
ԵՄ-ում վիզային ռեժիմի ազատականացում, ՌԴ-ի հետ կնքած պայմանագրերի վերանայում. արտաքին քաղաքականությունը՝ նախընտրական ծրագրերում (մաս 1)
«Հետք»-ը ներկայացնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի՝ արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածները: Այսօր կանդրադառնանք «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական», «Քաղաքացու որոշում», «Սասնա ծռեր» և «Ազգային առաջընթաց» կուսակցություններին:
Եվրամիության տարածքում վիզային ռեժիմի ազատականացում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը արտաքին քաղաքականությունում իր առանցքային նպատակն է համարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անվտանգության ապահովումը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Առաջնահերթությունների շարքում է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:
Արտաքին քաղաքականության բնագավառում «Իմ քայլը» դաշինքը ներկայացրել է 12 կետից բաղկացած ծրագիր: Առաջին կետը հատկացված է Ռուսաստանին, կարևորվում է իրավահավասարության եւ ազգային շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև փոխշահավետ համագործակցությունը ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում:
«Իմ քայլ»-ն ասում է անկախ աշխարհաքաղաքական ազդեցություններից պետք է առանձնահատուկ հարաբերություններ զարգացնել հարևան Վրաստանի և Իրանի հետ: Համագործակցության մասին տողեր են շարադրված նաև ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Կանադայի, Հարավամերիկյան երկրների, աֆրիկյան պետությունների հետ հարաբերությունների մասով:
«Իմ քայլը» դաշինքը ասում է, որ հասնելու է ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության տարածքում վիզային ռեժիմի ազատականացմանը, ինչպես նաև ԵՄ-ի հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի լավագույնս կիրարկմանը:
Ըստ դաշինքի՝ շարունակվելու է քաղաքական երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ, ապահովվելու է Հայաստանի ակտիվ և ներգործուն մասնակցությունը միջազգային կազմակերպություններում, ջանքեր է գործադրվելու Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպությունում 2018-2020թթ. Հայաստանի նախագահության լավագույնս իրականացման համար:
Ադրբեջանի հետ շփման եզրեր գտնելու համար «Իմ քայլը» դաշինքը մեր արևելյան հարևանի կողմից անհրաժեշտ է համարում Արցախի ժողովրդի անվտանգությանն ուղղված սպառնալիքի վերացումը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված իրական եւ անկեղծ կամքի դրսեւորումը: Դաշինքը իր պատրաստակամությունն է հայտնում հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ՝ առանց Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմանների:
Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացում, եվրաինտեգրում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի մեջ գերակշռում է տնտեսական բաղադրիչը, արտաքին քաղաքական հատվածին մի քանի տող է նվիրված: Այնուամենայնիվ, այնտեղ ասվում է, որ կուսակցությունը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղեգծի շարունակականության օգտին:
Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունը կողմ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև միջազգային համագործակցության ամրապնդմանը ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, միևնույն ժամանակ ԲՀԿ-ն անհրաժեշտ է համարում ապահովել կառուցողական մասնակցություն եվրաինտեգրման գործընթացին: «Բարգավաճ Հայաստան»-ը ցանկանում է տեսնել հայ-թուրքական հարաբերությունների հաստատում՝ առանց նախապայմանների:
Խոսում են իշխանություն եղած ժամանակաշրջանում իրենց արածի մասին
«Հայաստանի Հանրապետական» կուսակցության նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում առաջարկներ կամ ընտրվելու դեպքում նախատեսվող աշխատանքներ, ըստ էության, չկան: Հանրապետական կուսակցությունը իր ծրագրում շարադրել է այն ամենի մասին, որոնց կուսակցությունը հասել է իշխանություն եղած ժամանակաշրջանում: Որպես արտաքին քաղաքական բնագավառում գրանցած հաջողություններ ՀՀԿ-ն նշել է հետևյալը՝ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ-ի հետ, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ-ի հետ, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի և Վրաստանի հետ, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, նաև` նախագահություն Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում:
Վերանայել Ռուսաստանի հետ կնքած պայմանագրերը
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը գտնում է, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր իրավունքների և պարտականությունների տիրույթն արտաքին հարաբերություններում: Ըստ կուսակցության՝ Արցախի շուրջ հակամարտությունն իր հիմքում ունի 1991թ․ ԱՊՀ-ին Հայաստանի Հանրապետության առանց հատուկ կարծիքի միանալու և նախկին Խորհրդային Միության տարածքում պետությունների ճանաչման Եվրոպական խորհրդի 1991թ․-ին որդեգրված սկզբունքներից հետ կանգնելու անարդար որոշումները, որոնք Ադրբեջանին Արցախի ժողովրդի դեմ լեգալ ուժ կիրառելու իրավունք են տվել։ Այս համատեքստում «ՔՈ»-ն արտաքին քաղաքականության մարտահրավեր է դիտարկում Ադրբեջանին այդ իրավունքից զրկելը։
Կուսակցությունն առաջարկում է վերանայել Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերը, առաջին հերթին դա վերաբերում է սահմանապահ զորքերի ծառայության ռեժիմին և կարգավիճակին, ինչպես նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության ռեժիմին և կարգավիճակին։ Որպես մարտահրավերներ է դիտարկվում երկրի տնտեսական շահի արդյունավետ սպասարկումը: «ՔՈ»-ի ծրագրում ասվում է. «Հարևաններին չենք կարող փոխել, և բարիդրացիական հարաբերություններն այլընտրանք չունեն։ Այսպիսի քաղաքականությունը պետք է ելնի այն տրամաբանությունից, որ յուրաքանչյուր սերունդ մյուսներին պետք է փոխանցի ավելի ապահով ֆիզիկական տարածք»։
Արցախի միացում Հայաստանի Հանրապետությանը
«Սասնա ծռեր»-ի ծրագրի արտաքին քաղաքական հատվածում պատմական հետհայացք է արվել մեկ դար առաջ կատարված իրադարձություններին: Կուսակցությունն առաջարկում է չեղյալ ճանաչել 1921 թվականին կնքված Կարսի և Մոսկվայի պայմանագիրը: «Սասնա ծռերը» ասում են՝ ժամանակն է որդեգրելու Փարիզի 1920 թ. վեհաժողովի որոշումների և Վիլսոնյան իրավարար վճռի դրույթների ոգուն համապատասխան Արցախը ՀՀ կազմի մեջ ներառելու ձևով ՀՀ-ին դե յուրե միացնելու և այդպիսով Նոր Հանրապետություն հիմնադրելու ռազմավարություն:
Կուսակցությունը առաջնահերթությունների ցանկում է ներառել ԱՄՆ-ի և Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների հաստատումը, Եվրամիության, Վրաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելը, Ռուսաստանի հետ հարաբերությունները իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա կառուցելը:
Հանրաքվե՝ միջազգային տարբեր կառույցներին ՀՀ անդամակցության վերաբերյալ
«Ազգային առաջընթաց» կուսակցությունն ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժն է, որի համապետական ցուցակը կին է գլխավորում՝ ի դեմս Լուսինե Հարոյանի: Կուսակցությունն առաջնահերթ է համարում համաժողովրդական հանրաքվեի դնել ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ միջպետական ու վերպետական կառույցներին Հայաստանի անդամակցության, ինչպես նաև Հայաստանի տարածքում օտար պետությունների ռազմաբազաների առկայության նպատակահարմարության հարցը՝ ստանալու համար ՀՀ քաղաքացիների կարծիքը։
ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության, Ճապոնիայի, Հնդկաստանի և Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նպատակը, ըստ կուսակցության, ինքնիշխան, արժանապատիվ, հավասարակշռված ու փոխշահավետ հարաբերությունների հաստատումն է:
Մեկնաբանել