HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընտրություններ․ ֆինանսական ի՞նչ կարողություն ունեն քաղաքական ուժերը

Դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերը՝ 9 կուսակցությունները և 2 կուսակցությունների դաշինքները, Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագրեր: Ըստ այդ հայտարարագրերի՝ ամենահարուստ կուսակցությունը շարունակում է մնալ Հանրապետական կուսակցությունը:

Հոկտեմբերի 31-ի դրությամբ Հանրապետական կուսակցության դրամական միջոցները կազմում են մոտ 26 մլն դրամ: Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա դրանք ևս զգալի են՝ մոտ 345 միլիոն դրամ, որից 221 մլն դրամը անդամավճարներից ստացված գումարներն են, 84 մլն դրամը՝ բյուջետային ֆինանսավորումը:

Infographics_Declarations_update.png (104 KB)

Ինֆոգրաֆիկան՝ Անի Հովհաննիսյանի

Ըստ հայտարարագրի՝ ՀՀԿ-ն տիրապետում է նաև 78 միավոր անշարժ գույքի՝ ամբողջ Հայաստանի տարածքով։ Դրանից 56 միավորը՝ շենք-շինություններ, 22 միավորը՝ հողատարածքներ: Ընդհանուր առմամբ՝ կուսակցությունը հայտարարագրել է մոտ 28,500քմ տարածքով անշարժ գույք։ Անշարժ գույքերից 6-ը Հանրապետականին տրվել է անհատույց օգտագործման, 53-ի նկատմամբ կուսակցությունն ունի միանձնյա սեփականության, իսկ 7-ի նկատմամբ՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունք, 10-ը՝ կուսակցությունն օգտագործում է վարձակալական հիմունքներով: Բացի այդ, ՀՀԿ-ն որպես միանձնյա սեփականություն ունի 4 հատ ավտոմեքենա: Դրանցից ամենահինը 1993թ. արտադրության Վազ-2121 մակնիշի ավտոմեքենան է, մյուսը՝ «Նիսսան Պադֆայնդեր» մակնիշի է՝ արտադրված 2007թ: Կուսակցությունը ունի նաև 2014թ. արտադրության թվով երկու «Նիսսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենաներ:

2018թ. նոյեմբերի 1-ի դրությամբ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ըստ հայտարարագրի, ոչ շարժական գույք ունի, ոչ անշարժ գույք: Դրամական միջոցներ և եկամուտ ևս չունի:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, ներկայացրած հայտարարագրի համաձայն, ունի մոտ 54 մլն դրամ եկամուտ, որից մոտ 41 մլն 700 դրամը անդամավճարների գումարն է, իսկ դրամական միջոցները կազմում են մոտ 7 մլն դրամ:

Կուսակցությունն ունի 41 միավոր շենք-շինություն, որոնք միանձնյա սեփականություն են: ՀՅԴ-ն ավտոմեքենա և այլ թանկարժեք գույք չի հայտարարագրել:

«Իմ Քայլը» դաշինքը կազմված է «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցություններից: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, օգոստոսի 1-ի դրությամբ հայտարարագրել է մոտ 7 մլն դրամ եկամուտ, որից մոտ 2 մլն դրամը անդամավճարների և նվիրատվության գումարներն են, իսկ դրամական միջոցները կազմում են 1 մլն 382 հազար դրամ:

ՔՊ կուսակցությունն ունի ընդամենը մեկ օգտագործվող տարածք, որն իր գրասենյակն է և տիրապետում է վարձակալական հիմունքներով: Ուշագրավն այն է, որ կուսակցությունը մեկ տարվա կտրվածքով գույքի ու եկամուտների հայտարարագիր է ներկայացրել՝ ելակետ ընդունելով օգոստոս ամիսը: Մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ. հունիսի 17-ի թիվ 24 որոշմամբ, որով սահմանվել է կուսակցությունների  հայտարարագրի՝ հայտարարագրում «որպես հաշվետու ժամանակաշրջան լրացվում է գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսները ներառող ամսաթվերը»: Կուսակցությունը 12 օրացուցային ամիսների սկիզբն ընտրել է կամայականորեն:

ՔՊ-ն խախտել է ԿԸՀ որոշման պահանջները, այդ իսկ պատճառով հանրությանը հայտնի չէ, թե նախընտրական շրջանում որքան են աճել կուսակցության եկամուտները, դրամական միջոցները, շարժական գույքը և այլն:

Դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցությունը ո´չ շարժական ու անշարժ գույք ունի, ո´չ դրամական միջոցներ:  Հայտարարագրել է ընդամենը 45.000 դրամ, որը ստացվել է մեկ անձի նվիրատվությունից:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 24-ի դրությամբ, որպես եկամուտ հայտարարագրել է մոտ 15 մլն դրամ: Նշված գումարից 10 մլն 807 հազար դրամը գոյացել է անդամավճարներից, նվիրատվություններից, իսկ դրամական միջոցները կազմում են մոտ 2 մլն դրամ: Կուսակցությունը, բացի վարձակալած մեկ շենք-շինությունից, այլ գույք՝ ներառյալ շարժական, չունի:

«Քրիստոնեա-Ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը հոկտեմբերի դրությամբ ո´չ եկամուտ ու դրամական միջոցներ է հայտարարագրել, ո´չ էլ որևէ անշարժ գույք: ԿԸՀ է ներկայացրել դատարկ հայտարարագիր:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը նոյեմբերի 24-ի դրությամբ հայտարարագրել է միայն դրամական միջոց՝ 2 մլն դրամ:

«Մենք» դաշինքի մեջ մտնող «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարագրել է միայն 150 քմ անհատույց օգտագործվող տարածք: Եկամուտ կամ դրամական միջոց, շարժական գույք չի հայտարարագրել: Իսկ դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարագրել է միայն ֆինանսների նախարարությունից ստացած 4 մլն 257 հազար դրամ եկամուտը:

«Օրինաց երկիր» կուսակցության միակ եկամուտը 11 մլն 190 հազար դրամ նվիրատվությունն է: Թեև ԿԸՀ-ի վերը նշված որոշմամբ կուսակցությունը պետք է հրապարակեր նվիրատուների անունները, սակայն բավարարվել է միայն «նվիրատուներ» նշագրմամբ և անուններ չի նշել: ՕԵԿ-ը հայտարարագրել է նաև 193,000 դրամ դրամական միջոց:

Կուսակցությունը սեփականության իրավունքով ունի երկու ավտոմեքենա՝ 1990թ. արտադրության «Վազ 2107» և 2002թ. արտադրության «Օպել Վեկտրա»: ՕԵԿ-ը հայտարարագրել է նաև 765 քմ մակերեսով շենք-շինությունը, որը դարձյալ տիրապետում է սեփականության իրավունքով:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հոկտեմբերի 31-ի դրությամբ որևէ գույք, դրամական միջոց, եկամուտ չի հայտարարագրել: ԿԸՀ ներկայացվել է դատարկ հայտարարագիր:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի համաձայն, ունի 85 մլն 600 հազար դրամ եկամուտ, որից մոտ 38 մլն 600 հազար դրամը նվիրատվությունից է գոյացել, իսկ մնացածը պետբյուջեից ստացած գումարն է: ԲՀԿ-ն ևս չի նշել, թե ումից է ստացել նվիրատվությունը: Կուսակցությունն ունի նաև դրամական միջոցներ՝ 22 մլն դրամ:

Հայտարարագրից պարզ է դառնում, որ ԲՀԿ-ն որևէ շարժական կամ անշարժ գույք չունի:

Նշենք, որ միայն Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր», Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն են իրենց հայտարարագրերում որպես եկամուտ արտացոլել կուսակցականներից ստացված անդամավճարները: Մյուս քաղաքական ուժերն անդամավճարից ստացված գումար չեն հայտարարագրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter