
Կառավարությունը գործարար Նորիկ Պետրոսյանին խնդրել է «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատատեղեր բացել նաև Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողների համար
Երեկ երեկոյան Ալավերդիում վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ալավերդցիների հետ իր հանդիպմանը խոսեց «Թեղուտ» ՓԲԸ-ի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի չաշխատելու իրական պատճառների մասին: Ն. Փաշինյանը պատմեց, որ Թեղուտի հանքավայրը շահագործվել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի 380 մլն դոլար վարկով։
Այս տարվա փետրվարին, սակայն, պարզվել է, որ Թեղուտում պոչամբարի պրոբլեմ կա, պոչամբարի պատին ճաք է առաջացել: Թեղուտի հանքավայրի աշխատանքը շարունակելու համար պետք էր վերականգնել պոչամբարը, որի համար ընկերությանը անհրաժեշտ է եղել 10-14 մլն դոլար: Այլ բանկից հնարավոր չի եղել վերցնել այդ վարկը, քանի որ «Թեղուտ» ՓԲԸ-ն, Ալավերդու պղնձաձուլական գործարանը և «Վալլեքս»-ին պատկանող ևս մեկ հանքավայր գրավադրված են «ՎՏԲ-Հայաստան» բանկում: Վերջինս էլ «Վալլեքս»-ին դադարել է վարկ տրամադրել՝ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը այդ ժամանակ ՎՏԲ-ի և «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչներին բանակցությունների է հրավիրել՝ կարևոր այդ խնդրի լուծումները գտնելու համար: Արդյունքում Թեղուտի հանքավայրն անցել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի հսկողության տակ: Այդ ժամանակ կառավարությունը բանկի առաջ նախապայման է դրել նոր օպերատոր ներգրավելու և «Թեղուտ» ՓԲԸ-ն շահագործելու համար: Նիկոլ Փաշինյանն Ալավերդիում հայտարարեց, որ Ռուսաստանում հայտնի գործարար Նորիկ Պետրոսյանը ստանձնել է «Թեղուտ» ՓԲԸ-ի վերաշահագործումը:
«Վերաշահագործման համար նրանք մեկ ամիս են խոստանում, բայց ես գիտեմ, որոշակի խնդիրների հետ է կապված Թեղուտի հանքավայրի վերստին աշխատելը: Պոչամբարը, երբ վերականգնվի, հանքավայրը կսկսի աշխատել»,- հայտնեց Ն. Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Նորիկ Պետրոսյանը խոստացել է հնարավորինս արագ իրականացնել Թեղուտի հանքավայրի շահագործումը, ընդ որում՝ աշխատատեղերի ավելի մեծ քանակով:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ալավերդու պղնձաձուլական գործարանի խնդրիրներին: Նրա խոսքով՝ ոմանք փորձել են տպավորություն ստեղծել, թե պղնձաձուլական գործարանը փակվել է կառավարության բնապահպանական տեսչության կատարած ստուգումների արդյունքում: Վարչապետի պաշտոնակատարը դա բացառեց և բացատրեց, որ պղնձաձուլական գործարանի աշխատանքների դադարեցնելը կապված է «Թեղուտ» ՓԲԸ-ի կարգավիճակի փոփոխության հետ: Գործարանի աշխատանքը եկամտաբեր լինելու համար, ընկերությունը պետք է ունենա իր սեփական հումքը: «Թեղուտ» ՓԲԸ-ն արդեն «Վալլեքս» խմբից օտարված է:
Ն. Փաշինյանն ալավերդցիներին տեղեկացրեց, որ գրավադրված է նաև Վալերի Մեջլումյանի՝ Ռուսաստանի Դաշնությունում ունեցած անշարժ գույքը: Նրա խոսքով՝ պղնձաձուլական գործարանի աշխատելու համար կա երկու տարբերակ, առաջին՝ պղնձաձուլական գործարանը և մյուս հանքը շարունակում են մնալ «Վալլեքս» խմբում և աշխատում են այդ տարբերակով և երկրորդ՝ պղնձաձուլական գործարանը նույնպես վերցնում է «ՎՏԲ-Հայաստան» բանկը, կամ «Ռուսկայա Մեդ» ընկերությունը և փորձում է աշխատացնել այն:
Ն. Փաշինյանը նաև հայտնեց, որ պղնձաձուլական գործարանը բավականին հնացած է և նոր ներդրումների կարիք ունի: Կառավարությունը գործարար Նորիկ Պետրոսյանին խնդրել է «Թեղուտ»-ում բացել այնքան աշխատատեղ, որ պղնձաձուլական գործարանի տեւական ժամանակ չաշխատելու դեպքում, գործարանի բոլոր աշխատողների համար աշխատատեղեր ստեղծվեն Թեղուտ ՓԲԸ-ում։ Ըստ Ն. Փաշինյանի, այս պահին Հայաստանում նոր պղնձաձուլարան կառուցելու երկու ներդրումային առաջարկ կա՝ չինական կապիտալով և իտալական:
«Ես հույս ունեմ, երբ նոր պղնձաձուլարանի նախագիծը քննարկվի, մենք կկարողանանք բնապահպանական բարձր ստանդարտներ ապահովել, որպեսզի նոր հանրային բորբոքումներ տեղի չունենան այդ ոլորտում»,- ասաց Ն. Փաշինյանը: Նրա խոսքով, երկրի տնտեսության մեջ կառավարությունը քաջալերելու է նոր ներդրումներն և, միևնույն ժամանակ, բնապահպանական բարձր ստանդարտները: Կառավարությունը քաջալերելու է նաև գունավոր մետալուրգիայի զարգացումը.
«Սակայն դա միևնույն ժամանակ չի նշանակի բնապահպանական աղետ»,- ասաց նա: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև «Շնող» հէկի կառուցմանը: Ասաց, որ Հայաստանում այսուհետև բացառվելու է առանց համայնքի համաձայնության որևէ հզոր բնապահպանական ազդեցություն ունեցող նախագիծ իրականացնելը։
«Դա օրենքով է, դա վարչապետի քմահաճույքը չէ: Օրենքը քաղաքաշինական ծրագրերում առանցքային տեղ է հատկացնում համայնքի կարծիքին: Ուզում եմ ասել, որ «Շնող» հէկ-ը չի կարող կառուցվել առանց համայնքի համաձայնության: Եթե անհրաժեշտ լինի, մենք տեղական հանրաքվե կանցկացնենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մեկնաբանել