HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նունե Հախվերդյան

Բարձրախոս, շատախոս, կարգախոս

2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեկնարկեցին ու անհրապույր նոյեմբերը մի քիչ հետաքրքիր, խառը և աղմկոտ դարձրին:

Այն ուժերը, որոնք հասցրին արագորեն թռչել ընտրությունների շարժվող գնացքի մեջ, ստիպված են այդպես թռչկոտելով էլ մասնակցել ընտրարշավին՝ բավականին երերուն իրավիճակում որոնելով խորհրդարանում սեփական տեղն ու այդ տեղը ապահովող բառային ու իմիջային փաթեթավորումները:

Կարգախոսները, որոնք ընտրում են քաղաքական ուժերը, իմաստների դիզայն են, եթե կուզեք, հարմար վերմակ՝ բոլոր մրսողների համար: Ու թեև դրանք երբեք էլ կարևոր դեր չեն խաղացել ընտրելու գործընթացում, սակայն օգնել են դիրքավորել ուժերը՝ ըստ նրանց երևակայության ու ստեղծարարության մակարդակի:

Շատ բան այս ընտրություններում կլինի արագ, այդ թվում նաև՝ հնի ու նորի անխուսափելի կապը. կուզեն ասել նոր բան, բայց կստացվի հնացած մի բան, միգուցե՝ լինի նաև հակառակը: Որքան ցույց տվեցին քարոզարշավի առաջին երկու օրերը, ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի կարգախոսների վիզուալիզացիան հոլովակներում ու պաստառներում լինելու է մարտական, դաժան ու ուրախ:

Ընտրողը, կարծես, գտնվում է տարբեր բևեռներ ունեցող կարգախոսների ու խոսքերի արանքում: Ու թեև դրանք կամ կազմված են իրար հաջորդող, համոզող ու գեղեցիկ գոյականներից (օրինակ, «Օրինաց երկրի» «Օրինականություն, արդարություն, ապահովություն»-ը) կամ ունեն ասույթի ձև (ԲՀԿ-ի «Մեր խոսքը գործ է», «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության «Ապագան ՔՈնն է»)՝ հիմնականում կառուցված են կոնտրաստի վրա:

Ավելին՝ աշխատում են ընդդեմ: Այսինքն, ուժերը դեմ լինելով են փորձում հաստատվել, հիշվել ու տեղ զբաղեցնել նոր գումարման ԱԺ-ում:  

Այս ընտրություններն ընդհանրապես ագրեսիվ են իրենց ուղերձներում ու պատկերային շարքերում:

Օրինակ, «Լուսավոր Հայաստանի» «Լուսավորի՛ր Հայաստանը» կարգախոսը, զուտ կուսակցության անվանումից ելնելով, հրամայում է, որ մութը ցրելու գործընթացը պետք է մենք անենք: Բայց անտեսում է ընտրազանգվածի այն հատվածը, որը սիրում է մութը, մթնշաղը, մուգը: Հետևաբար, չի շտապում լուսավորել, անգամ եթե կարող է անել դա:

«Մենք» դաշինքն իր կարգախոսով հայտարարում է, թե «Առաջինը Հայաստանն է», ու ոչ ոք դրա հետ չի հանդգնի չհամաձայնել: Այո, Հայաստանը առաջինն է, նաև՝ երկրորդը, վերջինը... Հայաստանը ամենուրեք է, քանի որ ընտրությունները Հայաստանում են:

Եթե այդ քաղաքական միավորման կարգախոսը նկատի ունի, որ Հայաստանը առաջինն է ընդհանրապես ու հավերժ, ապա այն համահունչ է ՀՅԴ կարգախոսին՝ «Հավատարիմ հային ու հողին»:

Ի վերջո, մտային դիսոնանս է, գրեթե տրամաբանության վթար, երբ քեզ ասում են, որ պետք է հավատարիմ լինել հային ու հողին: Իսկ ինչու՞ ոչ ջրին, օդին և այլ սիմվոլիկ նշաններին: Իսկ եթե ՀՀ քաղաքացին հայ չէ՞, բայց հավատարիմ է հողին, որի վրա ապրում է և որը համարում է իր հայրենիքը, և հետևաբար ուզում է, որ ՀՅԴ-ն խոսի նաև իր անունից:

Դաշնակցության դիզայնը՝ հիմնված արյամբ լցված արմատների ու թրերի պատկերի վրա, ստեղծում է տագնապալի զգացողություն: Միգուցե դա բնական կդիտվեր, եթե այդ կուսակցության մեխը լինեին էկոլոգիական հարցերը, բայց քանի որ այդպես չէ, ընտրողի մոտ զգուշավորություն է առաջանում: Կամ միգուցե իմունիտետ՝ լուրջ չընդունելու իմաստային դիսոնանսը:

Հավատարմությունը հղում է անում հավերժ կատեգորիաների, որոնցից անգիտակցաբար խուսափում ենք, ընդունելով, որ եթե Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ (հեղափոխական), ապա հավերժը դիտակվում է որպես արդիականից զուրկ մի բան: Այն պարզապես չկա:

Օրինակ, խոսքը երբեմն դառնում է գործ, իսկ երբեմն՝ չի դառնում, ապագան երբեմն ենթարկվում է մեր կամքին, երբեմն՝ արարվում առանց մեր միջամտության:

Վարչապետը կարող է համարվել անփոխարինելի, բայց ինչպես տեսանք Սերժ Սարգսյանի դեպքում, փոխարինվում է:

Այդ տեսակետից «Քաղաքացիական պայմանագիր» կամ «Քաղաքացու որոշում» ուժերի անվանումներն ավելի հեռանկարային են, քանի որ որոշումներն ու պայմանագրերը հավերժ չեն (եթե իհարկե, չեն կնքվել Մեֆիստոֆելի հետ), և հաշվի են նստում այն փաստի հետ, որ քաղաքական ուժի ու անհատի համագործակցությունը միշտ ժամանակավոր և կոնկրետ է:

Մի ընտրությունից՝ մյուսը, օրինակ:

Ժամանակի գործոնը հրամայական կերպով օգտագործում են մի քանի կուսակցություններ՝ «Ազգային առաջընթացը» հուշում է, որ «Երկիրը կառուցելու ժամանակն է», իսկ «Սասնա ծռերը» ավելի հակիրճ են, ասելով, որ պարզապես «Ժամանակն է»:

Ու կարծես այդ ուժերը չեն մտահոգվում, որ ընտրողներս չենք կարողանա հասկանալ, թե ինչի ժամանակն է (ասենք քարեր թափելու, թե քարեր հավաքելու): Կամ՝ ինչու է հիմա կառուցելու ժամանակը, այլ ոչ անցյալ հնգամյակում էր:

Իհարկե, այդ բառային-հոլովակային վիզուալ գրոհը, որի ականատեսն ենք, երբեմն շատ է հոգնեցնում, երբեմն՝ զվարճացնում է, բայց գրեթե միշտ տարակուսելի է:

Զանգվածային հաղթանակի համար  առանձնապես մտահոգվելու կարիք չունեցող «Իմ քայլը» դաշինքը, որը վստահության մեծ պաշար ունի ու կարող է թույլ տալ (դեռևս թույլ տալ), որ իրեն ընտրեն՝ սիրո ու համերաշխության ալիքի վրա, իր բոլոր ուղերձները ուղղում է ընդդեմ նախորդ իշխանությունների:

Կարծես, այդ ուժն ամեն ինչ անում է, որ հակադրության ֆոնին շահեկան երևա, թեև այս պահի դրությամբ՝ գրեթե մրցակիցներ չունի: «Իմ քայլի» այդ տարօրինակ մարտավարությունը տեղ գտավ հանրային խոսքում, դեռևս Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ քաղաքական դաշտը պարզունակ կերպով բաժանվեց սևերի ու սպիտակների:

Եվ որն էլ կարողացավ օգտագործել հեռացած իշխանության սիմվոլը՝ ՀՀԿ-ն:

ՀՀԿ-ն հրաժարվեց խոսել իր անունից ու իր դեմքերով: Այդ կարկառուն, բայց զանգվածայնորեն մերժված քաղաքական ուժը որոշեց իր ընտրարշավը կառուցել «Եթե մտահոգ ես, ընտրիր հանրապետականին» կարգախոսի համաձայն:

Օրինակ, մտահոգ ես գների բարձրացմամբ, ավանդական արժեքների այլասերմամբ և այլ վտանգավոր բաներով, ուրեմն պետք է ընտրես ՀՀԿ-ին: Հետաքրքիրն այն է, որ մտնելով սևի դերի մեջ՝ ՀՀԿ-ն կարողացավ ուժգնացնել սարսափը:

Նրա հոլովակներից, պաստառներից ու խոսքերից հորդում է վախը, սպառնալիքն ու շանտաժը, այսինքն, այն ամենը, ինչը պետք է մերժվի, եթե մտահոգ ես, բայց անհայտ պատճառով, ընտրողին առաջարկվում է քվեարկել հենց այդ ուժի օգտին:

Վտանգի խտացումը իրոք վախեցնող է, մանավանդ, որ մտահոգ քաղաքացիները քիչ չեն:

Իսկ «Իմ քայլը», որը անընդհատ հակադրվում է վախեցնողներին, ընտրեց մոնումենտալ կարգախոս՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն», որի վերջին՝ «հզոր պետություն» բաղադրիչը, կարծես, ժառանգվել է նախորդ հռետորաբանությունից, և դրա պատճառով առաջին երկու ուղերձները, որոնք բխում են հեղափոխության տրամաբանությունից, մնում են անօգնական ու օդից կախված:

«Իմ քայլի» կարգախոսի նախնական տարբերակը՝ «Նիկոլ վարչապետ»-ը, կարող էր ավելի գրավիչ լինել, բայց հիմա դա այնքան էլ էական չէ:

Ի վերջո, մարդկանց հիշողության մեջ մնում են ոչ թե կարգախոսները, և նույնիսկ ոչ ծրագրերն ու խոստումները, այլ մարդկանց դեմքերը՝ իրենց արածով ու չարածով:

Իհարկե, բառեր ընտրելը նուրբ արվեստ է, բայց ոչ պակաս նուրբ, անգամ ոսկերչական հմտություններ պահանջող գործ է այդ բառերն այնպես ասելը, որ դրանք ընկալվեն ոչ թե որպես հրահանգներ ու սպառնալիքներ, այլ երկխոսության հրավերներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter