HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրիշ հերոսներ

Եթե սերունդների միջեւ, մեծամասնության ու փոքրամասնության միջեւ, ուժեղի ու թվացյալ թույլի միջեւ բացակայում է երկխոսությունը, սկսվում է պայքարը հողմաղացների դեմ։ Եվ հակառակը՝ բավական է սկսես խոսել դիմացինիդ հետ, հասկանում ես, թե ինչքան նման եք իրար, նույնիսկ եթե առաջին հայացքից աչք են ծակում հենց ձեր տարբերությունները։ Ու հանկարծ պարզ ընկալում ես, որ անկախ նրա ֆիզիկական ու մտավոր հատկանիշներից, անկախ սեռական ու գենդերային հակումներից, անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից եւ մնացած, իրականում ոչինչ չնշանակող տարբերություններից, դուք՝ դու եւ նա, ունեք նմանատիպ վախեր ու երազանքներ, մանկության հիշողություններ ու սպասումներ ապագայից, երջանկության ու դժբախտության պատկերացումներ և ձգտումներ, որոնք իրականացնելու համար ճիշտ կլիներ միավորել ուժերը՝ փոխանակ միմյանց գոյությունն ատելությամբ ու անհանդուրժողականությամբ թունավորելու։

Առաջ նայելու քաջությունը

Գույներից մանուշակագույնն եմ սիրում։ Չգիտեմ՝ ինչու։ Այն ինձ համար հոգեւոր աճ, զարգացում, ներդաշնակություն ու գիտելիք է խորհրդանշում։ Ես շատ եմ կարդում։ Բայց մի ժամանակ ավելի շատ էի կարդում, պատահում էր՝ օրական մի գիրք էի վերջացնում։ Կարդում էի ինչ պատահի՝ սկզբում ավելի շատ հայկական ու ռուսական դասական գրականություն, հետո, երբ անգլերենիս գիտելիքները բարելավեցի, նաեւ արտասահմանյան գրականություն սկսեցի կարդալ՝ բնագրով։ Ժամանակ կար, որ էլեկտրոնային գիրքս ամենամոտ ընկերս էր, որը ձեռքիցս օրերով վայր չէի դնում։ Շատ բան եմ սովորել։ Ամենամեծ դասը, որ քաղել եմ արվեստից ու գրականությունից այն է, որ կատարելությունը պարզության մեջ է՝ «Բիթլզ»-ի հասարակ նոտաների, «Փոքրիկ իշխան»-ի պարզունակ թվացող անզարդ մտքերի։

Քսաներկու տարեկան եմ։ Ավարտել եմ Ամերիկյան համալսարանի մարքետինգի բաժինը։ Դեռ փոքրուց ավելի հեշտությամբ ընկերանում էի աղջիկների հետ, տարեկից տղաների հետ դժվարանում էի լեզու գտնել։ Դպրոցում եւ բակում ենթարկվել եմ բուլինգի, ընդ որում` տղաներին հաճախ միանում էին նաեւ աղջիկները։ Պատճառը, հավանաբար, այն էր, որ հրաժարվում էի ենթարկվել տղաների ներքին խիստ կանոնակարգերին եւ դպրոցում գերազանց էի սովորում։

Հոգով արվեստագետ եմ։ Ինչով ասես, որ չեմ զբաղվել՝ դաշնամուր ու կիթառ եմ նվագել, զբաղվել եմ դերասանությամբ ու նկարչությամբ։ Հիշում եմ` առաջին դասարանի ուսուցչուհիս համոզված էր, որ ապագայում գալու է իմ նկարների ցուցահանդեսին։

Գիտե՞ս՝ մի պահ եղավ, որ սկսեցի կասկածել, որ ինչ-որ բան այն չէ։ Հասարակությունում, որտեղ միակ իրականն ու ընդունելին համարվում էին հետերոսեքսուալ հարաբերությունները, ես դժվարանում էի հասկանալ` ինչո՞ւ եմ ուշադրություն դարձնում կամ հրապուրվում իմ սեռի մարդկանցով ու մտքովս էլ չէր անցնում, որ իմ սերը եւս գոյության իրավունք ունի։ Վախենալով ծաղրից՝ որոշակի տարիքից սկսած սովորեցի թաքցնել զգացմունքներս, որ ավելի խոցելի չդառնամ ինձ տանջելով ինքնահաստատվողների համար։ Կարծում եմ, որ շրջապատում որեւէ մեկը չէր էլ կռահում, որ ինձ կարող են տղաները դուր գալ, կամ որ աղջիկները որեւէ առումով՝ սեռական կամ ռոմանտիկ, առհասարակ հետաքրքրություն չէին ներկայացնում ինձ համար։

Ճիշտն ասած՝ առաջին լուրջ զգացմունքս աղոտ եմ հիշում․ միջին դասարաններում էր երեւի, դասընկերներիցս մեկին սկսել էի համակրել։ Նա, ի դեպ, այդպես էլ դրա մասին չիմացավ, հեռավոր հայացքներ էին ընդամենը, որ ոչինչ չէին կարող ասել ոչ ոքի։

Երբ հասկացա, որ տարբեր եմ մյուսներից, մոտս ուժեղ ինքնապաշտպանական բնազդ արթնացավ․ միակ բանը, որի մասին սկզբնական շրջանում մտածում էի, այն էր, թե ինչպես թաքցնեմ սեռական հակումներս եւ խուսափեմ վտանգներից։ Երբ հասկացա, որ համակրում եմ իմ սեռի ներկայացուցիչներին, դա ամեն կերպ փորձեցի թաքցնել շրջապատիցս, եւ միեւնույն ժամանակ անկեղծ մնալ ինքս ինձ հետ։ Չէի կարծում, որ մնացածներից ավելի լավը կամ վատն եմ, պարզապես այդպիսին էի եւ դրա հետ ոչինչ անել չէի կարող։ Կարող էի ուղղակի փորձել դա թաքցնել շրջապատից, որպեսզի ինձ վրա ճնշում գործադրելու լրացուցիչ լծակ չտամ նրանց։

Սկզբում պարբերաբար պաշտպանական մեխանիզմ էր գործում մոտս․ երբ ինչ-որ մեկին սկսում էի չափից դուրս շատ համակրել ու զգում էի, որ շատ մոտ եմ թողնում սրտիս ու գաղտնիքիս, ինչ-որ ոչ ճիշտ բան էի անում, որ մեր հարաբերությունները սառեն, եւ իմ ներքին աշխարհը մնա նույնքան թաքուն, որքան նախկինում, ինչն անհրաժեշտ էր ինձ պաշտպանված զգալու համար։

Չէ՛, չի՛ եղել։ Երբեք որեւէ աղջկա չեմ սիրահարվել։ Աղջիկներին միշտ ընկալել եմ որպես քույրերի, ընկերների։ Երբեք կեղծ հարաբերություններ չեմ սկսել՝ շրջապատից ինքնությունս թաքցնելու համար։ Միշտ փորձել եմ անկեղծ ու իմ խղճի հանդեպ մաքուր լինել, ինչը բացարձակ արժեք է ինձ համար։

Գիտե՞ս, գաղտնիքս փորձեցի պահել այնքան ժամանակ, քանի դեռ համալսարանում չէի հանդիպել երկու բիսեքսուալ եւ մեկ հետերոսեքսուալ աղջիկներից կազմված խմբի, որ տարիներ շարունակ ընկերություն էին անում։ Ամենասկզբում հենց նրանց առաջ բացեցի սիրտս ու, չե՛ս հավատա, նրանք անգամ չզարմացան։ Մենք շարունակում էինք ընկերություն անել, անգամ անձնական հարցեր քննարկել իրար հետ։ Սա առաջին քարն էր, որ ընկավ սրտիս շուրջը իմ կառուցած պատից։

Աստիճանաբար սեռականությանս մասին տեղեկացրի ընկերներիս եւ, փաստորեն, վերջում միայն ընտանիքս էր, որ դեռ տեղյակ չէր դրանից։ Եվ գիտե՞ս լավը որն էր, որ վախերս չհաստատվեցին։ Ինչքան էլ զարմանալի է, բայց բոլոր նրանք, ում առաջ բացում էի սիրտս, դա նորմալ էին ընդունում, որեւէ բացասական արձագանք չեղավ։ Կարծում եմ, որ դա նաեւ նրանից է, որ կարողանում էի ճիշտ, լայն մտահորիզոնով ընկերներ ընտրել։

Հետո եկավ մայրիկիս հետ խոսելու ժամանակը, ա՜յ դրանից իրոք շատ էի վախենում։ Զգում էի, որ նա սկսել է հիասթափվել ինձանից, չի հասկանում ինչով եմ ապրում, մեր հարաբերությունները սառում են։ Անգամ սկսել էի գումար տնտեսել, որ եթե տանն ինձ չհասկանան ու չընդունեն այնպիսին, ինչպիսին կամ, կարողանամ սկզբնական շրջանում գլխիս ճարը տեսնել։ Նաեւ որոշակի նախապատրաստական քայլեր էի ձեռնարկել․ մայրիկիս հեռախոսի մեջ այնպիսի կարգավորումներ էի արել, որ պարբերաբար մարդու իրավունքների վերաբերյալ նյութեր ստանա ու կարդա եւ, երբ վրա հասնի վճռական պահը, թեմայից տեղյակ լինի։ Երբ վերջապես խոսեցինք, հասկացա, որ իմ վախերը այս դեպքում էլ, բարեբախտաբար, անտեղի էին։ Իհարկե, նրա համար ցավոտ էր իմ նույնասեռական լինելու փաստը, բայց իմ նկատմամբ սերն ավելի ուժեղ դուրս եկավ եւ հիմնական խոսակցությունից հետո դեռ շա՜տ երկար, ամիսներ շարունակ նրան պատմում էի տարբեր դեպքեր իմ անձնական կյանքից, եւ նրա աշխարհայացքն աստիճանաբար ավելի էր լայնանում։ Հիմա արդեն մայրս անձամբ ճանաչում է ընկերներիցս շատերին եւ, ինչպես ցանկացած մայր, ուզում, որ իր երեխան երջանիկ լինի՝ կարեւոր չէ՝ որտեղ եւ ում հետ։

Գիտե՞ս, ես կարծում եմ, որ մեր ապրիլյան հեղափոխությունը ճնշվածների ապստամբություն էր՝ քաղաքական ռեժիմից ամենից ավելի տուժածների վերջին դիմադրությունը։ Իսկ ես համոզված եմ, որ Հայաստանում ԼԳԲՏ անձանցից ավելի ճնշված մարդիկ չկան եւ, բնականաբար, հենց նրանք էին հեղափոխության առաջին օրերից առաջնագծում, նրանք հույսով ու հավատով ելել էին պայքարի։ Ես ու ինձ նման շատերը հավատում էինք, որ հեղափոխությունից հետո Հայաստանում իրավիճակ կփոխվի նաեւ մեզ համար, կարժեւորվեն մարդու իրավունքները՝ անկախ նրանից՝ այդ մարդը հարո՞ւստ է, թե՞ աղքատ, ի՞նչ կրոնական, սեռական, ազգային պատկանելություն ունի։ Համոզված էի, որ այլեւս ամեն օր ստիպված չեմ լինելու մտահոգվել իմ անվտանգության ու կյանքի համար, որ անձնական տարածքս չի ոտնահարվելու, մտածում էի, որ ատելության հիմքով հանցագործություններն ընդհանրապես կվերանան։ Բայց արդյունքում հեղափոխությունն ուղղակի իշխանափոխության պես մի բան դարձավ։ Մարդկանց արժեհամակարգում ու ուղեղներում ոչինչ չփոխվեց, իսկ նոր կառավարությունը, երբ եկավ ժամանակը միջամտելու, երբ մարդկանց սպանելու չափ ծեծում էին գյուղերից մեկում, գերադասեց ընտրությունների ժամանակ մի քանի տոկոս ավելի ձայն ունենալու համար մի կողմ քաշվել՝ տուրք տալով հասարակության պահպանողական հատվածի՝ մեծամասնության համոզմունքներին եւ հերթական անգամ մոռանալով մարդու իրավունքների ու ժողովրդավարության նման վերացական արժեքների մասին։ Այսինքն` հույսով ու սպասելիքներով հեղափոխությանը մասնակցած փոքրամասնությունները դարձան այս խաղի զոհերը, թեպետ եւ իշխանության անգործության ու լռության պատճառով ծնված։ Իսկ ընտրություններին ընդառաջ ընդհանրապես արթնացել են բոլոր կիսամեռ պահպանողական եւ իրենց ազգային հռչակած ուժերը եւ, իրար հերթ չտալով, շահարկում են ԼԳԲՏ թեման՝ ատելություն ու խտրականություն սերմանելով եւ այդպիսով ընտրող շահելով, ինչը դժոխքի է վերածում ԼԳԲՏ մարդկանց կյանքը Հայաստանում։

Եվ երբ անձնական եւ քաղաքական պատճառները համատեղվեցին, ծագած հույսերը սկսեցին աստիճանաբար մարել եւ համատարած ատելության ու հոմոֆոբիայի մթնոլորտը խտացավ այն աստիճան, որ արդեն մտածում էի ոչ թե բարեկեցիկ ու լավ ապրելու, այլ պարզապես ինչ-որ կերպ ապրելու մասին, որոշում կայացրի հեռանալ Հայաստանից։ Որովհետեւ կարծում եմ, որ նորմալ չէ, երբ երիտասարդ մարդը կրթությունը խորացնելու, ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու, սրտի ուզած աշխատանքը գտնելու մասին մտածելու փոխարեն ընդամենը սեփական կյանքը ոտնձգություններից պաշպանելու մասին է մտածում։

Չէ՛, չեմ պատրաստվում Հայաստան վերադառնալ։ Ընտանիքիս եւ ընկերներիս հետ կարող եմ հանդիպել Հայաստանից դուրս։ Չնայած գիտե՞ս, ես չեմ համարում, որ հեռացել եմ Հայաստանից․ անընդհատ հետեւում եմ իրադարձությունների զարգացմանը, լրահոսին, նորություններին։ Բայց, ցավոք, զգում եմ, որ ատելությունը նվազելու փոխարեն գնալով ավելի է շատանում։ Շատ անհանգիստ եմ Հայաստանում մնացած հարազատ մարդկանց համար, որոնց ամեն օրը լի է տարատեսակ վտանգներով։

Այնտեղ, որտեղ գտնվում եմ հիմա, մարդիկ վաղուց վստահում են ժողովրդավարական արժեքներին, լուրջ են ընդունում մարդու իրավունքները, հարգում ու ընդունում են իրար այնպիսին, ինչպիսին կան։ Չեմ փորձում իդեալականացնել, այստեղ էլ կան խնդիրներ, ամեն ինչ անթերի չէ, բայց այստեղի խնդիրներն այլ են՝ յուրաքանչյուր անհատ առաջխաղացման լայն հնարավորություններ ունի, եթե լավ ու գիտակից մասնագետ է, անկախ նրանից, թե ինչ առանձնահատկություններ ունի։ Ինչպե՞ս կարող եմ այսպիսի տեղը թողնել ու վերադառնալ այնտեղ, որտեղ ինձ ուզում են սպանել, նույնիսկ եթե դա իմ հայրենիքն է ու այնտեղ հարազատներս ու ընկերներս են ապրում։

Ապագայի պլաննե՞րս։ Ճիշտն ասած՝ պլաններ չեմ սիրում կազմել։ Մոտ ապագաս պլանավորում եմ, իսկ հեռավորը թողնում եմ հետոյին։ Ոնց կլինի՝ կլինի։ Համ էլ այդպես ավելի ճկուն եմ՝ ըստ իրավիճակի կամ ցանկության, ըստ նոր հնարավորությունների եւ կարիքների կարող եմ գնալ այնտեղ, ուր պետք է լինեմ։ Առաջին բանը, որ այստեղ պատրաստվում եմ անել, կրթությունս խորացնելն է։ Ուզում եմ ապագայում այնպիսի զբաղմունք ունենալ, որ կարողանամ բարեկեցիկ ապրել ու նաեւ նպաստել խտրականության նվազմանը։ Հնարավոր է՝ նաեւ ընտանիք կազմեմ, պարտադիր չէ՝ ամուսնությամբ ամրագրված։ Ի վերջո, դրանով չի որոշվում մարդկանց՝ իրար նկատմամբ զգացմունքներն ու սերը։ Կարծում եմ՝ դեռ անցնելու մեծ ճանապարհ ունեմ, քանի որ Հայաստանից հետս բեռի պես բերել եմ նաեւ բոլոր վախերս ու բարդույթներս, որոնցից պիտի փորձեմ աստիճանաբար ազատվել՝ ինքնուրույն կամ մասնագետների օգնությամբ։

Գիտեմ, որ ապագայում նաեւ շատ ճանապարհորդելու եմ, ծանոթանալու եմ տարբեր մշակույթների, հնարավորինս շատ բան եմ փորձելու ճանաչել ու համեմատել։ Փորձելու եմ հասկանալ, թե ինչո՞ւ մարդիկ, այդքան տարբեր լինելով հանդերձ, փորձում են ճնշել հասարակության գունավոր, տարբերվող անդամներին։ Ուզում եմ երջանիկ լինել, որ նաեւ շրջապատիս մարդիկ երջանիկ լինեն ինձ հետ միասին, որ վերջում, երբ փորձեմ հիշել, թե ինչ կյանք ապրեցի, ոչ թե ցավն ու ատելությունը հիշեմ, այլ սերն ու ծիծաղը։

Չգիտեմ՝ Հայաստանում ե՞րբ իրավիճակ կփոխվի այս տեսանկյունից։ Հնարավոր չէ ապրել ու անձնական մակարդակում երջանիկ լինել մի հասարկության մեջ, որտեղ համատարած ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտ է տիրում։ Երեւի մենք շատ հայրիշխանական երկիր ենք, չափազանց ուժեղ է քաղաքական համակարգային հոմոֆոբիան, ինստուտիցիոնալ կրոնները, երեւի նաեւ դա է պատճառը, որ դժվարությամբ ենք հրաժարվում կարծրատիպերից։

Ես թեման շատ եմ ուսումնասիրել․ եթե նայենք պատմական տեսանկյունից, նույնասեռականությունը խնդիր չի եղել մինչև չեն առաջացել միաստված կրոնները՝ քրիստոնեությունը, իսլամը և այլն։ Հին հույները, հին հնդիկները, հռոմեացիները նույնասեռականությունը խնդիր չեն համարել և պատկերել են արվեստի, գրականության մեջ։ Պարզապես ընդունել են, որ կան մեզ նման մարդիկ, եւ իրենք հասարակության նույնքան լիարժեք անդամ են, որքան մնացածները։ Դա ոչ մի բացասական բանի չի բերել, ո՛չ ծնելիության քանակն է ընկել, ո՛չ էլ բոլորը գեյ են դարձել։ Այդ ստերով ու քարոզնեով փորձում են վախեցնել ու մանիպուլացնել հասարակությանը՝ մարդկանց ավելի հեշտ իշխելու համար։

Բազմաստված կրոններում չի եղել «մեկ ճշտի» գաղափարը, նրանց համար բազմազանությունը ողջունելի էր, իսկ միաստված կրոններում կա մեկ «ճիշտ», մեկ աստված, մեկ տղամարդ, մեկ կին, մեկ փրկություն։ Կա՛մ դժոխք է, կա՛մ՝ դրախտ, կա՛մ տղամարդ է, կա՛մ՝ կին, և եթե չենթարկվես իրենց օրենքներին, ուրեմն գնում ես դժոխք։ Ես այնպես եմ հասկանում, որ դա մարդկանց կառավարելու հեշտ եղանակ է։ Կառավարությունները երկար տարիներ օգտագործել են ԼԳԲՏ թեման մարդկանց ուշադրությունը շեղելու համար, իսկ Հայաստանում ամեն հերթական ընտրությունից առաջ միջադեպեր են հրահրվել, ինչպես 2012թ․  DIY-ը, որ ժողովուրդը, փոխանակ ավտորիտար ռեժիմը դուրս շպրտելու, սկսի զբաղվել արհեստական թշնամու գաղափարով, որի դեմ, իբր, պետք է պայքարել միահամուռ ուժերով։ Դրա համար ԼԳԲՏ թեման շահարկվել է, ԼԳԲՏ մարդիկ հալածվել են, իսկ մնացած քաղաքացիները օգտագործվել են՝ ջուր լցնելով ատելության ջրաղացին։

Դե իշխանության դեպքում ամեն ինչ հասկանալի է․ այն այդ կերպ փորձել է երկարացնել իր  իշխանության ժամկետը, բայց ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, թե ինչո՞ւ է անհատը վախենում կամ ատում իրենից տարբերին։ Մեր ուղեղը դասակարգում է չափազանց մեծ քանակի և ամեն տեսակ ինֆորմացիա։ Այդ դասակարգումը չափազանց կարևոր է, քանի որ առանց դրա ամեն ինչ քաոտիկ կլիներ։ Օրինակ` բոլոր տեսակի իրերը, որ հագնում ենք, կոչում ենք հագուստ, ոտքերին հագնելիքները՝ կոշիկ, չնայած որ դրա հազարավոր տեսակներ կան։ Նույն կերպ դասակարգում ենք նաեւ մարդկանց, իրենց հատկանիշներից ելնելով, օրինակ` հայ, չինացի, աղքատ, խելացի, կին, երեխա, սևամորթ, գեյ, հաշմանդամություն ունեցող, քրիստոնյա և այլն։ Իսկ որպեսզի գլուխ հանենք դասակարգումներից, նրանց տալիս ենք հատկանիշներ, որոշներին՝ դրական (բարի, առատաձեռն, հյուրընկալ), մնացածներին՝ չեզոք կամ բացասական (ժլատ, թշնամի, անպիտան, հիմար)։

Որոշ խմբերի մասին, որոնց հետ անհատը չի շփվում եւ որոնց չի ճանաչում, նա կարծիք է կազմում շրջապատից՝ մեդիայից, կրոնական կազմակերպութուններից, ծնողներից, ղեկավարներից և այլն։ Իսկ երբ վերոնշյալ պատճառներով խտրականացված խմբերին բացասական հատկանիշներ են վերագրվում, անհատը բոլոր ԼԳԲՏ մարդկանց կամ հաշմանդամություն ունեցողներին, բոլոր կանանց կամ ազգային փոքրամասնություններին վերագրում է այդ վատ հատկանիշները։ Օրինակ՝ «Բոլոր կանայք թույլ են/էմոցիոնալ են/բարի են», «բոլոր ԼԳԲՏ անձինք այլասերված են/տնաքանդ են/պահանջկոտ են»։ Հաճախ այդ հատկանիշները չեն համապատասխանում իրականությանը, բայց քանի որ անհատը անձնական շփում չի ունեցել, իրեն սովորեցրել են ատել և դրա պատճառով նա այլեւս չի ցանկանում շփվել ու ճանաչել նրանց, իսկ այդ հատկանիշներն ամրապնդվում են նրա մտքում։ Նրա համար արդեն կարեւոր էլ չէ, որ սեռական այլ կողմնորոշում ունեցող անձը կարող է շատ գիտակից, բարի, ընկերական կամ հումորով լինել, նա արդեն ունի այդ խմբի նկատմամբ կանխատրամադրված վերաբերմունք, որը տարածում է խմբի բոլոր ներկայացուցիչների վրա՝ այդպիսով խարանելով կամ ստիգմավորելով անխտիր բոլորին։ Այստեղից առաջանում է ատելությունը, բուլինգը եւ, ի վերջո, հանցագործությունները ատելության հողի վրա։

Էսպիսի խարանն ու կարծրատիպերն ամրապնդվում են, երբ հասարակության մեծը մասը կիսում է այն, անգամ եթե դա հակագիտական է և անհեթեթություն։ Ոչ մի գիտական ապացույց չկա, որ նույնասեռական անձանց մեջ թերի արժեհամակարգով անձինք ավելի շատ են, քան հակառակ սեռի ներկայացուցիչներին սիրողների մեջ։ Շաբաթներ առաջ «սիրող ամուսինը» ծեծելով սպանել էր երիտասարդ կնոջը, սակայն մեկը մյուսին քաջալերելով և տարածելով կեղծ համոզմունքները` մարդիկ հասարակությունը բաժանում են «մենք»-ի և «նրանց»-ի՝ նորից ստեղծելով թշնամու կերպար, որին պետք է ատել, որից պետք է վախենալ եւ որի դեմ պետք է պայքարել՝ զուր ծախսելով ահռելի քանակությամբ ռեսուրսներ ու էներգիա, որ կարելի էր ծախսել համատեղ ուժերով երկիրը զարգացնելու վրա։

Մեկ այլ հատկանիշ, որ ամրապնդում է խարանը և խտրականությունը, հայրիշխանական հասարակությունից եկած տղամարդու և կնոջ գենդերային դերաբաժանումն է, որ ընդունելի է հասարակության զգալի մասին համար։ Օրինակ՝ տղամարդը չպետք է լացի, զգեստ հագնի կամ թույլ լինի, պետք է փող աշխատի, կարճ մազեր ունենա, ծխի, կինը պետք է երեխա ունենա և նրանց խնամքով զբաղվի, տանը նստի, եթե աշխատի էլ, ապա ուսուցչուհի կամ բուժքույր, չպետք է տղայական հագնվի, ծխի, գնա երեկույթների։ Ամեն հասարակությունում այս դերերը շատ տարբեր են։ Մեր հասարակության մեջ դա այնքան խիստ է դրված, որ կարող է մարդիկ փորձեն մեկ ուրիշին «պատժել» այդ չգրված օրենքները խախտելու համար։ Օրինակ՝ տեսնեն ներկած մազերով տղայի կամ ծխող կնոջ, որոշեն, որ հենց իրենք պետք է պաշտպանեն իրենց սուրբ գենդերային դերերը և հարձակվեն այդ մարդկանց վրա։

Թե երբ կազատվի Հայաստանը այս խնդիրներից, միայն մեր ձեռքում է։ Այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է իրականացվեն ամեն վայրկյան, ուղղակի քաղաքական կամք է պետք, եւ փոփոխություններն այս դեպքում միայն օրենքներով չի, որ պետք է իրականացվեն, այլ նաև հասարակության բոլոր շերտերին կրթելով՝ սկսած մանկապարտեզներից ու դպրոցներից։ Ու գուցե այդ ժամանակ Հայաստանը կդառնա երկիր, որտեղ հավասար իրավունքներ կունենան բոլորը, երկիր, որի բոլոր քաղաքացիները, անկախ իրենց որոշակի հատկանիշներից, ձեռք-ձեռքի տված կզարգացնեն գիտությունն ու տնտեսությունը՝ ստեղծելով պետություն, ուր վերադառնում են։  

Ռուզաննա Ազիզյան, Ստելլա Գեւորգյան

«Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիա» ՀԿ

Այս շարքում տես նաեւ` Երջանկության եւ ցավի արանքում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter