HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իմ խոստումը քո խոստմանը վնաս չէ. ի՞նչ են խոստանում քաղաքական ուժերը գիտնականներին

Նախընտրական ծրագրերը շատ հաճախ պերճաշուք տեսք ունեն: Դրանցում ամրագրված են տարբեր ոլորտների խնդիրներն ու դրանց հավանական լուծումները: Սակայն ընտրություններից հետո ոչ միշտ է, որ ծրագրերում նշված խոստումները իրագործվում են: Այդ մասին, սակայն, ավելի ուշ:

Իսկ հիմա ի՞նչ են խոստանում քաղաքական ուժերն այս անգամ:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 ուժերից 6-ը գիտության մասին կա՛մ մեկ տողով է առաջարկներ ներկայացրել, կա՛մ ընդհանրապես չի ներկայացրել: Դրանք են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Սասնա ծռերը» (այս կուսակցությունը սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ կետում միայն նշել է գիտահենք արդյունաբերություն մեկնարկելու մասին), ՀՅԴ-ն (այս ուժը միայն նշել է, որ բիզնեսը, գիտական եւ կրթական համակարգերը պետք է համագործակցեն), «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» եւ «Ազգային առաջընթաց» կուսակցությունները:

«Մենք» դաշինքը գիտությանն առանձին չի անդրադարձել: Սակայն առաջարկում է մանկավարժների, բժիշկների, գիտության ոլորտի աշխատողների, պաշտպանության ոլորտի սպայական եւ ենթասպայական կազմի աշխատավարձերը բարձրացնել 25 տոկոսով: «Մենքն» առաջարկում է նաեւ գիտական հետազոտությունների ծավալի մեծացում եւ հետազոտական նախագծերում դասախոսական կազմի ու սովորողների ներգրավվածության ընդլայնում: Դաշինքը նախատեսում է պետբյուջեից միջոցներ հատկացնել, որոնք ուղղված կլինեն ոլորտային հետազոտությունների իրականացմանը:

Իշխանությունը ներկայացնող ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի 50 քայլերից 12-րդը կոչվում է «Ներառական, մրցունակ կրթական համակարգ եւ զարգացած գիտություն»:

Իշխող ուժը հայտնում է, որ իր համար գերակա նպատակ է սահմանելու կրթության եւ գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: «Իմ քայլը» հայտարարում է նաեւ, որ կրթության եւ գիտության պետական ֆինանսավորումը սերտորեն կապակցելու է պետության զարգացման ռազմավարությանն ու գերակայություններին: Ըստ այս դաշինքի՝ նախատեսվում է սերտացնել կրթություն-գիտություն-տնտեսության կապը: Այս երեք ոլորտների արդյունավետ փոխգործակցության համար նոր ձեւաչափեր պետք է կիրառվեն, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության եւ այլ սկզբունքների ակտիվ կիրառության հիման վրա:

«Օրինաց երկիր» կուսակցությունը եւս ներկայացրել է 50 քայլ, որոնք, ըստ ՕԵԿ-ի, կփոխեն Հայաստանը: Ծրագրի 41-րդ քայլը գիտության եւ կրթության մասին է:

ՕԵԿ-ն առաջարկում է գիտության եւ կրթության ոլորտներում ֆինանսավորման ավելացում, գիտության մեջ կիրառման բաղադրիչի ընդլայնում՝ առեւտրայնացման, պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելի ներդրմամբ, կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ընդլայնման նպատակով կարիերայի կենտրոնների ստեղծում, ինչպես նաեւ մրցունակ գիտական գաղափարների արտահոսքի կանխարգելում: ՕԵԿ-ը կարեւորում է նաեւ երիտասարդ գիտնականների ֆինանսական աջակցության ընդլայնումը՝ նախապատվությունը տալով կիրառական գիտություններին:

«Լուսավոր Հայաստանն» էլ իր նախընտրական ծրագրում կարեւորում է, որ ՀՀ գիտության ոլորտը լինի մրցունակ, հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտությունները խթանող, միջազգային գիտական եւ հետազոտական տարածքին ինտեգրված, ստեղծարար, նորարար եւ մրցունակ տնտեսության ձեւավորմանը եւ երկրի անվտանգությանը նպաստող համակարգ:

Կուսակցությունը նպատակահարմար է համարում գիտության ոլորտի բարեփոխումների իրականացումը, ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացումը,  արդյունավետության գնահատման կոնկրետ չափանիշների ներդրումը, գիտական ենթակառուցվածքների արդիականացումը, այս ոլորտի կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ներդրումը, երիտասարդ կադրերի ներգրավմանն ու երիտասարդ գիտնականների աջակցմանն ուղղված ծրագրերի իրականացումը, միջազգային չափորոշիչներին համապատասխանող եւ տնտեսության պահանջներից բխող գիտական հետազոտությունների ուղղություններում ռեսուրսների կենտրոնացումը, շեշտակի զարգացում ապահովող առանձին տեխնոլոգիաների ոլորտներում գիտական եւ գիտատեխնոլոգիական կենտրոնների ստեղծումը, աշխարհին հայտնի տեխնոլոգիաների յուրացման համար գիտական ինստիտուցիոնալ կարողությունների ստեղծումը:

Նախընտրական ծրագրում տարբեր ոլորտների անդրադառնալով՝ «Լուսավոր Հայաստանը» նշում է դրանց եւ գիտության կապի խորացման մասին: Մասնավորապես՝ արդյունաբերությունը խթանելու համար անհրաժեշտ նվազագույն քայլերի մեջ առաջարկում է գիտությունն ու արտադրությունը կապող հարթակ ստեղծել, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարեւորում է գիտության եւ մասնավոր հատվածի համագործակցության խթանումը: Ըստ կուսակցության՝ անհրաժեշտ է խթանել մասնավոր ինովացիոն արտասահմանյան բիզնեսի ներգրավումը մեր գիտական ոլորտ:

«Լուսավոր Հայաստանը» հայտարարում է նաեւ, որ նոր տեխնոլոգիաների ներդրման ծրագրի միջոցով անհրաժեշտ է բարեփոխել Գիտությունների ազգային ակադեմիան, ինչպես նաեւ խթանել ԳԱԱ-ի ու արտադրության կոմերցիոն համագործակցությունը:

«Քաղաքացու որոշումը» բավական մանրամասն է անդրադարձել գիտությանը: Նախընտրական ծրագրում առանձին ներկայացված են ոլորտի քաղաքականության եւ ֆինանսավորման համակարգերի ներկա վիճակն ու լուծումները:

«ՔՈ»-ն գտնում է, որ արժեքավոր նվաճումներ ունենալու համար պետությունը պետք է հնարավորինս ավելացնի գիտության ֆինանսավորումը եւ վերանայի իր սահմանափակող դերը, թույլ տա գիտությանը եւ գիտնականներին ունենալու իրենց տեսիլը, փորձի խրախուսել ինքնավարությունը:

«Վարչահրամայական ապարատի ուռճացման եւ ավտորիտար մոտեցումների պատճառով պետական միջոցներից սնվող գիտությունը Հայաստանում հայտնվել է ճահճացած վիճակում: Իշխանության ունեցած վարչակազմերի եւ վերջիններիս հարող հաստատությունների հետադեմ աշխարհայացքն ու արժեհամակարգը զգալի չափով ներթափանցել են ակադեմիական միջավայր,- գիտության ներկա վիճակն է բնութագրում «ՔՈ»-ն, ապա շարունակում,- մասնավորապես, օկուպացիայի են ենթարկվել հումանիտար եւ հասարակական ոլորտի մի շարք գիտակարգեր, վախի, հարմարվողականության գիրկը նետել գիտաշխատողների սերունդներ, որոնք հետագայում վերարտադրել են պաշտոնական դիրքից թելադրվող չափորոշիչները չքննադատելու, չփոփոխելու միտումը»:

«Ի՞նչ անել» հարցին «ՔՈ»-ն պատասխանում է՝ մշակել բնական եւ տեխնիկական, հումանիտար ու հասարակական գիտությունների համար առանձին մոտցումներ, ֆինանսավորումը բաշխելիս առաջնորդվել հետեւյալ սկզբունքով. հումանիտար եւ հասարակական գիտակարգերը դուրս բերել բնական եւ տեխնիկական գիտությունների ստվերից, չխոչընդոտել տեսական-քննադատական բազմակերպ դպրոցների ստեղծմանն ու զարգացմանը: «ՔՈ»-ն նաեւ շեշտում է, որ գիտության եւ կրթության միջեւ պետք է հաստատվի անմիջական կապ. բուհերի ամբիոնները պետք է դառնան միջբնագավառային գիտական լաբորատորիաներ, իսկ գիտական հաստատությունները պետք է ակտիվ կապի մեջ լինեն ԿԳՆ-ի հետ եւ առաջարկներ անեն կրթական ծրագրեր կազմելիս: Կուսակցությունը կարեւորում է նաեւ օտարալեզու գրականության ձեռքբերումն ու թարգմանությունը:  

Ֆինանսավորման վերաբերյալ «ՔՈ»-ն նախեւառաջ նշում է, որ կրթության եւ գիտության համար պետությունը պետք է հատկացնի բյուջեի առնվազն 4,5 տոկոսը: Իսկ կոնկրետ գիտության ֆինանսավորմանն անդրադառնալիս կուսակցությունը հիշեցնում է, որ ոլորտի ֆինանսավորման հիմնական ձեւը բազայինն է, որը, սակայն, վատ վարչարարության պայմաններում հնարավորություն է ընձեռում մարդկանց նեղ խմբերին կառավարման լծակներն իրենց ձեռքը վերցնել, փակ շրջանակում որոշումներ կայացնել եւ դրանք իրացնել: Որպես լուծում «ՔՈ»-ն առաջարկում է գիտական հաստատությունների բոլոր գիտաշխատողներին ներգրավել հայեցակարգերի մշակմանն ու ռեսուրսների բաշխմանն առնչվող որոշումների կայացման մեջ, սահմանել ընդհանուր ժողովների կարգ:

Ըստ ծրագրի՝ գիտության ոլորտում թեմատիկ ֆինանսավորման ավելացումը կչեզոքացնի գիտաշխատողների կախվածությունը հաստատությունների ղեկավարությունից, կբալանսավորի բազային ֆինանսավորումը:

Ինչ վերաբերում է գիտական ինստիտուտների շենքային անբարենպաստ պայմաններին, նյութատեխնիկական մաշված բազային, գրադարանային ռեսուրսների համալրմանը, «ՔՈ»-ն նախնական փուլում առաջարկում է միջոցների զգալի մասն ուղղել այս բացերի լրացմանը, որպեսզի հետագայում գիտաշխատողները պատշաճ աշխատանքային պայմաններում կարողանան անցնել խնդիրների լուծմանը:

Խոստումներից անդին

Խորհրդարանական նախորդ ընտրություններից հետո գիտության ոլորտում խնդիրները լուծելու մասին խոստումները ճիշտ հակառակ գործողությունը ստացան: Ընդ որում՝ ՀՀԿ-ն նախընտրական ծրագրում առանձին կետով անդրադարձել էր կրթության եւ գիտությանը:

2017-ի հուլիսին կառավարությունը հաստատեց 2018-2020 պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Ըստ դրա՝ գիտության բազային ֆինանսավորումը նվազելու էր 4,98 տոկոսով: Նշենք, որ բազայինի մեջ են մտնում հիմնարար եւ կարեւորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունենրը, գիտական կազմակերպությունների ենթակառուցվածքի պահպանումն ու զարգացումը, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանությունը, գիտական կադրերի պատրաստումը, գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ապահովումը, համատեղ օգտագործման գիտական սարքավորումների ձեռքբերումը եւ միջազգային համագործակցության ծրագրերի իրականացումը:

Բազային ֆինանսավորման մեջ են մտնում նաեւ գիտական աստիիճանների համար գիտաշխատողներին տրվող հավելավճարները: Դրանք նվազեցվել են 3,32 տոկոսով: Հիշեցնենք, որ գիտության թեկնածուները որպես հավելավճար ստանում են 25 հազար դրամ, իսկ դոկտորները՝ 50 հազար դրամ, սակայն այս գումարները եւս հարկվում են: Ֆինանսավորման կրճատման պատճառով ԳԱԱ համակարգի մի շարք ինստիտուտներ ստիպված էին կրճատումներ անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter