HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սահմանադրական փոփոխություններ, շերեփուկի պես զարգացող Հայաստան. քարոզարշավի յոթերորդ օրը

«Հետք»-ն ամփոփում է նախընտրական քարոզարշավի յոթերորդ օրը: Այսօր մի քանի քաղաքական ուժեր խոսել են սահմանադրական փոփոխությունների մասին:

«Սահմանադրությունը սուպերվարչապետական է»

«Իմ քայլը» դաշինքը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր քարոզարշավ է իրականացրել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և Վայոց ձորի մարզի մի քանի համայնքներում: Փաշինյանն ասել է, որ Սահմանադրություն և պետական կառավարման համակարգ փոխելը պետք է արդարացված լինեն: Կառավարության ղեկավարն ասում է՝ գործող Սահմանադրությունը 7 ամիս է, ինչ ուժի մեջ է, և առաջարկում է՝ «եկեք թողնենք այն աշխատի»:

Փաշինյանի խոսքով՝ եթե ժողովուրդը ցանկանա կրկին անցնել նախագահական կառավարման մոդելի, ապա այդպես էլ կլինի: Այնուամենայնիվ, գործադիրի ղեկավարը գործող Սահմանադրության մեջ տեսնում է վերանայման ենթակա կետեր: Նա նշեց մեկ օրինակ. ներկայիս Սահմանադրությունը սահմանում է, որ պատգամավորի և նախարարի պաշտոն կարող են զբաղեցնել վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացած և վերջին 4 տարում մշտապես ՀՀ-ում բնակված քաղաքացիները: Եթե պատգամավորի դեպքում, Փաշինյանի համար ինչ-որ տեղ դա հասկանալի է, ապա նախարարի դեպքում նա վերանայման կարիք է տեսնում, քանի որ այդ սահմանափակման պատճառով, ըստ նրա, հնարավոր չի լինում օգտագործել սփյուռքի ներուժը:

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ գործող Սահմանադրությունը սուպերվարչապետական է, և պետք է քայլեր ձեռնարկել հակակշիռների և փոխզսպումների հստակ մեխանիզմ ունենալու համար, որպեսզի բացառվեն բռնապետություն և անձնիշխանություն հաստատելու բոլոր հնարավորությունները:

Փոխադարձ համաձայնագիր՝ նոր Սահմանադրություն ընդունելու համար

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն էլ այսօր հայտարարություն է տեղադրել ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ: Կուսակցությունն առաջարկում է քաղաքական ուժերին ստորագրել փոխադարձ համաձայնագիր առ այն, որ ընտրվելու դեպքում կնախաձեռնեն և կսատարեն նոր Սահմանադրության ընդունման գործընթացը:

Որպես հիմնավորում՝ «ՔՈ»-ն նշում է, որ գործող Սահմանադրությունն ընդունվել է լայնածավալ ընտրախախտումների պայմաններում, կեղծվել են հանրաքվեի արդյունքները, և հասարակական լայն համաձայնության արտահայտություն չէ, և այն ձևավորվել է նախորդ քաղաքական համակարգը վերարտադրելու և պետական իշխանությունը Սահմանադրության մակարդակով ուզուրպացնելու համար:

«Սպասվող ճգնաժամը հաղթահարել նոր Սահմանադրությունով»

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր եղել է Շիրակի մարզում: Կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը նույնպես խոսել է Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին: Ավետիսյանը չբացառեց, որ նախկինում իշխանություն եղած ուժերը կարող են, իր բնորոշմամբ՝ սողոսկել խորհրդարան, այդ պատճառով երկու տարի հետո առաջացած ճգնաժամը, ըստ «Սասնա ծռեր»-ի պետք է հաղթահարվի նոր Սահմանադրության ընդունմամբ և արտահերթ ընտրությունների անցկացմամբ:

Կուսակցության ցուցակի երկրորդ համար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ հայտարարել է, որ արդեն պարզ է իշխանության հարցը, սակայն երկրորդ բևեռը պետք է իրենք լինեն, քանի որ միայն իրենք կարող են վերահսկել կառավարության գործունեությունը, կանչել Ազգային ժողով, վերահսկել, որ աշխատեն:

Խոստանում են արժանապատիվ աշխատանք

«Մենք» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել է Կոտայքի մարզում: Չարենցավանում դաշինքի երկրորդ համար Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել է, որ իրենց դաշինքը միակ քաղաքական ուժն է, որ ներկայացրել է հստակ ծրագիր, հստակ ճանապարհ, թե ինչպես կարելի է երկիրը դուրս բերել այս վիճակից: Քոքոբելյանը նշեց, որ իրենք կարող են գազի սակագինը իջեցնել 30%-ով, ինչն էլ, ըստ նրա, կբերի տրանսպորտի 90 տոկոսի սակագնի 30%-ի չափով իջեցման:

Դաշինքի երրորդ համար Անժելա Խաչատրյանն էլ hիշեցրեց, որ նախորդ կառավարությունները եկել-գնացել են՝ աշխատատեղերի մասին խոսելով, բայց որևէ մեկը չի ասել, որ այդ աշխատանքը պետք է արժանապատիվ վարձատրություն ունենա: Խաչատրյանը հայտարարեց, որ «Մենք» դաշինքին քվե տալով՝ քաղաքացին ունենալու է արժանապատիվ կյանք, արդարադատություն և զարգացած տնտեսություն:

Ցածր տոկոսներով վարկեր՝ երիտասարդներին տուն գնելու համար

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այցելել է Արմավիրի մարզ և մարզկենտրոն Արմավիրում հանրահավաք անցկացրել: ԲՀԿ առաջնորդն ասել է, որ ինքը ինչ խոստանում, այն էլ անում է:

Ծառուկյանը հայտարարել է, որ լավ առաջադիմություն ունեցող երիտասարդները պետք է դեռ չավարտած՝ աշխատանքի անցնեն, որպեսզի ավարտելուց հետո նրանք չարտագաղթեն կամ «տաքսի քշեն»:

Նա երիտասարդներին տուն գնելու համար ցածր տոկոսադրույքներով վարկեր խոստացավ, որպեսզի տուն չունենալու պատճառով երիտասարդ զույգերը ստիպված չլինեն հետաձգել ամուսնությունը:

«Շերեփուկի պես զարգացող Հայաստան»

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ շրջել է Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում: Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում ԼՀԿ առաջնորդը կոչ է արել քաղաքացիներին այնպես անել, որ իրենց քվեով հին ռեժիմի ուժերին թույլ չտան հայտնվել Ազգային ժողովում, և որպեսզի «Լուսավոր Հայաստան»-ը ապագա խորհրդարանում լինի երկրորդ ամենախոշոր քաղաքական միավորը: Ըստ Մարուքյանի՝ եթե իշխանությունը լուրջ հակակշիռ չունենա, ապա պետությունը կրկին նույն խնդիրների առաջ է կանգնելու:

Այրում համայնքում կուսակցության համապետական ցուցակի առաջին համարը հայտարարել է, որ Հայաստանը զարգացել է շերեփուկի պես՝ ունենալով օրգանիզմի թերզարգացած և շատ զարգացած մասնիկներ. «Այսինքն՝ գլուխը շատ մեծ մայրաքաղաք և մարմնի թույլ հատվածները՝ համայնքները, որոնք այդպես էլ չեն զարգացել: Դրա պատճառը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում վարվող սխալ, խտրական քաղաքականությունն է»,- ասել է Էդմոն Մարուքյանը:

Հանդիպումներ Տավուշում, Կոտայքում

«Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը այսօր քարոզարշավ է իրականացրել Տավուշի մարզում: ՀՅԴ-ն մարզկենտրոն Իջևանում հանրահավաք է արել, որին մասնակցել են դաշնակցական թեկնածուներ և գործիչներ: «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ քարոզչություն է իրականացրել Կոտայքի մարզում՝ հիմնականում բակային հանդիպումներով, կոչերով և ելույթներով: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության (ՔԺՎԿ) նախագահ Լևոն Շիրինյանն էլ ասում է, որ միակ կուսակցությունը, որ հայոց արքետիպը և հայոց հոգեկերտվածքը դիտում է քաղաքական ըմբռնումների հիմք և ելակետ ՔԺՎԿ-ն է:

«Փաշինյանը՝ Հիտլեր, ԱԱԾ-ն՝ Գեստապո»

Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավի հերթական օրը ավանդույթի համաձայն՝ մեկնարկել է կուսակցության համապետական ցուցակի վեցերորդ համար, Լոռու մարզում տարածքային թեկնածու Էդուարդ Շարմազանովի առավոտյան ուղիղ եթերով: Այս անգամ նա իր ուղիղ եթերը սկսել է Սանահինի վանական համալիրից: ՀՀԿ-ական թեկնածուն իր մտահոգություններն է հայտնել Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակներից: Նա իշխանության ներկայացուցիչներին անվանել է քաղաքական սուտասաններ: Շարմազանովը նշել է, որ այսօրվա Հայաստանը ինքը նմանեցնում է 30-ականների Գերմանիային՝ Նիկոլ Փաշինյանը Հիտլերն է, իսկ ԱԱԾ-ն՝ Գեստապոն:

Նախօրեին ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածու Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ պատրաստվում է դատի տալ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին այն բանի համար, որ վերջինս ՀՀԿ-ին անվանել է հանցագործների բանդա:

Հիշեցնենք, որ հանրապետական ևս մեկ թեկնածու Արփինե Հովհաննիսյանն էլ նախօրեին հարցազրույց էր տվել «Հետք»-ին:

«Մեր նմանը չկա»

«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացրել Լոռու մարզում: Կուսակցության առաջնորդ և համապետական ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանը քաղաքացիներին ասել է, որ ՕԵԿ-ը օրենսդրական գործունեության շրջանակներում 250 օրենք է հեղինակել սոցիալական տարբեր խմբերի համար, և ըստ Բաղդասարյանի՝ ՕԵԿ-ի նման այդպիսի կուսակցություն չկա:

Արթուր Բաղդասարյանը հայտարարել է նաև, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ամիսներին Հայաստանում ոչինչ չի փոխվել:

Լուսանկարները՝ կուսակցությունների և թեկնածուների ՖԲ էջերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter