HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Գոլդեն Փելես» + 30 մլն դոլար, բանավեճի առաջարկ և մերժում. քարոզարշավի երրորդ օրը

«Հետք»-ը սկսում է ամփոփել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությոնների քարոզարշավի օրերը: Այսօր քարոզարշավի երրորդ օրն էր:

«Գոլդեն Փելես» + 30 մլն դոլար

«Իմ քայլը» դաշինքը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նրա հայրենի Տավուշի մարզում էր: Դաշինքը եղել է մարզի Նոյեմբերյան, Բերդ, Իջևան և Դիլիջան քաղաքներում:

Իջևանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն և պատրաստակամություն հայտնել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրել պետությանը: Փաշինյանը հավելեց, որ հյուրանոցը պետք է դրվի աճուրդի, որից գոյացած գումարն էլ կմուտքագրվի պետական բյուջե։ Հիշեցնենք՝ այդ հյուրանոցը, ըստ ԱԱԾ հաղորդագրության, պատկանում է Արմեն Ավետիսյանի որդուն՝ Արտաշես Ավետիսյանին: Արմեն Ավետիսյանի նկատմամբ փողերի լվացման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Նոյեմբերյանում Փաշինյանը հայտնեց նաև, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն էլ պատրաստակամություն է հայտնել պետությանը վերադարձնել իր բանկային հաշիվներից մեկում եղած 30 միլիոն դոլարը:

Այսօր Փաշինյանը հերթական անգամ նշել է, որ նախորդ իշխանությունների ժամանակ խրախուսվել է աղքատությունը, իսկ իրենք, ընտրվելու դեպքում, «ոտքերի տակ ջարդուփշուր են անելու աղքատությունը»: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ Վրաստանը Հայաստանին կապող երկու ճանապարհները առաջիկա 1,5 տարվա ընթացքում կլինեն փայլուն վիճակում:

Բանավեճի առաջարկ, պատասխանը՝ մերժում

Քարոզարշավի երրորդ օրը կրկին անմասն չմնաց ՀՀԿ-Նիկոլ Փաշինյան հեռակա բանավեճից: Նախ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ցուցակի 6-րդ համար Էդուարդ Շարմազանովը սուր քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած խոսքերն այն մասին, որ քաղաքացուն վախեցնելու փորձի դեպքում բոլորին «կպառկեցնեն ասֆալտներին», իսկ հանրապետական գյուղապետերին «վզներից բռնած՝ դուրս կշպրտեն կաբինետներից»: Շարմազանովը, Փաշինյանին դիմելով, ասել է հետևյալը. «Ա՛յ ախպեր, սա քուչի բազառ չի, քարոզարշավ ա, ծրագիր ունես, գնա ներկայացրու...Դուք վարչապե՞տ եք, թե՞ ասֆալտչիկ»:

ՀՀԿ համապետական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն էլ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է դեմառդեմ բանավեճի. «Առաջարկում եմ բանավեճն անցկացնել երեք հեռուստաալիքներով (հանրային և մեկական Ձեր և իմ ընտրությամբ), երկու հաղորդավարով (մեկական` Ձեր և իմ ընտրությամբ), 4–6 թեմաներով (կեսը Ձեր, կեսն էլ իմ ընտրությամբ), իրար հարցեր ուղղելու հնարավորությամբ: Հաշվի առնելով Ձեր գերծանրաբեռնվածությունը` բանավեճի օրվա ընտրությունը թողնում եմ Ձեր հայեցողությանը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Վիգեն Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը մերժել է Սարգսյանի առաջարկը՝ այն որակելով անտրամաբանական: Ըստ Փաշինյանի՝ բանավեճին պետք է ներկա լինեն առաջադրված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

«Դուք ոչ Կոկո Շանելն եք, ոչ էլ Ջաննի Վերսաչեն»

«Մենք» դաշինքը այսօր եղել է Շիրակի մարզում: Արթիկում դաշինքի առաջին համար, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ «Իմ քայլը» ստանալու է ընտրողների ձայների մեծամասնությունը, սակայն կարևորել է, որ ԱԺ-ում նաև այլ կուսակցություններ լինեն, քանի որ ըստ Արամ Սարգսյանի՝ «երբ մի կուսակցություն լինի ամենամեծը, այդ կուսակցությունն ինքն իրենով պառակտվելու է, և շատ խնդիրներ են առաջանալու»:

«Ապրես, որ հեղափոխությունը արեցիր, բայց հեղափոխությունից հետո ահռելի աշխատանք կա, որը պետք է անել, բազմաթիվ թերություններ ու բացթողումներ կան, որոնք պետք է բարձրաձայնել, պետք է երբեմն քննադատել, որպեսզի կարողանանք շտկել»,- ասել է Արամ Սարգսյանը:

Վերջինս անդրադարձավ նաև ՀՀԿ-ի՝ քարոզարշավը «սև ու սպիտակի» մարտավարության վրա կառուցելու թեմային.

«Հարգարժա՛ն հանրապետականներ, դուք ո՛չ Կոկո Շանելն եք, որ սև ու սպիտակի վրա եք գնում, ո՛չ էլ Ջաննի Վերսաչեն: Դա ձեզ չի օգնելու, մի՛ արեք էդպիսի բաներ, դուք սև չեք, դուք գորշ եք»,-ասաց նա:

Ծառուկյանը զգուշացնում է

«Բարգավաճ Հայաստանը» քարոզարշավի շրջանակներում այսօր նույնպես Տավուշի մարզում էր: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ինքը կախարդական փայտիկ չի խոստանալու ձայներ ստանալու համար.

«Ապրել եմ այս երկրում, ապրելու եմ և իմ հնարավորության սահմաններում ինչ որ կա արել եմ, անելու եմ՝ անկախ ձայներից, ինչքան կտաք, չեք տա»,- ասել է Ծառուկյանը Իջևանում:

Գործարար պատգամավորն ասել է նաև, որ իր թիմակիցներին հորդորել է՝ այլ քաղաքական ուժերին վատաբանելու հաշվին հեղինակություն ձեռք չբերել, այլապես կհեռացվեն կուսակցությունից:

«Փորձում են սեպ խրել Փաշինյանի և Սասնա ծռերի միջև»

«Սասնա ծռեր» կուսակցության քարոզարշավի շրջանակներում այսօր Էջմիածնում Ժիրայր Սեֆիլյանը շեշտեց, որ փորձ է արվում սեպ խրել իրենց և Նիկոլ Փաշինյանի միջև: Սեֆիլյանն ընդգծել է, որ Փաշինյանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունեն: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սասնա ծռեր»-ը հայտարարել էր, թե ընտրվելիք խորհրդարանը երկու տարվա կյանք է ունենալու, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը կոչ էր արել «չշշկռվել» և իրավունք չվերապահել «որոշել խորհրդարանի կյանքի չափը»:

«Անպայման մասնակցել ընտրություններին»

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, եղել է Արարատի և Արմավիրի մարզերում: Մարուքյանը կոչ է արել՝ ինչ գործ էլ որ պատահի, դեկտեմբերի 9-ին անպայման մասնակցել ընտրություններին: ԼՀԿ առաջնորդը նույնպես անդրադարձել է «Սասնա ծռեր»-ի հայտարարությանը՝ ասելով, որ ոչ ոք նրանց իրավունք չի տվել որոշել, թե խորհրդարանը քանի տարվա կյանք կունենա: Բացի այդ, ԼՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Մարուքյանը հայտարարել է, թե իրենք ամեն ինչ անելու են, որ նոր խորհրդարանը նոր Հարկային օրենսգիրք ընդունի:

Ինքնաբացարկ ՀՅԴ-ից

Դաշնակցության թեկնածուներից Բագրատ Եսայանն այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Եսայանը ՀՅԴ-ի համապետական ցուցակի 31-րդ համարն էր, ինչպես նաև առաջադրվել էր թիվ 4 ընտրատարածքում: Բագրատ Եսայանը իր որոշումը պայմանավորել է «անձնական պատճառներով»:

Արթուր Բաղդասարյանը նորարարություններից է խոսում

«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական հոլովակում որպես «կարմիր խաղացող» հանդես եկող և սխալմամբ «առաջին համարին» վստահած Արթուր Բաղդասարյանն այսօր Վայոց ձորում խոսել է գյուղատնտեսության սուբսիդավորման և նորարարական համակարգերի ներդրման անհրաժեշտության մասին:

Զրույց խարույկի շուրջ

«Քաղաքացու որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը այսօր շրջել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում: Կուսակցության անդամները քաղաքացիների հետ ուղիղ շփումներում ներկայացրել են իրենց ծրագրերը, բաժանել են թռուցիկներ, ինչպես նաև կուսակցության խորհրդանիշը դարձած մանդարիններ: ՔՈ-ն այսօր նաև Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի արձանի մոտ, քաղաքացիների հետ զրույց է կազմակերպել խարույկի շուրջ:

Հանդիպումներ Լոռիում

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, համապետական ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանի գլխավորությամբ, այսօր եղել է Լոռու մարզում, հանդիպել քաղաքացիների հետ, ներկայացրել նախընտրական ծրագիրը և զրուցել քաղաքացիներին հուզող հարցերի մասին: Լոռու մարզում են եղել նաև «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ այս կուսակցությունը միակն է ընտրություններում ներկայացված քաղաքական ուժերից, որի համապետական ցուցակը կին է գլխավորում՝ ի դեմս Լուսինե Հարոյանի:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter