HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսական ու կադրային փոքր ռեսուրսներ, փոխարենը՝ որակ եւ մեծ պատմություն

Գուցե շատերը դեմքով չճանաչեն կամ չիմանան ժամանակակից մաթեմատիկոսներին, բայց նրանց անունները կարելի է գտնել մաթեմատիկայի դասագրքերում՝ Հայաստանում եւ դրանից դուրս: Առաքելյանի հայտնի թեորեմի հեղինակն էլ այժմ աշխատում է Մաթեմատիկայի ինստիտուտում:

Մինչեւ 1971 թ. ԳԱԱ Մաթեմատիկայի եւ Մեխանիկայի ինստիտուտները միացյալ կառույց էին՝ հայտնի որպես Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ինստիտուտ: Ընդհանրապես ժամանակակից մաթեմատիկայի հետազոտությունները Հայաստանում սկսել են 1944-ից, երբ նորաստեղծ ակադեմիայում հիմնադրվել էր մաթեմատիկայի եւ մեխանիկայի բաժինը, որը 1955-ին վերակազմավորվել էր որպես ինստիտուտ, իսկ 1971-ին երկու ուղղությունները տարանջատվել են: ՄԻ-ի հիմնադրման տարեթիվ է համարվում հենց 1971-ը: Նույն տարում էլ երկու ինստիտուտները Երևանի Աբովյան փողոցից տեղափոխվել են Բաղրամյան պողոտա՝ ի սկզբանե ֆիզիկոսների համար նախատեսված շենք: Այսօր շենքի մի հատվածում մաթեմատիկոսներն են, մյուսում՝ մեխանիկոսները:

DSC_5608.jpg (303 KB)

Մաթեմատիկայի ինստիտուտի առաջին տնօրենն (1971-1989 թթ.) ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանն էր, իսկ տեղակալը՝ Նորայր Առաքելյանը: Վերջինս հիշում է, որ երբ 1971-ին տեղափոխվել էին այս շենք, որոշ վերանորոգում հենց իրենք են արել: «Շատ մարդիկ չունեինք, դրա համար նույնիսկ վերանորոգման գործեր էինք անում: Շենքի մյուս մասում էինք, այս մասը պատկանում էր ֆիզիկոսներին: Բավական դիմելուց հետո շենքը տվեցին մեզ»,- հիշում է ակադեմիկոս Առաքելյանը:

*Քարտեզի վրա նշված են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտները: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել տվյալ ինստիտուտի անունն ու դրան վերաբերող «Հետքի» հոդվածի կարճ հղումը: 

Հաղթահարելով կենցաղային խնդիրները

Ձմեռը խնդիրներ է բերում Հայաստանի որոշ գիտական ինստիտուտների համար: Բացառություն չէ նաեւ Մաթեմատիկայի ինստիտուտը: 40 տարուց ավելի չվերանորոգված շենքում, սակայն, գիտնականները սովոր են աշխատել: Վերջին տարիներին արված խնայողություններով մաս-մաս կարողացել են փոխել փայտյա պատուհանները, թեեւ դեռ անելիք ունեն:

DSC_5565.jpg (139 KB)

2012-ից ՄԻ-ն ղեկավարող ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ռաֆայել Բարխուդարյանն ասում է, որ մասամբ թարմացրել են կահույքը, բայց այստեղ էլ գործը կիսատ է, քանի որ ֆինանսի պակաս կա: Կաթում է նաեւ տանիքը: Ըստ Բարխուդարյանի՝ խնդրահարույց են հոսանքի հին լարերը. առհասարակ էլեկտրական ցանցն այստեղ 1950-60-ականների է, թարմացումը կրկին ֆինանս է պահանջում:

DSC_5562.jpg (146 KB)

Ջեռուցման համակարգի խողովակները մաշված են, դրանցից երկուսն էլ՝ ծակ: Տնօրենի խոսքով՝ խորհրդակցել են ակադեմիայի ղեկավարության հետ եւ հուսով են, որ կարճ ժամանակում խնդիրը լուծվելու է, այլապես առանց ջեռուցման հնարավոր չի լինի աշխատել:

DSC_5596.jpg (151 KB)

Ահա Մաթեմատիկայի ինստիտուտի ֆինանսավորումը՝ ըստ առանձին տարիների եւ ֆինանսավորման տողերի: Տվյալները վերցված են պետբյուջեի մասին օրենքների հավելվածներից: 

ՄԻ
Infogram

Ռ. Բարխուդարյանի ներկայացրած թվերը մի փոքր տարբերվում են վերը նշվածից:

MI-finance.jpg (35 KB)

Կարեւորը որակն է

Ինստիտուտի թե՛ տարածքը, թե՛ աշխատակազմը բավականին փոքր է: Ինչպես Ռաֆայել Բարխուդարյանն է նկատում, մեկ հոգու կրճատումն էականորեն ազդում է աշխատակիցների թվի վրա:

ՄԻ աշխատողներ
Infogram

«Բավականին փոքր ինստիտուտ է, երբեք չենք փորձել քանակային առումով մեծանալ, միշտ հետեւել ենք որակին»,- նշում է տնօրեն Բարխուդարյանը:

DSC_5602.jpg (163 KB)

Բացի կենցաղային խնդիրներից՝ ՄԻ-ում, ինչպես ԳԱԱ համակարգի մյուս ինստիտուտներում, դասական խնդիր է սերնդափոխությունը: Աշխատակիցների մոտ 30 տոկոսն է երիտասարդ: Նրանցից ոմանք ինչ-որ ժամանակ աշխատելուց հետո կա՛մ արտասահման են գնում, կա՛մ աշխատանքի են անցնում մասնավոր ընկերություններում: Ռ. Բարխուդարյանն ասում է՝ երիտասարդ գիտնականների ստացած աշխատավարձով հնարավոր չէ ընտանիք պահել (ՄԻ-ում նվազագույն «մաքուր» աշխատավարձը 58.000 դրամ է):

Միաժամանակ նկատում է, որ ինչպես մնացած գիտական ինստիտուտներում, իրենց մոտ էլ միջին՝ 40-60 տարեկան գիտնականների խիստ պակաս կա: Այդ տարիքի գիտնականները ՄԻ-ում 1-2 հոգի են: «Դա պայմանավորված է ոչ թե գիտությամբ կամ բնագավառով, այլ 90-ականնների խնդրով,- նշում է տնօրենը,- բոլոր երիտասարդները, որ այն ժամանակ պետք է մնային ինստիտուտում, գնացին բիզնեսի ոլորտ կամ արտասահման»:

DSC_5601.jpg (101 KB)

Ռ. Բարխուդարյանի փոխանցմամբ՝ գիտական հետազոտությունների ֆինանսավորման ծրագրերը եւ հատկապես մաքուր մաթեմատիկայի հետազոտական ծրագրերի համար դրամաշնորները շատ քիչ են ներկայում: Վերջին 3 տարիներին ՄԻ-ն միջազգային դրամաշնորհ չի ստացել, անհատապես ստացել են միայն աշխատակիցները:

Մեր զրուցակիցը նկատում է, որ կառավարությունը պետք է գիտության վերաբերյալ երկարաժամկետ ծրագիր կազմելու մասին մտածի: Ըստ նրա՝ միջազգային դրամաշնորհները նվազել են, քանի որ դրանց դոնոր երկրներին շատ ավելի ձեռնտու է դրամաշնորհ ստացող գիտնականին հրավիրել իր մոտ աշխատանքի, քան ֆինանսավորել նրան՝ որպես այլ երկրի գիտության ներկայացուցչի:

DSC_5605.jpg (184 KB)

Չնայած ՄԻ-ում խնդիրները զգալի են, գիտական աշխատանքին դրանք չեն խոչընդոտում: Ընթացիկ տարին բավականին ակտիվ էր ինստիտուտի համար: Սերգեյ Մերգելյանի 90 եւ Մխիթար Ջրբաշյանի 100-ամյակններին նվիրված միջազգային կոնֆերանսներ են կազմակերպել, որոնց հրավիրվել էին նաեւ օտարեկրյա գիտնականներ:

DSC_5552.jpg (135 KB)

Խոսելով հայ գիտնականների կողմից կիրառական արդյունք տալու կարեւորության տալու մասին, ինչը պարբերաբար շեշտվում էր նախորդ կառավարության կողմից՝ Ռ. Բարխուդարյանն ասում է, թե գիտական ուղղություններ կան, որոնք հեռու են կիրառական արդյունք տալուց, բայց դա չի նշանակում, որ դրանք պետք է չլինեն: Հավելում է, թե մարդիկ կան, որոնց գիտական արդյունքները պատիվ են բերում Հայաստանին. օրինակ ձեռքբերում է եւ այն, որ արտերկրում մաթեմատիկայի դասագրքերում կամ գրականության մեջ հանդիպում ենք հայ մաթեմատիկոսների անունների:

DSC_5556.jpg (157 KB)

Հայտնի թեորեմի հեղինակն այժմ էլ աշխատում է ինստիտուտում

ՄԻ-ում է աշխատում Առաքելյանի թեորեմի հեղինակը՝ ակադեմիկոս Նորայր Առաքելյանը: 1989-1991 եւ 1997-2006 թթ. ՄԻ տնօրեն, 1991-1993 թթ. ԵՊՀ ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ն. Առաքելյանը նշում է, որ Հայաստանի մաթեմատիկան հայտնի էր Խորհրդային Միության տարածքում: Դրանում, բնականաբար, մեծ էր նաեւ հենց Առաքելյանի վաստակը, սակայն հայտնի գիտնականը համեստորեն լռում է այդ մասին:

DSC_5575.jpg (100 KB)

Հարցին էլ, թե ճիշտ է, որ մաթեմատիկոսներն ամենահումորով մարդիկ են, ժպտում է, ապա ասում, թե դժվար է բոլորի մասին նույնը պնդել, բայց Մերգելյանն ու Ջրբաշյանը շատ հումորով էին, միեւնույն ժամանակ՝ շատ լուրջ: «Եթե մարդը տաղանդավոր է, հումորն էլ դրա մի մասն է»,- նկատում է պրոֆեսորը:

DSC_5580.jpg (107 KB)

2009-ից ՄԻ-ում աշխատող ֆիզմաթ գիտությունների թեկնածու Լուսինե Պողոսյանն էլ ասում է, թե այսօր Հայաստանում գիտությամբ զբաղվելուն դրդում է միայն սերը դրա հանդեպ, այլ շահագրգռող գործոն չկա: Երիտասարդ գիտնականը նշում է, որ Հայաստանից գնալու մտադրություն չունի, իսկ շուտով ասպիրանտուրան ավարտող Տիգրան Բաքարյանի ծրագրերն այլն են. պատրաստվում է առաջիկայում 1-2 տարով գիտական գործունեություն ծավալել Սաուդյան Արաբիայում:

DSC_5592.jpg (120 KB)

Միաժամանակ նշում է, թե հեռահար ծրագրերը կապված են Հայաստանի հետ. «Սա մեր հայրենիքն է, այստեղ շատ գործ կա անելու: Միջավայրն այստեղ շատ լավ է՝ թե՛ ուսանողների, թե՛ պրոֆեսորների հետ շփումը շատ մարդկային է»:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter