
Տնտեսական խոստումներ՝ ընտրություններից առաջ. ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ
ՀՅԴ. «Ներդնել պրոգրեսիվ հարկային քաղաքականություն»
«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» տնտեսության զարգացման վերաբերյալ իր տեսլականն է ներկայացրել, որում առկա որոշ մոտեցումներ արմատապես տարբերվում են մյուս քաղաքական ուժերի մոտեցումներից, օրինակ՝ հարկային քաղաքականությանը վերաբերող կետերը։
Կուսակցությունը համարում է, որ տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե շուկայական տարերային մոտեցմամբ, այլ՝ պետական անհրաժեշտ կարգավորման զուգորդմամբ ձգտի տնտեսության առավելագույն ներուժի իրացմանը։ «Պետությունը չպետք է հանդես գա դիտորդի կարգավիճակում՝ տնտեսության կարգավորումը թողնելով «շուկայի անտեսանելի ձեռքին», այլ՝ պետք է արդյունավետ միջամտությամբ վերացնի շուկայական ձախողումները, մենաշնորհի առաջացումը, գերիշխող դիրքի չարաշահումը, իսկ անհրաժեշտության դեպքում տնտեսության զարգացման լոկոմոտիվի դերը ստանձնի»,- նշված է ՀՅԴ ծրագրում։
Ինչպես նշել ենք մեր նախորդ հոդվածում, «Իմ քայլը» դաշինքը և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը իրենց ծրագրերում առաջարկում են եկամտային հարկի համահարթեցում՝ միասնական դրույքաչափ։ Այլ կերպ ասած՝ բոլոր վարձատրվող անձինք պետք է վճարեն նույն դրույքաչափի եկամտային հարկ։ Իսկ ՀՅԴ-ն կողմ է պրոգրեսիվ հարկային քաղաքականությանը։ «Ներդնել պրոգրեսիվ հարկային քաղաքականություն, որի հիմքում պետք է դրվի «շատից շատ, քչից քիչ» սկզբունքը։ Շատ վաստակողը պետք է ավելի շատ հարկ վճարի, քանի որ դրա միջոցով հնարավոր է վերացնել եկամուտների բևեռացվածությունը և սոցիալական անարդարությունը։ Եկամտահարկի դրույքաչափի առաջարկվող համահարթեցումը՝ անկախ եկամուտի չափից, միասնական մեկ դրույքաչափի կիրառումը չի կարող մեղմել սոցիալական անհավասարությունը»,- կարդում ենք ծրագրում։ Հիշեցնենք, որ ըստ այսօրվա գործող հարկային քաղաքականության՝ եկամտային հարկի եռաստիճան դրույքաչափեր են գործում՝ 23%, 28% և 36%: «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է 2019թ. ներդնել 23% միասնական դրույքաչափով համակարգը։
Ըստ ՀՅԴ մասնագետների՝ պրոգրեսիվ հարկման տրամաբանությունը պետք է գործի նաև գույքահարկի և հողի հարկի պարագայում։
Կուսակցությունը կարևորում է ստեղծված տնտեսական արդյունքի արդար բաշխումը հասարակության բոլոր անդամների միջև։
Որպես տնտեսական քաղաքականության առաջնահերթություններ ՀՅԴ-ն առանձնացնում է առաջանցիկ տնտեսական աճը, սոցիալական ներառականությունն ու արդարությունը և երրորդը՝ կայուն զարգացումը։
ՀՀԿ. «Տնտեսական աճը պետք է լինի ներառական»
Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացրած ծրագիրը բավականին համառոտ է։ Այն բաղկացած է 10 էջից, որից շուրջ մեկ էջն է հատկացված տնտեսությանը։ Կուսակցությունը որևէ թվային ցուցանիշ կամ խոստում չի տալիս այս ծրագրում։ Ներկայացված են միայն ընդհանուր դրույթներ ու գաղափարներ։
«Տնտեսական աճը պետք է լինի ներառական՝ յուրաքանչյուր անհատի ընձեռելով աշխատանքի ու գործարարության ինքնադրսևորման հնարավորություն։ Բոլոր տեսակի մենաշնորհներից ազատությունն այդ հնարավորությունների ստեղծման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է»,- նշված է ՀՀԿ-ի ծրագրում։
Ըստ կուսակցության՝ մրցունակ տնտեսության հասնելու համար առաջնային գերակայությունները եղել և մնում են արտահանման խթանումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ աշխատանքի արդյունավետության բարձրացումը, փոքր և միջին ձեռնարկատիրության խրախուսումը. «Նախորդ տարիների աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ունի մեծ և իր արտադրողի համար տեխնոլոգիապես համարժեք շուկաների հասանելիություն, կայուն և բարելավվող էներգետիկ համակարգ, ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար շոշափելի նախադրյալներ»։
Կուսակցությունը խոստանում է ամեն ինչ անել՝ ներառական գործարարության և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման խթանմանն ուղղված իրենց քաղաքականությանը հետևելու համար։
Երկու օր առաջ մամուլի ասուլիսի ընթացքում, ներկայացնելով ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը խորհուրդ տվեց այս ծրագիրը չդիտարկել որպես առանձին փաստաթուղթ. «Ծրագրի բաղկացուցիչ մաս է կազմում նաև ՀՀԿ խորհրդի վերջին հայտարարությունը, որը ծրագրի լրամշակման համար հիմք է հանդիսացել։ Հանրապետականի քաղաքական-տնտեսական մտքի կուտակում է նաև 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագիրը»։
ԲՀԿ. «2019թ. հունվարի 1-ից վերացնել արագաչափերն ու կարմիր գծերը»
Բարգավաճ Հայաստան կուսակցությունն իր ծրագրերն ու խոստումները բաժանել է 36 կետերի, որոնց մեծ մասը վերաբերում է տնտեսությանը։
Ըստ կուսակցության՝ պետությունը մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին առաջիկա հինգ տարիների ընթացքում պետք է ազատի հարկերից։ «Շրջանառության հարկման ենթակա շեմը 2019թ. հունվարի 1-ից ոչ միայն չպետք է իջեցվի 58.35 մլն դրամ, ինչպես նախատեսված է հարկային օրենսգրքով, այլև՝ 2020թ. հունվարի 1-ից պետք է սահմանվի 150 մլն դրամ»,- նշված է ծրագրում։
Կուսակցությունը խոստանում է բարելավել տնտեսական մրցակցային ու ներդրումային միջավայրը՝ դրա համար կատարելով փոփոխություններ համապատասխան օրենքներում։ Նախատեսվում է նաև կրճատել գործող հարկերի թիվը։ ԲՀԿ-ն ևս կողմ է եկամտային հարկի պրոգրեսիվ սանդղակին։
Այս կուսակցության ծրագրում ևս օգտագործվում է տնտեսական հեղափոխություն արտահայտությունը։
ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում խոսվում է վարկերի տոկոսադրույքների իջեցման, տույժերի ու տուգանքների սառեցման ու հետաձգման մասին։ Սակայն, ինչպես քաղաքական ուժերից շատերի ծրագրերում, այստեղ էլ չկան նախանշված ուղիներ կամ վերլուծություններ, թե ինչ գումարների մասին է խոսքը, կամ օրինակ, թե բանկերի համար ինչ վնասներ կարժենա այդ ամենը։
Կամ կուսակցությունն առաջարկում է հենց 2019թ. հունվարի 1-ից վերացնել արագաչափերն ու կարմիր գծերը։ Այս դեպքում ևս նշված չեն հաշվարկներ, թե ինչ գումարների մասին է խոսքը և բյուջեի համար դա ինչ կարժենա։
ԲՀԿ-ի ներկայացրած մյուս քայլերից են գազի ու էլեկտրաէներգիայի սակագների էական իջեցումը, բնակարանների ձեռքբերման մատչելիությունը և այլն։
Շարունակելի
Տե՛ս նաև՝ Տնտեսական խոստումներ՝ ընտրություններից առաջ. «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան»
Մեկնաբանել