
487 միլիոն դրամ՝ տարերային աղետների վնասների փոխհատուցման համար
Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասները մասնակի փոխհատուցելու համար:
Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Նախագիծը ներկայացրեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Վերջինիս խոսքով՝ այս տարի ընդհանուր տարերային աղետներից վնասվել է 14 650 հեկտար հողատարածք, վնասի չափը կազմում է 13 միլիարդ 386 միլիոն հարյուր հազար դրամ։ Աջակցություն տրամադրվելու է ոչ թե բոլորին, այլ 50-100 տոկոս տուժած հողատարածքների համար։
Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ խաղողի, պտղի, հատապտղի համար նախատեսվում է փոխհատուցել վնասի հինգ տոկոսի չափը, կարտոֆիլի դեպքում՝ չորս տոկոսի չափը:
«Պահուստային ֆոնդից նախատեսվում է տրամադրել 487 միլիոն 331 հազար դրամ, որը ընդհանուր վնասի 3,36 տոկոսն է: Վերջին տարիների ընթացքում սա ամենամեծ փոխհատուցումն է»,- ասաց Գեղամ Գևորգյանը։
Հարցի վերաբերյալ խոսեց նաև առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ տեղեկացնելով, որ բնական աղետից հետո ինքն անձամբ եղել է Արմավիրի մարզում:
«Պատկերը իսկապես սարսարփելի է, և բերքի մի զգալի մասը ոչնչացված էր: Անշուշտ պետությունն ունի պարտավորություն գյուղացիների կողքին կանգնելու, և մենք կարողանում ենք փոխհատուցում տալ, որքան բյուջեն թույլ է տալիս, և հասկանում ենք, որ սա գյուղացիների համար բավարար լուծում չէ»,- ասաց նա՝ կարևորելով ապահովագրության մեխանիզմը։
Մեկնաբանել