HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Երկու քայլ, որ չեն արել ավագ տեսուչն ու ավագ դատախազը՝ փակելով Կողբի դպրոցի գործը

Ոստիկանությունը մերժել է քրեական գործ հարուցել «Հետք»-ի հոդվածի հիման վրա, որում հրապարկել էինք Տավուշի մարզի Կողբ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Անուշ Ազատյանի նամակը։ Նյութերը նախապատրաստելուց հետո հետաքննության գծով ավագ տեսուչ Ա. Դանիելյանը որոշել է, որ գործում հանցակազմ չկա։

Հրապարակված նամակում Անուշ Ազատյանը պատմել էր, որ դպրոցի տնօրենը չարաշահում է պաշտոնական դիրքը և կատարում է ֆինանսական կեղծիքներ։ Ա. Ազատյանի նամակում հաղորդել էր նաև, որ տնօրենը յուրացրել է մարզպետարանից ուսուցիչների հաշիվներին փոխանցած դրամական օգնությունների մի մասը։ Հատակապես այս հատվածը, մեր կանխատեսմամբ, պետք է դառնար մանրամասն և համալիր քննության առարկա։

«Նախանցած աշնան մի օր տնօրենն ինձ կանչեց ու ասաց, որ ցանկանում է ֆինանսական օգնություն ցույց տալ (ամուսինս բազմիցս վիրահատվել է, աղջիկս վթարի էր ենթարկվել): Ես դիմում գրեցի օգնության խնդրանքով: Մի երկու օր հետո նորից ինձ տնօրենը կանչում է ու ասում, որ օգնության գումարից ինձ տալու են միայն 15 հազար դրամ: Ես զայրացա, բայց ում կարող էի բողոքել. թիկունքին ՀՀԿ-ն էր: Հետո պարզվեց, որ միայն ես չեմ, երեք ուսուցչուհու օգնություն էր տրամադրվելու: Օգնության գումարը ստանալիս տնօրենն էլ մեզ հետ բանկ եկավ: Երբ գումարը ստացանք, նա հենց բանկում բոլորի աչքի առաջ, տեսախցիկների առկայությամբ մեր ձեռքից վերցրեց այդ գումարը: Չմոռանամ ասել, որ խոստացած 15000-ից 5000-ն էլ գրպանեց հենց այդ պահին: Ենթադրեցինք, որ կատարվածը պետբյուջեի փողերի լվացում է: Եթե ստուգումներ անցկացվեն, բազմաթիվ նման ֆինանսական կեղծիքներ կբացահայտվեն», - նամակում գրել էր ուսուցչուհին։

Գլխավոր դատախազությունը «Հետք»-ի հրապարակումն ուղարկեց Տավուշ մարզի դատախազություն, այստեղից գործը մակագրվեց ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղ էլ, նախապատրաստված նյութերով, չի գտնվել «հանցագործության դեպքը»։

Նամակում Անուշ Ազատյանը պատմել էր ոչ միայն դրամական օգնությունների մասին։ Ոստիկանությունը ուսումնասիրել է նաև այլ հանգամանքներ, օրինակ՝ դպրոցում կատարված դասաբաշխումները, սակայն մենք առանձնացրել ենք դրամական օգնությունների պատմությանն առնչվող նախապատրաստած նյութերը, քանի որ այստեղ առնվազն երկու գործողություն, որ կարող էր փոխել քննության ընթացքը, չի կատարվել։

Բոլոր ուսուցիչները նույն օրն են դրամական օգնություն ստանալու դիմում գրել, ինչը պետք է մտահոգեր քննիչին

Բացատրություն տված երեք ուսուցիչները՝ Անուշ Ազատյանը, Սաթենիկ Սարուխանյանը և Անահիտ Բաբայանը մարզպետարանից դրամական օգնություն են ստացել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի 2016թ. հետևյալ որոշմամբ։ Օգնության չափը կազմել է համպատասխանաբար՝ 70, 80, 70 հազարական դրամ։

Սոցիալական օգնություն ստանալու համար, ըստ գործող ընթացակարգի, քաղաքացիները պետք է գրավոր դիմում ներկայացնեին մարզպետարան։ Տավուշի մարզպետարան կատարած մեր հարցումից պարզվեց, որ երեք ուսուցիչները նույն օրն են դիմում գրել մարզպետին. երեք դիմումների դեպքում էլ նշված է նույն ամսաթիվը՝ 2016թ. հոկտեմբերի 17-ը։

Հետաքննության գծով ավագ տեսուչը ուսուցիչներին չի հարցրել դիմում գրելու ժամկետների մասին, չի ճշտել դա նաև մարզպետարանից։ Այն, որ ուսուցիչները նույն օրն են դիմում գրել մարզպետին, քննիչին պետք է առնվազն կասկածելու առիթ տար, որ գործարքը կազմակերպված է, և որ գուցե ուսուցիչներն իրենք չեն նախաձեռնել դրամական օգնություն ստանալը։

Բանկին հարցում չի արվել՝ արդյոք ուսուցիչները նույն օրն են կատարել դրամական օգնության կանխիկացումը

Անուշ Ազատյանը իր բացատրությունում պատմել է, որ ինքը, մյուս երկու ուսուցիչները և դպրոցի տնօրենը դրամական օգնություններն իրենց հաշիվներին ստանալուց հետո այցելել են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղ, որտեղ ինքը և երկու ուսուցիչները անձնագրերով ստացել են իրենց անվամբ տրամադրված դրամական օգնությունը, հենց բանկում տվել տնօրենին, որից վերջինս իրեն վերադարձրել է 10 հազար դրամ։ Նամակում, որը հրապարակվել էր «Հետք»-ում, Ա. Ազատյանը գրել էր, որ այդպես են վարվել նաև մյուս երկու ուսուցիչները։

Տնօրեն Մարինե Ղարագյոզյանը իր բացատրությունում նշել է, որ ուսուցիչների հետ նախապես պայմանավորվածություն չի ունեցել՝ նրանց կողմից դրամական օգնություն ստանալու և այն հետագայում իրեն հատկացնելու կամ իր կամքով տնօրինելու վերաբերյալ։ Ավելացրել է, որ ուսուցիչները իրենց հատկացված գումարից «Ակբա» բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղում որևէ գումար չեն տվել, բացի այդ ինքը տեղեկություն չունի, թե նրանցից ով որքան է ստացել։

Դպրոցի մյուս երկու ուսուցիչները, ում անունները տվել է Անուշ Ազատյանը, հաստատել են, որ ստացել են դրամական օգնություն մարզպետարանից։ Նրանք ասել են, որ տնօրենն իրենցից գումար չի վերցրել, և իրենք են տնօրինել իրենց փոխանցված դրամական օգնությունները։ Բացի այդ ավելացրել են, թե չեն հիշում՝ երբ և ում հետ են բանկ այցելել՝ դրամական օգնությունները ստանալու համար։

Բացատրություններ վերցնելու բացի Ա. Դանիելյանը նաև գրություն է ուղարկել «Ակբա»-ի Նոյեմբերյանի մասնաճյուղ՝ պարզելու՝ արդյոք 2016 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում մասնաճյուղի կողմից կատարված տեսագրությունները պահպանվում են։ Բանկը պատասխանել է, որ այդ ամիսների տեսաձայնագրությունները չեն պահպանվում։ Այսքանով բանկի հետ գործերն ավարտվել են։

Բանկում, սակայն, եթե տեսաձայնագրությունները չկային, կատարված գործարքների մասին քաղվածքները պահպանվում են։ Այդ քաղվածքներն ուսումնասիրելով՝ գործը քննող ոստիկանը կարող էր հասկանալ՝ արդյոք երեք ուսուցիչները նույն օրն են կատարել սոցօգնությունների կանխիկացումը։ Եվ եթե նրանք դա կատարել են նույն օրը՝ րոպեների տարբերությամբ, ուրեմն միասին են եղել, ուրեմն նրանց գործողությունները կազմակերպված են եղել, և կարիք չկար քննության շրջանակներում նրանց հարցնել՝ արդյոք հիշում են, թե ում հետ են գնացել, միասին են եղել, թե ոչ։

Նշենք, որ բանկից հաճախորդի գործարքների մասին տեղեկանք վերցնելու իրավասություն լրատվամիջոցը չունի, դա համարվում է բանկային գաղտնիք և չի կարող տրամադրվել՝ որպես հանրային տվյալ։ Իսկ քննիչը դա կարող էր անել դատարանի որոշմամբ. այնպես, ինչպես հարցում է արվել տեսաձայնագրության համար։

Նշված քայլերը չի կատարել նաև բողոքը քննած ավագ դատախազը

Անուշ Ազատյանը  բողոքարկել է ոստիկանության մայոր Ա. Դանիելյանի որոշումը՝ նշելով, որ այն հիմնված է ոչ պատշաճ ձևով կատարված հետաքննության վրա, իր ներկայացրած փաստերը հանգամանորեն չեն ուսումնասիրվել, իր կողմից տրված ցուցմունքները ստացել են թերի ձևակերպում։

Բողոքը քննել է Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Ն. Չիլինգարյանը և մերժել՝ նշելով, որ «բողոքաբերը, չնայած իր անհամաձայնությունն է հայտնել կայացված որոշման դեմ, սակայն որևէ կոնկրետ հանգամանքներ և փաստարկներ չի ներկայացրել և բողոքում չի նշել, թե, այնուամենայնիվ, որն է բողոքի պահանջը, ինչ հանգամանքներ չեն ուսումնասիրվել…»։ Դատախազ Չիլինգարյանի որոշմամբ՝ Ա. Դանիելյանի «հետևությունները հիմնավոր են և օրինական»։ Ավագ դատախազ Ն. Չիլինգարյանի ուշադրությունը չեն գրավել այն քայլերը, որը չի արել Ա. Դանիելյանը՝ համալիր քննության և գործարքի կազմակերպված լինելու հանգամանքը ճշտելու նպատակով։ 

լուսանկարը՝ Կողբի թիվ 1 դպրոցի Facebook էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter