HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Պարտադիր բժշկական ապահովագրական համակարգ, ծառայությունների որակի բարելավում. ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը առողջապահության ոլորտի համար

«Հետք»-ը ներկայացնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում արծարծված հարցերն ու դրանց մեջ տեղ գտած հավանական լուծումները։ Այս անգամ համառոտ կներկայացնենք քաղաքական ուժերի՝ առողջապահության ոլորտի վերաբերյալ դիրքորոշումները։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 ուժերից 7-ն առողջապահության վերաբերյալ կա՛մ մեկ տողով են առաջարկներ ներկայացրել, կա՛մ ընդհանրապես չեն անդրադարձել: ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն նշել են, որ ոլորտի բարելավման համար պետք է առաջնային լինի պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի մշակումը։  ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ն առաջարկում են վերանայել պետպատվերների համակարգը եւ այն սերտիֆիկացնել, իսկ «Սասնա ծռեր» կուսակցությունն առաջարկում է ամբողջությամբ վերացնել պետպատվերային և սոցիալական օգնությունների ու նպաստների վճարման համակարգերը և դրանց փոխարեն ներդնել էլեկտրոնային վճարման միասնական համակարգ:

Հայաստանը ՝ առողջության վրա բացասաբար ազդող գործոններից ազատ երկիր

«Մենք» դաշինքն անդրադառնում է առողջապահության ոլորտին` առաջ քաշելով «Առողջ ապրելակերպ և որակյալ առողջապահական ծառայություններ» հայեցակարգը։ «Մենք»-ը, ոլորտի մասին խոսելով, չի անդրադառնում միայն բժշկական ծառայություններին, այլեւ այս ոլորտը կապում է շրջակա միջավայրի պահպանության, առողջ սննդի օգտագործման հետ։

Դաշինքը հայտարարում է. «Հայաստանը պետք է կանխարգելիչ բժշկությունը հռչակի  Հայաստանի Հանրապետության պետական առողջապահական քաղաքականություն»: Այս քաղաքական ուժը եւս անդրադառնում է պարտադիր ապահովագրական համակարգի ներդրմանը, իսկ մյուս առաջարկը, որով հանդես է գալիս, մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժում ստանալու արտոնությունը տարածելն է մինչև 10 տարեկանների վրա։ Անդրադառնում է  հաշմանդամություն ունեցող անձանց, պնդելով, որ պետք է նրանց ապահովել պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով։

Առողջության պահպանումը չի լինելու շքեղություն, այլ ՝ հասանելի յուրաքանչյուրիս

Իշխանությունը ներկայացնող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում նշվում է, որ իրենց համար մարդու կենսագործունեության արժանապատիվ պայմանների ստեղծումը հռչակվելու է առանցքային նպատակ։  Ծրագիրը կազմողները ոլորտի բարելավման համար առանձնացրել են 9 գործոններ, որոնցից առաջինը բժշկական որակյալ ծառայությունների հասանելության ապահովումն է եւ մայրական ու մանկական առողջության պահպանումն ու վերարտադրողականությունը։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ծրագրի ներկայացման ժամանակ ասաց, որ վերագործարկվելու է  2017-ին ընդհատված արտամարմնային բեղմանավորման ծրագիրը։

Այս ուժը եւս խոսում է բժշկական պարտադիր ապահովագրական համակարգի ներդրման մասին, որը պլանավորվում է գործարկել մինչեւ 2023թ.-ը։ «Համակարգը այս պահին գործարկել հնարավոր չէ, քանի որ կան բազմաթիվ քաղաքական, տնտեսական հարցեր, դեռեւս հստակ չէ՝ ո՞վ է վճարելու չաշխատողների, կենսաթոշակառուների, 7 տարեկանից բարձր երեխաների ապահովագրության համար, համակարգը հարցերին պատասխանելու զուգընթաց փուլ առ փուլ է գործարկվելու»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Ըստ դաշինքի՝ համակարգը հնարավորություն կտա բարձրացնել բժշկական օգնության եւ սպասարկման որակը, ինչպես նաեւ կստեղծի առողջապահական բյուջեի բաշխման եւ ծախսման անաչառ համակարգ: Դաշինքը հայտնում է, որ առողջապահության ոլորտը պետք է դառնա հասանելի եւ հավասար բոլորի համար, ուստի նախատեսում է մասնագետների բաշխման նոր համակարգ ստեղծել։

«Իմ քայլը» դաշինքը հայտարարում է, որ առաջնային պետք է լինի հիվանդությունների հայտնաբերումն ու կանխարգելումը, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի ձեւավորմանն  ուղղված քարոզարշավների անցկացումը։  Ըստ առողջապահության նախարարի պաշտանակատարի՝ ոլորտում գերակա է լինելու առողջության պահպանումը, առողջ մարդկանց առողջ պահելը։ Ծրագրում առաջ քաշած գործոններից մեկն էլ վերաբերում է դեղերի որակի, անվտանգության, արդյունավետության եւ նշանակման, բաշխման վերահսկողության արդյունավետ համակարգերի գործարկմանը։ Արսեն Թորոսյանը ծրագրի քննարկման ժամանակ նշեց, որ ուշադրություն են դարձնելու դեղերի ներկրման ոլորտին՝ հատկապես շեշտը դնելով օնկոլոգիայում օգտագործվող դեղերի վրա։

Ըստ դաշինքի՝ բյուջեից առողջապահության ծախսերը վերը նշված պայմաններում առաջիկա երեք տարիներին կայունացնելու են ՀՆԱ-ի  2 տոկոսի, իսկ հինգ տարիներին` ՀՆԱ-ի 3 տոկոսի սահմաններում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առողջապահության բարելավման համար առաջարկում է պարտադիր ապահովագրական համակարգ ստեղծել առաջնայինը թոշակառուների համար, իսկ համընդհանուր ապահովագրական համակարգը աստիճանաբար ներդնել։  Առաջարկում է կրթության և առողջապահության ոլորտների ֆինանսավորման ավելացում՝ ՀՆԱ նվազագույնը 5 տոկոսի չափով։

Այս կուսակցության  համար եւս կարեւոր է հիվանդությունների վերահսկողությունն ու վաղաժամկետ կանխարգելումը։ Կուսակցությունն առաջ է քաշում առողջապահական համակարգի կողմից նոր ծառայությունների մատուցումը, համակարգի կարողությունների զարգացումը, առաջ է քաշում բժշկական տուրիզմի գաղափարը, սակայն չի բացատրում ՝ ինչպես է այն աշխատելու։

«Քաղաքացու որոշումը». փուլ առ փուլ, ոլորտ առ ոլորտ

Այս կուսակցությունը գտնում է, որ առողջապահության համակարգը այն ոլորտն է, որը զրոյից չի կառուցվում, այլ պետք է վերանորոգել ու վերակառուցել եղածը «փուլ առ փուլ»։ Կուսակցությունը նախընտրական ծրագրում մանրամասն անդրադարձել է առողջապահությանը՝ նշելով, որ ոլորտում աշխատող մասնագետները պետք է անցնեն որակավորման քննություն եւ աշխատանքի համար հիմք ընդունեն ապացուցողական բժշկությունը։ «Քաղաքացու որոշումը» եւս խոսում է պարտադիր ապահովագրության մասին, բայց անդրադառնում նաեւ խոցելի խմբի համար նախատեսված վճարմանը։ Ըստ կուսակցության՝ այս խմբի համար պետք է վճարում իրականացնի պետությունը։ Համարում է, որ պարտադիր ապահովագրության առաջին փուլը պետք է  իրականացվի ուռուցքաբանության ոլորտում։

Կուսակցությունը նախընտրական ծրագրում նշում է, որ բժշկական ծառայության որակի բարձրացման համար առաջնային է սկրինինգային հետազոտությունների դերի բարձրացումը եւ տարածումը մարզային պոլիկլինիկաներում։ Կուսակցությունն ասում է, որ պետք է պայքարել նաեւ ծխախոտային կախվածության դեմ, որը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների եւ քաղցկեղի առաջացման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter