HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային միացյալ կուսակցություն – 1974. Անահիտ Կարապետյան, Ֆիրդուս Մուրադյան, Գարեգին Դավթյան

Սկիզբը

1974  թվականն  աննախադեպ  էր  քաղաքական  դատավարությունների  քանակի առումով: Ե՛վ դրանից առաջ, ե՛ւ դրանից հետո մեկ տարում այդքան շատ դատավարություններ  չէին  եղել:  Այդ  տարվա  ընթացքում  կայացել  է  9  դատավարություն,  եւ դատապարտվել է 16 մարդ: Նրանցից մեկը` Անդրանիկ Մարգարյանը, ճիշտ է, դատապարտվել  է  1975  թ.  փետրվարին,  բայց  ձերբակալվել  է  1974-ի  նոյեմբերին,  եւ  նրա նկատմամբ հարուցված գործն անմիջականորեն առնչվում է հենց այդ տարվա դատավարություններին: Բոլոր դատապարտվածները Ազգային միացյալ կուսակցության անդամներ էին: 1969 թ. դատապարտվեցին ԱՄԿ հիմնադիրներ Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը եւ Շահեն Հարությունյանը, այնուհետեւ ձերբակալվեցին ու մեկ տարի անց` 1970-ին դատապարտվեցին Պարույր Հայրիկյանը, Աշոտ Նավասարդյանը, Հակոբ Աշիկյանը, Ռաֆայել Բարսեղովը, Աշոտ Խաչատրյանը: Կալանավորումների  այս  շարքը  պատճառ  դարձավ,  որպեսզի  ԱՄԿ-ն  ինչ-որ  ժամանակահատված նվազեցնի ակտիվ գործունեությունը: Սակայն, սկսած 1972-73-ականներից, երբ կալանավայրերից, պատժաչափերը կրելուց հետո, մեկը մյուսի հետեւից ազատ արձակվեցին դատապարտված ԱՄԿ-ականները, սկսվեց ԱՄԿ-ի ակտիվացման նոր փուլը: Այս առումով յուրահատուկ էր 1973 թվականը: Փորձառու ԱՄԿ-ականներն իրենց ներկայությամբ, մասնակցությամբ ու կուտակած փորձով նոր թափ էին հաղորդում ընդհատակյա պայքարին: Ակտիվանում են ԱՄԿ մասնաճյուղերը, ձեւավորվում են իրարից անկախ գործող, բայց նույն կենտրոնից ղեկավարվող կառույցներ, ձեռք են բերվում տպագրական միջոցներ, հիմնվում է ինքնաշեն ընդհատակյա տպարան: Իրարից անկախ գործող ԱՄԿ խմբերի ու խմբակների գործունեությունը համակարգում ու կազմակերպում էր կալանավայրից նոր վերադարձած Պարույր Հայրիկյանը:

Բացի անկախության համար պայքարի  կոչ  պարունակող  թռուցիկներից  ու  տպագիր  այլ  նյութերի  տարածումից, ԱՄԿ-ականները մարդաշատ ու տեսանելի վայրերում, շենքերի ու շինությունների պատերին, ճանապարհներին ու մայրուղիների վրա անկախության կոչեր են գրում: Այս վերջին նորամուծությունը հնարավորություն էր տալիս` առանց մեծ միջոցներ վատնելու, առանց տպագրական միջոցներ օգտագործելու անկախության միտքը հասցնել  հնարավորինս  շատ  մարդկանց:  Իհարկե,  թռուցիկներն  ունեին  իրենց  արժեքը. դրանք որոշակի տեքստեր էին, որտեղ ընթերցողին բացատրվում էր անկախության անհրաժեշտությունը եւ հնարավորությունը, տիրող գաղափարախոսության արատավորությունը, բայց ընդամենը մեկ թռուցիկ պատրաստելու, տպագրելու եւ տարածելու համար հսկայական ջանքեր, միջոցներ ու ժամանակ էր պահանջվում, եւ դեռ հարց էր` տպագրողները կհասցնեի՞ն ողջ հասարակության վրա խորհրդային հատուկ ծառայությունների  իրականացրած  տոտալ  վերահսկողության  պայմաններում  տարածել դրանք, ավելին` տարածելուց հետո չբռնվել: Կալանավորվելու եւ երկարատեւ պատժաչափի դատապարտվելու հավանականությունը ե՛ւ նախապատրաստական, ե՛ւ հետագա փուլերում չափազանց մեծ էր: Իսկ տեսանելի վայրերում` շենքերի պատերին անկախության մասին կոչեր գրելը համեմատաբար հեշտ էր ու արագ իրականացվող, եւ աշխատանքների ճիշտ կազմակերպման պարագայում` բռնվելու հավանականությունը շատ մեծ չէր: Որպես կանոն` այդ գործն արվում էր գիշերային ուշ ժամերի, երբ փողոցները դատարկ էին, իսկ առավոտյան մեծ թվով մարդիկ էին տեսնում ու կարդում անկախություն պահանջող կարգախոսները: Մինչեւ 1974 թվականը ձերբակալված ԱՄԿ անդամների համար նախաքննության ու դատավարության ժամանակ կարեւորագույն գաղտնիքներ էին համարվում ԱՄԿ գոյությունը եւ իրենց ԱՄԿ-ական լինելը: Այդ մասին հարցաքննությունների ժամանակ մեկ բառ ասելն անգամ կարող էր դավաճանություն դիտարկվել: Իսկ ահա 1974-ին եւ դրանից հետո ԱՄԿ անդամները` նախաքննության ու դատավարության փուլերում, այնուհետեւ` նաեւ կալանավայրերում հայտարարում էին Ազգային միացյալ կուսակցության գոյության, նրա նախաձեռնած պայքարի եւ իրենց ԱՄԿ անդամ լինելու մասին:

1974-ի առաջին դատավարությունը տեղի ունեցավ մարտի 28-ին: Դատապարտվում էին Անահիտ Կարապետյանը, Ֆիրդուս Մուրադյանը եւ Գարեգին Դավթյանը, իսկ սրանից հետո` 1974-ի հունիսի 10-ին` Քաջիկ Սահակյանը: Մեկ ամիս անց` հուլիսի 10- ին դատապարտվում են Նորիկ Մարտիրոսյանը, Սամվել Մարտիրոսյանը եւ Լեւոն Բադալյանը, հուլիսի 16-ին` Ռուբեն Խաչատրյանը, օգոստոսի 30-ին` Աշոտ Նավասարդյանը, հոկտեմբերի 3-ին` Գագիկ Առաքելյանը եւ Կոստան Կարապետյանը, հոկտեմբերի 23-ին` Ազատ Արշակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը եւ Ռազմիկ Մարկոսյանը, նոյեմբերի 22-ին` Պարույր Հայրիկյանը: 1975-ի փետրվարին դատապարտվում է 1974 թվականի նոյեմբերին կալանավորված Անդրանիկ Մարգարյանը:

Շինծու մեղադրանքով 1974 թ. է դատապարտվել նաեւ ԱՄԿ հին անդամներից Վազգեն Կարախանյանը:

                                  1974թ առաջին դատավարությունը

Անահիտ Աղվանի Կարապետյանը ծնվել է 1952 թ., Երեւան քաղաքում: Դպրոցական տարիներից զբաղվել է հայրենասիրական գործունեությամբ: Մասնակցել է այդ տարիներին գործող պատանեկան հայրենասիրական խմբակներից մեկի աշխատանքներին: Խմբակը հետագայում կապ է հաստատել այլախոհական գործունեության մեջ ներգրավված Բագրատ Շահվերդյանի եւ Ռուբեն Խաչատրյանի հետ: Նրանց ղեկավարությամբ` այս եւ մի քանի նման այլ խմբակներ զուտ հայրենասիրությունից անցում են կատարում դեպի քաղաքականություն, ապա` հասնում անկախության գաղափարին: Բագրատ Շահվերդյանի դատավարության ժամանակ Անահիտենց խմբի անդամները   ծանոթանում   են   դատավարությանը   ներկա   ԱՄԿ-ականների   հետ:   Կարճ ժամանակ անց խումբն ամբողջությամբ հարում է ԱՄԿ-ին եւ ներգրավվում անկախության կոչերով թռուցիկների պատրաստման ու տարածման, պատերին անկախության կոչեր գրելու եւ այս կարգի այլ գործունեության մեջ:

Առկա խմբերում ու խմբակներում կանայք միշտ էլ շատ են եղել: Նրանք ներգրավված էին «Հանուն Հայրենիքի» խմբում, Հայ հայրենասերների միությունում, Հայաստանի վերամիավորման միությունում, իսկ Ազգային միացյալ կուսակցությունն ունեցել է առանձին  ու  մինչեւ  1980-ականների  երկրորդ  կեսը  մշտապես  գործող  «Օրիորդաց խումբ»:

Խմբերում գործող տղամարդիկ` ձերբակալվելուց հետո, որպես կանոն, ամեն ինչ արել են, որպեսզի բացահայտվելուց եւ կալանավորվելուց հետո կանանց զերծ պահեն ձերբակալումներից: Կանայք, ծայրահեղ դեպքերում, ներգրավված էին լինում միայն որպես վկաներ: Անահիտ Կարապետյանենց խմբի տղաների պարագայում, գուցե նրանց տարիքի ու անփորձության, գուցե բոլորովին այլ պատճառներով, այս սկզբունքը չգործեց, եւ նախաքննության ու դատավարության ժամանակ ցուցաբերած ըմբոստ վարքի ու իր դեմ խմբի ձերբակալված անդամների տրված ցուցմունքների հետեւանքով` Անահիտ Կարապետյանը հենց դատարանի դահլիճում կալանավորվեց եւ ՀԽՍՀ քր. օր.-ի 69 (ազգային  եւ  ռասայական  իրավահավասարությունը  խախտելը)  եւ  206-1  (սովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելը) հոդվածներով դատապարտվեց երկու տարի ազատազրկման: Անահիտ Կարապետյանը պատիժը կրել է Չուվաշիայի Կազլովկա քաղաքի տարածքում գտնվող կանանց գաղութում: Ազատ արձակվելուց հետո շարունակել է իր գործունեությունը: Ներկայումս բնակվում է Երեւանում:

Ֆիրդուս Մեխակի Մուրադյանը ծնվել է 1955 թ., Աբովյանի շրջանի Զար գյուղում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Ձերբակալվել է առաջին կուրսում ուսանելիս` 1973 թվականի հոկտեմբերին: Դատապարտվել է ՀԽՍՀ քր. օր.-ի 69 հոդվածով (ազգային  եւ  ռասայական  իրավահավասարությունը  խախտելը)  7 ամիս ազատազրկման: Պատիժը կրել է Հայաստանում: Ապրել եւ աշխատել է Երեւանում, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ Մահացել է 2014 թ․։

Գարեգին Համբարձումի Դավթյանը ծնվել է 1955թ., Արմավիրի շրջանում: Ավարտել է Երեւանի գեղարվեստի ինստիտուտը: Ձերբակալվել է երկրորդ կուրսում ուսանելիս` 1973 թ. հոկտեմբերին: Դատապարտվել է ՀԽՍՀ քր. օր.-ի 69 հոդվածով (ազգային  եւ  ռասայական իրավահավասարությունը  խախտելը)   7 ամիս ազատազրկման: Պատիժը կրել է Հայաստանում: Ապրում է Երեւանում։

                               Պատմում է Անահիտ Կարապետյանը

  (Ինչպես գրքում առկա մյուս հուշ-պատմությունները, այնպես էլ այս մեկը ձայնագրվել, ապա՝ վերծանվել ու վերջնական տեսքի է բերվել մեր կողմից։ Այն առաջին դեմքով է ներկայացվում անհատական զգացմունքները հնարավորինս լավ տեղ հասցնելու նպատակով) 

1967 թվականին մեր ուսուցիչը մեզ տարավ Սարդարապատի հուշահամալիր: Այնտեղ տոնախմբություն էր կազմակերպված: Մի խումբ տղաներ ազգագրական երգեր էին երգում ու արտասանում: 15 տարեկան էի: Դա ինձ համար նորություն էր: Չափազանց ոգեւորված էի: Հետագայում, մեկ այլ միջոցառման ժամանակ, որը տեղի էր ունենում Մուսա լեռան հրամանատարներից մեկի` Եսայի Յաղուբյանի գերեզմանի մոտ, տեղեկացա, որ գոյություն ունի Հայաստանի երիտասարդական միություն, եւ որ` Սարդարապատի հուշահամալիրում, Յաղուբյանի գերեզմանի մոտ ու Պանթեոնում միջոցառումները  հենց  այս կազմակերպության  անդամներն  են  կազմակերպում:  Հանգամանքների բերումով կարողացա ծանոթանալ նրանցից ոմանց` Քաջիկ Սահակյանի կնոջ` Սվետայի, Գեւորգ Ղասաբյանի, Ալիսա Ղափլանյանի եւ այլոց հետ: Ալիսան դերասանուհի է, ապրում է արտերկրում: Այն տարիներին նա արտասանում էր, ես էլ էի արտասանում: Հետագայում ես ասմունքի վարպետություն ուսանեցի: Երբ արտասահմանցիներ էին լինում մեր ասմունքելու ժամանակ, մեզ` լավագույն արտասանողներիս գրիչներ էին նվիրում: Այդ տարիներին դեռ արտասահմանյան ծամոն չկար: Դպրոցական բեմերից մինչեւ մեծ բեմեր, այնուհետեւ կալանավայրերի բեմեր` արտասանել եմ: Մեր գործունեությունը համակարգում էր Բագրատ Շահվերդյանը: Գիտակցում էինք, որ ՊԱԿ-ը հետեւում է մեզ: Սակայն, դա մեզ համար խոչընդոտ լինել չէր կարող: 8-րդ դասարանից սկսած` ինձ կանչում էին ՊԱԿ ու պահանջում, որ դադարեցնեմ գործունեությունս: Ես բացատրում էի նրանց, որ անօրինական ոչինչ չեմ անում, որ ընդամենը հայրենասիրական բանաստեղծություններ եմ արտասանում բեմերից, անօրինական գործունեություն ծավալող ոչ ոքի չեմ ճանաչում ու որեւէ կազմակերպության հետ առնչություն չունեմ: Իմ ընտանիքի անդամները, ծնողներս, հարազատներս նույնպես հայրենասեր մարդիկ էին եւ իմ կապերի ու գործունեության համար չէին դատապարտում ինձ: Ավելին, մեր խմբի անդամ էր քույրս` Քնարիկ Կարապետյանը, որի կեղծանունը Հրաչուհի էր, եւ հորեղբորս որդին` Սամվել Կարապետյանը:

1973  թվականին Բագրատ  Շահվերդյանին  ձերբակալեցին: Դատավարությանը ներկա էի որպես վկա: 21 տարեկան էի: Բագրատի հետ միասին դատապարտվում էր նաեւ Արարատ Թովմասյանը: Արարատ Թովմասյանի կինը հղի էր: Դատարանում հղի կնոջը վերակարգի զինվորները խփեցին: Ես միջամտեցի, ու աղմուկ բարձրացավ: Ցուցմունքներ տալուց չափազանց համարձակ էի պահում ինձ: Անընդհատ հայտարարում էի, որ դատապարտվողները հայրենասեր մարդիկ են, համամիտ եմ նրանց հայացքներին, եւ խորհրդային դատարանը նրանց դատապարտելու իրավունք չունի: Դատախազը Թոխյանն էր. ձայնը զայրացած բարձրացրեց ու գոռաց, թե` ո՞ր իրավունքով եմ Շահվերդյանին պաշտպանում, իսկ ես հանգիստ տոնով պահանջեցի, որ չգոռա: Հիշում եմ` ասացի. «Եթե բարձր ձայնը մի կարգին բանի ծառայեր, ապա էշը դղյակներ կկառուցեր»:

Բագրատի դատավարությունից հետո մեր խմբակը հարեց Ազգային միացյալ կուսակցությանը: Դարձանք ԱՄԿ-ականներ: Բաժանված էինք խմբերի: Շողիկ Ասոյանը եղել է իմ ղեկավարը: ԱՄԿ-ն այդ շրջանում չափազանց ակտիվ գործունեություն էր ծավալում: Թռուցիկներ էինք տարածում, Հայաստանի անկախություն պահանջող լոզունգներ  էինք  գրում  շենքերի  պատերին  ու  ճանապարհներին  եւ  ստորագրում  «ԱՄԿ»: Հերթական անգամ պատերին լոզունգներ գրող երիտասարդներից երկուսը ձերբակալվել էին: Նախաքննության ժամանակ պատմել էին այն ամենը, ինչ գիտեին` տալով նաեւ իմ անունը: Ձերբակալությունը նրանց մոտ շոկ էր առաջացրել. ընկճված էին, պնդում էին, որ ես, օգտվելով իրենց միամտությունից, ներքաշել եմ հակասովետական գործունեության մեջ:

Մեր  տան  խուզարկության  ժամանակ  կասկածելի  ոչինչ  չհայտնաբերեցին,  եթե չհաշվենք Իսահակյանի «Անհուն վրեժի եւ ատելության» բանաստեղծության ձեռագիր տարբերակը: Այդ ձեռագիրն անչափ ոգեւորել էր նրանց: Վերջապես հայտնաբերել էին սպասվող  հակասովետական  գրականության  մի  նշանակալի  նմուշ:  Մեծ  էր  նրանց հիասթափությունը, երբ ասացի, որ բանաստեղծության հեղինակը Իսահակյանն է: Նախաքննության ընթացքում չկալանավորեցին ինձ: Քաղաքից չբացակայելու ստորագրություն  վերցրին  ու  անընդհատ  կանչում  էին  հարցաքննությունների:  Ինձանից ցուցմունքներ էին պահանջում ԱՄԿ այլ գործիչների վերաբերյալ, բայց ես պնդում էի, որ որեւէ մեկի չեմ ճանաչում:

Դատավարության ժամանակ ինձ ընդգծված համարձակ էի պահում: Չէի թաքցնում հայացքներս: Հրաժարվեցի պաշտպանից, ինքս էի պաշտպանում ինձ: Հանդես եկա պաշտպանական ելույթով, որն ավարտվում էր այս քառյակով.

                                     Նպատակիս հասնեմ միայն,

                                     Թող զիս հանեն կախաղան,

                                     Կախաղանեն խեղդուկ ձայնով

                                     Պիտի գոչեմ` ա՜խ, Հայաստան:

Այս քառյակն ավարտելուց հետո դահլիճում ներկա զինվորականն ապտակեց ինձ: Մի բան գիտեի` նրանք չպետք է տեսնեն իմ արցունքները: Զսպեցի ինձ ու չարտասվեցի: Դատարանը վճռեց հենց դատարանի դահլիճից ինձ վերցնել կալանքի: Անմիջապես տեղափոխեցին ՊԱԿ-ի մեկուսարան: Մի որոշ ժամանակ այնտեղ պահելուց հետո բերեցին Երեւանի բանտ, որտեղ մի հսկիչ մոտեցավ ինձ եւ ասաց, որ ներկա է եղել Պարույր Հայրիկյանի դատավարությանը, տպավորված է, գիտի, որ ես էլ եմ այդ խմբից, եւ ցանկանում է օգնել ինձ: Ծնողներիս նամակ գրեցի, փոխանցեց: Այնուհետեւ իր հերթապահությունների ժամանակ սկսեց ինձ գրքեր, սիգարետ, սուրճ բերել: Հետագայում` ազատ արձակվելուց հետո հենց նրա հետ էլ ամուսնացա:

Քրեական հեղինակությունները, տեղեկանալով դատապարտմանս շարժառիթների մասին, ինձ ընդգծված հար գանքով էին վերաբերվում: Մեկ ամսից հետո ինձ տեղափոխեցին Երեւանի կանանց գաղութ: Կանանց գաղութում իմ նկատմամբ վերաբերմունքը նույնպես դրական էր: Լավ էին վերաբերվում ե՛ւ քրեական աշխարհի ներկայացուցիչները, ե՛ւ գաղութի ադմինիստրացիան: Այդտեղից ինձ որպես վկա տարան Հայրիկյանի դատավարությանը: Դատավորը   հարցրեց.   «Ճանաչու՞մ   եք   ամբաստանյալին», ասացի. «Ոչ,   բայց   մեծ անպատվություն եմ համարում նման հայորդուն չճանաչելը, եւ շնորհակալ եմ Պետանվտանգության կոմիտեին ու Գերագույն դատարանին, որ մեզ ծանոթանալու առիթ ընձեռեցին»:

Մի անգամ կանանց գաղութի պետ Սեդրակյանը մոտեցավ ու ասաց. «Աղջիկ ջան, մենք ընտանիքով Ամերիկայի ձայնով լսել ենք քո մասին, ու ես աղջկաս խոսք եմ տվել, որ ամեն ինչ կանեմ, որ դու ժամկետից շուտ ազատ արձակվես»: Գաղութում չէին ծանրաբեռնում ինձ: Զբաղված էի մշակութային գործերով, տարբեր առիթներով ցերեկույթներ էի կազմակերպում, բեմից արտասանում էի: Սակայն, գաղութի պետն ինչքան էլ որ ցանկանար, իր խոստումն ի կատար ածել չէր կարող. ամեն ինչ Պետանվտանգության կոմիտեի ձեռքում էր:

Մի օր էլ անակնկալ կարգադրեցին, որ իրերս հավաքեմ: Կրկին տեղափոխեցին Երեւանի բանտ: Այնտեղ իմացա, որ վճռել են Ռուսաստան տեղափոխել ինձ: Քրեական աշխարհի հեղինակությունները կազմակերպեցին, որ իմ ուսապարկում ունենամ այն ամենն, ինչ անհրաժեշտ է էտապի համար: Կարճ ժամանակահատվածում պետքական ամեն ինչ հավաքեցին ու փոխանցեցին ինձ: Ե՛վ հագուստ, ե՛ւ ուտելիք, ե՛ւ ծխախոտ:

Անգամ գիշերանոց էին փոխանցել:

Երեւանից հասցրին Ռոստով, այնտեղից` Ռյազան: Ռյազանի բանտի պետը հայ էր: Հարցրեց դատապարտվելուս պատճառը, փորձեցի հայերեն պատասխանել, բայց հայացքով ու մատի շարժումով սաստեց: Պատասխանեցի ռուսերեն: Որոշ ժամանակ անց միայնակ ներս մտավ ու հարցրեց, թե ինչի կարիք ունեմ: Սիգարետ խնդրեցի: Կարճ ժամանակ անց հսկիչը մախորկա ու առանց ֆիլտրի սիգարետներ բերեց: Ես ուժասպառ էի եղել: Էտապը չափազանց ծանր երեւույթ է: Խցում մենակ, փայտյա նառին պառկած հազիվ շնչում էի: Ուշքի եկա ու զգացի, որ մի հսկիչ կին գդալով տաք ճաշի ջուրը կում-կում բերանս է լցնում: Ինձ հասցրին Չուվաշիայի Կազլովկա քաղաքի կանանց գաղութ: Ընդհանուր առմամբ` այնտեղ էլ էին լավ վերաբերվում ինձ: Այնտեղի բեմից էլ եմ արտասանել: Արտասանում էի նաեւ հայերեն: Նրանք, իհարկե, իմ հայերեն արտասանությունը չէին հասկանում, բայց ուշադիր լսում, ծափահարում էին ու հետո խնդրում, որ ռուսերեն շարադրեմ արտասանածիս հակիրճ բովանդակությունը: Երեքհազարանոց գաղութը` իմ արտասանությամբ ծափահարում էր Տերյանին:

Ազատ արձակվեցի պատժաչափս ամբողջությամբ կրելուց հետո եւ վերադարձա Հայաստան: Կարճ ժամանակ անց վերականգնեցի կապերս ընկերներիս հետ: Շատերը բանտերում էին: Այլ կանանց հետ այցելում էինք դատապարտվածների հարազատներին: Օգնում ու աջակցում էինք քաղբանտարկյալների ընտանիքներին: Հսկողության տակ էի: Անընդհատ կանչում էին Պետանվտանգության կոմիտե, անձնագիր չէին տալիս, տալուց հետո էլ չէին գրանցում: Բնակարանի համար չէին հերթագրում: Միայն Անկախության հռչակումից հետո` Նավասարդյան Աշոտի միջնորդությամբ, որն արդեն Գերագույն խորհրդի պատգամավոր էր, ինձ վերջապես երկսենյականոց բնակարան հատկացրին: Այդ բնակարանում էլ այսօր ապրում եմ:

Անահիտ Կարապետյանի գործով կայացված դատավճիռը

(Դատավճիռը տպագրում ենք այնպես, ինչպես ստացել ենք ԱԱԾ-ից` գործով անցնող  վկաների  ջնջված  անուններուվ  եւ  դատապարտվածների  ջնջված  անձնական տվյալներով): 

1974թ․

                                                              ԴԱՏԱՎՃԻՌ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ

                               1974թ. մարտի 28-ին

                Նախագահությամբ`          Ա. Ս. Եղիազարյանի

                       Ատենակալներ`          1. Ա. Հ. Աղաբաբյանի

  1. Մ. Գ. Ասլանյանի

             Քարտուղարությամբ`          Ա. Մ. Ավագյանի

         Մասնակցությամբ պետական մեղադրող

                              դատախազ`         Գ. Ղամբարյանի

         դատապաշտպաններ`    Ա. Ս. Սմբատյանի եւ Ա. Մ. Մոսոյանի

Քննության առնելով դատական դռնբաց նիստում քրեական գործն ըստ մեղադրանքի`

1․ Անահիտ Աղվանի Կարապետյանի, ծնվել է 1952թ. ՀՍՍՀ Երեւան քաղաքում, ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, ՀԱՄ-ԼԿԵՄ- անդամ, միջնակարգ կրթությամբ, նախկինում չդատված, ամուրի, չի սովորում, չի աշխատում, մշտապես բնակվում է Երեւանի Շախսուվարյան փողոցի 9-րդ շենքի 10-րդ բնակարանում: Սույն գործով կալանքի տակ չի, պարգեւներ չունի:

Անահիտ Կարապետյանը մեղադրվում է ՀՍՍՀ քր. օրի. 69 եւ 206 պրիմ հոդվածներով:

2․ Ֆիրդուս Մեխակի Մուրադյանի, ծնվել է 1955թ. հունվարի 10-ին ՀՍՍՀ Աբովյանի շրջանի Զար գյուղում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ՀամԼԿԵՄ անդամ, նախկինում չդատված, ամուրի, խնամքին ոչ ոք, սովորում է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 1-ին կուրսում, մշտապես բնակվում է Երեւան քաղաքի ---------փողոցի 71/30 շենքի 23 բնակարանում, Սովետական բնակարանում չի ծառայել: Սույն գործով արգելանքի տակ է 1973 թվականի հոկտեմբերի 24-ից, դատախազի կողմից կլանքը թույլատրվել է հոկտեմբերի 27-ին:

Ֆիրդուս Մուրադյանը մեղադրվում է ՀՀ քր. օրի 69 հոդվածով:

3․ Գարեգին Համբարձումի Դավթյանի, ծնվել է 1955թ. հունվարի 2-ին ՀՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանի ----- գյուղում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ՀամԼԿԵՄ անդամ,   նախկինում   չդատված,   ամուրի,   խնամքին   ոչ   ոք,   սովորում   է   Երեւանի գեղարվեստական ինստիտուտի երրորդ կուրսում, Սովետական բանակում չի ծառայել, մշտապես բնակվում է Երեւանի ------------ փողոցի ---- շենքի 21 բնակարանում, սույն գործով կալանքի տակ է 1973թ. հոկտեմբերի 24-ից, իսկ կալանքը դատախազի կողմից թույլատրվել է հոկտեմբերի 27-ից:

Գարեգին Դավթյանը մեղադրվում է ՀՍՍՀ քր. օրի. 69 հոդվածով:

Դատաքննությամբ, հարցաքննված վկաների ցուցմունքներով, գործին կցված իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացությամբ, ամբաստանյալներ Դավթյանի եւ Մուրադյանի լրիվ հանձնառումով Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան ապացուցված է համարում հետեւյալը`

-  Ամբաստանյալ Անահիտ Կարապետյանը, 1970թվ. ծանոթանալով այժմ արդեն հակասովետական  ագիտացիա  եւ  պրոպագանդա  տանելու  համար  դատապարտված

Բագրատ Շահվերդյանի եւ նրա համախոհների հետ, բազմիցս հանդիպումներ ունենալուց  մտքեր  են  փոխանակել  հայ  ժողովրդի  պատմությանը  վերաբերող  մի  շարք հարցերի շուրջը, լինելով քաղաքականապես անպատրաստ ու պատմական իրողությունները ճիշտ ըմբռնելու համար ոչ հասուն, սխալ եզրակացությունների են հանգել:

Շահվերդյանը եւ գործով վկա Ռուբեն Խաչատրյանը 1971թ. ամբաստանյալ Անահիտ Կարապետյանին մշտապես մատակարարել են գաղտնի գրականությունով հոդվածների եւ ոտանավորների ձեւով, որոնք իրենց մեջ պարունակում են սովետական պետական եւ հասարակական կարգը արատավորող ակնհայտ հերյուրանքներ:

Անահիտ Կարապետյանը նրանցից ստացել է «երկու խոսք», «հիշեցում հայրենասերներին», «դեպքեր, փաստեր իրադրություններ», «ինչեր կզառանցեն», «մեր խնդիրները»   եւ   այլ   հրապարակման   ոչ   ենթակա   նյութեր,   որոնցում   փորձ   է   արվում պրոպագանդելու «անկախ հայաստան» ստեղծելու միտքը, հերյուրանքներ տարածում այն մասին, որ ՍՍՀՄ կազմի մեջ մտնող փոքր ազգերը գտնվում են «տնտեսական կապանքների մեջ» որ նրանք զրկված են ինքնուրյուն քաղաքականություն վարելու իրավունքից, որոնց նկատմամաբ տարվում է հակասեմիտիզմի քաղաքականությունը, եւ ի վերջո կոչ է արվում դուրս գալ «քաղաքական պայքարի» սովետական պետության դեմ ու սովետական պետական, հասարակական կարգը արատավորող այլ զրպարտչական պնդումներ:

Ստանալով այդ նյութերը, ամբաստանյալ Անահիտ Կարապետյանը «հիշեցում հայրենասերներին» նյութը տվել է արտագրելու իր քույր գործով վկա Քնարիկ Կարապետյանին, իսկ մնացածն ինքը անձամբ արտագրելով նրանց բովանդակությանը ծանոթացրել է Զ-ին, Քնարիկ Կարապետկանին, Է-ին, որից հետո միայն այդպիսիք բազմացված վիճակում վերադարձրել է Շահվերդյանին եւ Խաչատրյանին (հատ. 3 գթ. 50-145):

Այդ արարքների համար Անահիտ Կարապետյանը կանչվել է ՀՍՍՀ պետական անվտանգության կոմիտե ու նախազգուշացվել է, սակայն նա ոչ միայն համապատասխան հետեւություններ չի արել, այլ 1973թ. գարնանը ծանոթանալով գործով մյուս ամբաստանյալներ Մուրադյանի եւ Դավթյանի, ինչպես նաեւ վկա Ը-ի եւ մյուսների հետ դարձյալ  քննարկել  է  «անկախ  հայաստան»  ստեղծելու  հարցը  եւ  ապա  Մուրադյանին  եւ Դավթյանին քցելով իր ազդեցության տակ, նույն թվականի հոկտեմբերի սկզբներին առաջարկել ու կազմակերպել է նրանց Երեւան քաղաքի շենքերի պատերին ազգային թշնամություն առաջ բերելու նպատակով կոչեր գրել: Ընդորում այդ կոչերի տեքստը` հատկապես ուղղված ռուս ժողովրդի դեմ թելադրել է ինքը` Անահիտ Կարապետյանը:   

Համաձայնելով Կարապետյանի առաջարկին Մուրադյանը եւ Դավթյանը հանցավոր համաձայնության գալով միմյանց հետ նախապես ձեռք բերելով վրձին եւ ներկ, պայմանավորվել են գիշերվա ուշ ժամին միմյանց հանդիպել, սակայն Գարեգին Դավթյանը քնից չարթնանալով չի կարողացել մասնակցել կոչեր գրելուն, իսկ Մուրադյանը եւ Թ-ն Ֆուրմանով փողոցի նո. 38 բնակելի շենքի եւ Կոմիտասի անվան փողոցի 54 «բ» տան պատերին գրելով Անահիտ Կարապետյանի կողմից իրենց արդեն իսկ հայտնած ազգային թշնամություն առաջացնող կոչը հեռացել են դեպքի վայրից:

Համաձայն պայմանավորվածության Մուրադյանը եւ Դավթյանը 1973թ. հոկտեմբերի 23-ին բարեկամության փողոցի պուրակում հանդիպելով Անահիտ Կարապետյանին, նրանից հանձնարարություն են ստացել նորից նույն բովանդակության կոչեր գրել, իսկ Մուրադյանը եւ Դավթյանն էլ իրենց հերթին վերցնելով Ծ-ին եւ Թ-ին հոկտեմբերի 23- ի լույս 24-ի գիշերը գնալով Երեւանի նո, 77 ռուսական դպրոցի շենքի բակը, այդ շենքի  պատին  գրել  են  ազգային  թշնամանք  առաջացնող  կոչ  ու  հեռացել  են,  սակայն բռնվել են գործով վկաներ Ի-ի եւ Լ-ի կողմից ու բերման են ենթարկվել սկզբում Երեւանի ՆԳ 26 կոմիսարների անվան բաժին եւ ապա պետական անվտանգության կոմիտե:

Առաջադրված մեղադրանքում քր. օրի 69 հոդվածով ամբաստանյալներ Ֆիրդուս Մուրադյանը եւ Գարեգին Դավթյանը իրենց լիովին մեղավոր ճանաչեցին, սակայն ցուցմունքներ տվեցին, որ իրենց մոլորության մեջ է գցել Անահիտ Կարապետյանը եւ նրա պահանջով է, որ ազգային թշնամանք առաջ բերող կոչեր են գրել շենքերի պատերին եւ կոլեգիայի առաջ հանդես եկան մեղայականուվ:

Բացի Մուրադյանի եւ Դավթյանի հանձնառումից նրանց մեղսագրված արարքը հիմնավորված է գործով վկաներ Ծ-ի, Խ-ի, ցուցմունքներով այն մասին, որ Մուրադյանը եւ Դավթյանը իրոք շենքերի պատերին գրել են այդ կոչերը:

Վկաներ Ժ-ն Ի-ն եւ Լ-ն ցուցմունք տվեցին այն մասին, որ երբ իրենք 1973թվ. հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը կասկածանքի տակ բռնել են Դավթյանին եւ ապա Մուրադյանին, նրանք խոստովանել են, որ նո. 77 ռուսական դպրոցի շենքի պատի կոչը գրել են իրենք:

Ամբաստանյալ Դավթյանի ծնողներ` Ս-ն եւ Տ-ն կոլեգիային ցուցմունք տվեցին, որ Մուրադյանը եւ Դավթյանը մոտիկ ընկերներ են եղել եւ բռնվելուց հետո միլիցիայի բաժնում պատմել են, որ շենքերի պատերի կոչերն իրենք են գրել:

Այդ նույնը հաստատեց նաեւ վկա Հ-ն:

Մուրադյանը եւ Դավթյանը նախաքննության ընթացքում ընթերականների ներկայությամբ ցույց են տվել այն շենքերը, որոնց պատերին գրել են ազգային թշնամանք առաջացնող կոչեր (հատ. 3 գթ. 26-39):

Բացի այդ նրանց մեղսագրված արարքը հիմնավորված է նաեւ քիմիական փորձաքննության եզրակացությամբ, գործին կցված իրեղեն ապացույց` ներկի տուփերով, վրձինով եւ մնացած այլ ապացույցներով:

Ամբաստանյալ Անահիտ Կարապետյանը քր. օրի 69 հոդվածով իրեն մեղավոր չճանաչելով պատճառաբանեց, որ Դավթյանին ընդհանրապես չի ճանաչում, իսկ Մուրադյանը կոչեր գրելու համաձայնություն չի տվել:

Չժխտելով, որ կապ հաստատելով, մեկ այլ գործով քր. օրի 65 եւ 67 հոդվածներով դատապարտված Շահվերդյանի եւ վկա Խաչտրյանի հետ նրանցից ստացել է Սովետական պետական ու հասարակական կարգը արատավորող գրականություն, արտագրել  է  այդպիսիք  ու  հետ  է  վերադարձրել  նրանց,  սակայն  պատճառաբանեց,  որ սովետական կարգերը արատավորելու դիտավորություն ինքը չի ունեցել, հետեւապես քր. օրի 206 պրիմ հոդվածով եւս մեղավոր չի ճանաչում:

Անահիտ Կարապետյանի այդ պատճառաբանությունները չեն բխում գործի նյութերից եւ հերքված են հետեւյալ ապացույցներով`

- Ամբաստանյալներ Մուրադյանը եւ Դավթյանը ինչպես նախաքննության այնպես էլ դատաքննության ժամանակ ցուցմունք տվեցին, որ լավ ճանաչելով Անահիտ Կարապետյանին Երեւանի շենքերի պատերին կոչեր գրելու հանձնարարություններ Կարապետյանից են ստացել,

Գործով վկա Ը-ն նախաքննությամբ հաստատել է, որ ինքը, Մուրադյանը, Դավթյանը եւ Անահիտ Կարապետյանը դեռ 1973թվի մարտի 3-ին եղել են «արեւելյան քաղցրավենիք» սրճարանում ու խոսել են Անահիտի կողմից հանձնարարություններ ստանալու մասին:

Անահիտ  Կարապետյանի  քույր  Քնարիկ  Կարապետյանը,  Զ-ն  հաստատել  են,  որ 1971թվ. Անահիտը իրենց ներկայությամբ ընթերցել է «երկու խոսք», «դեպքեր, փաստեր, իրադրություններ», «ինչեր կզառանցեն» եւ այլ հատվածներ:

Քնարիկ Կարապետյանը հաստատեց, որ Կարապետյան Անահիտի հանձնարարությամբ ինքը արտագրել է «հիշեցում հայրենասերներին» նյութը:

Նախաքննությամբ Շահվերդյանը, իսկ դատաքննության ժամանակ նաեւ Խաչատրյանը հաստատեցին, որ սովետական կարգերը արատավորող բովանդակությամբ «հիշեցում   հայրենասերներին»,   «երկու   խոսք»,   «մեր   խնդիրները»   եւ   այլ   նյութեր արտագրելու համար իրենցից վերցրել է Անահիտ Կարապետյանը, որը այդ աշխատանքը հանձնարարությունը կատարելուց հետո արտագրվածի հետ միասին բոլոր նյութերը վերադարձրել է իրենց: Այս հանգամանքը չժխտեց նաեւ Անահիտ Կարապետյանը եւ հաստատեց, որ քրեական գործում կարված, թվարկած հոդվածների եւ այլն նյութերի տեքստերը արտագրված աշակերտական տետրի թերթերի վրա ինքն է կատարել:

Անահիտ Կարապետյանը չժխտեց, որ այդ նյութերը իրենց մեջ պարունակում են սովետական պետական ու ու հասարակական կարգը արատավորող ակնհայտ հերյուրանքներ: Հետեւապես նրա այն առարկությունը, որ նշված նյութերը արտագրելով եւ ուրիշներին ընթերցելով մեր կարգերը արատավորելու նպատակ ինքը չի ունեցել, իրականությանը չի համապատասխանում:

Դատաքննության ժամանակ հրապարակված Զ-ի եւ Բագրատ Շահվերդյանի ցուցմունքների առթիվ ամբաստանյալ անահիտ Կարապետյանը ոչ մի առարկություն չարեց: Վկա Կ-ն կոլեգիային ցուցմունք տվեց, որ 1973թվ. հոկտեմբերի 2-րդ կեսերին ամբաստանյալներ Մուրադյանը եւ Անահիտ Կարապետյանը միասին գնացել են նրա աշխատանքի վայրը` գրադարան ու ընթերցելու համար մի քանի հատոր գրքեր են տարել: Հետեւապես դատաքննության ժամանակ Անահիտ Կարապետյանի այն պնդումը, որ 1973թվ. հոկտեմբեր ամսին ինքը գժտված է եղել Մուրադյանի հետ իրենց ծնողների միջեւ տեղի ունեցած վեճի պատճառով, նույնպես չի համապատասխանում գործի տվյալներին:

1974թ. հունվարի 7-ին ձեռագրային փորձաքննության եզրակացությամբ եւս հաստատված է, որ գործին կցված «հիշեցում հայրենասերներին» հոդվածը արտագրված է Քնարիկ Կարապետյանի, իսկ մնացած բոլորը նյութերը արտագրվել են Անահիտ Կարապետյանի կողմից (հատ. 2 գթ. 309-311):

Այսպիսով ամբաստանյալներ Ֆիրդուս Մուրադյանին եւ Գարեգին Դավթյանին մեղսագրված արարքը քր. օրի 69 հոդվածով, իսկ Անահիտ Կարապետյանին քր. օրի 69 եւ 206 պրիմ հոդվածներով կոլեգիան հիմնավորված է համարում:

Պատիժ սահմանելիս կոլեգիան հաշվի է առնում ինչպես ամբաստանյալների ինքնությունը, այնպես էլ նրանց կատարած արարքի հանորեն վտանգավորությունը:

Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով քր. դատ. օրի 293-294 հոդվածներով գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան

                                                        Վ Ճ Ռ Ե Ց`

Ամբաստանյալներ  Ֆիրդուս  Մեխակի  Մուրադյանին  եւ  Գարեգին  Համբարձումի

Դավթյանին հանցավոր ճանաչել ՀՍՍՀ քր. օրի. 69 հոդվածով եւ այդ հոդվածի սանկցիայով յուրաքանչյուրին դատապարտել ազատազրկման յոթը (7) ամիս ժամանակով, թողնելով այն կրելու ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:

Դատապարտյալներ Ֆիրդուս Մուրադյանի եւ Գարեգին Դավթյանի կալանքի սկիզբը հաշվել 1973թ. հոկտեմբերի 24-ից:

Անահիտ Աղվանի Կարապետյանին հանցավոր ճանաչել ՀՍՍՀ քր. օրի 69 եւ 206 պրիմ հոդվածներով: Քր. օրի 69 հոդվածով դատապարտել նրան ազատազրկման մեկ տարի վեց ամիս ժամանակով, իսկ 206 պրիմ հոդվածով ազատազրկել երկու (2) տարի ժամանակով:

Քր. օրի 37 հոդվածի համակցությամբ վերջին հաշվով Ա. Ա. Կարապետյանին թողնել պատիժը կրելու երկու (2) տարի ժամանակով ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:

Դատապարտյալ Անահիտ Կարապետյանին անմիջապես վերցնել կալանքի դատարանի դահլիճից եւ նրա կալանքի սկիզբը հաշվել 1974թ. մարտի 28-ից:

Իրեղեն ապացույց ճանաչված երկաթից ներկի տուփերը, ինքնաշեն վրձինը եւ 28 համարի վրձինը ոչնչացնել: Մնացած իրեղեն ապացույց` գրականությունը, որ կցված է գործում թողնել գործի մեջ:

Դատավճիռը վերջնական է եւ վճռաբեկության կարգով գանգատարկման ենթակա չի:

ՆԱԽԱԳԱՀ`   Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ` ստորագրություններ

 ՃԻՇՏ Է`

29/3-1974թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter