
Գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, քիչ առաջ բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու երկու ամսով երկարացնել գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը: Այս մասին «Հետք»-ին ասաց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը: Փաստաբանի խոսքով՝ դատարանը մերժել է Մայրապետյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ իրենց կողմից ներկայացված միջնորդությունը:
Նշենք, որ Մայրապետյանը Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ` քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածով:
Ըստ այս պահին հայտնի դարձած տեղեկությունների` Մայրապետյանի դեմ ցուցմունք է տվել գործարար Սիլվա Համբարձումյանը:
Մայրապետյանին կալանավորելու որոշումն առաջին անգամ ևս կայացրել էր դատավոր Աննա Մաթևոսյանը:
Մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Վերջինիս փաստաբանական խումբն օրեր առաջ հայտարարություն է տարածել` նշելով, որ ՀՔԾ-ն ամեն կերպ խոչընդոտում է Մայրապետյանի` իր առողջական վիճակի մասին համակողմանի և օբյեկտիվ գնահատական ստանալու իրավունքի իրացումը:
Փաստաբանական խմբի կողմից տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, և այդ իսկ օրը վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող բժշկական տեղեկանքները: Չնայած դրան միայն 39 օր անց՝ 2018 թվականի նոյեմբերի 14-ին է նշանակվել դատաբժշկական փորձաքննություն նրա առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով:
Օգտվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքներից` Սամվել Մայրապետյանի պաշտպանները առաջարկել են փորձաքննության միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկել մեծ հարգանք վայելող և բարձր մասնագիտական ունակություններ ունեցող նեղ 3 մասնագետի և լրացուցիչ հարցեր առաջադրել փորձաքննության հանձնաժողովին:
Այդ հարցերը մասնավորապես վերաբերել են այն բանին, թե հնարավոր է արդյոք անազատության պայմաններում Սամվել Մայրապետյանի հիվանդությունը սրվի, հիվանդության սրման դեպքում կլինի՞ այն վտանգավոր կյանքի համար և վերջապես սրման դեպքում հնարավոր է արդյոք բուժումը կազմակերպել ՀՀ-ում:
Անտեսելով Սամվել Մայրապետյանի՝ իր առողջական վիճակի մասին օբյեկտիվ և համակողմանի գնահատական ստանալու ակնհայտ իրավունքը՝ ՀՔԾ-ն ամեն կերպ խոչընդոտում է դրա իրացմանը: Մասնավորապես ՀՔԾ քննիչը մերժել է փորձաքննության հանձնաժողովին առաջադրված հարցերը և հետաձգել է հանձնաժողովի կազմում առաջարկված մասնագետների ընդգրկումը, բոլորովին անհասկանալի ձևակերպմամբ՝ մինչև այդ կապակցությամբ էական հանգամանքների պարզումը:
Բոլոր հետևությունները թողնելով հանրությանը՝ կցանկանանք հիշեցնել միայն, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները կարող են հիմք հանդիսանալ մեղադրյալի խափանման միջոց կալանքը փոխելու հարցում»:
Նշենք, որ ավելի վաղ մերժվել էր նաև Մայրապետյանին 50 մտավորականների անձնական երաշխավորությամբ ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Մայրապետյանի գործին, լրագրողների հետ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, թե «այս գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ»:
Մեկնաբանել