HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Եվրո-2020»-ում մեր ապագա բոլոր մրցակիցներին նախկինում հանդիպել ենք

Այսօր Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացել է «Եվրո-2020»-ի ընտրական փուլի վիճակահանությունը: ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկրների հավաքականներ բաժանվել են 10 խմբի, որոնցից առաջին 5-ում ընդգրկվել է 5-ական թիմ, իսկ մյուս 5-ում՝ 6-ական:

Խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած հավաքականները, ընդհանուր՝ 20 թիմ, որակավորվելու են «Եվրո-2020»-ի եզրափակիչ փուլին: Ինչպես հայտնի է, «Եվրո-2020»-ն առաջին անգամ հյուրընկալելու են եվրոպական 12 քաղաքներ (Լոնդոն, Մյունխեն, Հռոմ, Բաքու, Սանկտ Պետերբուրգ, Բուխարեստ, Ամստերդամ, Դուբլին, Բիլբաո, Բուդապեշտ, Գլազգո, Կոպենհագեն):

Ընտրական փուլով «Եվրոյի» ուղեգիր նվաճած 20 հաջողակներին միանալու է եւս 4 հավաքական, որոնք որոշվելու են Ազգերի լիգայի 2018-2019 թթ. խաղարակության 4 դիվիզիոնների 16 ուժեղագույնների պայքարում: Այդ 16 թեկնածուները հայտնի են: Հիշեցնենք, որ 4 դիվիզիոններից (A, B, C, D)  յուրաքանչյուրում այս տարի որոշվեցին 4-ական խմբերի հաղթողները, որոնք էլ արդեն 2020 թ. մարտին փլեյ-օֆում իրար մեջ խաղարկելու են 1-ական ուղեգիր: Այսինքն՝ յուրաքանչյուր դիվիզիոնին հատկացվելու է 1 ուղեգիր: Եթե այնպես ստացվի, որ այս 16 հավաքականներից որոշները «Եվրո-2020»-ի ընտրական փուլում Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեն, ապա Ազգերի լիգայի փլեյ-օֆում նրանց կփոխարինեն իրենց դիվիզիոններում հաջորդող թիմերը:   

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի ամենաթույլ՝ 4-րդ (D) դիվիզիոնում էր, սակայն չկարողացավ հաղթող դառնալ իր խմբում՝ լավագույնի տեղը զիջելով ՆՀՀ Մակեդոնիային: Նույն դիվիզիոնում խմբերի հաղթողներ դարձան նաեւ Վրաստանը, Բելառուսն ու Կոսովոն: Հենց այս թիմերն էլ Ազգերի լիգայի փլեյ-օֆում կխաղարկեն «Եվրո-2020»-ի 4 ուղեգրերից մեկը:

Վերադառնալով «Եվրո2020»-ի ընտրական փուլին՝ նշենք, որ հավաքականները ըստ Ազգերի լիգայում ցույց տված արդյունքների վիճակահանությունից առաջ բաժանվել էին 6 զամբյուղների: Հայաստանի ընտրանին ընդգրկվել էր 5-րդ զամբյուղում: Վիճակահանությամբ մեր թիմը հայտնվել է վերջին՝ 10-րդ ընտրական խմբում, որում առկա է 6 թիմ. Հայաստանի մրցակցիներն են դարձել Իտալիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Ֆինլանդիան, Հունաստանը եւ Լիխտենշտայնը: Հետաքրքիր է, որ տակավին վերջերս Հայաստանն ու Լիխտենշտայնը, ինչպես նաեւ Ֆինլանդիան եւ Հունաստանը մրցակիցներ էին Ազգերի լիգայում: Խմբի խաղացանկը կորոշվի ավելի ուշ: Խաղերը կկայանան 2019 թ. մարտ-նոյեմբեր ժամանակահատվածում:

Գալիք մրցակիցներից բոլորի հետ էլ ժամանակին Հայաստանի հավաքականը հանդիպել է: Աշխարհի քառակի եւ Եվրոպայի չեմպիոն Իտալիան մեր մրցակիցն էր աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում, որը Հայաստանի հավաքականը վերելքով անցկացրեց: 2012-ի հոկտեմբերի 12-ին մերոնք Երեւանում 1-3 հաշվով զիջեցին այն ժամանակ Եվրոպայի փոխչեմպիոններին: Մեր թիմից Բուֆոնի դարպասը գրավեց Հենրիխ Մխիթարյանը: 2013-ի հոկտեմբերի 15-ին Նեապոլում թիմերը 2-2 խաղացին: Մերոնցից աչքի ընկան Յուրա Մովսիսյանն ու Մխիթարյանը: Ընդ որում՝ երկու անգամ մեր թիմն առաջ անցավ հաշվի մեջ, բայց փորձառու մրցակիցը կարողացավ հավասարեցնել այն:   

Բոսնիացիների հետ հանդիպումներից ավելի տխուր հուշեր են մնացել: Բալկանցիները մեր մրցակիցներն էին 2010-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում, որը մեզ համար բավականին անհաջող էր: 2008-ի հոկտեմբերի 10-ին Զենիցայում մերոնք պարտվեցին 1-4 հաշվով, միակ գոլը խփեց պաշտպան Վահագն Մինասյանը, իսկ 2009-ի սեպտեմբերի 5-ին Երեւանում գրանցվեց 0-2՝ հօգուտ հյուրերի:

Ֆինների հետ հանդիպել ենք 4 անգամ: Աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլում՝ 2004-ի սեպտեմբերի 8-ին, Երեւանում հյուրերը հաղթեցին 2-0, իսկ նույն տարվա հոկտեմբերի 9-ին Տամպերեում գրանցվեց 3-1՝ հօգուտ ֆինների: Մեր գոլը տուգանայինից խփեց Արմեն Շահգելդյանը: Թիմերը հանդիպեցին նաեւ «Եվրո-2008»-ի ընտրական փուլում: 2006-ի հոկտեմբերի 7-ին Երեւանում գրանցվեց 0-0, իսկ նոյեմբերի 15-ին Հելսինկիում տանտերերը հաղթեցին 1-0:

Հունաստանի հետ եւս մրցել են 4 անգամ, սակայն ոչ միայն պաշտոնական, այլեւ ընկերական խաղերում: «Եվրո-2004»-ի ընտրական փուլում՝ 2002-ի հոկտեմբերի 16-ին, Աթենքում հույները հաղթեցին 2-0, իսկ 2003-ի սեպտեմբերի 6-ին Երեւանում կայացած պատասխան խաղում առավելության հասան 1-0 հաշվով: Հաղթահարելով խմբային փուլը՝ հետագայում Հունաստանի ընտրանին պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: 2008-ի հունիսի 1-ին Եվրոպայի դեռեւս գործող չեմպիոնների հետ մերոնք ընկերական խաղ անցկացրին գերմանական Օֆենբախում, որն ավարտվեց 0-0: Եվս մեկ ընկերական մրցավեճ կայացավ ավստրիական Կուֆշտայնում 2012-ի մայիսի 31-ին, որում հույները հաղթեցին 1-0 հաշվով:

Դե իսկ Լիխտենշտայնի հետ հայերն առաջին անգամ հանդիպեցին Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկությունում, որում նախ 2-1 հաղթեցին Երեւանում (2018 թ. սեպտեմբերի 6, գոլերի հեղինակ՝ Մարկոս Պիզելի, Տիգրան Բարսեղյան), ապա 2-2 խաղացին Վադուցում (2018 թ. նոյեմբերի 19, գոլերի հեղինակ՝ Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան):      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter