HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Օր երրորդ. դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը

Արդեն երրորդ օրն է` Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Այս երկու օրերի ընթացքում դեռևս քննության առարկա չի դարձել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու դատախազության կողմից ներկայացված բողոքը. այս ընթացքում ժամեր տևած դատական նիստերին դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քննարկում էր դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Քոչարյանի պաշտպանները, հիշեցնենք, նրան ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել այն հիմքով, որ վերջինս խափանման միջոցի հարցը քննող դատավոր է ընտրվել վիճակահանությամբ, ինչպիսի կարգ օրենքը չի նախատեսում: Դատավոր Մխիթարյանը, սակայն, մերժել է միջնորդությունն ու կքննի գործը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ է արձակվել:

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Քոչարյանն այս պահին ազատության մեջ է:

Երեկ ՀՔԾ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում դիրքորոշում է հայտնել, որ Մարտի 1-ի գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ:

«Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները»,- ասել է Դավթյանը:

Դատական նիստերի դահլիճ մտնելուց առաջ անդրադառնալով դատախազի այս հայտարարությանը՝ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն ասաց, որ ինքը բացարձակապես համաձայն չէ, սակայն դահլիճում կասի, թե ինչու:

Լրագրողները Սահակյանից հետաքրքրվեցին, թե արդյոք գխավոր դատախազի ներկայությունը չի՞ կաշկանդում պաշտպանական կողմին, ինչին ի պատասխան պաշտպանը նշեց.

«Չի կաշկանդում, բայց մտքերի առաջ է կանգնեցնում: Տարբերակներից մեկն այն է, որ Հանրապետության 2-րդ նախագահն է իր առջև, դրա համար է ինքը որոշել գալ, դա հարգանքի նշան է, և երկրորդ տարբերակ՝ գուցե և փորձում է սրբագրել այն սխալները, որոնք տեղի են ունեցել մինչ այդ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter