HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին համաշխարհայինը՝ Եվրոպայի և Հայաստանի համար

Առաջին համաշխարհային պատերազմը, որի ավարտի (ավելի ստույգ հիմնական՝ Արևմտյան ճակատի զինադադարի) 100-րդ տարեդարձը նշում էին այս տարվա նոյեմբերի 11-ին, ինչպես մեզանում ընդունված է ասել՝ «աշխարհում» (այսինքն՝ Արևմտյան երկրներում), ի տարբերություն Երկրորդ համաշխարհայինի՝ այդքան էլ «պոպուլյար» չէ հետսովետական տարածքում՝ հասկանալի պատճառներով:

Մինչդեռ հենց Առաջին աշխարհամարտն է առավել մեծ չափով այսօրվա աշխարհի ձևավորող հիմքը, նորագույն պատմության սկիզբը՝ կառուցվածք, «քարտեզ» տվողն այն ամենին, ինչ համարում կամ ընկալում ենք «ժամանակակից»:

Երկրորդ համաշխարհայինը որքան էլ կարևոր, բայց ինչ-որ չափով Առաջինի «ռեմիքսն» էր, դրա արդյունքների վերախաղարկման անհաջող փորձը, որի հետևանքները, բնականաբար, կարևոր են, բայց հիմքը չեն փոխում հենց թեկուզ որովհետև վերախաղարկման փորձն անհաջող էր, և մենք շարունակում ենք ապրել մի աշխարհում, որը ստեղծվել է 1914-18 թթ.-ի միլիոնավոր երիտասարդների արյան գնով: Առանձին թեմա է այն, որ այսօրվա Հայաստանը նույնպես արդյունք է հենց Առաջին համաշխարհայինի՝ առնվազն իր սահմաններով և ոչ միայն:

Ընդհանրապես, աշխարհները՝ քաղաքակրթությունները, աշխարհակարգերը ոչ միայն ավիրվում, այլև ստեղծվում են պատերազմներով: Խաղաղությունը պատերազմի ոչ միայն ձևական արդյունքն է, այլ պատերազմով ստեղծած բովանդակությունը: Եթե միայն թռուցիկ հիշատակենք այն, ինչ մնացել է մեզ որպես ժառանգություն Առաջին աշխարհամարտից, ապա այդ ցուցակում կլինեն ոչ միայն ռազմատեխնիկական գյուտերն, ասենք՝ տանկերը, այլև ժամանակակից սոցիալական օրենսդրությունը, աշխատանքային զարգացած իրավունքը, կանանց ընտրական իրավունքը, ազգային պետությունների սկզբունքի վերջնական հաղթանակը, Աֆրիկայի և Ասիայի ապագաղութացման սկիզբը, քարոզչական տեխնոլոգիաները և այլն: Սրանք բոլորը՝ որպես սկզբունք, ոչ թե ստեղծվել են պատերազմի ընթացքում, այլ դրանց իրականացման կարևորագույն խթան է դարձել պատերազմը: Օրինակ, Համաշխարհային պատերազմը պահանջում էր համազգային ամբողջական այնպիսի մոբիլիզացիա, աջակցություն և ներգրավում, որ անհնար էր ի հատուցում չընդլայնել ներգրավվողների իրավունքները, կառավարությունները ստիպված էին զիջումների գնալ սոցիալական հարցերում, իրավունքների հարցերում և այլն:

Առաջին համաշխարհայինն ունի իր յուրահատուկ մռայլ հմայքը: Այն չի կարող չձգել տարօրինակություններ սիրող, «գիշերային» ոգիներին: Նախորդող և հաջորդող մեծ պատերազմները զուտ ռազմական տեսակետից ունեն իրենց արտաքին փայլը և թեկուզ մակերեսային, բայց տպավորիչ պատումները՝ մեծ արշավանքներ, մեծ նվաճումներ, մեծ նահանջներ՝ Նապոլեոնից մինչև Մոլտկե Ավագ, և սրանից մինչև Գուդերիանի և Մանշթայնի բլիցկրիգ:

Առաջին համաշխարհայինն այդպիսին չէ: Նա փորձում է սկսվել որպես նապոլեոնյան տիպի մեծ ու «զվարթ» արշավանք, բայց շատ արագ, գոնե իր հիմնական ճակատներում, վերածվում է հազարավոր կիլոմետրեր ձգված և աննշան տարածքներում տարիներով տևող մելամաղձոտ, դժգույն, տանջալից մսաղացի, որտեղ, առանց տեսանելի նպատակի, զանգվածաբար զոհաբերվում էին եվրոպական ազգերի լավագույնները:

Այստեղ մեծ ճակատամարտերը՝ միլիոնների ներգրավմամբ, վարվում են մի քանի կիլոմետր այս կամ այն կողմ՝ առաջխաղացման համար: Այդ ճակատամարտերը հաճախ հենց մսաղած էլ կոչվում են, ոչ պաշտոնապես, օրինակ՝ Վերդենի մսաղածը: Նույնիսկ վերջին, վճռական հաղթական մարտերն ավելին չեն, քան մի քանի կիլոմետրանոց ճեղքումներ:

Զինադադարի կնքման պահին գերմանական զորքերը դեռ վերահսկում էին Ֆրանսիայի հյուսիսի զգալի մասը՝ կանոնավոր նահանջելով նախապես պատրաստված դիրքեր: Հնարավոր չէ նորից ու նորից չվերադառնալ այս մղձավանջային պատկերներին՝ փորձելու համար հասկանալ դիրքային պատերազմ կոչված այս տարօրինակ երևույթի գաղտնիքը, էությունը, հոգեբանությունը:

Թվում է, թե երբեք՝ ոչ դրանից առաջ, ոչ էլ հետո, մարդկային հոգին նման փորձության ու նման կոփման չի ենթարկվել: Միաժամանակ երբեք որևէ պատերազմում իմաստի հարցն այդքան սուր չի դրվել՝ մի բան է, երբ դու սլանում ես դեպի հաղթանակ կամ նահանջում ես դեպի պարտություն մեծ տարածությունների վրա, կամ թեկուզ առանց կռվի բռնվելու մանևրում ես, այլ բան է, երբ 4 տարի շարունակ նստած գրեթե նույն դիրքերում՝ այլմոլորակային բնապատկերի վերածված տեղանքում սպանում ես քեզ նմաններին ու մեռնում միլիոններով:

Առաջին աշխարհամարտը եվրոպական ժողովուրդների ինքնասպանությունն էր, արևմտյան քաղաքակրթության մայրամուտը: Խաբում ենք մեզ, երբ կարծում ենք, որ դրանից հետո արևմտյան մեծ քաղաքակրթությունը վերածնունդ ապրեց:

Մի կարճ փայլատակում եղավ 1920-30-ականերին, որն իրականում ավելի նման է հոգեվարքի ակտիվության: Մեծ եվրոպական մշակույթը՝ քաղաքականությամբ հանդերձ, մահացավ 1914-18 թթ.-ին: Մեծ գիտական ոճերը, մեծ արվեստը, մեծ փիլիսոփայությունը, մեծ քաղաքականությունը՝ բոլորը եվրոպական անցյալին են վերաբերում:

Այն, ինչ այսօր կոչվում է եվրոպական արժեք, բավականին խղճուկ մի մոխիր է, երբեմնի հզոր, հպարտ ու ինքնավստահ քաղաքակրթության, որը, թոշակի անցնելով, դարձել է բարի, իմաստուն, անվտանգ և անվնաս:

Եվրոպան՝ որպես աշխարհաքաղաքական միավոր, վաղուց չկա՝ իր տեղը զիջելով անգլիացիների կողմից նախապես ակամայից պատրաստած պահուստային բաստիոնին՝ ԱՄՆ-ին:

Հայտնի են Առաջին համաշխարհայինի պատճառները՝ անգլո-գերմանական հակասությունը: Իրականում ոչ թե Գերմանիայի, այլ Միացյալ Եվրոպայի, դրա իրական գեոպոլիտիկ անկախության խնդիրն էր: Անգլիական քաղաքականությունը նույնպես հայտնի է՝ եվրոպական մայրցամաքում թույլ չտալ ուժեղ միավորման առաջացումը, որովհետև դա միանգամից Բրիտանական կղզին դարձնում է եվրոպական միավորյալ տերության լուսանցքային կցորդը:

Անգլիացիները միշտ էլ պատերազմել են Եվրոպայում գերիշխանության ձգտող ցանկացած հավակնորդի դեմ՝ Իսպանիա, Ֆրանսիա, վերջում՝ Գերմանիա, որի կենտրոնական աշխարհագրական դիրքն ամենաբնականն է՝ Եվրոպան միավորելու և դեպի համաշխարհային գերիշխանություն տանելու: Նախկինում արդեն ջախջախված և թուլացած Ֆրանսիան այս պայքարում դառնում է անգլիական կցորդը մայրցամաքում, ինչպես մինչ այդ՝ ֆրանսիական վերելքի դարում, գերմանական պետություններն էին այդ դերը խաղում՝ որպես անգլիական դաշնակիցներ:

Ինչպես նախկինում և հետագայում, Անգլիան այս պատերազմում էլ հաղթում է նաև ռուսական ներգրավմամբ: Բոլոր վճռական պահերին ռուսները միշտ եղել են անգլիական գործիքը միավորյալ Եվրոպայի դեմ: Ռուսաստանի պայքարը միշտ եղել է և կա իր էությամբ՝ անգլիական աշխարհակարգում մի քիչ ավելի մեծ դերի համար պայքարող, բայց ոչ երբեք իրապես աշխարհակալությունը վիճարկող (որքանով էր բացառություն ՍՍՀՄ-ը 1945-ից հետո՝ հարց է):

Բայց Առաջին աշխարհամարտում գերմանական դիմադրությունն այնքան մեծ էր, որ, չնայած գերմանական պարտության, անգլիական աշխարհակալությունն էլ ճեղքեր տվեց և ի վերջո տապալվեց: Հերթն անցավ ԱՄՆ-ին: 1918-ը ամերիկյան աշխարհակալության սկիզբն է, որն ամրապնդվեց 1945-ին: Բայց մեծ համակարգը, ըստ էության, մնաց նույնը, որովհետև ամերիկյան աշխարհակարգի փիլիսոփայությունը և հենքը՝ ծովակալությունը, մնում է նույնը՝ կարևոր, բայց ոչ հիմնարար ձևափոխումներով: Եվրոպան մնաց աշխարհաքաղաքական դիակ՝ Անգլիայով հանդերձ: Վերջին կտորները, որոնք պոկվեցին այդ դիակից, աֆրիկյան գաղութներն էին՝ հակագաղութային պայքարին «հավեսով» աջակցում էր ոչ միայն ՍՍՀՄ-ը, այլև ԱՄՆ-ն: Եվրոպան առանց Աֆրիկայի երբեք չի կարող մրցել ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Ռուսաստանի հետ՝ դրանց տարածքային և ռեսուրսային հենքի հետ:

Առաջին համաշխարհայինի մասն էր նաև հայերի Մեծ Եղեռնը: Դա էլ, եթե չի մոռացվում, ապա դիտվում է մի տեսակ միայն ձևական, կարծես՝ պատահական կապի մեջ: Մինչդեռ Մեծ Եղեռնը պատերազմի հետ ոչ թե դիպվածային, այլ էական կապով է կապված:

Մեծ Եղեռնը ոչ այնքան հայ-թուրքական, որքան միջազգային հարաբերությունների արդյունք և մաս էր: Ընդհանրապես հայերի զանգվածային ջարդերը Թուրքիայում սկսվում են «քաղաքակիրթ աշխարհի» միջամտությամբ՝ Օսմանյան կայսրության քաղաքականությանը: Այնպես չէ, որ մինչ այդ հայերն ապրում էին թուրքական լծի տակ գոհ և երջանիկ, իսկ վատ եվրոպացիք եկան ամեն բան փչացրին, կամ, որ թուրքրեը ոչնչացրին հայերին, որովհետև ատելության գաղափարախոսությամբ էին տարված, պանթուրքիստ էին և այլն:

Գաղափարախոսություններն ընդամենը արձագանք են և իրականության արդարացում: Հայերի ոչնչացումը «քաղաքակիրթ աշխարհի» հետ Թուրքիայի հարաբերությունների կապակցված մասն էր, մասն էր Համաշխարհային պատերազմի դաժանագույն իրականության, հետևանք էր որքան թուրքական, այնքան էլ մեծ պետությունների և գաղութահայ «առաջադիմական» քաղքենիության քաղաքականության:

Հայ-թուրքական հարաբերությունները հովվերգական չեն եղել երբեք, լի են եղել հակասություններով, բայց նրանք անդառնալի թշնամանքի են վերածվում միայն արտաքին միջամտությամբ:

Առաջին համաշխարհայինը հայ «առաջադեմ» մտավորականության երազանքն էր, որը վերածվեց մղձավանջի: Մի ամբողջ սերունդ՝ գաղութահայ առաջադեմ քաղքենիամտավորականություն, երազել է դրա մասին, որ լինի պատերազմ Թուրքիայի և «քաղաքակիրթ աշխարհի» միջև (դրա մեջ՝ նաև Ռուսաստանը), որպեսզի «հետամնաց» Թուրքիան անխուսափելիորեն պարտվի այդ պատերազմում «առաջադեմ լուսավոր» աշխարհին:

Այս «աշխարհիկ կրոնական» հավատքն է հայկական մեծագույն դժբախտության արմատը: Երազանքն իրականություն դարձավ 1914-ին, և հայ առաջադեմ քաղքենությունը, որը մինչ այդ, ի դեպ, առանձնապես չէր էլ աջակցում հայկական ազատագրական զինված պայքարին, այլ դրա վերամբարձ քննադատի դերում էր, ոգևորված Անտանտով՝ վերջապես քաղաքակիրթ աշխարհը միավորել էր, հայ ժողովրդին ներքաշեց պատերազմի մեջ՝ ընդդեմ Թուրքիայի: Դրա արդյունքներով, հայերը վերածվեցին «փոքր ազգի», մինչդեռ՝ մի օր միջին չափի տերություն լինելու լավ հնարավորություններ ունեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter