HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Ռամբույե ամրոցում նախագահներ Քոչարյանը եւ Ալիեւը «փնտրում» են կարգավորման «բանալին»

Բանակցություններում առանցքային երկու խնդիր է' Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ հայկական ուժերի դուրսբերումը վերահսկողության տակ գտնվող տարածքներից:

Փարիզում եւ մերձակա Ռամբույե ամրոցում փետրվարի 10-11-ը կայացել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ: 2003 թվականի աշնանը գահը հորից ժառանգելուց հետո սա Իլհամ Ալիեւի վեցերորդ հանդիպում էր Հայաստանի նախագահի հետ:

Ելիսեյան պալատում Ժակ Շիրակը փակ դռների ետեւում 45-ական րոպե տեւողությամբ հանդիպումներ է ունեցել նախ Քոչարյանի, ապա' Ալիեւի հետ, որից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ուղեւորվել են Ռամբույե ամրոց: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններն ընդհանուր առմամբ տեւել են չորս ժամ: Այստեղ նրանք նախ հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ երկու երկրների արտգործնախարարների ներկայությամբ, ապա առանձին' դեմ առ դեմ: Նախագահ Շիրակի մամլո խոսնակ Ժերոմ Բոնաֆոն ասել է, որ փարիզյան հանդիպումը հակամարտության կարգավորման հիմքեր ստեղծելու հնարավորություն կտա:

Միջազգային ճգնաժամերի խմբի (ՄՃԽ) կովկասյան ներկայացուցիչ Սաբինա Ֆրայզերը չափազանց կարեւորում է նախագահների մակարդակով փարիզյան բանակցությունները, քանի որ սա առաջին դեպքն է, երբ Քոչարյանն ու Ալիեւը հատուկ մեկնել են Ֆրանսիա' լուծում գտնելու հակամարտության համար, ի տարբերություն նախորդ հինգ հանդիպումների, երբ նախագահներն օգտագործում էին միջազգային համաժողովներում ստեղծված պատեհությունը:

Բանակցություններն անցնում էին փակ դռների ետեւում, մամուլի ներկայացուցիչները չէին հրավիրվել Ռամբույե, եւ բանակցությունների արդյունքում կողմերը որեւէ հայտարարություն չեն արել:

«Նախագահ Շիրակն ուրախ է հյուրընկալել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին եւ հուսով է, որ խաղաղության նոր հեռանկարներ կբացվեն»,-ըստ «Ռոյթերի» ասել է Բոնաֆոն: Փարիզյան հանդիպումներից առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Բանակցությունների արդյունքների վերաբերյալ Քոչարյանը եւ Ալիեւը մամուլի համար հայտարարություններ չեն արել:

Հինգ տարի առաջ' 2001թ. մարտին, կրկին Փարիզում, կրկին Շիրակի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը, չնայած միջնորդների խիստ լավատեսական հայտարարություններին, չկարողացան գտնել ղարաբաղյան կարգավորման «բանալին»: Այն օրերին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն վստահեցնում էր, թե կողմերն անհավատալիորեն մոտ են կարգավորմանը: Սակայն փարիզյան բանակցությունները, որոնք շարունակվեցին Ֆլորիդայի Քի Վեսթ քաղաքում, մտան փակուղի այն բանից հետո, երբ Բաքուն հրաժարվեց ձեռք բերված պայմանավորվածություններից: Հեյդար Ալիեւը հրապարակավ հայտարարեց, որ «Մինսկի խմբի եռանախագահները Ղարաբաղի համար պահանջում են անկախ կարգավիճակ», սակայն «Ադրբեջանի հարեւանությամբ չի կարող լինել երկրորդ հայկական պետություն»:

ԱՄՆ պետքարտուղարությունը մեծ հույսեր է կապում նախագահների փարիզյան հանդիպման հետ: Պետքարտուղարության մի անանուն պաշտոնյա Քոչարյան-Ալիեւ ներկա բանակցությունները, ըստ «Բի-բի-սի»-ի, որակել է վերջին հինգ տարիներին Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում ամենակարեւոր իրադարձությունը:

Փարիզ մեկնելուց առաջ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Հիշեցնենք, որ հինգ տարի առաջ Քի Վեսթի բանակցություններից հետո նախագահ æորջ Բուշը Սպիտակ տանը հյուրընկալեց Ռոբերտ Քոչարյանին եւ Հեյդար Ալիեւին: Սակայն Բուշի միջամտությունը եւս վերջնական խաղաղության հասնելու ազդակ չեղավ, քանի որ հանգուցյալ Ալիեւը փորձում էր լուծել իր համար ավելի կարեւոր խնդիր' գահը փոխանցել որդուն:

Ի՞նչ է փոխվել անցնող հինգ տարիների ընթացքում: Կողմերից հատկապես Բաքվի դիրքորոշումն ավելի է կարծրացել, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բանակցություններից, ըստ էության, դուրս են մնացել ոչ առանց Երեւանի «օգնության», իսկ նախագահների մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ եւ ընդհանրապես իր հրապարակային գրեթե բոլոր ելույթներում եւ հարցազրույցներում Իլհամ Ալիեւը սպառնում է հարցը լուծել ռազմական ճանապարհով:

Բարդագույն հակամարտությունների կարգավորման ամենակարեւոր բաղադրիչներից են թշնամաբար տրամադրված հասարակություններում հանդուրժողականություն ձեւավորելուն ուղղված կոնկրետ քայլերը, ինչը չի արվում: Ավելին՝ իշխանությունը հորից ժառանգելուց հետո Իլհամ Ալիեւը Ադրբեջանի հասարակական կազմակերպություններին հորդորեց խզել բոլոր կապերը հայ գործընկերների հետ, իր երկրի պատմաբաններին հորդորեց գրել աշխատություններ, որոնցում պնդվի Ղարաբաղում հայերի եկվոր լինելու տեսակետը:

Գրող, հրապարակախոս Զորի Բալայանն ասում է, որ արցախահայության վզին փորձ է արվում լուծում փաթաթել: Բալայանը նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպումից ակնկալիքներ չունի. «Հերթական հանդիպումն է, Ռոբերտ Քոչարյանը նախկինում Հեյդար Ալիեւի հետ էր հանդիպում, հիմա՝ կրտսերի հետ: Ինձ համար այդ բոլորը հերթական են: Հարցն ուրիշ կերպ պետք է հնչի: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ սկսվում է մաքուր թղթից: Կարծես չի եղել անցյալ՝ Սումգայիթ, Բաքու, Շուշի, այդ բոլորը մոռացված է: Ի՞նչ լուծման մասին կարող է խոսք գնալ, երբ Բուդապեշտի մարդասպանը հերոսացվում է, այսօրվա Ադրբեջանի տարածքում ոչնչացվում են հայկական խաչքարերը»:

Փարիզյան բանակցությունների նախօրեին շատ ավելի կոշտ հայտարարությամբ հանդես է եկել «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը, որը միավորում է արցախյան ազատամարտին մասնակցած մարտիկների մի խումբ: «Հայ ժողովրդի իրավունքներին դեմ եւ կամքին հակառակ՝ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա իշխանական թիմը վաճառքի են հանել Արցախի ազատագրված տարածքները եւ Հայոց արեւելյան սահմանների անվտանգությունը», - ահազանգում են հայտարարության հեղինակները:

Հայտարարության մեջ ասվում է, որ Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման փաստը վկայում է, որ պաշտոնական Երեւանը, նաեւ Բաքուն, արդեն տվել են իրենց նախնական համաձայնությունը կարգավորման հայտնի եւ վերջերս ջանասիրաբար քարոզվող հետեւյալ սկզբունքներին' ազատագրված տարածքների առաջնահերթ հանձնում Ադրբեջանին, այնտեղ օտար զինուժի տեղակայում, Արցախի (ներառյալ ազատագրված տարածքները) վերստին բնակեցում ադրբեջանցիներով, եւ տարիներ անց նախկին ԼՂԻՄ տարածքում հանրաքվեի անցկացում՝ պայմանով, որ դրան մասնակցեն նաեւ վերաբնակեցված ադրբեջանցիները:

Հայաստանի արտգործնախարարության մի անանուն պաշտոնյա գերմանական DPA լրատվական գործակալությանը մի քանի օր առաջ ասել է, որ Ռամբույեում քննարկվելու է երկու հարց՝ հայկական զորքերի դուրսբերումը Ղարաբաղի շրջակա տարածքներից եւ Ղարաբաղի ինքնորոշում: Հայաստանցի պաշտոնյան ասել է, որ հայկական կողմը պատրաստ է դուրս բերել զորքերը, իսկ Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշեն ղարաբաղցիները:

«Հայաստանը կողմ է հանրաքվեին, բայց Ադրբեջանը ընդդիմանում է այդ գաղափարին»,-ասել է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնյան: Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը փետրվարի 6-ին հայտարարեց, որ ադրբեջանցիները չեն համաձայնի թեկուզ 15 տարի անց Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացմանը, որովհետեւ «դժվար է հավատալ, որ Ղարաբաղի հայ բնակչությունը ցանկություն կունենա լինել Ադրբեջանի կազմում»:

Իր հերթին «Բի-բի-սի»-ն, հղում անելով անանուն դիվանագետների, հաղորդում է, որ Ռամբույեում Քոչարյանը եւ Ալիեւը քննարկում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ինչը բոլոր բանակցություններում գլխավոր վիճահարույց խնդիրն է:

ՄՃԽ–ի կովկասյան գրասենյակի ղեկավար Սաբինա Ֆրայզերը հուսով է, որ Ռամբույեի հանդիպման արդյունքում կծնվի ինչ–որ փաստաթուղթ, որում կնշվեն սկզբունքները, թե ինչպես են բանակցություններն ապագայում ընթանալու։ Այս փաստաթուղթը Ֆրայզերը պայմանականորեն անվանում է «ճանապարհային քարտեզ»։

Եթե միջազգային հանրությունը եւ Մինսկի խմբի համանախագահող երկրներից երկուսը՝ Ֆրանսիան եւ Միացյալ նահանգները, պահպանում են չափավոր լավատեսություն եւ 2006 թվականը համարում կարգավորման հարցում հնարավորությունների տարի, ապա Ռուսաստանը, ինչպես նաեւ հակամարտության կողմերից Լեռնային Ղարաբաղը առավել իրատեսորեն է մոտենում։ «Ես խորապես համոզված եմ, որ ռուսական կառավարությունը հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը։ Մինսկի խմբի համանախագահներն այսօր աշխատում են հիանալի, եւ ռուս ու ամերիկացի համանախագահները երբեք այսքան սերտ չեն համագործակցել», - ասում է Ֆրեյզերը։

«Ես հասկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին նյարդայնացնում է ստեղծված վիճակը, երբ ուղղակիորեն չեն մասնակցում բանակցություններին։ Իմ կարծիքով՝ խաղաղության ցանկացած համաձայնագիր հնարավոր չի լինի իրագործել առանց Ստեփանակերտի մասնակցության»,-ասում է Ֆրեյզերը։

Ադրբեջանում հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն կարծում է, որ պետք է վերջ դնել բանակցություններում «այս կեղծ գաղտնապահությանը» եւ աշխատել հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ առկա թշնամանքը հաղթահարելու, հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելու ուղղությամբ: «Քանի դեռ Ադրբեջանում շարունակվում է հակահայկական քարոզչությունը, որին մենք' գիտական գործիչներս, դեմ ենք, իսկ հայերը չեն ազատվել թուրքերին թշնամի ընկալելու բարդույթից, հնարավոր չէ ղարաբաղյան հարցը կարգավորել»,-ասում է նա:

Ընդդիմության առաջնորդներից Էլդար Նամազովը «դիվանագիտական ճեղքում» չի ակնկալում: Նա ասում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ունեն լեգիտիմության ռեսուրսի պակաս, հետեւաբար նրանց համար դժվար կլինի գնալ ցավալի եւ խիզախ փոխզիջումների: «Եթե այսօր մարդիկ սոցիալ-տնտեսական պատճառով դուրս չեն գալիս փողոց, ապա Ղարաբաղի հարցում դուրս կգան»,- ասում է Նամազովը:

Նախագահ Ալիեւը փարիզյան բանակցությունների նախօրեին հայտարարել է. «Ադրբեջանի դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել: Ես բազմիցս ասել եմ եւ այսօր էլ ուզում եմ կրկնել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ: Այսինքն՝ որեւէ զիջում չի լինելու տարածքային ամբողջականության հարցում: Ադրբեջանը թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղը անջատվի ո'չ այսօր, ո'չ վաղը, ո'չ էլ 100 տարի հետո»:

Ի պատասխան' Քոչարյանը մի քանի օր առաջ Ստոկհոլմում

հայտարարել է, որ «զգուշավոր լավատեսությամբ էր տրամադրված կարգավորման հեռանկարների հանդեպ, սակայն Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների վերջին հայտարարութուններից հետո այն վերածվեց շատ զգուշավոր լավատեսության»:

«Հույսը փոքր է, որ Ալիեւի հետ բանակցությունները Փարիզում կարող են սկիզբ դնել համապարփակ խաղաղության համաձայնագրին ուղղված աշխատանքին»,- ասել է Հայաստանի նախագահը եւ հավելել. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոչ միայն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխան, այլեւ պահպանել է այն իրեն պարտադրված պատերազմում: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս եւ ոչ մի կապ չունի այդ երկրի տարածքային ամբողջականության հետ»:

«Վերջին 15 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում մեծացել է սերունդ, որը երբեք չի ապրել եւ մտադիր չէ ապրել Ադրբեջանի կազմում. մարդկանց գիտակցության մեջ տեղի են ունեցել անդարձելի փոփոխություններ», - ասել է Քոչարյանը:

Ի դեպ, ՈՒԵՖԱ-ն որոշել է, որ Եվրոպայի առաջնության Հայաստան-Ադրբեջան ֆուտբոլի խմբային մրցաշարում հանդիպումները կայանալու են նախ Ադրբեջանի, ապա Հայաստանի մայրաքաղաքում:

Բաքվում եւ Երեւանում հանդիպումները չկայանալու դեպքում, եթե կողմերը հրաժարվեն ընդունել մրցակից թիմին, դա կգրանցվի որպես տեխնիկական պարտություն:

Հ. Գ. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով Ռամբույեի գագաթաժողովում հաջողություն չի արձանագրվել»,-ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հայտարարությունում: Չնայած ինտենսիվ քննարկումներին՝ կարգավորման որոշ զգայացունց սկզբունքային հարցերում կողմերի դիրքորոշումները չեն փոխվել: Այդուհանդերձ, հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել բանակցությունները' գտնելու ապագա կարգավորման նոր ուղիներ: Արդեն հայտնի է, որ արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպումը կկայանա Վաշինգտոնում մարտի սկզբին, որին կմասնակցեն նաեւ Մինսկի խմբի համանախագահները: «Ասոշիեյթեդ պրես»-ը, վկայակոչելով բանակցություններին մոտ մի անանուն աղբյուրի, հաղորդում է, որ նախագահներ Քոչարյանին եւ Ալիեւին չի հաջողվել համաձայնության գալ երկու կարեւոր հարցում' Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ եւ Քելբաջարից հայկական ուժերի դուրսբերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter