն Ժ-ն Բ-ն Ի-ն Ե-ն

Գ-ն Լ-ն Ս-ն եւ ուրիշներ:

     Նշված խմբակներում Շահվերդյանը տարածել է իր կողմից պատրաստված եւ ձեռք

բերված հակասովետական հետեւյալ գրականությունը «մեր ձգտումները եւ նպատակը», «մեր պահանջները», «Հայաստանի միացյալ նախարարությունները», «երազանք եւ իրականություն» «ամնիստիա-հումանիզմ, իրականություն», «հիշեցում հայրենասերներին», «այրան կանչ կամ գեների լեզու» եւ այլ նյութեր: Այդ նյութերում զրպարտչորեն  խոսվում  է,  որ  իբր  ՍՍՀՄ-ում  առկա  են  ստրկական  նոր  կանոներ,  որ  իբր ժողովուրդների  նկատմամբ  կիրառվում  են  «կարմիր  բռնություն»  դեսպոտիզմ  եւ ստրկացման քաղաքականություն, որ մարդիկ հիմարացվում են «կոմունիզմի տեսիլքներով», որ ՍՍՀՄ-ը «ռուսիֆիկացման ազգերի կույտ է» եւ այլն հերյուրանքներ:

     Շահվերդյանը տարածել է (տվել է դատապարտյալ Թովմասյանին, նրա մոտից էլ ուրիշներն են վերցրել եւ ծանոթացել) արտասահմանում տպագրված «Վարագ» ամսագիրը, որը ընդհանուր օգտագործման համար խիստ սահմանափակ է: Այդ ամսագրում գովերգվում է 1918-1920թթ. Հայաստանի դաշնակցություն կուսակցության վարած քաղաքականությունը: Դրան հակառակ վատաբանվում է բոլշեւիկների վարած քաղաքականությունը: 1969թ. վերջերին Շահվերդյանը Երեւանի Իսահակյանի անվան այգում «Մաեստրո» անունով ներկայացել է Ժ-ի ղեկավարած գաղտնի խմբի հավաքին եւ իր ելույթում նշել է թե ինչպիսին պետք է լինի գաղտնի խմբի անդամը` գաղտնապահ, քաղաքականապես պատրաստված, նվիրված իր նպատակին, ունենա ամուր կամք:

     1970թ.  գարնանը  Շահվերդյանը  վկաներ  Ա-ի  եւ  Բ-ի  միջոցով  կապ  է  հաստատել

գաղտնի խմբի ղեկավարներ Մելիքյան Վալտերի եւ Բուդաղյան Յուրայի հետ (որոնք 1972թ. դատապարտվել են քր. օր. 65 հ. 1-մ. եւ 67 հ.) Ցանկացել են պարզել գաղտնի խմբակները միավորելու եւ համատեղ գործելու հնարավորությունը: Պայմանավորվել են գաղտնի նյութեր փոխանակել խմբակների միջեւ: Այդ նպատակով Շահվերդյանը վկաներ Ա-ի եւ Բ-ի միջոցով Վ. Մելիքյանին եւ Բուդաղյանին է ուղարկել «Հայաստանի միացյալ նախարարություններ», «երազանք եւ իրականություն», «ամնիստիա-հումանիզմ, իրականություն», «դատական հաշվեհարդար հայ հայրենասերների դեմ», «հիշեցում հայրենասերներին», «մեր ձգտումները եւ նպատակները», «մեր պահանջները» նյութերը: Վալտեր Մելիքյանից եւ Յուրա Բուդաղյանից ստացել է «մեր կարծիքը եւ տպավորությունները` Հայաստանի միացյալ նախարարություններ, երազանք եւ իրականություն,  աշխատանքի  մասին»,  «դիտողություններ»,  «երկու  խոսք»  նյութերը: Նշված նյութերը բացահայտ զրպարտանք են արտահայտում սովետական իշխանության հասցեին: Նշվում է, որ իբր հայաստանը ռուսաստանի գաղութն է, ՍՍՀՄ-ը «ցարական իմպերիայի, հարկադիր միություն է, որը արգելակում է ազգերի տնտեսական եւ կուլտուրական զարգացումը: Շահվերդյանը իր կողմից գաղտնի գործունեության մեջ ընդգրկված Ե-ին է տվել ազգայնական բովանդակություն ունեցող «մեր խնդիրները», «Հայաստանի միացյալ նախարարությունները, երազանք եւ իրականություն» նյութերը:

     1971թ. ամառը Շահվերդյանը վկաներ Ա-ի եւ Բ-ի միջոցով կազմակերպել է արշավ: Գաղտնի խմբակի մասնակիցներին տարել են Սիսիանի շրջան արշավի, նրանց ֆիզիկական եւ հոգեւոր կոփվածություն տալու համար:

     Շահվերդյանը 1969թ. կապ հաստատելով գործով մյուս ամբաստանյալ Ա. Թովմասյանի հետ, ծավալել են հանցավոր գործողություն: Հաճախակի հանդիպելով Թովմասյանին եւ նրա ընկերներին քննարկել են կազմակերպական բնույթի հարցեր` Արարատի շրջանում անլեգալ խմբակ ստեղծելու, ազգայնական բնույթի գրականություն ստեղծելու եւ տարածելու համար տպագրական օրգան ստեղծելու, դրամական միջոցներ հավաքելու հարցեր:

     Շահվերդյանը եւ Թովմասյանը ըստ իրենց պայմանավորվածության 1972թ. մայիսի 20-ին գնացել են Սարդարաբատ, որտեղ Շահվերդյանը զրույց ունեցավ մի խումբ անձանց հետ (այդ թվում Լ-ի Ա-ի Խ-ի Թ-ի Ծ-ի եւ ուրիշների):

     Որոշ ժամանակ անց հավաքել է 420 ռ. ընդ որում Լ-ից 80 ռ. Ա-ից 40ռ. Ծ-ից 100ռ: Հավաքված 420ռ. տրվել է Շահվերդյանին, որը օգտագործել է տարբեր նպատակների: Տարածելու նպատակով Շահվերդյանը 1970թ. եւ 1973թ. սկզբներին Թովմասյանին է տվել ազգայնական-հակասովետական բնույթի մի շարք նյութեր, այդ թվում արտասահմանում տպագրվող 1970թ. ապրիլ ամսվա «Վարագ» ամսագիրը, որում գովաբանվում է բուրժուա-ազգայնական «դաշնակցություն» կուսակցության գործունեությունը եւ զրպարտչորեն վատաբանվել են բոլշեւիկների եւ սովետական պետության գործունեությունը:

     Շահվերդյանը  Թովմասյանին  է  տվել  «երիտասարդ  հայ»  անլեգալ  ձեւով  պատպաստված, գրամեքենայով տպագրված սովետական պետական կարգերը արատավորող հակասովետական բովանդակությամբ ամսագիրը: Որում հիմնականում տպագրված են Շահվերդյանի բանաստեղծությունները «Արմենակ Հայկազյան» ծածկանունով: Այդ նյութերն են «մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիա», «ազգերի մերձեցման քողի տակ», «կրկին ռուս-թուրքական դիվանագիտության զոհասեղանին», «երկու խոսք հայ հայրենասերների պայքարի մասին» եւ այլն:

     Խուզարկությամբ Շահվերդյանի բնակարանից հայտնաբերվել է «Էրիկա» մակնիշի

գրամեքենա: Ըստ փորձաքննության եզրակացության նշված «երիտասարդ հայ» ամսագիրը տպագրվել է այդ գրամեքենայի վրա: Այդ գրամեքենայի վրա են տպագրվել նաեւ Շահվերդյանի բնակարանից հայտնաբերված հետեւյալ նյութերը` «գոյության պայքար», «ճարահատյալ որոշում», «հայրենասեր հայուհիս», «քավության նոխազ», «հայորդիների երգը», «նամակ հեռվից», «Հարություն», «այրան կանչ կամ գեների լեզուն», «վարանում», «վերադարձ», «երազ», «կախարդական տաճար», «ազգերի մերձեցման քողի տակ»:

     Շահվերդյանը պատրաստել եւ իր բնակարանում պահել է հետեւյալ գրականությունը, որը հայտնաբերվել է բնակարանի խուզարկության ժամանակ «խռովարարների սերունդը»,  «Հայաստանը  եւ  ազգային  հարցը»,  «ոչ  ազատություն  է  տվել  ռուսական սոցիալիզը անհատին», «մակագրություններ հեռագրի կապակցությամբ», «մեր խնդիրները», «անհատի պաշտամունքը որպես քավության նոխազ», «հիշեցում հայրենասերներին (բանտախուց, դատավարություն)» եւ այլ նյութեր: «խռովարարների սերունդը» տեքստում Շահվերդյանը բացահայտ կերպով զրպարտում եւ արատավորում է սովետական պետությունը, ՍՄԿԿ եւ սովետական կառավարության ներքին եւ արտաքին քաղաքականությունը` որ իբր խախտվում է ազգերի սուվերենությունը, որ ՍՍՀՄ-ում

դեմոկրատիա չկա, ասելով «դեմոկրատիա չկա անհատի համար, էլ ուր մնաց մասսաների համար»: Նենգորեն նշվել է «առաջին պատմական ամենամեծ սուտն այն է, որ բոլոր հանրապետությունները կամավոր եւ հավասար իրավունքներով են միավորվել մեկ պետության մեջ» եւ նման այլ հերյուրանքներ:

     Ամբաստանյալ Շահվերդյանը 1967թ. գործով վկա Կ-ից վերցրել է մոտ 10 կգ. տպատառեր, տպագրական նպատակների համար: Այդ տառերը Կ-ն ապօրինի կերպով դուրս է բերած եղել տպարանից, որտեղ ինքը աշխատելիս է եղել: Նշված տպատառերի մի մասը թափել է գետը, իսկ մնացած մասը (1,1կգ) հայտնաբերվել է Շահվերդյանի կողմից թաքցված տեղից (հ. 1 գթ. 70):

     1973 թ. փետրվարի 25-ին Շահվերդյանի նախաձեռնությամբ վկա Ռուբեն Խաչատրյանի բնակարանում կազմակերպվել է զորավար Վարդան Մամիկոնյանի օրվա նվիրված հավաք, որին ներկա են եղել 25-30 մարդ: Որտեղ իր ելույթում ամբաստանյալ Ա. Թովմասյանը  զրպարտչական  արտահայտություններ  է  կատարել  ասելով,  որ  այժմ ՍՍՀՄ-ում «սպիտակ ջարդ» է տեղի ունենում, որ Ռուսաստանում գտնվող կես միլիոն հայերի համար հայկական դպրոցներ չլինելու պատճառով հայական լեզուն մոռացվում է այդտեղ: Որպիսի հանգամանքը դատաքննության ժամանկ ընդունեց ինքը Ա. Թովմասյանը:

     Ամբաստանյալ Շահվերդյանը 1971թ. սեպտեմբերից մինչեւ 1973թ. մարտը հանրօգուտ աշխատանքով չի զբաղվել, այլ զբաղվել է վերեւում նշված գործունեությամբ: Բացի այդ զբաղվել է սպեկուլյացիայով, այդպես Շահվերդյանը 1972թ. հունիսին շահ ստանալու նպատակով Մոսկվայում գնել է 93 հատ փողկապներ հատը 2ռ. 30կ. Այդպիսիք Երեւանում վերավաճառելու նպատակով: Երեւանում բռնվելուց հետո նշված փողկապների մի մասը տվել է իր ընկերներին ասելով, որ նրանք նախորոք իրեն դրամ են տվել իրենց համար փողկապներ գնելու համար: 30 հատ փողկապներ տվել է վկա Լ- ին, վերավաճառելու բարձր գնով: Նշված փողկապներից Հ-ն Լ-ն գնել է վեց հատ փողկապներ հատը վեց ռուբլի: Վկա Հ-ն իր գնած 6 հատ փողկապներից երկուական հատ տվել է իր ընկերներ Ջ-ին եւ Դ-ին այն գնով ինչ որ ինքն էր գնել հատը վեց ռուբլի: Ամբաստանյալ Շահվերդյանը հինգ փողկապ տվել է Ե-ին հատը ութ ռուբլով վաճառելու, սակայն թանկ լինելու պատճառով չեն վաճառվել եւ այդպիսիք վերադարձվել են Շահվերդյանին:

Վկա Ա-ն նույնպես պնդել է, որ ինքը փողկապ է գնել Շահվերդյանից:

Ամբաստանյալ Ա․Թովմասյանը Արարատի շրջանում «Հայ հայրենասերների միություն» կոչվող գաղտնի խումբը կազմելու, ազգայնական-հրահրիչ բովանդակությամբ թռուցիկներ պատրաստելու եւ իր կողմից ձեռք բերված գրամեքենայի վրա տպագրելով եւ այդպիսիք լեռնային Ղարաբաղում տարածելու փորձ կատարելու համար 1966թ. պետական անվտանգության կոմիտեի կողմից նախազգուշացվելուց հետո էլ չի դադարել իր վնասակար գործունեությունը: Կապ է պահպանել իր նախկին խմբակի անդամներ   Լ-ի   Ա-ի   Խ-ի   Ը-ի   Ծ-ի   Թ-ի   հետ:   Որոնց   մեջ   վատառողջ   ազգայնական տրամադրություններ է առաջացրել սովետական իշխանության ազգային քաղաքականության նկատմամբ: Թովմասյանը 1967-1968թթ. պատրաստել, տարածել եւ պահել է հակասովետական-ազգայնական բովանդակության հետեւյալ նյութերը` «ՍՄԿԿ նախագահությունը» «Արարատի հայ հայրենասերների միության ծրագիրը» «հայ հայրենասերների   միության   խմբակը   եւ   նրա   գործունեությունը»:  Նշված   նյութերի   մեջ գովերգվում  է  բուրժուա-ազգայնական  «դաշնակցություն»  կուսակցության  գործունեությունը եւ զրպարտչորեն նշվում, որ սովետական պետությունը եւ նրա ստեղծողը դավաճանել են հայ ժողովրդին եւ գործարքներ են կատարել օգուտ թուրքիայի, որ սովետական հայաստանը սուվերեն չէ, կոչ է արվում պայքարել «միացյալ անկախ հայաստան» ստեղծելու համար:

     Թովմասյանը կազմակերպել է 1968թ ապրիլին ազգայնական պահանջներով խմբակային ելույթ ունենալ Արարատ քաղաքում: Այդ նպատակի համար պատրաստել է լոզունգներ,    սակայն    կազմակերպված    ելույթը    կանխվել    է    համապատասխան մարմինների կողմից:

     Թովմասյանը կրկին անգամ նախազգուշացվել է նման արարքների անթույլատրելիության մասին:

     Թովմասյանը  կուսակցականին  անվայել  նման  արարքներ  թույլ  տալու  համար վտարվել է ՍՄԿԿ շարքերից (հ.10 գ.թ. 250-253, 282-287): Թովմասյանը այդ ամենից հետո էլ համապատասխան եզրակացություններ չի արել եւ շարունակել է իր անթույլատրելի արարքները:

     1969թ. Թովմասյանը կապ է հաստատել ամբաստանյալ Բ. Շահվերդյանի հետ եւ Սվետական կարգերը արատավորելու նպատակով հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա են արել: Ստեղծել եւ ձեռք են բերել հակասովետական բովանդակության գրականություն եւ այն տարածելու համար կազմակերպական բնույթի գործունեություն են ծավալել:

     Թովմասյանը 1971թ. դեկտեմբերի 10-ին բաց նամակ է ուղարկել ՍՄԿԿ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Լ.Ի. Բրեժնեւին եւ «պրավդա» թերթի խմբագրություն:   Այդ   նամակներում   զրպարտչորեն   նշել   է,   որ   «հայաստանը   սովետական ռուսաստանի կուլտուրական գաղութն է եւ այլ զրպարտություններ սովետական կարգերի նկատմամբ:

     Թովմասյանը իր համախոհներով Շահվերդյանի հետ հանդիպելիս խոսել են «ազգային հայրենասիրական» գործունեություն ծավալելու նպատակով տպագրական օրգան ստեղծելու, ազգայնական բնույթի նյութեր ստեղծելու եւ տարածելու, ինչպես նաեւ դրամական միջոցներ հավաքելու եղանակների մասին:

     Շահվերդյանի  հետ  ունեցած  նախնական  պայմանավորվածության  համաձայն 1973թ. մայիսի 28-ին Թովմասյանը վկաներ Ա-ին Խ-ին Ը-ին Ծ-ին Շահվերդյանին հանդիպել են Սարդարապատում: Որտեղ Շահվերդյանը զրուցելով նշված անձանց հետ նշել է, որ «ազգային հայրենասիրական» աշխատանք տանելու համար անհրաժեշտ է դրամական միջոցներ հավաքել:

     Սարդարապատում գտնված ժամանակ Թովմասյանը հանդիպել եւ զրույց է ունեցել որպես զբոսաշրջիկ արտասահմանից ժամանած «դաշնակցություն» կուսակցության մեկի` Ճ-ի հետ եւ հետաքրքրություն ցուցաբերել դեպի նրա գործունեությունը:

     Դրանից որոշ ժամանակ անց Թովմասյանը Լ-ից Ա-ից Ծ-ից Խ-ից եւ իրենցից հավաքել է 480ռ եւ այն հանձնել է ամբաստանյալ Շահվերդյանին, որպիսի հանգամանքը հիմնավորված է նշված անձանց ցուցմունքներով եւ Շահվերդյանի խոստովանությամբ:

     Թովմասյանը 1972թ. եւ 1973թ. սկիզբներին տարածելու նպատակով Շահվերդյանից ստացել է հակասովետական բնույթի մի շարք գրականություն` այդ թվում արտասահմանում   տպագրվող   «վարագ»   ամսագիրը,   որը   զրպարտություններ   անելով բոլշեւիկների եւ սովետական պետության հասցեին, գովերգում է բուրժուա-ազգային «դաշնակցություն»  կուսակցության գործունեությունը: Թովմասյանը ծանոթանալով նշված ամսագրին այն տվել է ծնոթանալու Ա-ին եւ ուրշներին:

     Թովմասյանը Շահվերդյանից ստացել է գաղտնի կերպով պատրաստված մեքենագիր հակասովետական բովանդակություն ունեցող «երիտասարդ հայեր» ամսագիրը; Թովմասյանը այն կարդալուց հետո տվել է կարդալու վկաներ Մ-ին Ծ-ին Լ-ին եւ ուրիշ - ների:

     Թովմասյանը Շահվերդյանից ստացել եւ տարածել է նաեւ «մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիա», «ազգերի մերձեցման քողի տակ» «երկու խոսք հայ հայրենասերների պայքարի մասին», «կրկին ռուս թուրքական դիվանագիտության զոհասեղանին» նյութերը, որոնք ունեն հակասովետական-ազգային բովանդակություն:

     Այդ նյութերին ծանոթացել են Թովմասյանը եւ վկաներ Լ-ն Ա-ն Վ-ն Ծ-ն Յ-ն եւ ուրիշ- ները:

25/2-7…թ.  վկա  Ռուբեն  Խաչատրյանի  բնակարանում  տեղի  ունեցած  հավաքում (Վարդանաց օրվա առթիվ) ----------- ելույթ է ունեցել եւ հայտնել, որ ՍՍՀՄ-ում գոյություն ունի «սպիտակ ջարդ» ասիմիլացիայի ---- հայ ազգի նկատմամբ: Որպիսի փաստորեն ------- ամբաստանյալ ----:

      1973թ, մարտին Թովմասյանը իր բնակարանում հավաքելով իր համախոհներ Խ- ին Ա-ին եւ ուրիշների իր ելույթում հայտնել է, որ անհրաժեշտ է Արարատի շրջանում գաղտնի խմբակ ստեղծել, կոմիտե եւ կոմիտեի ղեկավար ընտրել:

     Կոմիտեի ղեկավար ում ընտրելու հարցում տարաձայնություն առաջանալու պատճառով կոմիտե չի ընտրվել: Այդ փաստը հաստատվել է ինչպես Թովմասյանի խոստովանությամբ, այնպես էլ վկաներ Խ-ի եւ Ա-ի ցուցմունքներով:

     Թովմասյանը տարածել է նաեւ անձամբ իր կողմից կազմված «դասեր անցյալից եւ ներկայից» «1914թ. առաջին աշխարհամարտը եւ Հայաստանը» բացահայտ հակասովետական  բովանդակություն  ունեցող  նյութերը:  Այդ  նյութերում  ամենաստոր  ձեւով զրպարտություններ են արվել սովետական պետության ստեղծողի եւ բոլշեւիկների հասցեին, ասելով, որ ռուսական բոլշեւիզմը իր վարակը տարածեց նաեւ կովկասում, որ ռուսաստանը իր վրա է վերցրել միջազգային ժանդարմի մենաշնորհը, որ բոլշեւիկները հայաստանը մասնատել են թուրքիայի, ադրբեջանի եւ վրաստանի միջեւ, սակայն դրա համար անամոթաբար մեղադրում են դաշնակցությանը, որ Ռուսաստանը մեկընդմիշտ գաղութացրել է Հայաստանին եւ նման այլ զրպարտություններ (հ. 10 գթ. 42-70, հ.9 գթ.351-450):

     Բացի նշվածից ամբաստանյալ Թովմասյանը պատրաստել եւ տարածել է նաեւ ազգայնական բովանդակության հետեւյալ նյութերը «մենք անկեղծ զինվոր ենք» «ղարաբաղի ողբը» «ձայն տուր ով Մասիս» եւ այլ նյութեր, որոնց ծանոթացել են վկաներ Ն-ն Ա-ն եւ ուրիշներ:

     Ամբաստանյալներ Շահվերդյանը եւ Թովմասյանը չառարկելով իրենց վերագրվող արարքների դեմ, հայտնեցին, որ իրենք կատարել են անթույլատրելի արարքներ, որի համար զղջում են, միաժամանակ հայտնեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում, պատճառաբանելով, որ իրենք նպատակ չեն ունեցել սովետական իշխանությունը քայքայել կամ թուլացնել, այլ ցանկացել են հարց բարձրացնել, որ Հայաստանի հողերը, Նախիջեւանը, լեռնային Ղարաբաղը, Ախալքալաքը եւ արեւմտյան Հայաստանը միացվեն Սովետական    Հայաստանին:  Միաժամանկ    հայտնեցին, որ    եթե    իրենց    կողմից պատրաստված կամ ձեռք բերված գրականության մեջ ազգայնական-հակասովետական եզրակացություններ կան, այդպիսիք իրենց ազգային զգացմունքների կամ մոլորության արդյունք են, որի համար խնդրեցին իրենց նկատմամբ ներողամիտ լինել:

     Ամբաստանյալ Շահվերդյանը պատճառաբանեց, որ «երիտասարդ հայ» ամսագիրը ինքը չի պատրաստել, այլ այդպիսին տվել է «վարդան» անունով մի անձնավորություն: Ինքը վկա Զ-ին չի տվել գաղտնի կերպով տպագրված «փարոս» թերթը, որ ինքը 1970թ.  աշնանը  Զվարթնոցում  հանդիպում  չի  ունեցել  գաղտնի  խմբի  ղեկավարներ «Վարդան» եւ «Վահան» անձնավորությունների հետ:

     Շահվերդյանը  միաժամանակ  պատճառաբանեց,  որ  ինքը  սպեկուլացիայով  չի

զբաղվել:

     Ամբաստանյալներ Շահվերդյանի եւ Թովմասյանի պատճառաբանությունները անհիմն

են եւ հերքված են հետեւյալ ապացույցներով:

     Վկա Զ-ի ցուցմունքներով հիմնավորված է, որ «փարոս» թերթը Շահվերդյանն է տվել վկա Զ-ին, որի փոխհարաբերությունները Շահվերդյանի հետ նորմալ են եւ զրպարտելու որեւէ հիմք չկա:

     Վկաներ Ա-ն եւ Բ-ն իրենց ցուցմունքներում հաստատել են, որ Շահվերդյանը 1970թ.

աշնանը  իրենց  հետ  Զվարթնոցում  հանդիպել  է  գաղտնի  խմբի  ներկայացուցիչներ

«Վարդան» եւ «Վահան» ծածկանուն ունեցող անձնավորությունների հետ:

     «Երիտասարդ հայ» հակասովետական բովանդակություն ունեցող ամսագիրը, որ պատրաստել է Շահվերդյանը հիմնավորված է հետեւյալ ապացույցներով` փորձաքննության եզրակացությամբ, որ նշված ամսագիրը տպագրված է Շահվերդյանի բնակարանից   հայտնաբերված   «Էվրիկա»   գրամեքենայով:   Շահվերդյանի   բնակարանից հայտնաբերվել են այդ նույն գրամեքենայի վրա տպագրված բանաստեղծությունների օրինակներ, որոնք տեղադրված են «երիտասարդ հայ» ամսագրում:

     Ամբաստանյալ Թովմասյանը հայտնել է, որ «երիտասարդ հայ» ամսագրի մասին Շահվերդյանի հետ խոսելիս ես ասի , ամսագրի որոշ նյութեր խրթին են եւ արտաքին տեսքը լավ չէ: Շահվերդյանը ասել է ես այդքան եմ կարողացել անել (հ.3 գթ.. 120): Վկա Ա-ն ցուցմունք է տվել այն մասին, որ 1972թ. վերջին, թե 1973թ. սկզբին Շահվերդյանը իրեն ասել է իր մոտ է «երիտասարդ հայ» հանդեսը, որը այն նյութերից է, որոնք ինքը նախորոք տվել է ինձ ծանոթանալու (հ. 8 գթ. 235-241): Բացի այդ հիշյալ ամսագրի մեջ տեղ են գտել հիմնականում Շահվերդյանի բանաստեղծությունները:

     Անհիմն է նաեւ Շահվերդյանի այն պատճառաբանությունը, որ ինքը սպեկուլյացիայով չի զբաղվել: Վկաներ Լ-ի Հ-ի Ջ-ի Դ-ի ցուցմունքներով հիմնավորված է, որ իրենք

փողկապները գնել են մեկ հատը 5-6 ռ. այն դեպքում, երբ Շահվերդյանը Մոսկվայում

գնել է հատը 2ռ. 30կ.:

     Ե-ն ցուցմունք տվեց այն մասին, որ Շահվերդյանը իրեն 5 հատ փողկապ է տվել եւ ասել վաճառի հատը 8ռ.: Թանկ լինելու պատճառով փողկապները չեն վաճառվել եւ վերադարձվել են Շահվերդյանին (հ. 5 գթ. 17-20):

     Այդ փաստը հիմնավորված է նաեւ փողկապների մեծաքանակությամբ (98 հատ):

     Ամբաստանյալներ Շահվերդյանին եւ Թովմասյանին վերագրվող արարքը` հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա անելը, ինչպես նաեւ այդ նպատակով կազմակերպչական    գործունեություն    կատարելը    հիմնավորված    է    ինչպես    իրենց բացատրություններով ու բազմաթիվ վկաների ցուցմունքներով այլեւ ամբաստանյալներ Շահվերդյանի եւ Թովմասյանի կողմից կազմված կամ ձեռք բերված գրականությամբ,  որոնք  որպես  իրեղեն  ապացույց  կցված  են  գործին: 

     Նշված  գրականության բովանդակությունից պարզ կերպով երեւում է, որ այդպիսիք ազգայնական հակասովետական են: Այդ գրականության հակասովետական լինելը հիմնավորված է նաեւ դրանց քննության մասին կազմված արձանագրություններով (հ.7 գթ. 1-12, հ.9 գթ. 138-184):

Նշված գրականության տարածելը կամ պահելը հիմնավորված է ինչպես ամբաստանյալներ Շահվերդյանի եւ Թովմասյնաի ցուցմունքներով, այնպես էլ նրանց բնակարաններից  խուզարկությամբ  հայտնաբերված  գրականության  փաստով  (հ.  1  գթ. 17-26, 53-60): ու վկաներ Ա-ի Գ-ի Բ-ի Ե-ի Է-ի Զ-ի Ը-ի Շ-ի Ո-ի Չ-ի Փ-ի Տ-ի Պ-ի Ձ-ի Լ-ի Թ-ի Ֆ-ի եւ ուրիշների ցուցմունքներով այն մասին, որ իրենք ծանոթացել են նշված գրականությանը:

     Անհիմն է ամբաստանյալներ Շահվերդյանի եւ Թովմասյանի այն պնդումը, որ իրենք նպատակ չեն ունեցել սովետական կարգերը քայքայել: Նրանց կողմից կազմված կամ ձեռք բերված փաստաթղթերի բովանդակությունից երեւում է, որ նրանք ցանկացել են սովետական կարգերը քայքայել: Ամեն կերպ զրպարտել եւ արատավորել են սովետական պետական եւ հասարակական կարգերը եւ ցանկացել են ազատագրվել այդ կարգերից:  Այսպես`  ամբաստանյալ  Թովմասյանը  նշել  է  ….  ,  թոթափել  բոլշեւիզմի գաղութատիրական արյունոտ շղթաները» (հ.10 գթ. 249 ծոցատետրի 3-րդ էջ): «երկու խոսք» տեքստում նշված է «այնքան, որքան որ մեր պայքարի հիմնական նպատակը ---- պես հակադիր է կենտրոնական կառավարության քաղաքականությանը, այդքանով էլ պայքարը գնում է կենտրոնական կառավարության դեմ…» (հ.3 գթ. 90):

     Այս ամենը կոլեգիային բերում է այն հաստատ համաոզմանը, որ ամբաստանյալներ Բ. Շահվերդյանին եւ Ա. Թովմասյանին վերագրվող արարքները գործի տվյալներով հիմնավորված են եւ որ ամբաստանյալների արարքի որակումը` Շահվերդյանի նկատմամբ քր. օրի 65հ. 1-մ., 67հ. եւ 156հ. 1-մ եւ Թովմասյանի նկատմամաբ քր. օրի 65հ. 1- մ.   եւ   67հ.   ճիշտ   են,   նրանք   պետք   է   պատասխանատվության   ենթարկվեն   այդ հոդվածներով:

     Կոլեգիան պատիժ սահմանելիս հաշվի է առնում ինչպես ամբաստանյալների գործած արարքի վտանգավորությունը այնպես էլ նրանց ինքնությունը, որ նրանցից Շահվերդյանը նախկինում դատված չի եղել, որ Թովմասյանի խնամքին են գտնվում չորս մանկահասակ երեխա եւ ծեր ծնողները:

     Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով քր. դատ. օրի 193-194 հոդվածներով

դատական կոլեգիան

                                                                      Վ Ճ Ռ Ե Ց

       Բագրատ Լեւոնի Շահվերդյանին ճանաչել հանցավոր քր. օրի 65հ. 1-մասով, 67 հ.

եւ 156հ. 1 մասով, իսկ Արարատ Սիրեկանի Թովմասյանին ճանաչել հանցավոր քր. օ- րի 65հ. 1մասով եւ 67 հոդվածով եւ այս հոդվածներով դատապարտել նրանցից Բագրատ  Լեւոնի  Շահվերդյանին  քր.  օրի  65հ.  1  մասով  ազատազրկման  հինգ  տարի ժամանակով եւ աքսորի երկու տարի ժամանակով, քր օրի 156 հ. 1-մասով դատապարտել ուղղիչ աշխատանքներով մեկ տարի ժամանակով աշխատավարձի 15 տոկոսի բռնագանձումով, քր. օրի 37հ. համակցությամբ Բ. Շահվերդյանին թողնել կրելու ազատազրկում հինգ տարի ժամանակով եւ աքսոր երկու տարի ժամանակով:

     Սահմանել, որ Շահվերդյանը պատիժը կրելու է ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Կալանքի սկիզբը հաշվել 1973թ. մարտի 10-ից:

     Արարատ Թովմասյանին քր. օրի 65հ. 1- մ դատապարտել ազատազրկման երեք տար վեց ամիս ժամանկով առանց աքսորի: Սահմանել, որ Թովմասյանը պատիժը կրելու է ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Կալանքի սկիզբը հաշվել 1973թ. ապրիլի 6-ից:

     Իրեղեն ապացույց «Էվրիկա» գրամեքենան իր արկղով 1,1կգ տպագրական տառերը, հարյուր հատ գրասենյակային եւ ------------------- ային թղթերը եւ մեկ սրվակ սոսինձը  պետականացնել--------------------------  Շահվերդյանին  պատկանող  -------------------

կալանքը վերացնել:

     Դատավճիռը վճռաբեկության կարգով գանգատարկման եւ բողոքարկման ենթա- կա չէ:

 

Նախագահող`           Ա. Քեշիշյան

 

11./12-73    

 

 

Մեկնաբանություններ (1)

Աստղիկ Շահվերդյան
Շնորհակալություն հետաքրքիր նյութի համար։ Կցանկանայի իմանալ` արդյոք հնարավո՞ր է հեղինակի հետ կապ հաստատել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter