
ԲՀԿ-ական թեկնածուի նախագահած ՀԿ-ն դիտորդություն կիրականացնի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող 22 հասարակական կազմակերպությունների:
22 կազմակերպություններից 2-ի դիտորդների թիվը գերազանցում է 5400-ը:
«Հետք»-ն անդրադարձել էր դիտորդություն իրականացնելու հայտ ներկայացրած որոշ կազմակերպությունների և ցույց տվել ամենամեծ թվով դիտորդներ գրանցած ՀԿ-ների անթաքույց կապը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:
ԿԸՀ-ն այդ 4 կազմակերպություններից հավատարմագրել է մեկին` «Միացյալ առաջնորդների պալատ»-ին: Չեն հավատարմագրվել «Իրավազոր» իրավապաշտպան ՀԿ-ն, «Համաչափ զարգացում» համայնքային զարգացման ՀԿ-ն և «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն, որը լուծարված էր, և դրա փաստաթղթերն ուղարկվեցին դատախազություն: Սակայն ծառուկյանամերձ կազմակերպություններից ավելացել է մեկ այլ ՀԿ` «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ-ն: Ցուցակագրել է 5406 դիտորդ:
2009 թվականին գրանցված այս ՀԿ-ն նախագահում է Վեներա Գյուլինյանը, ով ԲՀԿ-ի կողմից առաջադրվել է Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքում:
Վեներա Գյուլինյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ աշխատել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում: Մասնակցել է ԲՀԿ միջոցառումներին, հպարտորեն տարածում է իր կենսագրությունը` համադրված իր և Գագիկ Ծառուկյանի համատեղ լուսանկարով: Տարածում է ԲՀԿ միջոցառումների, Գագիկ Ծառուկյանի բարեգործությունների, Ջավահիր Ծառուկյանի այցերի և բարեգործությունների մասին հրապարակումներ:
ԲՀԿ քարոզչությամբ զբաղվում է նաև «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ-ն: Այս փաստը, սակայն, կարծես թե հաշվի չի առել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և պատշաճ չի ստուգել ՀԿ-ի գործունեությունը:
Տիկին Գյուլինյանի աշխատասենյակը՝ ՀԿ-ի զբաղեցրած գրասենյակային տարածքը, «զարդարում» են Գագիկ Ծառուկյանի լուսանկարները:
ԲՀԿ ցուցակում Վ. Գյուլինյանը 28-րդն է, և ԿՀԸ ներկայացրած ցանկում նա որպես աշխատավայր նշվել է Գ. Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի, մշակույթի համալիրը, ՀՈԱԿ մեթոդիստ:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն ՀՀ այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին:
Ստացվում է, որ դիտորդական առաքելություն ունեցող 20 կազմակերպությունները միասին գրանցել են 6996 դիտորդ, իսկ ԲՀԿ-ամերձ 2 կազմակերպությունները՝ 10817 դիտորդ:
Եթե հաշվարկենք, որ ՀՀ 13 ընտրական տարածքում կա 2010 ընտրատեղամաս, ապա ԲՀԿ-ամերձ կազմակերպությունները յուրաքանչյուր տեղամասում կունենան առնվազն 5 դիտորդ:
Մեկնաբանել