HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սթափության կոչ՝ Արցախի իշխանություններին, պայքար քաղաքական կուռքի հետ, կառավարել խելքով, ոչ թե դուխով. քարոզարշավի չորրորդ օրը

Այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չորրորդ օրն էր: «Հետք»-ն ամփոփել է օրվա արդյունքները:

«Սթափվե՛ք հարգելիներս և զբաղվե՛ք ձեր աշխատանքով»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Իմ քայլը» դաշինքը այսօր եղել է Գեղարքունիքի մարզում, մասնավորապես՝ Ճամբարակ, Վարդենիս, Մարտունի, Գավառ, Սևան քաղաքներում և մի քանի գյուղերում:

Ճամբարակում իր ելույթի ժամանակ Փաշինյանը նշեց, թե չի հասկանում վերջին օրերին Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը ԱԺ արտահերթ ընտրությունների մասին մեկնաբանություններում: Փաշինյանն ասաց, որ այդ ամենը կքննարկի Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

«Մինչ այդ պարոն Սահակյանին հորդորում եմ՝ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին: Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս...այ քեզ բան: Դե պատկերացրե՛ք, իմ խոսնակը Ղարաբաղի հայտնի ու անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություներ անի: Դուք հասկանու՞մ եք, թե դրա հետևանքը և արդյունքը ինչ կլինի: Սթափվե՛ք հարգելիներս և զբաղվե՛ք ձեր աշխատանքով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև կառավարության ղեկավարը հարթակից հայտարարեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են պաշտպանության նախարարության վարչական շենքում, ոչ մի գիշեր չեն անցկացրել զորամասում:

«Որդիներից մեկը ծառայել է որպես վարորդ: Պետական ավտոն դրել են տակը, որտեղ ուզել, գնացել է, պետության բենզինի, ավտոյի և ամեն ինչի հաշվին»,- նշեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը:

Սևանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր, անէական հարց է: Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ ավելի կարևոր է հստակեցնել Հայաստանի պարտավորությունները կազմակերպության և անդամ պետությունների առաջ ու վերջիններիս պարտավորությունները Հայաստանի առաջ:

«Պայքար քաղաքական կուռքի հետ»

Հանրապետական կուսակցության ցուցակի 6-րդ համար, վերջերս «Ֆեյսբուք» սոցցանցում գրանցված Էդուարդ Շարմազանովը ավանդույթի համաձայն՝ առավոտյան կրկին ուղիղ եթերում «այլ կուսակցությունների ներկայացուցիչ հանդիսացող Փաշինյանի վկաներին» խորհուրդ է տվել «ոտքի տակ չընկնել, քանի որ իր պայքարը նրանց պապայի, քաղաքական կուռքի հետ է»:

Բացի այդ, Լոռու մարզում առաջադրված Շարմազանովը վստահեցրեց, որ ընտրվելու դեպքում լինելու է «լոռեցիների պրոբլեմների, դարդուցավի ներկայացնողը խորհրդարանում»:

Լոռու մարզում տարածքային ցուցակով առաջադրված մեկ այլ հանրապետական Արփինե Հովհաննիսյանը կոչ է արել լոռեցիներին՝ ընտրել Էդուարդ Շարմազանովին, քանի որ ըստ Հովհաննիսյանի՝ Շարմազանովը շատ ավելի լավ է տիրապետում մարզի խնդիրներին և դրանց լուծման մեխանիզմներին, քան որևէ այլ թեկնածու:

«Համամասնական ցուցակի 2-րդ համարի տրամաբանությունը թույլ չի տալիս կենտրոնանալ ռեյտինգային ընտրակարգի էությունից բխող քարոզարշավի վրա»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը:

ՀՀԿ երիասարդական կառույցի ֆեյսբուքյան էջում էլ այսօր ՀՀԿ նախընտրական կարգախոսի՝ «Եթե մտահոգ ես...» թեմատիկայով մրցույթի հայտարարություն է տեղադրվել: Սահմանվել է երեք անվանակարգ՝ «Ամենակրեատիվ պաստառ», «Ամենահումորային պաստառ», «Ամենաազդեցիկ պաստառ»: Մրցույթի երեք անվանակարգերում հաղթողներն ընտրություններից հետո կհրավիրվեն ճաշի ՀՀԿ համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների` Վիգեն Սարգսյանի, Արփինե Հովհաննիսյանի և Դավիթ Շահնազարյանի հետ:

«Ծառուկյանի հետ անձնական կապը ներդրում է բերում»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այսօր Սյունիքի մարզում էր:  Ծառուկյանը Սիսիանում հայտարարել է, որ դրսում ապրող հայերին հետ կանչելու համար նախ պետք է պայմաններ ստեղծել, օրինակ՝ այնպիսի, որ քաղաքացին կարողանա իր աշխատավարձից ամսական 65 հազար դրամ հատկացնել բնակարան ձեռք բերելու համար: Խոսելով կենսաթոշակների մասին՝ ԲՀԿ առաջնորդն ասաց, որ դրանց չափը պետք է այնքան լինի, որ հնարավոր լինի կատարել կոմունալ վճարումները:

ԲՀԿ համապետական ցուցակի 6-րդ համար Վահե Էնֆիաջյանն էլ այսօր հայտարարել է, որ իրենք տնտեսական, հեղափոխական ծրագիր են ներկայացրել, որը բեկումնային փոփոխություններ կարող է բերել: Խոսելով ներդրումների մասին՝ Էնֆիաջյանն ասաց, որ Հայաստանում խոշոր կապիտալի ներդրման ցանկություն են հայտնում այն գործարարները, ովքեր անձնական կապեր ունեն Գագիկ Ծառուկյանի հետ:

«Չպետք է թույլ տալ որոշ ուժերի մուտքը Ազգային ժողով»

«Սասնա Ծռեր» կուսակցության համապետական ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքում հայտարարել է, որ ժողովրդի կեղեքմանն ու նվաստացմանը, պետության քայքայմանը մասնակցած քաղաքական ուժերը չպետք է լինեն խորհրդարանում: Ավետիսյանն ասում է՝ պետք է թույլ չտալ նրանց մուտքը Ազգային ժողով, և որպես նմանատիպ քաղաքական ուժեր նա նշել է ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն: Միևնույն ժամանակ Վարուժան Ավետիսյանն ընդգծել է, որ ՀՅԴ-ի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ Դաշնակցության հայաստանյան ղեկավարությանը, և ոչ թե շարքային դաշնակցականներին կամ սփյուռքում գտնվողներին:

«Կանանց դերի բարձրացումը քաղաքականությունում»

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) այսօր շրջել է Արարատի մարզում: ՀՅԴ թեկնածուները զրուցել են քաղաքացիների հետ, պատասխանել նրանց հարցերին, ինչպես նաև ներկայացրել իրենց նախընտրական ծրագրի դրույթները: ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, համապետական ցուցակի երկրորդ համար Արսեն Համբարձումյանը կոչ է արել քաղաքացիներին ընտրել «խղճի մտոք»:

ՀՅԴ ցուցակով առաջադրված Ռուզաննա Առաքելյանն էլ այսօր կազմակերպված քննարկման ժամանակ կարևորել է կանանց դերի բարձրացումը քաղաքականությունում: Ըստ Առաքելյանի՝ պետք չէ արհեստական քվոտայի միջոցով կանանց ներգրավվել քաղաքականության մեջ, այլ պետք է կանանց չվստահելու հոգեբանական պատնեշը հաղթահարել հասարակության զարգացման միջոցով:

«Հեղափոխության ժամանակներն անցել են»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի խմբերից մեկը Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ եղել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Չարենցավանում Մարուքյանը քաղաքացիներին ասել է՝ այն բիզնեսմենները, ովքեր խոստանում են վերագործարկել տեղի գործարանները, ստում են: ԼՀԿ առաջնորդի համոզմամբ՝ պետք է մտածել տնտեսության այլ ճյուղերի զարգացման և երիտասարդությանը այդ ոլորտներում ներգրավվելու մասին: Մարտունիում էլ Մարուքյանը հայտարարել է, որ հեղափոխության ժամանակները անցել են, և եկել է աշխատանքի ժամանակը:

ԼՀԿ-ի քարոզարշավի մյուս խումբն էլ, համապետական ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, շրջում է Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Թանդիլյանը հայտարարել է, որ Հայաստանում պետք է լինեն քաղաքական ուժեր, որոնք կկոտրեն քաղաքական գործիչների մասին կարծրատիպերը, և ըստ նրա՝ «Լուսավոր Հայաստանը» հենց այդպիսի կուսակցություն է:

«Համընդհանուր բարեկեցության պետություն, համերաշխ հասարակություն»

«Քաղաքացու որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այսօր քարոզարշավ է իրականացրել Երևանի Ավան վարչական շրջանում: ՔՈ-ից առաջադրված թեկնածու Վլադիմիր Հովհաննիսյանը նշել է, որ իրենք ցանկանում են համընդհանուր բարեկեցության պետություն ստեղծել, ինչպես նաև կառուցել համերաշխ հասարակություն: Հովհաննես Կարապետյանն էլ հավելել է, որ իրենց առաջնահերթությունների թվում է կրթության և առողջապահության համահավասար իրավունքից օգտվելու հնարավորություն ստեղծելը:

Շիրինյանը կարևորում է ճանապարհաշինությունը

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի գլխավորած «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը շրջել է Շիրակի մարզում: Կուսակցության ներկայացուցիչները շրջել են Գյումրիում, բնակիչներին ներկայացրել իրենց նախընտրական ծրագիրը: Հանրապետության երկրորդ քաղաքում Լևոն Շիրինյանը ներկա է եղել քաղաքի փողոցներից մեկում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին: Շիրինյանը կարծում է, որ տնտեսության զարգացման տեսանկյունից մեծ կարևորություն ունի բարվոք ճանապարհների առկայությունը:

«Ազգային առաջընթացը» չի ֆինանսավորվում որևէ կետից կամ որևէ անձից

«Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի չորրորդ օրը Գեղարքունիքի մարզում հանդիպել են քաղաքացիներին և ներկայացրել իրենց ծրագրերը: Համապետական ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանն էլ հանդիպումներ է ունեցել Երևանի Կենտրոն վարչական շրջանում: Կուսակցությունը կեսգիշերին հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Ազգային առաջընթացը» չի ֆինանսավորվում որևէ կետից կամ որևէ անձի կողմից, իսկ անհրաժեշտ ծախսերը կատարվում են վարչության և խորհրդի անդամների անձնական միջոցներից։ «Ազգային առաջընթացը չունի «գերագույն հրամանատար» կամ ղեկավար, այն ունի երկու գործադիր մարմին՝ վարչություն և խորհուրդ, որը բաղկացած է 21 անդամից, և որոնք աշխատում են կոլեգիալ սկզբունքով»,- ասվում է հայտարարությունում:

Կառավարել «խելքով», ոչ թե «դուխով»

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն առողջապահության և սոցիալական ոլորտի գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եկել է «խելքով» կառավարելու ժամանակը, քանի որ վերջին 20 տարիներին Հայաստանը տեսել է «դուխով» կառավարման հետևանքները: «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ էին «դուխով» կառավարում Հայաստանը, միայնակ կառավարում էին: Հիմա եկել ենք նոր «դուխով» կառավարման փուլ, և մենք կրկին ասում ենք՝ ո՛չ, քանի որ «խելքով» պետք է կառավարել»,- ընդգծել է Բաղդասարյանը:

«Իշխանության հիմնական ընդդիմախոսը»

«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցություններից կազմավորված «Մենք» դաշինքը այսօր Շիրակի, Լոռու մարզերում է եղել: Դաշինքի համապետական ցուցակի երկրորդ համար Խաչատուր Քոքոբելյանն ասել է, որ խորհրդարան անցնելու դեպքում իրենց ներկայացրած քաղաքական ուժը լինելու է իշխանության հիմնական ընդդիմախոսը և թույլ չի տալու «վերադարձ կատարել հնին»: Անժելա Խաչատրյանն էլ հայտարարել է՝ «Հայաստանի Հանրապետության ամենամեծ ամոթներից մեկն այն է, որ այսքան տարի ունենալով պետականություն և իշխանություններ՝ չենք կարողացել վերացնել երկրաշարժի հետևանքները»:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter