
Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը կքննի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը. ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Այս մասին լրագրողներին ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նշենք, որ դատարանի այս որոշումը բողոքարկման ենթակա չէ, և անկախ պաշտպանների ներկայացրած փաստարկներից՝ Մխիթարյանն առաջիկայում կանցնի Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությանը:
Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանը մինչև վաղը՝ ժամը 11:00-ն, հետաձգել է նիստը, իսկ թե միջնորդությունը մերժելու որոշման մեջ ինչ հիմնավորումներ է նշել, դեռևս հայտնի չէ. պաշտպանները ծանոթ չեն որոշմանը:
Նշենք, որ այսօր ավելի վաղ լրագրողների հետ զրույցում պաշտպան Հայկ Ալումյանն ասել էր, որ Ռուբիկ Մխիթարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու պատճառն այն է, որ վերջինս Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավոր է ընտրվել վիճակահանությամբ, այդպիսի կարգ օրենքով սահմանված չէ. ըստ Ալումյանի՝ դատավորի ընտրությունը պետք է համակարգչի միջոցով լիներ:
Քոչարյանի պաշտպաններն, Ալումյանի խոսքով, դատարանից պահանջել են վիճակահանության արձանագրությունը, և պարզվել է, որ արձանագրություն չկա:
Նշենք, որ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում մեկնարկել է երեկ՝ նոյեմբերի 27-ին:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ է արձակվել:
Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Մեկնաբանել