HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մանե Թանդիլյանը «անելու է առավելագույնը՝ կյանքի կոչելու» կուտակայինի փոփոխությունները

 «Հետք»-ի հարցերին պատասխանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի լիազորությունները վայր դրած, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը։

Տիկին Թանդիլյան, Դուք վայր եք դրել նախարարի լիազորությունները՝ ասելով, որ ընտրվելու դեպքում,որպես պատգամավոր, պատրաստ եք շարունակել ձեր քաղաքական գործունեությունը, ափսոսանքի զգացում չկա՞ կիսատ թողած նախագծերի համար։

- Ոլորտը, որը ղեկավարել եմ, ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար տարիներ են անհրաժեշտ, քանի որ գործ ունենք հարյուր հազարավոր քաղաքացիների հետ: Այս կարճ ժամանակահատվածում արել եմ առավելագույնը նպաստելու ոլորտի զարգացմանը և խնդիրների լուծմանը, միևնույն ժամանակ խորհրդարանական աշխատանքի ժամանակ կշարունակեմ ուշադրության կենտրոնում պահել ոլորտի խնդիրները:

 Ձեր պաշտոնավարման ընթացքում եռակի ավելացավ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը, արդյոք նման այլ բարեփոխումներ ևս նախատեսո՞ւմ էիք, եթե այո՝ ի՞նչ փուլում են այդ ծրագրերը։

- Ընտանիքը և երեխաները ոլորտի կարևորագույն օղակն են, և այդ մասով առկա էին բազմաթիվ գաղափարներ, ծրագրեր: Որոշ նախաձեռնություններ արդեն քննարկման փուլում են, և կարծում եմ` կյանքի կկոչվեն: Ապագայում նույնպես կարծում եմ հնարավորություն կունենամ անդրադառնալ այդ բարեփոխումներին:

-Ձեր քաղաքական կյանքում առանցքային նշանակություն է ունեցել «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքը, այդ հարցով պայմանավորված հրաժարական ներկայացնելուց հետո  հետ վերցրիք ձեր դիմումը՝ հայտարարելով, որ նախարարի կարգավիճակով խնդիրներն ավելի արագ են լուծում ստանում։ Նախ՝ ո՞ր փուլում է փաթեթը, որը խոստացել էիք` շահագրգիռ կողմերի հետ քննարկելուց հետո բարեփոխել ու ներկայացնել խորհրդարան, և հնարավո՞ր է, որ ներկայացված տարբերակը, ինչպես դուք էիք վստահեցնում, էականորեն չլուծի հասարակության հիմնական մտահոգությունները: 

- Մեր առաջարկները ներկայացվել են շահագրգիռ կառույցներին, և այդ մասով ունեցել ենք քննարկումներ կառավարությունում, անկախ հետագա քննարկումներից իմ կողմից արվելու է առավելագույնը՝ սեղմ ժամկետներում կյանքի կոչելու փոփոխությունները:

-Դեռ օրեր առաջ գրել էիք, որ շրջանառության մեջ եք դրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելը՝ առաջարկելով առավելագույն կենսաթոշակի չափ սահմանել, քանի որ կան պաշտոնյաներ, որոնք մեկ միլիոն դրամից ավելի կենսաթոշակ են ստացել։ Այս և այլ նախագծերը, որոնք դուք եք առաջարկել ձեր կարծիքով կառավարությունը կընդունի՞, թե՞ ոչ։

-Նախագծերը քննարկման և առաջարկների ներկայացման փուլում են, կարծում եմ` ոչ միայն այս, այլ նաև մեր ոլորտի այլ օրենքներում փոփոխությունները ունեն մեծ կարևորություն, և՛ նոր կառավարությունը, և՛ խորհրդարանն այդ մասով կունենան արդյունավետ համագործակցություն:

-Դուք աշխատել եք և՛ օրենսդիրում, և՛ գործադիրում, ո՞ր մարմինն է ձեզ համար ավելի հոգեհարազատ, և որտեղ էիք կարողանում խնդիրներին ավելի լայն շրջանակով լուծում տալ։

-Պատգամավորի և նախարարի աշխատանքները եղել են տարբեր իրավիճակներում և դժվար է համեմատել, երկու տեղում էլ ինձ համար նպատակ է եղել անել առավելագույնը խնդիրները լուծելու համար, և ամենևին կարգավիճակը չի որոշում խնդիրների լուծման հնարավորությունը, այլ այն առաքելությունը, որը պաշտոնյան սահմանում է իր համար:

րդյոք ձեզ առաջարկվե՞լ է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով մասնակցել ընտրություններին, և եթե այո՝ ինչո՞ւ եք մերժել։

-Ես հանդիսանում եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ և փոխնախագահը, և բնական է, որ իմ քաղաքական գործունեությունը շարունակում եմ մեր կուսակցության շրջանակներում։ Ամենայն հարգանքով իմ գործընկերների նկատմամբ՝ իմ մասնակցության ձևաչափն այս ընտրություններում քննարկման առարկա չէր։

Լուսանկարը՝ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter