HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ազատամուտի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել համայնքի ավագանու անդամը

Նոյեմբերի 28-ից Տավուշի մարզի Ազատամուտ համայնքը ժամանակավորապես կղեկավարի համայնքի ավագանու անդամ Վահագն Ալավերդյանը: Ընթերցողներին հիշեցնենք, որ Տավուշի մարզային դատախազը հոկտեմբերի 5-ին իր վարույթում քննվող քրեական գործում Ազատամուտի արդեն նախկին ղեկավար Ժորա Մարտիրոսյանին ներգրավել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը: 

Հոկտեմբերի 8-ին Մարտիրոսյանի լիազորություններն արդեն դադարեցվել են. վերջինիս մեղադրանք է առաջադրվել ինքնիրավչություն կատարելու համար:

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Ազատամուտի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Ալավերդյանը, իր նշանակումը եղել է նոյեմբերի 23-ին, իսկ պարտականությունները կկատարի այս ամսվա 28-ից: Նրա փոխանցմամբ՝ մոտ մեկ ամիս առաջ համայնքային ժողով է հրավիրվել, որի ընթացքում բնակիչները Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին առաջարկել են իր թեկնածությունը: Մարզպետը անձամբ է եկել համայնք՝ Ալավերդյանին ներկայացնելու: Ալավերդյանի հաղորդմամբ՝ պետական վերահսկողությունը հոկտեմբերի 10-30-ը ուսումնասիրել է համայնքի գործունեությունը և բազմաթիվ չարաշահումներ հայտնաբերել, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր: 

Վահագն Ալավերդյանը, որպես համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իր առաջնային նպատակներից է համարում համայնքային մանկապարտեզի հիմնումը, անվճար ուսանողական տրանսպորտի շահագործումը, սպորտային դահլիճի կառուցումը, շենքերի տանիքների վերանորոգումը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ից Ազատամուտում բողոքի ակցիաներ էին սկսել: Համայնքի բնակիչները պահանջում էին համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը: Վերջինս Ազատամուտը ղեկավարում էր 2008 թվականից:

Ժորա Մարտիրոսյանի կատարած չարաշահումներին անդրադարձել էինք դեռևս նախորդ տարի: Զրուցել էինք սոցիալական օգնություն ստացած երկու ազատամուտցիների հետ, ովքեր տեղյակ չէին, որ իրենց անունով համայնքապետը սոցիալական օգնություն է դուրս գրել, սակայն վերջիններս այն չեն ստացել։

Լուսանկարում Վահագն Ալավերդյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter