HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Robomart. Ինքնավար, շարժական խանութներ` հարմարավետ գնումների համար

Robomart-ի հիմնադիրները ստեղծել են ինքնավար, շարժական խանութներ, որոնք հավելվածով պատվիրելու դեպքում գնում են օգտատիրոջ ցանկալի վայրն, ու գնորդն ընտրում է անհրաժեշտ թարմ սննդամթերքը հենց իրեն հարմար վայրում՝ տան բակում կամ, օրինակ, աշխատավայրի մոտ։

Շարժական ռոբոտներից՝ խանութներից յուրաքանչյուրը նախատեսված է կոնկրետ սննդամթերքի համար՝ միրգ, բանջարեղեն, մսամթերք, կաթնամթերք և այլն։ Robomart-ի համահիմնադիր, գլխավոր տեխնիկական տնօրեն Տիգրան Շահվերդյանը նշում է. «Շարժական խանութները նախատեսված են առաջին հերթին թարմ սննդամթերքի համար, որովհետև մարդկանց գերակշռող մեծամասնությունը ցանկանում է տեսնել, շոշափել, հոտ քաշել սննդամթերքից նախքան գնելը։ Մորգըն Սթենլի ընկերության հետազոտությունների համաձայն հարցվածների մոտավորապես 3/4-ը չի օգտվում օնլայն առաքումից այն պատճառով, որ չունի ընտրելու հնարավորություն. վերցնում է մի բան, որն ընտրել է իր համար առաքիչը, չնայած որ սննդամթերքի դեպքում կարևոր են անձնական նախասիրությունները, թարմությունն ու տեսքը»։

Բացի այդ, շատ կարևոր է նաև առաքման համար գանձվող գումարը։ Տիգրանի խոսքով՝ ԱՄՆ-ում առաքիչը մեկ ժամվա համար միջինում ստանում է 15 դոլար, իսկ տվյալ պահին անհրաժեշտ արագ առաքումը միջինում տևում է 53 րոպե: Այսինքն, օրինակ, երեք լոլիկ պատվիրելու դեպքում մարդ ստիպված է լինում երկար սպասել ու նաև առաքման համար վճարել սննդամթերքի գնից ավելի շատ։

Robomart-ի դեպքում սննդամթերք գնելը դառնում է ավելի անհատականացված, արագ, հեշտ ու էժան։ Ինչպես օրինակ մարդիկ առցանց տաքսի են պատվիրում, նույն սկզբունքով ստարտափի հավելվածով ընտրում են իրենց համար ցանկալի սննդամթերքի տեսակի ռոբո-խանութն ու պատվիրում։ Մի քանի րոպե հետո Robomart-ը մոտենում է նշված վայրն ու այդ մասին ծանուցում ուղարկում օգտատիրոջը։ Գնորդը դուրս է գալիս ու հավելվածի միջոցով բացում է դուռը։ Դրանից հետո գնորդը վերցնում է անհրաժեշտ սննդամթերքն ու համապատասխան կոճակը սեղմելով՝ վերջացնում առևտուրը։ Robomart-ի դռները փակվում են, ու համակարգը ավտոմատ հաշվում է վճարման ենթակա գումարը, կտրոնն ուղարկում էլ. փոստով օգտատիրոջն ու բանկային քարտից գանձում գումարը։

Ստարտափի հիմնադիրների նպատակը նոր խանութ ստեղծելը կամ առաքման ծառայություն մատուցելը չէ։ Աշխատանքային հիմնական սկզբունքը հետևյալն է՝ պատրաստվում են պայմանագիր կնքել սուպերմարկետների ցանցերի հետ ու դառնալ դրանց առևտուրը կազմակերպելու նոր հարթակ։ Վերջերս պայմանագիր են կնքել ԱՄՆ-ի ամենամեծ սուպերմարկետների ցանցերից մեկի հետ, որի մասին շուտով կհայտարարեն։ Սկզբնական շրջանում Robomart-եր կլինեն տարբեր խանութների շրջակայքում, ու խանութները կլինեն պատասխանատու ժամանակ առ ժամանակ սննդամթերքի համալրման համար։ Քանի որ Robomart-ն Էլեկտրական է, խանութները սնունդը թարմացնելու ժամանակ կլիցքավորեն նաև իրենց ենթակայության տակ գտնվող ռոբո-խանութները։ Խանութները ամսեկան կոնկրետ գումար կվճարեն յուրաքանչյուր Robomart-ի համար։

Թիրախային շուկան ԱՄՆ-ն է, որտեղ սննդամթերքի շուկայի արժեքը մոտ մեկ տրիլիոն է։ Տիգրանը նշում է, որ, չնայած շատ արագ զարգանում է առցանց առևտուրը, միևնույն է, այդ ամբողջ շուկայի առևտրի միայն 2%-ն է դեռ կատարվում առցանց։ Լրացնելու համար այդ բացը 2017 թվականին Սան Ֆրանցիսկոյում հիմնում են ստարտափը, իսկ 2018 թվականին սկսում նախատիպի փորձարկումները։

Նախնական շրջանում Robomart-երը կաշխատեն հեռակառավարմամբ։ Այսինքն՝ մարդիկ հեռակա կղեկավարեն դրանց շարժը՝ առկա օրենսդրությանը համապատասխանելու և հնարավոր վտանգներից խուսափելու համար։ Հետագայում դրանք կլինեն ինքնավար ու համապատասխանեցված անվտանգության բոլոր կանոններին։

Robomart-ը մայրուղիներ դուրս չի գալու և աշխատելու է նախապես ֆիքսված սահմանափակ աշխարհագրական տարածքում։ Բացի այդ, այն չունի մեծ արագություն ու մեքենայում չկան ուղևորներ։ Այս պայմաններում գործող անվտանգ ինքնավար համակարգի ստեղծումը համեմատաբար ավելի հեշտ է, քան լայն կիրառելիության նպատակ ունեցող համակարգերի ստեղծումը:

Քանի որ նախկինում Տիգրանը հիմնել է ՌոբոՍիՎի ընկերությունը, որտեղ, որպես ճարտարագիտության տնօրեն, ստեղծել է պահեստային տարածքների և բաշխիչ կենտրոնների համար նախատեսված ինքնավար մեքենաներ, ունի բավարար փորձ՝ բոլոր նրբությունները հաշվի առնելու և Robomart-ի դեպքում կիրառելու համար։ Տիգրանը գերազանց ավարտել է Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը: Սկսել է իր կարիերան Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտում՝ հետազոտություններ կատարելով Վեներայի մագնիտասֆերայի մասին և աշխատելով լուսնի վրա վայրէջք կատարող ապարատների վրա:  Եղել է Google Lunar X Prize մրցույթին մասնակցող Սելենոխոդ թիմի անդամ՝ աշխատելով լուսնագնացի ու լուսնի վրա վայրէջք կատարող սարքի վրա: Մասնակցել է Միջազգային տիեզերական համալսարանի ամառային դպրոցին։ 2016 թվականին ստացել է ՀՀ նախագահի մրցանակ ֆիզիկայի բնագավառում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter