HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավաբան. «Պետք է մտածել կանխավարկած, որ սա քողարկված ընտրարշավ է»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների կողմից այսօր կազմակերպված երթի վերաբերյալ իրավաբան Արա Ղազարյանը կարծիք է հայտնում, որ թեեւ երթը ներկայացվում է ոչ ընտրարշավի շրջանակներում արվող գործողություն, այստեղ օրենքի խախտում կա: Ըստ Ղազարյանի՝ տվյալ դեպքում այս գործողությունը պետք է մեկնաբանել ոչ միայն օրենքի տառի, այլեւ բովանդակության առումով:

«Խոսքը վերաբերում է ընտրողի կամքի ազատ ձեւավորմանը, ոչ թե ընտրողի կամքի ազատ արտահայտմանը: Եթե ժամկետների նպատակն էր բոլորի համար սահմանել հավասար հնարավորություններ, ապա ներկայացվել է, որ երբ ընտրարշավն սկսվի, բոլորը հավասար հնարավորություններ կարող են ունենալ, բայց եթե դրանից առաջ կաշկանդող, արգելող, հանգամանք չկա, ուրեմն, ցանկացած կուսակցություն էլ այսօրվանից կարող է սկսել իր ընտրարշավը: Սա նոր մեկնաբանություն է, որ տրվում է: Սակայն եթե ընտրողներն այս երթն ընկալում են որպես քարոզարշավ, այսինքն՝ եթե բացահայտվեն հանգամանքներ, որ իրականում սա ընտրարշավի նպատակով է արվում, ուրեմն, խախտում կա: Հետեւաբար, պետք է նայել բովանդակությանը, այլ ոչ թե օրենքի տառին»,- նշում է Արա Ղազարյանը:

Նշենք, որ երեկ ԿԸՀ-ն հայտարարել է, թե «մինչեւ նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչությունն իրավաչափ է, եւ Ընտրական օրենսգրքի որեւէ իրավանորմի խախտում առկա չէ»: ԿԸՀ-ն մեջբերել է ԸՕ 19-րդ հոդվածը, որում նշվում է. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»: 

Ահա, թե ինչպիսի եզրահանգման է եկել ԿԸՀ-ն. «Այսինքն՝ արգելված ժամանակահատվածի մասին կարող է խոսք լինել բացառապես մեկ դեպքում, երբ նման ժամանակահատվածն իր հստակ սահմաններով ամրագրված կլինի Ընտրական օրենսգրքով: ՀՀ ԸՕ-ն սահմանել է նախընտրական քարոզչության սկիզբն ու ավարտը, այդ ժամանակահատվածում գործող մի շարք կանոններ ու սահմանափակումներ եւ չի սահմանել քարոզչության իրականացման համար արգելված ժամանակահատված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) եւ թեկնածուների համար՝ բացառությամբ քվեարկության նախորդ օրվա եւ քվեարկության օրվան վերաբերող սահմանափակումը»:

Արա Ղազարյանը կարեւորում է, թե ինչ կոչեր են հնչել երթի ընթացքում, որն է եղել դրա նպատակը: Նա նշում է, որ ընդհանրապես երթերի, հավաքների նպատակը խնդիրները կառավարությանը ներկայացնելն է: Դրանք կազմակերպվում են թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական իրավունքների իրացման նպատակով: Որպես քաղաքական իրավունք՝ դրանք միջոց են իշխանություններին փոխելու, իսկ եթե այսօրվա երթի կազմակերպիչները հայտարարում են, որ սա ընտրությունների նպատակով չէ, նշանակում է՝ քաղաքացիական իրավունքի նպատակով է:

«Սովորաբար երթերի նպատակը կառավարությանը բողոք հայտնելն է: Հիմա դա էլ չկա, որովհետեւ կառավարությունն է կազմակերպում երթը: Դրա համար, եթե բովանդակային քննարկում ենք անում, դառնում է անհասկանալի,- ասում է իրավաբանն ու շարունակում,- հետեւաբար պետք է մտածել կանխավարկած, որ սա քողարկված ընտրարշավ է, որովհետեւ եթե երթի նպատակն է բողոքի երթ կազմակերպել, այս դեպքում հնարավոր չէ, որովհետեւ կազմակերպիչը կառավարությունն է, ուրեմն, մնում է երկրորդը՝ սա ընտրարշավ է»:

Քաղաքացիական ակտիվիստ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանն էլ երթի մասին ասում է, որ ցանկացած պայքարի գործիք արժեզրկվում է, եթե դրա կիրառման ճշգրիտ նպատակը չի մատնանշվում. «Որպես քաղաքական գործիքակազմի և պայքարի ճանապարհ անցած մարդ՝ դիտարկումս այսպիսին է. ցանկացած պայքարի գործիք, որն օգտագործվում է, ճշգրիտ նպատակը չմատնանշելով, այդ գործիքի արժեզրկում է տեղի ունենում: Այդպես տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի ամբողջ պայքարի ընթացքի ժամանակ. երբեմն ոչ ճշգրիտ և ամբողջական խնդիրը չձևակերպելու պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում էր պայքարի ծայրահեղ քայլի՝ հացադուլի նստելով»:

Ակտիվիստը նկատում է, որ հիմա քաղաքացիական շարժումների լավ գործիքներ են երթերը, ճանապարհներ փակելը, որոնք բավականին արդյունավետ կիրառվեցին «թավշյա հեղափոխության» ժամանակ: Միեւնույն ժամանակ Զ. Հովհաննիսյանը շեշտում է. «Հետհեղափոխական շրջանում, չմատնանշելով կոնկրետ խնդիրը, պահանջը կամ նպատակը, նմանատիպ քայլի դիմելն ու նորից երթ կազմակերպելն ուղղակի ստեղծում է պայքարի գործիքների հանդեպ նախ արժեզրկման էլեմենտ, երկրորդը՝ որոշակի շփոթ հանրային գիտակցության մեջ, թե որ գործիքը երբ, ինչ միջոցների պարագայում պետք է օգտագործել»: 

Խոսելով ամսի 26-ից առաջ քարոզչության փաստացի մեկնարկի մասին, մեր զրուցակիցը նշում է, որ նույն ֆեյսբուքյան տիրույթում քարոզչությունն արդեն ընթացքի մեջ է: «Հստակ նախընտրական էթիկան և, այսպես ասած, հիգենիան պահպանողներ չկան այսօրվա խաղացողների մեջ: Ում ուժն ինչ պատում է, դա էլ անում է այս պահին: Մեկը կարող է «Ֆեյսբուքի» պրոֆիլը փոխել իրենց ուժի լոգոյով, մյուսը՝ փողոց դուրս գալ, երթ կազմակերպել: Մենք տեսնում ենք, որ այդ չափորոշիչներն ու սահմանումները հստակ պահպանողներ գրեթե չկան»: 

Առաջին լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter