HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրիշ հերոսներ

Եթե սերունդների միջեւ, մեծամասնության ու փոքրամասնության միջեւ, ուժեղի ու թվացյալ թույլի միջեւ բացակայում է երկխոսությունը, սկսվում է պայքարը հողմաղացների դեմ։ Եվ հակառակը՝ բավական է սկսես խոսել դիմացինիդ հետ, հասկանում ես, թե ինչքան նման եք իրար, նույնիսկ եթե առաջին հայացքից աչք են ծակում հենց ձեր տարբերությունները։ Ու հանկարծ պարզ ընկալում ես, որ անկախ նրա ֆիզիկական ու մտավոր հատկանիշներից, անկախ սեռական ու գենդերային հակումներից, անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից եւ մնացած, իրականում ոչինչ չնշանակող տարբերություններից, դուք՝ դու եւ նա, ունեք նմանատիպ վախեր ու երազանքներ, մանկության հիշողություններ ու սպասումներ ապագայից, երջանկության ու դժբախտության պատկերացումներ և ձգտումներ, որոնք իրականացնելու համար ճիշտ կլիներ միավորել ուժերը՝ փոխանակ միմյանց գոյությունն ատելությամբ ու անհանդուրժողականությամբ թունավորելու։

Երջանկության ու ցավի արանքում

Հիմա կաթը կտամ, կխմի ու կքնի։ Շատ հանգիստ երեխա է։ Լացել չունի։ Պառկում, պառկում է, մեկ էլ տեսնում ենք քնեց։ Ա՛յ, աղջիկս անհանգիստ է։ Քանդում է՝ ինչ կա, չկա։ «Մաշան ու արջը» մուլտֆիմը շատ է սիրում, նայում է ու սովորում տարբեր չարաճճիություններ։ Երկուսն էլ առողջ են։ Անալիզները մաքուր են եկել։ Ճիշտ է՝ պստիկին դեռ երկու անգամ էլ պիտի ստուգեն, բայց վստահ եմ, որ մաքուր են լինելու, ոչ մի խնդիր չի ունենալու փոքրիկս։ Իսկ մեծ աղջիկս մեր կարգավիճակից ունի։ Հղիության ընթացքում անալիզներ տվել եմ, կոնսուլտացիաների գնացել եմ, բայց չի իմացվել ու ինքն այդպես էլ ծնվել է։ Հիմա դպրոցում է։ Հետո գնալու է անգլերենի պարապմունքի ու գա տուն։

Երեխան քոլեջ էր գնում այնտեղ, որտեղ ապրում էինք, որ հետո առաջին դասարան գնար, բայց հարեւանները իմացել էին թոքերի խնդրի մասին, ասել էին՝ մենք չենք ուզում, որ քո երեխան գա, եթե գա, մենք մեր երեխաներին կհանենք քոլեջից։ Այդ ժամանակ ամուսինս Աբովյանում պառկած էր, երկրորդ անգամ էր կրկնվել իր մոտ ու շատ բարդ վիճակով։ Ու էլ չփրկվեց, այնտեղ էլ մահացավ։

Դե, ի՞նչ ասեմ, ապրում ենք, էլի։ Ամուսինս աշխատում է, ես երեխեքի հետ եմ։ Երկուսս էլ ՄԻԱՎ կարգավիճակ ունենք։ Իրար հետ էլ բուժման ընթացքում ենք ծանոթացել։ Առաջին ամուսինս արդեն մահացել էր՝ ինձ ու երեխային հիվանդությունների մի փունջ պարգեւելով։ Թոքերի խնդիր ունեի եւ երբ դիմեցի համապատասխան բժիշկներին, պարզվեց, որ վարակվել եմ։ Երկար բուժվում էի։ Այդտեղ էլ հանդիպեցինք, ծանոթացանք, որոշեցինք ամուսնանալ, ու ծնվեցին մեր երկու հրաշքները։ (Կարմրահեր, ճերմակամաշկ աղջնակը ինչ-որ բան է խզբզում թղթի վրա, պարբերաբար մոտենում է սեղանին, մի կտոր միրգ կամ կոնֆետ է վերցնում ու էլի անցնում է իր խաղին)։ Հա՛, էլի են ասել, որ քաջ եմ, որ ռիսկի եմ գնացել, երեխա եմ ունեցել, այն էլ ոչ թե մեկ, այլ երկու երեխա։ Ամուսնանալուց հետո հասկացա, թե երջանկությունն ինչ բան է, կարծես նոր զգացի, որ ապրում եմ։ Ու գիտե՞ս, երեխաներս էլ են տարբեր։ Մեծս, որ այն ընտանիքում էր ծնվել, երբ ես անընդհատ լարված էի, ճնշված ու վախեցած, որովհետեւ խոսքի իրավունք չունեի, ինքն էլ շատ նամռոտ է, անընդհատ մի զբաղմունքից մյուսին է անցնում, ոչնչի վրա չի կարողանում կենտրոնանալ։ Բայց այս մեկը հանգիստ ու երջանիկ է հենց ծնված օրից։ Անգամ օրորոցի մեջ պառկած՝ ժպտում էր առանց որեւէ պատճառի, որովհետեւ հղիության ընթացքում ես էլ հանգիստ էի եղել, պրոբլեմներ չունեի, նորմալ սնվում էի, ամենակարեւորը՝ տեղյակ էի կարգավիճակիս ու համապատասխան բոլոր միջոցները ձեռնարկեցի երեխային հիվանդությունը չփոխանցելու համար։

Նախորդ կյանքում պարուհի եմ եղել, կպատկերացնե՞ս։ Մտածում էի, որ ընթացքում իմ դպրոցը կբացեմ, պարեր կբեմադրեմ, երեխաներին կսովորեցնեմ ու կապրեմ։ Իսկի ամուսնանալու մասին չէի էլ մտածում։ Տասներորդ դասարանում մի ընկեր ունեի, բայց մայրս չէր հավանում, ասում էր՝ կարճահասակ է, մի քեզ նայիր, իրեն նայիր, գրպանդ դրած պիտի ման գաս։ Մի խոսքով, չէր ուզում, որ ամուսնանամ։ Այնքան ասաց, որ համոզեց։ Հետո հորաքույրս ծանոթացրեց առաջին ամուսնուս հետ։ Սա իրենց բարեկամն էր, Ռուսաստանից գալուց հետո գնում է նրանց տուն, հորաքույրս տեսնում է, որ շատ նիհար է, բայց անընդհատ ծխում է, ասում է՝ ինչո՞ւ ես այդքան ծխում, սա էլ թե՝ այ, որ մի լավ աղջիկ գտնես, ամուսնանամ, խոստանում եմ՝ էլ չեմ ծխի։

Էդպես ծանոթացանք, մի երկու անգամ հանդիպեցինք ու չհասկացա էլ՝ ոնց ամուսնացանք։ Ես մտածում էի, որ անպայման պիտի սիրահարվեմ, որ ամուսնանամ, իսկ էս դեպքում չհասցրի էլ կողմնորոշվել, թե ոնց ստացվեց։ Ո՛չ մեկը ոչ մի բան չասաց։ Հետո ասում էին, որ իրենք էլ ոչինչ չեն իմացել, ամեն ինչ պարզվել է միայն հերթական թոքաբորբի ժամանակ, երբ Աբովյանի դիսպանսերում պարզվել է ՄԻԱՎ կարգավիճակը։ Բայց մինչ այդ աղջիկս արդեն ծնվել էր ու ես էլ, ինքն էլ խնդիրներ ունեինք ու երկար բուժումներ ստացանք։ Ինչերի՜ միջով ենք անցել, մեր կյանքի կեսը հիվանդանոցներում ենք անցկացրել։

Ինքը խելոք, գիտակից երեխա է։ Չէ՛ դեռ չենք ասել, բայց արդեն սկսում է հետաքրքրվել, թե ինչ դեղեր է խմում օրական մի քանի հատ (մեծի չափաբաժին է, քանի որ ուշ իմանալու պատճառով ամեն ինչ իր մոտ ավելի խորացել էր։ Իր սխեմաներն անընդհատ փոխում են, որովհետեւ մի դեղը ալերգիա է տալիս, մյուսը չի օգնում)։ Առաջ ասում էի՝ վիտամիններ են, որ ուժեղ լինես, առողջ լինես, առողջ մարմին ունենաս։ Բայց հիմա ծիծաղում է, տեսնում եմ, որ այլեւս չի հավատում, սկսել է գլխի ընկնել, եւ երեւի արդեն ժամանակն է, որ իրեն ամեն ինչ բացատրենք։ Դե, ես էլ կարող եմ, իհարկե, բայց ուզում եմ խնդրել, որ հոգեբաններ էլ մասնակցեն, որ ամեն ինչ հարթ անցնի։ Չեմ ուզում ռիսկի գնալ։ Ինքը շատ լավ է նկարում։ Այնքան, որ ուսուցիչները խորհուրդ են տալիս անպայման հետեւել, զարգացնել դա իր մոտ, քանի որ ոչ այնքան պատկերում է ինքը, որքան զգում։ Եթե ժամանակին ամեն ինչի տեղյակ լինեի, հիմա երեխաս այդքան լուրջ խնդիրների առաջ կանգնած չէր լինի։

Որովհետեւ տգետ էին։ Առաջին ամուսնուս ընտանիքը։ Չգիտեմ՝ ուրիշ էդպիսի անհաջող ընտանիքներ կա՞ն էլի, թե՞ չկան։ Մտածում էին, որ դրա մասին չխոսեն, խնդիրն էլ ինքն իրեն կվերանա։ Մինչեւ վերջ փորձում էին գաղտնի պահել, որ հանկարծ հարեւանները չիմանան, բարեկամները չկասկածեն։ Անգամ այն օրը, երբ երեխայիս շատ վաճ վիճակում մարզային հիվանդանոցից ուղղորդում են Երեւան, սկեսուրս, բժիշկների մոտից դուրս գալով, ինձ ասում է «Երեխայի մոտ ամեն ինչ նորմալ ա, խնդիր չկա, հանգիստ եղիր»։ Ես մինչեւ հիմա զարմանում եմ լավ, եթե նույնիսկ իմ մասին չէին մտածում ու մտահոգվում, գոնե իրենց հարազատ թոռան մասին մտածեին, ախր կարող էր մեռնել։ Իսկ ես այդ տան մեջ անձայն եմ եղել, անգամ սեփական երեխայիս բժշկի տանել ինձ չի թույլատրվել։ Իրենք, որ խնդրի մասին գիտեին, չէին ուզում, որ ես շատ բժիշկների հետ շփվեմ, որ չիմանամ։

Փառք Աստծո, հիմա լավ ենք։ Հիվանդությունը դեղամիջոցների օգնությամբ վերահսկելի ենք պահում։

Ճիշտ է, աղջիկս շփվում է իր տատիկ-պապիկի հետ, ու հիմա որ շփվում է, հասկանում է, թե իրենք ով են, որ ուղղակի ասում են, օդի մեջ խոսում են միայն։

(Հեռախոսը զանգում է, պոլիկլինիկայի մանկական բժշկուհին մանրամասն հետաքրքրվում է, թե երեխան ինչպես է, որքան է ուտում, ինչքան է մեծացել։ Մեր հերոսուհին ամենայն մանրամասնությամբ պատասխանում է հարցերին ու, շնորհակալություն հայտնելով, անջատում հեռախոսը)։

Առաջինի ժամանակ չգիտեի իմ հիվանդության մասին եւ ծննդատանը ամեն ինչ սովորականի նման էր ընթանում։ Հետո ունեցա երկրորդիս։ Դե, երկրորդս մահացավ։ Չիմացա՝ այդ հիվանդությունից էր, թե ինչ էր։ Առողջ, աշխույժ երեխա էր, վեց ամսականում մի օր կեղտի գույնը դուրս չեկավ, տարա հիվանդանոց, ասացին՝ տարեք ինֆեկցիոն։ Ինֆեկցիոնում էլ արդեն երկրորդ օրը սկսեցին արհեստական շնչառություն տալ, էլ առանց թթվածնի չէր կարողանում շնչել երեխան։ Էդպես էլ մահացավ։ Կասկածում եմ, որ հնարավոր է աղիների լվացման ժամանակ աղիք են ծակել, բայց ամուսինս թույլ չտվեց, որ հերձեն, պարզեն՝ ինչից էր, որովհետեւ վախենում էր, որ իր հիվանդությունը կպարզվի երեւի։ Սակայն երրորդի ու չորրորդի դեպքում արդեն հայտնի էր կարգվիճակիս մասին ու հիվանդանոցում զգում էի խտրական վերաբերմունքը։ Էնպիսի բաների միջով եմ անցել հիվանդանոցներում, որ պատմել չի լինի։ Եթե բժիշկը, որ բժիշկ է, էդպես է վերաբերվում, մյուսների մասին էլ ի՞նչ ասես։ Բուժքույրներն ու անձնակազմը ուրիշ տեսակ էին նայում, քչփչում էին, հարցեր էին տալիս մինչեւ վիրահատությունը։ Երբ բժշկի գրիչն ընկնում էր անկողնուս, քիչ էր մնում անձեռոցիկով բարձրացնի, ու ես այդ ամենը նկատում էի։ Վիրահատությունից հետո բժշկուհիս բոլորովին չէր հետքրքրվում իմ առողջությամբ, մինչդեռ մյուսների բժիշկները գալիս էին, նշանակումներ էին անում, հետեւում էին։ Ոչ օգնում էին, երբ ես նույնիսկ ինքս ի վիճակի չէի շարժվելու, ոչ ցավազրկող էին ներարկում։ Անգամ կարերս չէին ուզում մշակել։ Քանդելուց էլ չգիտեմ ում էին գտել, բերել, որն էլ այնպես քաշեց թելը, որ միսս էլ հետը պոկվեց, դուրս եկավ։ Դեռ այս վերաբերմունքը ցույց էին տալիս այն պայմաններում, որ ստիպել էին առանձին հիվանդասենյակ վերցնել՝ վճարելով օրական տասը հազար դրամ։ Ասացին, որ ես մյուսների համար վտանգավոր եմ։ Բայց, երբ երեք օր հետո ստիպում էին, որ էլի պառկեմ, իսկ մայրս մտել ու բողոքել էր, որ այլեւս ի վիճակի չենք վճարելու հավելյալ օրերի համար, քանի որ վճարունակ չենք, ես միանգամից դարձա անվտանգ ու ինձ տեղափոխեցին ընդհանուր հիվանդասենյակ։ Ամուսնուցս հիվանդանոցի գլխավոր բժշկի մակարդակով բացահայտ հիսուն հազար դրամ էին պահանջել՝ խալաթի, ձեռնոցների եւ այլնի համար։ Երբ հասկացել էին, որ վճարունակ չենք, իջեցրել էին քսան հազարի, իսկ հետո ծաղրել էին, թե, եթե այդքան փող էլ չունեք, երեխա բերում եք, ի՞նչ անեք։ Սա, այո՛, ընդամենը երկու ամիս առաջվա դեպքեր են, հեղափոխությունից հետո տեղի ունեցած։ Այսինքն` այդ հիվանդանոցում որեւէ կերպ չեն գործում ո՛չ անվճար ծննդաբերության վաուչերը, ո՛չ փաստը, որ մեր ընտանիքը «Փարոս» է ստանում, ո՛չ մեր կարգավիճակը։ Ո՛չ մի բան։ Գլխավոր բժիշկը գումար շորթելու մի քանի տարբերակ է մշակել եւ նպատակին հասնում է՝ որ միջոցով որ կարողանում է։ Միայն այն բանից հետո, երբ մայրս գնում է բժշկուհու մոտ ու ասում, որ պատրաստվում է բողոքել այդ անուշադրության ու վատ վերաբերմունքի համար, նոր սկսում են հետաքրքրվել, գալիս են պալատ, սկսում են վերքս նայել եւ այլն։ Քանի որ ես բացասական ռեզուս ունեմ, երեխայիցս արյուն էին վերցրել, որ պարզեն իր արյան կարգը, մի անգամ լացացրել էին ու թուղթը կորցրել։ Երբ երկրորդ անգամ են գալիս տանում, որ էլի լացացնեն, մայրս չի դիմանում, ասում է՝ պատկերացրեք ձեր երեխային են այդպես անում, կդիմանա՞ք, ա՛յ անխիղճներ։ Այո՛, կարող եք հենց այդպես էլ գրել, ես վախենալու բան չունեմ, պատմում եմ այն, ինչ եղել է։

Հայաստանից գնալու միտք չունենք։ Ուր էլ գնանք՝ երեխայից դպրոց ընդունվելու համար անալիզներ են վերցնելու, ու պարզվելու է կարգավիճակը, իսկ ես չեմ ուզում, որ երեխայիս վրա խարան լինի։ Առանց այդ էլ ստիպված ենք եղել հեռանալ մեր նախկին տնից, քանի որ տարածքի ամբուլատորիայում ամեն ինչից տեղյակ էին, տեսնում էին, որ ես գնում եմ, դեղեր եմ ստանում։ Վերջերս էլ «Փարոս»-ում էին փորձում կողմնակի խոսակցություններով հասկացնել, որ ենթադրում են, թե ինչու ենք ես ու երեխաս թոշակ ստանում։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկը նայել է մեր բժշկական փաստաթղթերն ու ինֆորմացիան փոխանցել։ Չգիտեմ։

Ամուսինս աշխատում է, երբ գործ է լինում։ Մենք իրարից թաքցնելու ոչինչ չունենք։ Մեկ-երկու ընկերուհի ու հարազատ էլ են տեղյակ, բայց ես փորձում եմ հնարավորինս քիչ թվով մարդկանց առաջ անկեղծանալ։ Ինձ համար ու երեխայիս։ Որովհետեւ հասարակությունը շատ թերի է տեղեկացված մեր հիվանդության մասին։ Մեկ-մեկ, երբ նստած ենք ու հեռուստատեսությամբ այդ հիվանդության մասին են պատմում, դուք պետք է տեսնեք մարդկանց արձագանքը։ Ես, ճիշտն ասած, չեմ էլ խոսում, չեմ էլ փորձում բացատրել, որ ամեն ինչ էդպես չէ, որ հանկարծ չմտածեն, որ ինչ-որ բանից տեղյակ եմ, ասում եմ, որ համացանցում կարդացել եմ, որ էդպես է կամ էնպես է։ Երբ իմանում են, որ այդ հիվանդությունն ունես, սկսում են ենթադրել, որ անբարոյական ես կամ չգիտեմ ինչ, որ այդ հիվանդությունն ես ձեռք բերել, դե արի ու բոլորին բացատրիր, որ ամուսնուցդ ես վարակվել։ Իրենց թվում է, թե դա սուր վարակիչ է, թե կարող ես օդից վարակվել, նույնիսկ հայկական հաղորդումներից շատերով այնպիսի հիվանդների են ցույց տալիս, որ արտաքինից արդեն տհաճ են ու սարսափելի։ Ու այդ է պատճառը, որ մարդիկ կանխատրամադրված են, վախենում են այդ հիվանդությունից, ամաչում են։ Օրինակ, ինչպե՞ս է, որ քաղցկեղով հիվանդը, շաքարախտով հիվանդը չի ամաչում իր հիվանդությունից, չի թաքցնում։ Ես էլ մտածում եմ՝ ի՜նչ լավ է, որ քաղցկեղ կամ շաքարախտ չունեմ։ Որովհետեւ հիմա ինձ բոլորովին հիվանդ չեմ զգում, շատ լավ եմ եւ ինձ տեսնողի մտքով չի անցնի, որ այդպիսի խնդիր ունեմ։ Ես հիմնականում չեմ էլ հիշում, որ հիվանդ եմ, մենակ դեղերը խմելուց եմ հիշում, մեկ-մեկ էդ ժամանակ էլ չեմ հիշում։

Դե սովորական մարդկանցից ի՞նչ նեղանաս, եթե բժիշկն ինքը, բժիշկ լինելով, էդպես է վերաբերվում, ակնհայտ ցույց է տալիս իր խտրական վերաբերմունքը։ Քիչ տեղյակ մարդկանց երեւակայության մեջ այս հիվանդության լրիվ այլ պատկերացում է, իրենց թվում է, որ մենք վերքոտ ու չգիտեմ ինչքան վարակիչ ենք։ Մինչդեռ հիմա այդպես չէ։ Երբ որ մարդիկ այդ ամենը իմանան, այլեւս կդադարեն վախենալ, կդադարեն մեր նման հիվանդներին խտրականացնել։

Չէ, առանձնապես ծանր չեմ տարել, երբ իմացել եմ հիվանդությանս մասին։ Մարդիկ, որ իմանում են, լաց են լինում, ուշաթափվում են։ Ես իմ մասին ընդհանրապես չեմ մտածում, իմ ամենամեծ ցավը երեխաս է, որ շուտով կմեծանա, ընկեր կունենա, կուզենա ամուսնանալ։ Ես մտածում եմ, որ իմ ամենադժվար ժամանակները սրանից հետո են գալու։ Հիմա իրեն բացատրում եմ, որ մեր մեջ՝ իմ, իր ճիճուի նման ինչ-որ վիրուս կա, որին վերահսկելու համար ենք մենք այդ դեղերը խմում։ Բայց արդեն մեծ աղջիկ է, նման երեխաների հետ ճամբար են տարել, այնտեղ երեխաները պատմել են իրենց հիվանդությունների մասին ու ինքը արդեն սկսել է կասկածել։ Արդեն ամեն ինչ իմանալու իր տարիքն է մոտենում, պետք է բացատրենք իրեն էլ, որ հետագայում ինքն էլ սկսի խոսել, պատմել, կիսվել տարեկիցների հետ։  

Սկզբում, երբ ֆինանսավորումը բավարար էր, մենք հավաքվում էինք, զրուցում էինք, միմյանց պատմում էինք մեր հիվանդության մասին, արհեստներ էինք սովորում։ Հիմա, որ ֆինանսավորումը պակասեց, բոլորը ցրվեցին։ Սկզբում, երբ գնում էի այդ հավաքներին, տեսնում էի, որ մարդիկ ուրախ են, հանգիստ, պարում են, երգում են։ Մտածում էի՝ սրանք գի՞ժ են, ինչ են, գիտեն, որ էդպիսի խնդիր ունեն ու ուրախ են զգում իրենց։ Հիմա այնպես ստացվեց, որ ես էլ դարձա այդ գժերից մեկը ու ինձ հանգիստ ու երջանիկ եմ զգում։ Գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Համոզվա՛ծ եմ։  

Ռուզաննա Ազիզյան, Ստելլա Գեւորգյան

«Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիա» ՀԿ

Այս շարքում տես նաեւ` Առաջ նայելու քաջությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter