
Վիճկոմիտե. «2017-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 25.7%»
2017 թվականին, նախորդ տարվա համեմատ, աղքատության մակարդակը Հայաստանում նվազել է 3.7 տոկոսային կետով և գնահատվել 25.7%: Սա նշանակում է, որ աղքատ է համարվում երկրի ամեն չորրորդ բնակիչը։ Ցուցանիշները քիչ առաջ հրապարակել է Հայաստանի Վիճակագրական կոմիտեն:
Այսպիսով, աղքատության մակարդակը 2017 թվականին առաջին անգամ նվազել է 2008 թվականի աղքատության մակարդակի համեմատ (27.6%) 1.9 տոկոսային կետով։
Աղքատ են գնահատվել նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից. 2017 թվականին Հայաստանի ամեն չորրորդ բնակիչ ամսական 41 612 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7.5%: Միևնույն ժամանակ, սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նկատմամբ աճել է 1%-ով:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը բավականին ծավալուն է, պարունակում է մի շարք ցուցանիշներ, որոնց առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնանք։
Մեկնաբանել