Սպանության գործով Ալավերդցի Վահագնից կաշառք ստանալու մեջ մեղադրվող քննչականի նախկին պետը երրորդ անգամ կկալանավորվի
«Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը դատարանի որոշմամբ երրորդ անգամ կկալանավորվի: Այսօր նման որոշում հրապարակեց գործը քննող դատավոր Աննա Մաթևոսյանը: Դատարանի որոշումը կուղարկվի ոստիկանության համապատասխան ստորաբաժանում ի կատար ածելու համար:
Դատարանի որոշմամբ, նույն գործի շրջանակներում կալանքի տակ գտնվող Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արայիկ Ներսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվեց, իսկ կալանքի տակ գտնվող քննիչ Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ երեք միլիոն դրամ գրավը թույլատրելի ճանաչվեց: Դատարանի դեպոզիտ հաշվին գումարը վճարելուց հետո Հարությունյանն ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ Դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ հոկտեմբերի 22-ին անցկացված նիստին քննարկման առարկա էր ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները փոփոխելու, նույնը թողնելու կամ վերացնելու հարցը:
Դատական նիստին մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանի կողմից միջնորդություն էր ներկայացվել Շուշանյանին կալանավորելու վերաբերյալ:
Այս գործի քննության շրջանակներում Շուշանյանը մի քանի անգամ կալանավորվել, ապա հայտնվել է ազատության մեջ: Շուրջ 4 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ Շուշանյանն ազատվել էր կալանքից, ու նրա նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի էր ճանաչել: Սակայն որոշումից մոտ մեկ ամիս անց Վերաքննիչ դատարանը վերացրել էր այս որոշումն, ու Շուշանյանը նորից հայտնվել էր անազատության մեջ: Վերջերս Շուշանյանը նորից ազատ էր արձակվել: Վերջինիս կալանքի ժամկետը լրացել էր, և դատարանների կողմից խափանման միջոցի վերաբերյալ նոր դատական որոշում չէր եղել:
Շուշանյանին կալանավորելու միջնորդության մեջ դատախազ Հայկ Պետրոսյանը նշել էր, որ Թաթուլ Շուշանյանն ազատության մեջ է հայտնվել այն պատճառով, որ դատարանները չեն անդրադարձել նրա խափանման միջոցին, այլ ոչ թե այն պատճառով, որ կալանքի հիմքերը վերացել են:
Մեղադրողի խոսքով` ազատության մեջ գտնվելով` Շուշանյանը կարող է թաքնվել քննությունից, ինչպես նաև, օգտագործելով իր կապերը՝ ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա:
Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած դատական նիստին քննիչներ Արայիկ Ներսիսյանի և Արտակ Հովհաննիսյանի պաշտպանները միջնորդել էին իրենց պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել կամ դրանք փոխարինել ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոցով, ինչը, փաստորեն, դատարանի կողմից բավարարվեց:
Նշենք, որ ըստ մեղադրանքի Թաթուլ Շուշանյանը, զբաղեցնելով Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, ունենալով արդարադատության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայության և իշխանության ներկայացուցչի գործառույթները մշտապես իրականացնող պաշտոնատար անձ, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործի քննության ընթացքում Վլադիմիր Դավթյանի և Վահագն Աբգարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար Վահագն Աբգարյանից պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:
Արայիկ Ներսիսյանը, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնը, ունենալով արդարադատության կապիտանի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն և իշխանության ներկայացուցչի գործառույթները մշտապես իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաև խոշոր չափերով կաշառք է ստացել։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել